ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
18.06.2010 | 00:00

Մայր ՄԱՐԻԱ
Անցնում եմ հոգևոր կյանքի ավետարանական տեսակի բնութագրմանը, որը հավերժական է, ինչպես հավերժ է ավետարանական բարի լուրը, որը միշտ ապրում է Եկեղեցու ընդերքում։ (Անկասկած, այն ոչ մի առնչություն չունի ժամանակակից ավետարանչական աղանդավորության հետ, որը վերցրել է Ավետարանից միայն մի քանի բարոյական պատվիրաններ, դրանց կցել բավականին յուրօրինակ և աղքատիկ սեփական դոգմատիկան փրկության, երկրորդ ծննդի մասին, թևավորելով դա ատելությամբ Եկեղեցու նկատմամբ, և սկսել է հրամցնել այդ յուրատեսակ խառնուրդը որպես Քրիստոսի ավետարանական ուսմունքի ճշմարիտ ըմբռնում)։
Կրոնական գիտակցության ավետարանական ոգին շնչում է, որտեղ ուզում է, բայց վա՜յ այն դարաշրջաններին և մարդկանց, որոնց վրա նա չի իջել։ Եվ երանի նրանց, ովքեր գնում են նրա ուղիներով, նույնիսկ չիմանալով դա։ Ի՞նչն է ամենաբնորոշն այդ ուղու համար։ Դա կյանքը քրիստոնեական դարձնելու տենչանքն է։ Եկեղեցուն մերձենալը հաճախ ընկալվում է որպես ամբողջ կյանքի հարմարեցումը եկեղեցական բարեպաշտության որոշակի ռիթմին, սեփական անհատական ապրումների ենթարկումը հաստատված աստվածապաշտության կարգին, եկեղեցականության ինչ-որ որոշակի տարրերի, նույնիսկ եկեղեցական կանոնադրության ներմուծումը կենցաղի մեջ։ Իսկ քրիստոնեացումը հաճախ պարզապես ըմբռնվում է որպես մարդկության պատմության գազանային դաժանության ուղղումը քրիստոնեական բարոյականության որոշ չափաբաժնի պատվաստմամբ։ Դրա մեջ մտնում է Ավետարանի քարոզելն ամբողջ աշխարհում։ Քրիստոնեացումը հենվում է հետևյալ խոսքերի վրա. «Ե՛ս չեմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ»։ Աստծո պատկերը, Քրիստոսի սրբանկարը, որը և իմ ամենաիսկական և ճշմարիտ էությունն է, իրերի միակ չափանիշն է, միակ ուղին, որը շնորհված է ինձ։ Իմ հոգու ամեն մի շարժում, յուրաքանչյուր վերաբերմունք Աստծո, մարդկանց, աշխարհի նկատմամբ գնահատվում են այդ երևույթի պիտանիության տեսակետից` ինչքանով է այն արտահայտում իմ մեջ ամփոփված Աստծո պատկերը։ Եթե իմ առաջ երկու ուղի կա, իսկ ես տարակուսանքի մեջ եմ, եթե ամբողջ մարդկային իմաստությունը, փորձառությունը, ավանդույթները մատնացույց են անում դրանցից մեկը, բայց ես զգում եմ, որ Քրիստոսը կգնար ուրիշ ուղիով, ապա իմ կասկածները պիտի միանգամից կորչեն, և ես պետք է գնամ Քրիստոսի հետևից` հակառակ փորձառության, ավանդույթի և իմաստության։ Սակայն, բացի անմիջական զգացումից, որ Քրիստոսը կանչում է ինձ որոշակի ուղու վրա, կա՞ն արդյոք օբյեկտիվ ցուցմունքներ, որոնք ասում են, թե դա ինձ չի թվացել, թե դա իմ սուբյեկտիվ պատկերացումը չէ, թե դա իմ հույզը չէ, կամ երևակայությունը։ Գոյություն ունեն և օբյեկտիվ տվյալներ։ Քրիստոսը տվել է մարդուն երկու պատվիրան` Աստծո նկատմամբ սիրո և մարդուն սիրելու։ Մնացածը, նույնիսկ Երանության պատվիրանները միայն այդ երկու պատվիրանների բացահայտումն են, որոնք իրենցով սպառում են Քրիստոսի ամբողջ ավետումը։ Դեռ ավելին` Քրիստոսի երկրային