ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՏԻՏԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

«ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՏԻՏԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
02.07.2010 | 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հայտարարությունն այս օրերին քաղաքական օրակարգի քննարկման թիվ մեկ թեման է։ Եթե իշխանությունները դրանում դրականն են տեսել, ապա ընդդիմադիրները, ինչպես միշտ, հակառակը։ Թեմայի շուրջ զրուցում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ։
-Ասուլիսում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը զարմանքով հարցրեց, թե իշխանություններն ի՞նչ են տեսել այդ փաստաթղթում, որ ողջունում են։ Պարոն Կարախանյան, ի՞նչն եք ողջունում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություն մեկ տարի առաջ ևս արվել էր։
-Որքան հիշում եմ նախորդ հայտարարությունը, այնքան էլ տարբերություն չկա այդ երկու փաստաթղթերի միջև։ Չեմ կարծում, որ այս հայտարարության մեջ ցնցող սենսացիաներ կային։ Ամեն ինչ գրեթե նույնն է, ինչ մեկ տարի առաջ։ Շատ եմ հարգում Վահան Հովհաննիսյանին, բայց չեմ ընդունում նրա ասածը, չնայած ընդդիմադիր դաշտում ընդունված է այդպես ասել։ Չգնահատել, չտեսնել արտաքին քաղաքականությունում նախագահի կատարած հսկայածավալ աշխատանքը, առնվազն արդարացի չէ։ Ես վստահում և հավատում եմ նախագահին, քանի որ նա բազմիցս ասել է, որ նախ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պիտի լուծվի, ու այն չի կարող ավելի վատը լինել, քան այսօրվա կարգավիճակն է։ Այս ամենից հետո կարելի է նստել սեղանի շուրջն ու խոսել դետալներից։ Պետք է մեկ բան հաշվի առնել. Արևմուտքը, Արևելքն ու Եվրոպան մեր հորեղբոր տղաները չեն և մշտապես շահագրգռված չեն խնդիրները հօգուտ Հայաստանի լուծելով։ Ապրում ենք մի տարածաշրջանում, որն աշխարհի գիգանտների ուշադրության կենտրոնում է, ինչի համար էլ հիմնախնդրի կարգավորումն այսքան ձգձգվում է։
-Հայտարարությունը, Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան ինչ-որ կերպ կարագացնե՞ն հիմնախնդրի կարգավորման գործընթացը։
-Անցած տարիների փորձը հուշում է, որ չպետք է ոգևորվել, թե գործընթացը մտել է հանգուցալուծման փուլ։ Դեռևս շատ դետալներ պարզ չեն, մասնավորապես, հիշյալ հայտարարության մեջ «տարածքների վերադարձ» ասվածում հասկանալի չէ, թե որ տարածքների մասին է խոսքը։ Բայց կա մի գովելի կետ. այս անգամ Ղարաբաղը որպես սուբյեկտ է ընդունվել։ Դժվար է ասել, որ գործընթացն արագանալու միտում ունի։
-Հայտարարության անգլերեն և ռուսերեն տարբերակների միջև էական տարբերություններ կան։ Ռուսական տարբերակը «խոսում է» Հայաստանի օգտին, իսկ անգլիական տարբերակը` հակառակը։ Գերտերությունների շահերի բախո՞ւմ է սա, թե՞ ռուսական աջակցություն Հայաստանին։
-Չեմ կարծում, թե որևէ գերտերություն, առանց իր շահերը հաշվի առնելու, ինչ-որ բան ձեռնարկի։ Ռուսաստանը երբեք չի մոռանում իր շահերի մասին։ Անգլերենին լավ չեմ տիրապետում, բայց ասում են, որ թարգմանության մեջ ավելի շատ տեխնիկական թերություններ են եղել։ Սակայն չեմ էլ մտածում, որ գերտերությունները մեզ էնպես են սիրում, որ գիշեր-ցերեկ մտածում են` «յարաբ, ե՞րբ ենք ամեն ինչ վերադարձնում հայերին` Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը»։ Քավ լիցի, հեռու եմ նման տեսակետից։ Մենք միշտ պիտի ապավինենք Աստծո զորությանը, մեր կամքին ու բազկին։ Այլ ճանապարհ չունենք։ Պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի պետություն գուրգուրանքով չի վերաբերվում Աստծո ընտրյալ ժողովրդին։ Ինչքան մեր դեմ չարիքներ են գործել, մենք դեռ կանգուն ենք։
