ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
25.05.2010 | 00:00

2001-2008 թթ. իրադարձություններն ու գործընթացները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը ձգտում է փոփոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում և ավելի ընդարձակ տարածքում` Կովկաս-կասպյան տարածաշրջանում։ Դրան նպաստել են տարածաշրջանի պետություններում տեղի ունեցող քաղաքական ակտիվ գործընթացները` կապված նախագահական և խորհրդարանական ընտրությունների, իրենց տարածքային խնդիրները կարգավորելու Վրաստանի և Ադրբեջանի փորձերի, պահպանվող սոցիալական և տնտեսական լուրջ խնդիրների, էներգահաղորդման նախագծերի իրացման հետ։ Տարածաշրջանում ԱՄՆ-ի այդ քաղաքականությունն իրականացվում էր Իրաքում և Աֆղանստանում ռազմաքաղաքական գործողությունների դեռևս ավարտված չլինելու, արաբա-իսրայելական շարունակվող առճակատման, Կոսովոյի և Բոսնիայի հիմնախնդիրների պահպանման, կիպրական հարցի չլուծվածության, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա տեղային կոնֆլիկտների, ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական պետությունների, ԱՄՆ-ի և Եվրամիության, ԱՄՆ-ի և արաբական աշխարհի, ԱՄՆ-ի և Իրանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարվածության մեծացման պայմաններում, բացի այդ, վերջին տասնամյակում առաջին անգամ վատացել էին ամերիկա-թուրքական հարաբերությունները։ Այս պայմաններում ԱՄՆ-ը փորձեր ձեռնարկեց արմատապես փոխելու քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասի երկրներում, լիովին չըմբռնելով հեռանկարները, խնդիրներն ու գործադրվող եղանակները։ ԱՄՆ-ի այդ ծրագրերը խիստ հակասական են և բախվում են տարածաշրջանում առկա առճակատման միտումներին։ ԱՄՆ-ի քաղաքականությունը 2003 թ. ընթացքում արմատական փոփոխությունների չի հանգեցրել։ Տարածաշրջանի պետությունները հիմնականում պահպանել են իրենց աշխարհաքաղաքական և քաղաքական կողմնորոշումներն ու առաջնայնությունները։ Սակայն քաղաքական իրավիճակում նոր էր այն, որ տարածաշրջանում սկսվել է սպառազինությունների մրցավազքը, որը տեղային գործընթացներից կարող է շատ արագ վերաճել ճյուղավորված մակրոտարածաշրջանային գործընթացի։ Հետևաբար, ԱՄՆ-ի այդ գործողությունները կարող են հակասել Կովկաս-կասպյան տարածաշրջանի քաղաքական առաջնահերթություններին` կայունության ապահովմանը հանուն ածխաջրածինների արդյունահանման և փոխադրման անվտանգության երաշխիքների։ Հարավային Կովկասում սկսվել է սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի մասնակցությամբ։ Դա կարող է դիտվել որպես քաղաքական նոր իրավիճակի առաջացման կարևոր նշան։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը դիտավորյալ սկսել է անհամամասնություն ստեղծել տարածաշրջանի պաշտպանական հաշվեկշռում, նպատակ ունենալով տարածաշրջանային բոլոր պետությունները, այդ թվում նաև` Հայաստանը, ներքաշելու իր ռազմական ազդեցության ոլորտ։ Իսկ Ադրբեջանի վրա ընկնում է ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման կատալիզատորի նոր և շատ հետաքրքրական գործառույթը։ Իլհամ Ալիևը հայտարարեց 2007 թ. ռազմական բյուջեն 1 մլրդ դոլարի հասցնելու մասին, ինչը կարող է հանգեցնել նոր իրավիճակի ստեղծմանը տարածաշրջանային անվտանգության ոլորտում, իսկ Հայաստանի ռազմական բյուջեն 250-270 մլն դոլար է, այսինքն` Հայաստանը դարձել