ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ. Միայնության սարդոստայնից՝ ֆեյսբուքյան «բազմաբնակարան» տարածք

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ. Միայնության սարդոստայնից՝ ֆեյսբուքյան «բազմաբնակարան» տարածք
27.01.2016 | 13:27

Ինչ ուզում եք ասեք, բայց էս facebook-ն իրոք փրկություն էր գործազուրկ հայերի համար: Եվ կապ չունի՝ սեփակա՞ն ցանկությամբ են գործազուրկ, թե՞ հարկադրաբար: Ընդ որում, թե՛ ներսի, թե՛ դրսի ֆեյսբուքահայության մասին է խոսքը: Պատկերացնո՞ւմ եք, մենակությունից, սեփական անձի թերարժեքության զգացողությունից, լքվածությունից, էս անիրավ աշխարհի անարդարությունից, իշխանությունից ու ընդդիմությունից զզված ինչքան հայ կխենթանար տան չորս պատերի մեջ, եթե վիրտուալ այս տարածքը չլիներ: Չէ, ողորմի Ցուկերբերգի անցավորներին, փրկել է հայության գործազուրկ հատվածին իրական կյանքի հետ մեն-մենակ մնալու դաժան փորձությունից: Պատկերացրեք, facebook-ը չլիներ, ու սեփական ես-ի հետ մեն-մենակ մնացած մարդը, սեփական տան խունացած հայելու առաջ, անդառնալիորեն հուսահատ ձայնով ինքն իրեն հարց տար. «Հա՞վն է ձվից արարվել, թե՞ ձուն հավից»: Իսկ հիմա, խնդրեմ, տալիս է նույն հարցը վիրտուալ տարածքում, ու գնա՜ց... Հավի ու հավկիթի արարչագործ նախասկիզբը քննող-վերլուծող-ժխտող-հաստատող ի՜նչ հեղեղ է թափվում ֆեյսբուքյան հայելու պսպղացող պատից: Ոչինչ, որ հավերժական ռեբուսն այդպես էլ չի գտնում իր պատասխանը, և ոմանք շատ անսպասելիորեն հանգում են աքլորի առաջնայնության խիստ կասկածելի վարկածին: Կարևորը դա չէ: Շատ ավելի կարևոր է միայնության սարդոստայնից ֆեյսբուքյան «բազմաբնակարան» տարածք տեղափոխվելու բերկրանքը, որ թերարժեքության զգացողության հերն անիծում, չհասկացված լինելու տվածուրիկ բարդույթն էլ ուղարկում է գրողի ծոցը:

Մի խոսքով, չգիտեմ՝ դուք ո՞նց, բայց ես շարունակելու եմ պնդել այն, ինչ արդեն ասացի. եթե ոչ ամեն օր, գոնե մեռելոցից-մեռելոց ֆեյսահայության գործազուրկ հատվածը մոմ պիտի վառի Ցուկերբերգի հանգուցյալ նախնիների հիշատակին:

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