կյանքի ուղին Աստծո և մարդու նկատմամբ սիրո խորհրդի բացահայտումն է։ Դրանք ընդհանրապես իրերի ոչ միայն իսկական, այլև միակ չափանիշն են։ Հիանալի է, որ դրանց ճշմարտությունը միայն նրանց կապակցման մեջ է։ Միայն սերը մարդու նկատմամբ մեզ հասցնում է հակաքրիստոնեական հումանիզմի փակուղուն։ Իսկ սերը Աստծո նկատմամբ առանց մարդուն սիրելու դատապարտված է. «Կեղծավո՛ր, ինչպե՞ս կարող ես սիրել Աստծուն, որին չես տեսել, եթե ատում ես եղբորդ, որը քո կողքին է»։ Այդ պատվիրանները միասնական ճշմարտության երկու տեսանկյուն են։ Ոչնչացնելով դրանցից մեկը, դուք ոչնչացնում եք ամբողջ ճշմարտությունը։ Իսկապես, ոչնչացրեք սերը մարդու նկատմամբ, ոչնչացրեք և մարդուն (քանզի չսիրելով նրան, դուք ժխտում եք նրան), և ձեզ էլ չի մնա ճանապարհ դեպի Աստծո իմացություն։ Հնարավոր չէ սիրել մարդուն առանց Աստծուն սիրելու։ Իսկապես, ի՞նչն ենք մենք սիրում մարդկանց մեջ, եթե մենք չենք զգում Աստծու կերպարին ներհատուկ որևէ բան։ Ես սիրում եմ նրա մեջ այն, ինչը համապատասխանում է ինձ։ Իսկ եթե դա այդպես չէ, եթե ցանկություն կա անշահախնդրորեն, բայց ոչ կրոնական իմաստով սիրելու մարդուն, ապա այդ սերն անխուսափելիորեն հեռանում է կոնկրետ մարդուց, մսից ու արյունից, և դիմում վերացական մարդուն, մարդկությանը, նույնիսկ մարդկության գաղափարին, և համարյա միշտ ավարտվում է առանձին կոնկրետ մարդու զոհաբերությամբ հանուն այդ վերացական գաղափարի, ընդհանուր օգուտի, երկրային դրախտի և այլն։
Առհասարակ, աշխարհում գոյություն ունի սիրո երկու տեսակ` տվող և վերցնող։ Եվ դա կարելի է տարածել սիրո բոլոր տեսակների վրա` ոչ միայն մարդու նկատմամբ։ Ամեն մեկը կարող է սիրել բարեկամին, ընտանիքը, երեխաներին, գիտությունը, արվեստը, հայրենիքը, սեփական գաղափարը, ինքն իրեն, նույնիսկ Աստծուն` երկու տեսակետից։ Կարելի է ցանկասիրությամբ սիրել հայրենիքը, ձգտելով նրան, որ նա հաղթական և փառավոր ձևով զարգանա, ճնշելով և ոչնչացնելով բոլոր թշնամիներին։ Կարելի է սիրել նրան քրիստոնեաբար, ձգտելով, որ նրա մեջ պայծառորեն բացահայտվի Քրիստոսի ճշմարտությունը։ Կարելի է պագշոտությամբ նրանց միջոցով արտահայտել ինքն իրեն, աչքի ընկնել։
Կարելի է սիրել ամբողջ սեփական կյանքի գաղափարն այն բանի համար, որ այն իմ գաղափարն է, և հակադրել այն նախանձով ու խանդոտությամբ բոլոր այլ գաղափարներին։ Կարելի է նրա մեջ տեսնել Աստծո տված շնորհը Նրա հավիտենական ճշմարտությանը ծառայելու համար։ Կարելի է հենց կյանքը սիրել վավաշոտությամբ կամ անձնազոհությամբ։ Նույնիսկ մահվանը կարելի է երկակի վերաբերվել։ Երկու սեր կարելի է դարձնել առ Աստված. մեկը կտեսնի Նրա մեջ ինչ-որ երկնային հովանավորի իմ կամ մեր երկրային տռփանքների և վավաշոտության, մյուսը` ինքնազոհ և խոնարհաբար կդնի Նրա ձեռքերի մեջ սեփական փոքրիկ մարդկային հոգին։ Բացի անվանումից, սիրո այդ երկու տեսակների միջև ոչ մի ընդհանուր բան չկա։ Այդ քրիստոնեական սիրո լույսի տակ ինչպիսի՞ն պետք է լինի մարդու ճգնավորական սխրանքը, ինչպիսի՞ն` այդ ճշմարիտ ասկետիզմը, որն անխուսափելիորեն