է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հետնապահը։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու զինվորական հրամանատարությունը հայտարարում են, որ մինչև հիմա Հայաստանը բավականաչափ սպառազինություններ է ձեռք բերել, այդ թվում` որոշ զինատեսակներ, որ չունի Ադրբեջանը, ինչը հնարավորություն է տալիս լուծելու պաշտպանության և անվտանգության խնդիրները։ 2008 թ. երկու պետությունների ռազմական ծախսերը որոշ չափով ավելացան, բայց հարաբերակցությունը պահպանվեց։ 2006 թ. ընթացքում Ադրբեջանը ձեռք բերեց սպառազինությունների նոր տեսակներ, այդ թվում` մի քանի տասնյակ Տ-72 տանկեր, համազարկային կրակի «ՈՒրագան» համակարգի ավելի քան 70 կայանք, մի քանի տասնյակ հրետանային համակարգ։ Զարգանում է մարտական ավիացիան։ Այս բոլոր սպառազինություններն առայժմ ռուսական արտադրության են։ Ռազմատեխնիկական հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են զարգանալ։ Որոշ տվյալներով, Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «Տոչկա-ՈՒ» տիպի հրթիռներ (թեև ռուս փորձագետները պնդում են, թե այդ մատակարարումներն իրականացրել է ՈՒկրաինան «խորհրդային ժառանգության» զինանոցից) և «Նոնա» տիպի համակցված ականանետ-հաուբիցներ։
Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակն Ադրբեջանի օգտին փոխելու հույսերը նրա ղեկավարությանը դնում են ռազմավարական հեռանկարի հանդեպ նոր հայացքների ձևավորման անհրաժեշտության առջև։ 2002 թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կարգադրությամբ երկրի պաշտպանության նախարարությունում ստեղծվեց սպաների, իրավաբանների ու քաղաքագետների մի խումբ Ադրբեջանի պաշտպանական դոկտրինի նախագիծ ստեղծելու համար, ինչը և արվեց։ Պաշտոնապես այդ փաստաթուղթը պետք է կոչվեր «Ազգային անվտանգության հայեցակարգ»։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս. Աբիևի գնահատմամբ, այդ փաստաթղթում արտացոլված է այն ամենը, ինչ անհրաժեշտ է պետության պաշտպանության զարգացման համար։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, փաստորեն, հրաժարվեց այդ սկզբունքային փաստաթղթի պաշտոնական ընդունումից, և դա, երևի, մի շարք պատճառներով։ Նախ, պայմանավորվածություններ չկային ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ` այդ պայմանագրի մշակման շուրջ։ Երկրորդ, Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, չցանկացավ պատասխանատվություն ստանձնել և իրեն կաշկանդել այն բանով, որ ինքը ստիպված է լինելու առաջնորդվել այդ ղեկավար փաստաթղթով։ Երրորդ, կոնկրետ պատմական ու քաղաքական պայմաններում ադրբեջանական վերնախավի համար կասկածելի է մնում, թե Ադրբեջանը կկարողանա՞, արդյոք, վերադարձնել հսկողությունը ղարաբաղյան հողերի նկատմամբ և, հետևաբար, համապատասխան հանձնարարականները կեղծիք կլինեին։
Դալյարի օդանավակայանի վերակառուցումն ու գործարկումը կատարվել է 2001-ի վերջին 2002-ի սկզբին` Պենտագոնի աջակցությամբ։ Դա արվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի առաջադրանքների հետ ուղղակի կապված։ Այդ օդանավակայանի վերակառուցման կապակցությամբ Հայաստանի ՊՆ-ն բողոք է հղել ԱՄՆ-ի ՊՆ-ին, քանի որ այն Ադրբեջանը կարող է արդյունավետորեն օգտագործել Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ։ Այդ օդանավակայանը գտնվում է ավելի ապահով դիրքում, քան Գյանջայինը։ Ամերիկյան զինվորականները պնդում են, թե Դալյարի օդանավակայանի օգտագործումը գտնվում է իրենց հսկողության ներքո, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գոյություն չունեն ո՛չ համապատասխան կանոնակարգ, ո՛չ այդ հարցում ԱՄՆ-ի ու Ադրբեջանի գործակցության վերապահված կարգ։