-Պարոն Կարախանյան, կարիք կա՞ այսքան խորանալու, քննարկելու մի հայտարարություն, որի կրկնօրինակը եղել է մեկ տարի առաջ, և այս ընթացքում ոչինչ չի փոխվել։
-Ճիշտ հարց է։ Պարզապես ամառային սեզոնն է սկսվում, և ընդդիմությունն ուզում է ցույց տալ, որ ինքը կա ու ավելի հայրենասեր է, քան իշխանությունը։ Բակերում, հրապարակներում, փողոցներում ամեն ինչ քննադատելը հեշտ է, այլ բան է, երբ խոսում ես Բարաք Օբամայի, Մեդվեդևի հետ։ Աշխարհը խիստ կանոնակարգված է և ունի իր մոտեցումները։ Մենք, իհարկե, ցանկանում ենք ստանալ առավելագույնը, և մարդիկ, ովքեր ղարաբաղյան ազատամարտում իրենց կյանքն են վտանգել, չեն կարող այդ ամենը հեշտությամբ մոռանալ ու ազատագրված շրջանները վերադարձնել թուրք ազերիներին։
-Շփման գծում հրադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են, գերտերությունները, սակայն, Ադրբեջանի սանձազերծած դիվերսիային չարձագանքեցին, ավելին, Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկեցին նույն հարթությունում։
-Իհարկե, ցավալի դեպք տեղի ունեցավ, ու ես վշտակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Ադրբեջանի այդ մարտահրավերն ուղղված էր Ռուսաստանին։ Բոլորիս աչքի առաջ Սանկտ Պետերբուրգում Ալիևը բանակցություններից անմիջապես հետո վերադարձավ Բաքու, ինչին էլ հաջորդեց սադրանքը։ Անշուշտ, ցավալի է, որ աշխարհը համապատասխան չարձագանքեց այս ամենին։ Կրկնեմ` աշխարհը մեր հորեղբոր տղան չէ և, իբր, չցանկացավ գործընթացը խոչընդոտել։
-Ընդդիմությունը պարբերաբար բարձրաձայնում է, թե ուր որ է տարածքները հանձնում են։ Նախագահի արտաքին քաղաքականությունը նման ենթադրությունների հիմք տալի՞ս է։
-ՈՒղղակի պետք է կույր լինել` չնկատելու համար, թե երկրի ղեկավարն ինչ տիտանական աշխատանք է կատարում արտաքին քաղաքականության ոլորտում, ինչքան ժամանակ, առողջություն, էներգիա է ծախսում դրական արդյունքների հասնելու համար։ Առաջին և երկրորդ նախագահների օրոք հայոց հարցը չի հայտնվել աշխարհի ուշադրության կենտրոնում։ Իսկ մտահոգվելու բան չկա, որովհետև մենք հավատում ենք երկրի նախագահին։
-Բայց ընդդիմությունը մշտապես հակառակն է ասում, թե Հայաստանն այլևս գործոն չէ, մանրադրամ է գերտերությունների ձեռքում։
-Եթե մարդիկ մտածում են, թե կարող ենք պարիսպ քաշել մեր սահմաններին ու ասել` ոնց ուզում, այնպես էլ ապրում ենք, այդպես չէ։ Մեր խնդիրները տարածաշրջանից դուրս են եկել և հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Չի կարելի ջայլամի նման գլուխը մտցնել թևի տակ ու ասել` ամեն ինչ վատ է։
-Նույն հիացմունքով կարո՞ղ եք խոսել նախագահի վարած ներքին քաղաքականության մասին։ Այստեղ ակնհայտ բացթողումներ չե՞ք տեսնում։
-Իհարկե, այստեղ ունենք խնդիրներ, մասնավորապես, կադրային քաղաքականության հարցում։ Բայց սա ժամանակի խնդիր է, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Արտաքին քաղաքականությունն այնքան ժամանակ և էներգիա է խլում, որ ներսում որոշ խնդիրներ դրվում են հերթի։
-Շատ է խոսվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Հնարավոր համարո՞ւմ եք։
-Չկա այն ընդդիմությունը, որի ճնշմամբ հնարավոր կլիներ այդպիսի իրավիճակ ստեղծել, մանավանդ որ իշխանություններն էլ փորձում են առկա խնդիրները լուծել։
-Փաստորեն, ճի՞շտ է Ալեքսանդր Արզումանյանը, երբ ասում է, թե ընդդիմության «հացն» արտահերթ ընտրություններ ասելն է, իշխանությանն էլ` դրա հերքումը։
-Այդպես չէ։ Կարծում եմ` Ալեքսանդր Արզումանյանը բավականին խելք ունի հասկանալու համար, որ այսօր արտահերթ ընտրությունների ոչ մի նախադրյալ չկա։ Եթե բոլորս համախմբված լինենք, ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականությունում սխալներ ու բացթողումներ չենք ունենա։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