ենթադրվում է հոգևոր կյանքի հենց առկայությամբ։ Նրա չափանիշն է անձնուրաց սերն Աստծո և մարդու նկատմամբ։ Իսկ ճգնավորությունը, որն ամեն ինչի կենտրոնում դնում է իր սեփական հոգին, փրկում նրան` անջրպետելով աշխարհից, վախենալով ծախսել, վատնել իրեն թեկուզ նույնիսկ հանուն սիրո, քրիստոնեական ճգնավորություն չէ։ Ինչո՞վ կարելի է չափել և որոշել մարդկային ուղիները։ Ինչպիսի՞ն է նրանց նախապատկերը, նախախորհրդանիշը, սահմանը։ Դա աստվածային ճանապարհն է, Քրիստոսի ուղին երկրի վրա։ Բանը դարձավ մարմին, Աստված մարմնացավ, ծնվեց Բեթղեհեմի մսուրում։ Միայն դա լիովին բավական է, որ խոսենք Քրիստոսի անսահման, անձնազոհ, ինքնուրաց և ինքնանսեմացնող սիրո մասին։
Ինչպիսի՞ն էր Քրիստոսի սերը։ Կուտակո՞ւմ էր նա որևէ բան։ Պահո՞ւմ էր և չափում սեփական հոգևոր պարգևները։ Ի՞նչն է նա ափսոսել, ե՞րբ է զլացել։ Քրիստոսի մարդկայնությունը պարսավանքի ենթարկվեց և խաչվեց։ Խաչը` խայտառակ մահապատժի գործիքը, դարձավ աշխարհի համար անձնուրաց սիրո խորհրդանիշ։ Եվ երբեք ու ոչ մի տեղ` Բեթղեհեմից մինչև Գողգոթա, ո՛չ զրույցներում, ո՛չ առակներում, ո՛չ կատարած հրաշքներում, Քրիստոսը ոչ մի առիթ չտվեց մտածելու, որ Նա ոչ ամբողջովին և ոչ մինչև վերջ է զոհաբերում Իրեն աշխարհի փրկության համար, որ Իր մեջ կա ինչ-որ պաշար, որ Նա զոհաբերել չի ցանկանում։ Իր Սրբություն սրբոցը, իր աստվածությունը Նա բերեց աշխարհի մեղքերի համար, և հենց այդ ամբողջականության մեջ է Նրա աստվածային և կատարյալ սիրո ամբողջ զորությունը։ Դա միակ բանն է, ինչը մենք կարող ենք ստանալ երկրի վրա Քրիստոսի ամբողջ ճանապարհի այդ խորհրդից։ Բայց աստվածային սիրո ուժն այդպիսին է, քանզի Աստված, տալով Ինքն Իրեն, մնում է Աստված, այսինքն` չի ծախսում Ինքն Իրեն, չի ոչնչանում այդ ահավոր զոհաբերության ծախսումից։ Իսկ մարդկային սերը չի կարող ամբողջովին որոշվել աստվածային սիրո օրենքներով, որովհետև այդ ճամփին մարդը կարող է դատարկել ինքն իրեն և կորցնել գլխավորը` սեփական հոգու փրկության ուղին։ Այստեղ անհրաժեշտ է միայն հիշել այն, ինչ Նա սովորեցրել է մեզ։ Նա ասում էր, որ եթե որևէ մեկը ցանկանում է գնալ Նրա հետևից, պետք է հրաժարվի ինքն իրենից և վերցնի սեփական խաչը։ Ինքն իրենից հրաժարումն է գլխավորը, առանց որի չի կարելի գնալ Նրա հետևից, առանց որի չկա քրիստոնեություն։ «Ոչ ոք չունի ավելի մեծ սեր, քան նա, ով իր հոգին տալիս է իր մերձավորների համար»։ Հոգին միայն կյանքը չէ։ Քրիստոսը խոսում էր հենց հոգու մասին, իր ներքին աշխարհի լիակատար և առանց որևէ պայմանի հանձնման մասին։ Այստեղ նույնպես սեփական հոգևոր հարստությունները խնայելու տեղ չկա, այստեղ տրվում է ամբողջը։ Եվ Նրա աշակերտները գնում էին Նրա ճամփով։ Դա չափազանց պարզ, գրեթե պարադոքսայնորեն արտահայտված է Պողոս առաքյալի մոտ. «Ես կուզեի վտարված լինել Քրիստոսից, որ եղբայրներիս տեսնեմ փրկված»։ Դա ասում էր նա, ով ասել էր, որ ինքը չի ապրում, այլ Քրիստոսն է ապրում իր մեջ։ Նրա համար այդպիսի վտարումը Քրիստոսից նշանակում է վտարվել գալիք հավիտենական և անապական կյանքից։