2006-2009 թթ. Ադրբեջանը ձեռք է բերել մեծ ծավալի ռազմական տեխնիկա, բայց դա Բաքվի ղեկավարներին մարտական հաջողության վստահություն չի ներշնչել։ Հնարավոր է, որ այդ անվստահությունն անդրադառնում է նաև ռազմական դոկտրինի ձևավորումն ավարտելու վրա։ Նշաններ կան, որ Հարավային Օսիայում 2008 թ. օգոստոսին տեղի ունեցած իրադարձություններից հետո Ադրբեջանում ռազմական դոկտրինի վերաիմաստավորում է տեղի ունենում` հավանաբար տարածաշրջանային մեծ պատերազմի հավանականության ըմբռնման պատճառով, և Բաքվում բացահայտորեն անպատրաստ են եղել իրադարձությունների նման շրջադարձին։
Ներկայումս ամերիկյան և բրիտանական փորձագետները որոշ գնահատականներ են տալիս Ադրբեջանի զինված ուժերի վիճակի վերաբերյալ։ Այս կապակցությամբ հետաքրքրություն է ներկայացնում Օքսաննա Անտոնենկոյի գնահատականը։ Վերջինս, լինելով Արևմուտքի առավել տեղեկացված և Եվրոպայի ու ԱՄՆ-ի իշխանական կառույցներում ինտեգրված հետազոտական-վերլուծական հաստատության` Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Լոնդոն) Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրենը, ասում է. «Փորձագետների կարծիքով, ադրբեջանական բանակի վատ կազմակերպվածությունը և բարոյական պատրաստության ցածր մակարդակը վկայում են, որ նա անընդունակ է հարձակողական գործողությունների։ Ադրբեջանի բանակն ավելի ստվարաթիվ է, քան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը։ Սակայն բանը թվերը չեն։ Ղարաբաղում հնարավոր պատերազմական գործողության հաջողությանը կարող են խանգարել մի քանի գործոններ, մասնավորապես, ադրբեջանական բանակի բարոյական վիճակը»։ Օքսանա Անտոնենկոն կարծում է, որ որոշ առումներով Ադրբեջանի զինված ուժերը գերազանցում են հայկականին։ Այդ առավելությունը, նրա խոսքերով, պայմանավորված է, մասնավորապես, Թուրքիայում տեղաբաշխված ՆԱՏՕ-ի զորքերի հետ կապերով։
Օ. Անտոնենկոն համոզված է, որ ադրբեջանական զորամասերի պատրաստությունը, նրանց մարտավարական ու ռազմավարական գիտելիքներն ավելի բարձր են, քան ռուսական զինված ուժերի ավանդույթներով կազմավորված հայկական զորքերում։ Միևնույն ժամանակ, այդ լավ պատրաստված զինվորների բարոյական վիճակը շատ ցածր է։ Human Rights Watch-ի կարծիքով, վերջին 15 տարում ավելի քան 5000 ադրբեջանական զինվոր է մեռել ծեծից, վարակիչ հիվանդություններից ու թերսնումից։ Զորակոչիկներն ապրում են վատ պայմաններում. նորակոչիկները հաճախ մեռնում են արևահարությունից ու ցրտահարությունից։ Վատ պայմանները բողոքի տեղիք են տալիս։ Պատերազմում բարոյալքված զինվորները պիտի կռվեն հայկական զորքերի հետ, որոնց մարտական ոգին, վերլուծաբանների կարծիքով, ամենաբարձրերից մեկն է աշխարհում։ Պաշտպանական գիծը Լեռնային Ղարաբաղում լավ ամրացված է և ունի զարգացած թիկունքային ենթակառուցվածք, ինչին փող է տրամադրում նաև սփյուռքը։ Նման պաշտպանությունն աշխարհի ցանկացած բանակի համար շատ դժվարին խնդիր է։
Իսկ առայժմ Ադրբեջանը ԼՂՀ-ի դեմ կիրառում է «լուռ պատերազմի» մարտավարություն, գործադրելով տարբեր դիվերսիոն եղանակներ և տեղային հակամարտություններ` նպատակ ունենալով կամազրկել հակառակորդին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