Ո՞Ւր է տանում այդ սերը։ Դեպի հոգևոր աղքատություն։ Երանության պատվիրաններում մեզ խոստացված է երանություն հոգու աղքատության փոխարեն։ Այդ օրենքն այնքան հեռու է մարդկային գիտակցությունից, որ ոմանք ձգտում են «հոգի» բառի մեջ տեսնել հետագա ընդմիջարկությունը և բացատրում են այդ խոսքերը որպես նյութական աղքատության քարոզ, հրաժարում երկրային հարստություններից։ Իսկ ուրիշներն ընկնում են համարյա վայրագության մեջ, հասկանալով դրա տակ մտավոր աղքատություն, հրաժարում որևէ մտքից, մտավոր բովանդակությունից։ Ինչքան պարզ և հստակ են վերծանվում այդ խոսքերն այլ ավետարանական տեքստերի լույսով։ Հոգով աղքատը նա է, ով սիրով տալիս է հոգին իր մերձավորների համար, ժլատ չէ սեփական հոգևոր հարստությունները տալու մեջ։ Եվ այստեղ բացահայտվում է ընչաքաղցությունից հրաժարվելու խոստումը, որը տալիս է կուսակրոնություն ընդունողը։ Այստեղ խոսքը հոգևոր ընչաքաղցությունից հրաժարվելու մասին է։ Այդպիսի սիրով մենք պետք է գանք հոգևոր մերկության և ամայության, պիտի չունենանք ոչ մի սուրբ և արժեքավոր բան, որը մենք պատրաստ չլինենք տալու հանուն Քրիստոսի սիրո նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Հանուն Քրիստոսի այդ խենթության ուղին հակառակ է այս դարի իմաստությանը, դա հոգով աղքատների երանությունն է, սիրո վերջին սահմանն է, որ տալիս է սեփական հոգին, վտարումն է Քրիստոսից հանուն սեփական եղբայրների, հրաժարումն է ինքն իրենից։ Եվ դրան մեզ սովորեցնում է ճշմարիտ քրիստոնեական ուղին Ավետարանի յուրաքանչյուր բառով, ամեն մի հնչյունով։ Ինչո՞ւ դարի իմաստությունը ոչ միայն ապստամբում է Քրիստոսի այդ պատվիրանի դեմ, այլև չի հասկանում այն։ Այն պատճառով, որ աշխարհը բոլոր ժամանակներում ապրել է` համակերպվելով նյութական բնության օրենքներին, և հակված է տեղափոխելու այդ օրենքները նաև հոգևոր բնագավառ։ Ըստ նյութական օրենքների, եթե ես տվեցի մի կտոր հաց, ապա աղքատացա մի կտոր հացով։ Տարածելով այդ օրենքը, աշխարհը կարծում է` եթե ես տվեցի իմ սերը, ապա այդ չափ սիրով աղքատացա, իսկ եթե հոգիս տվեցի, ապա վերջնականորեն սնանկացա, և ոչինչ չմնաց փրկելու։ Բայց հոգևոր կյանքի օրենքներն այդ տիրույթում ուղիղ հակառակ են նյութական օրենքներին։ Ըստ դրանց` ամեն մի տված հոգևոր հարստություն ոչ միայն որպես չմանրվող դրամ վերադարձվում է տվողին, այլև աճում, ավելի ամուր է դառնում։ Ով տալիս է, նա ձեռք է բերում, ով աղքատանում է, նա հարստանում է։ Մենք տալիս ենք մեր մարդկային հարստությունները և դրանց փոխարեն ստանում մեծագույն աստվածային պարգևները։
Եվ սեփական մարդկային հոգին տվողը նրա փոխարեն ստանում է հավիտենական երանության, Երկնային արքայության տիրելու Աստվածային շնորհը։ Եվ չկա ու չի կարող լինել ոչ մի կասկած, որ տրվելով սիրո մեջ ուրիշին` աղքատին, հիվանդին, կալանավորին, մենք նրանում, երես առ երես կհանդիպենք Քրիստոսին։ Դրա մասին ասել է հենց Նա վերջին դատաստանի մասին խոսքերում, և այն բանի, որ ոմանց Նա կկանչի դեպի հավերժություն, քանզի նրանք ցուցաբերեցին Նրան իրենց սերը ի դեմս ամեն մի թշվառի և դժբախտի, իսկ ուրիշներին կհեռացնի իրենից, որովհետև նրանց սրտերում չկա սեր, քանզի նրանք չօգնեցին Նրան ի դեմս իր տառապող եղբայրների, որոնց կերպարանքով հայտնվում էր Նա։ Դա է մեր միակ, ամենակուլ քրիստոնեական կոչումը։ Այդպիսին է, ինձ թվում է, ավետարանական բարեպաշտության ուղին։ Սակայն ճիշտ չէր լինի մտածել, որ այն մեկընդմիշտ բացված է մեզ չորս Ավետարանում` նա անընդհատ բացվում և ապրում է աշխարհում։ Նա ամբողջ ժամանակ կատարվում է աշխարհում Եկեղեցու ամենաթանկագին հարստության` Պատարագի տեսքով։ Իսկ Պատարագն ինքնազոհաբերվող սիրո խորհուրդն է. դրանում է ամբողջ նրա իմաստը, նրա բոլոր խորհրդանիշները, նրա ամբողջ ուժը։ Քրիստոսը տալիս է Ինքն Իրեն` Իր Մարմինն ու Արյունը, աշխարհի փրկության համար։ Քրիստոսը ոչ միայն փրկում է աշխարհն իր զոհաբերությամբ, այլև դարձնում է յուրաքանչյուր մարդուն Իր նման, այսինքն` հաղորդակից դարձնում մարդուն Իր անձնազոհ սիրուն։
Նա բարձրանում է և աշխարհի խաչի վրա։ Նա դարձնում է մարդուն և՛ Իր մահվան, և՛ Իր փառքի մասնակից։ Սակայն եթե եկեղեցական կյանքի կենտրոնում կանգնած է պատարագի այդ զոհաբերող սերը, ապա որտե՞ղ են նրա սահմանները, որտե՞ղ են այդ կենտրոնի շրջագծերը։ Այդ իմաստով կարելի է խոսել ամբողջ քրիստոնեության մասին որպես տաճարից դուրս հավերժ կատարվող պատարագի։ Դա նշանակում է, որ ոչ միայն տաճարի զոհասեղանի վրա պետք է բերվի անարյուն զոհաբերությունն աշխարհի մեղքերի համար, այլև ամբողջ աշխարհն այդ իմաստով միասնական տաճարի միասնական զոհասեղան է, որ այդ տիեզերական Պատարագի համար, որպես հաց և գինի, մենք պետք է բերենք մեր սրտերը։ Այստեղ է քրիստոնեական սիրո անսահմանությունը, միակ ճանապարհը, որը մեզ համար բացում է Ավետարանը։ Դա նշանակում է ամեն անգամ տալ Քրիստոսին սեփական հոգին, որպեսզի նա բերի այն որպես զոհաբերություն տվյալ մարդու փրկության համար։ Դա նշանակում է միանալ այդ մարդու հետ Քրիստոսի զոհաբերության, Քրիստոսի մարմնի մեջ։ Այդպիսին են այն պատվիրանները, որոնք մենք ստացել ենք Քրիստոսի Ավետման մեջ և որոնք հաստատվում են ամեն օր Պատարագը կատարելիս։ Այդպիսին է քրիստոնյայի միակ ճշմարիտ ուղին։ Եվ թող այդ հավերժորեն վերստին բարձրացվող խաչը լինի նոր հեթանոսների համար խելագարություն և գայթակղություն. մեզ համար նա կմնա Աստծո զորության և իմաստության խորհրդանիշ։ Թող որ կոչված ենք հոգևոր աղքատության, խենթության, հալածանքների և անարգանքների, մենք, միևնույն է, գիտենք, որ դա միակ կոչումն է, որը տվել է մեզ Ինքը, Ով նույնպես հալածվել ու անարգվել է, աղքատացել և նվաստացել։ Եվ մենք ոչ միայն հավատում ենք Քրիստոսին, ավետմանը և երանություններին. հիմա, այս պահին, տրտում և հուսահատ աշխարհի մեջ, մենք արդեն ճաշակում ենք այդ երանությունն այն ժամանակ, երբ Աստծո օգնությամբ և Աստծո հրամանով հրաժարվում ենք ինքներս մեզնից, երբ ուժ ենք գտնում տալու սեփական հոգին մերձավորների համար, երբ սիրո մեջ չենք փնտրում մերը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