ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մարդ ինչքան էլ Աստծուն փնտրի, ինքն իրեն է հանդիպում»

«Մարդ ինչքան էլ Աստծուն փնտրի, ինքն իրեն է հանդիպում»
22.01.2013 | 12:24

Արձակագիր ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ «Երկվորյակների արևը» վեպի լույսընծայումը 2012-ի գրական կարևոր իրադարձություններից էր: Արձակագիրն այն գրել է չորս տարի շարունակ` մի քանի տարբերակներով: Իր իսկ խոսքով` մի կողմ է դրել նախկին տարբերակը, նոր տարբերակ է սկսել, առանց նայելու հնին՝ հավատալով, որ այն, ինչ մոռացել է սեփական ստեղծագործության մեջ, միայն մոռացության էր արժանի: Փաստորեն, վեպն ամեն անգամ նորից է գրվել:
«Լրագրողներին հետաքրքրում է` ինչպե՞ս եմ չորս անգամ գրել վեպը: Ես զարմանում եմ, որ դա գրողական արտասովոր աշխատակերպ է դիտվում: Մինչդեռ հակառակը պետք է լիներ»,- ասում է նա, նշելով, որ Մարկեսը, օրինակ, իր «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակը 11 անգամ մշակել է:
Հրաչյա Սարիբեկյանը ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրման բաժնի վարիչն է: 2003-ին լույս է տեսել նրա «Գուշակություններ հայելիներով» գիրքը: «Անտիպ վեպ» անվանակարգում «Ապուշների ուղևորությունը» արժանացել է Հայաստանի գրողների միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի «Հայը 21-րդ դարի սկզբին» մրցանակին:

-«Մի մարդ գնում է փնտրելու Աստծուն, բայց ինքն իրեն է հանդիպում»: «Երկվորյակների արևը» աստվածայի՞ն որոնումների մասին է, թե՞ ինքնության:
-Աստծուն որոնող, բայց ինքն իրեն հանդիպող մարդու մասին պատմությունը թալմուդյան լեգենդ է, վեպի գաղափարներից մեկն էլ դա է: Մարդ ինչքան էլ Աստծուն փնտրի, ինքն իրեն է հանդիպելու, ինքն իր մեջ պիտի գտնի Աստծուն, ինքնաճանաչողությունից բացի, Աստծուն ճանաչելու այլ հնարավորություն չկա: Աստված դարձավ մարդ և սկսեց բազմապատկվել: Ամեն մարդ Աստված է, և մահանալով անհետանում ու նորից վերածվում է Աստծու, որ անէ է միշտ:
-Տարիներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում նշել էիք, որ վեպը գրելիս ներշնչվել եք «երկվորյակների պարադոքսից»։
-Ամենասկզբում, այո, ներշնչված էի տեսական ֆիզիկայի «երկվորյակների պարադոքսից»: Ամենապարզ ձևով պարադոքսը հետևյալն է. երկվորյակ եղբայրներից մեկին ուղարկում են Տիեզերք, մյուսը մնում է Երկրում: Ժամանակը նրանց համար հավասարապես չի ընթանում: Ինձ զարմացրել էր, որ երբ եղբայրը, դեռ մանուկ, վերադառնար Տիեզերքից, երկվորյակը կարող էր ծերացած լինել: Իմ վեպում երկվորյակ եղբայրներից մեկը մահանում է, հետևաբար հավերժ մանուկ է մնում, մյուսի մազերը մանուկ հասակում ճերմակում են: Եվ Արեգի հետաքրքրությունը Տիեզերքով ոչ միայն իր անվամբ, այլև հենց դրանով է պայմանավորված:
-Ի՞նչն է գերակշռում այս վեպում՝ ֆիզիկա՞ն, թե՞ միստիկան:
-Փորձել եմ ֆիզիկայից վերացարկվել մետաֆիզիկայի:
-Վեպի հերոսը հինգ տարեկան Արեգն է: Կարծում եմ՝ հարցերը, որ բարձրացրել եք, իսկապես, կարող են ծնվել հինգ տարեկան երեխայի գլխում, հասուն մարդու պարագայում համոզիչ չէին լինի:
-Իր մանկությունը լավ հիշող յուրաքանչյուր մարդ կխոստովանի, որ այդ տարիքում ավելի «լայն» աշխարհայացք է ունեցել, ավելի հետաքրքիր հարցեր են ծագել գլխում, քան հասուն տարիքում: Կրթությունը, հասարակական կյանքը հետևողական կերպով խցանում են կյանքի ընկալման մեր սրությունը, բթացնում մեզ, դրանում ես խորապես համոզված եմ։ Միշտ խուսափել եմ հասարակական կյանքից, և ինձ մի փոքր հաջողվել է պահպանել այն փոքրիկին, որին մարդկանց ներկայությամբ ստիպված ենք զսպել, որ հանկարծ ծիծաղելի չթվանք: Վեպիս առաջին գրախոսն արդեն նկատել է, թե այնուամենայնիվ երեխայի ներաշխարհը չէր կարող աշխարհայացքային համակարգ ձևավորել, իսկ ես հիշում եմ, որ երբեք այնքան մենակ, տխուր ու դժբախտ չեմ եղել, ինչքան մանուկ հասակում, երբեք այնքան լրջությամբ ու անհանգստությամբ չեմ ընկալել աշխարհը: Վեպը գրելիս փորձել եմ մտնել մանկությանս մշուշի մեջ, նորից հայտնվել անցյալում ու հանդիպել ինձ: Դրանում ինձ օգնեց նաև տղաս: Վեպի հերոսի զգացողություններն իմ զգացողություններն են: Երեխան զգում է միայն և չի կարողանում ձևակերպել։ Իմ մանկության և այս վեպի միջև հեռավորությունն իրականում փոքր է, հասակ առնելով ես ընդամենը ձեռք եմ բերել գրողական ձևակերպումների հմտությունը: Վեպում ես զգուշություն եմ ունեցել զգացողություններից ու մանկական հարցերից այն կողմ չանցնել, հանուն համոզչության, դրա համար էլ ասում են՝ այնուամենայնիվ: Համոզիչ է, բայց այնուամենայնիվ:
-Անունը նախորդո՞ւմ է մարդու գոյությանը:
-Փոքր հասակում ես իմացա, որ իմ անունը հորեղբորս անունն է եղել, հետո իմացա, որ հորեղբայրս չկա, որ նա մահացել է այն ժամանակ, երբ ես դեռ չեմ եղել, մահացել է մանուկ հասակում, ես զարմացած էի. ախր ո՞նց է եղել, որ ես չեմ եղել, բայց իմ անունը եղել է: Ես իմ անվանակից, մահացած հորեղբորս ինձ նման էի պատկերացնում: Այստեղից են սկսվում նմանակների ու երկվորյակների շուրջ իմ սևեռումները: Երեխայի անունը անմիջապես ինքնության հետ է կապվում և եզակիության վստահություն է ներշնչում, քանի դեռ չի բացահայտել, որ իր անունը ուրիշ մեկն էլ է կրում: Երբ ես իմացա, որ մահացած հորեղբայր եմ ունեցել, որ իմ անունն է կրել, ես բախվել էի ոչ միայն իմ անվան կրկնության, այլև մահվան առեղծվածի հետ:
-Երկվորյակների նմանությունը փորձությա՞ն է նման:
-Երբ երկվորյակներ եմ տեսնում, մտածում եմ, ի՞նչ առեղծված է, ի՞նչ է Աստված հուշում մեզ դրանով:
-Վեպն ի՞նչ տվեց Ձեզ:
-Գրելու ընթացքում այնքան էի նույնացել փոքրիկ հերոսիս հետ, որ նրա հետ նորովի բացահայտեցի Աստծուն:
-Դուք նշել եք, որ վեպի հերոսը զուգահեռներ ունի Հիսուսի մանկության հետ: Վեպն ավարտեցիք 33 տարեկանում, տարիքային «ընտրությունը» հատո՞ւկ է արված:
-Իհարկե հատուկ չեմ արել, դա վեպիս հետ կապված զուգադիպություններից մեկն է, բայց զուգադիպությունները պատահական լինելու համար արդեն շատ են: Այս վեպը դարձավ իմ ապրած 33 տարիների ինձ գոհացնող միակ արդարացումը, հետևաբար թեթևացրեց նաև իմ հետագա կյանքը:
-Ասում են` ուրիշին հարց տալով է հաջողվում հարց տալ ինքդ քեզ: Ո՞Ւմ են ուղղված հարցերը:
-Գրողը հարցերն ինքն իրեն տալով է հարց ուղղում ընթերցողին:
-Գրքում բարձրացված հարցերը գրեթե կապ չունեն մեր իրականության հետ, Ձեզ չի՞ հուզում մեր ժամանակը:
-Շատերն ինձ մեղադրում են իմ ապրած ժամանակն անտեսելու մեջ, բայց որոշ սրատես ընթերցողներ էլ նկատել են այդ ժամանակի հղումները: Կարծում եմ` գրողը չի կարող բացարձակապես կտրվել իրականությունից և իր ժամանակից: Այդուհանդերձ իմ վեպը ես, այսպես ասած, արտաժամանակային ստեղծագործություն եմ համարում: Այն, ինչ կատարվում է իմ շուրջը, քիչ է հետաքրքրում ինձ, իրականությունը, այն իմաստով, որ ակնկալում են իմ գրականությունից, ինձ չի հետաքրքրում, բայց ինձ հետաքրքրում է՝ ինչ է իրականությունը, ինձ քիչ է հետաքրքրում իմ ժամանակը, ինձ հետաքրքրում է ժամանակն ընդհանրապես: Որպես գրող միշտ երազել եմ զգալ ու ընթերցողին ներշնչել կանգնած ժամանակի զգացողությունը՝ ստեղծելով մի տեսակ ինքնաբավ վեպ: Ժամանակն անցողիկ է, հավերժությունը՝ ինքնաբավ:
-«Ինձ միշտ հետաքրքրում է` ո՞րն է եկեղեցու ճարտարապետական ձևի ու Աստծո կապը»: Գրքում բարձրացրած այս հարցի պատասխանն ունե՞ք:
-Եկեղեցին, իբրև ճարտարապետություն, խորհրդանիշ է: Աստծո և ճարտարապետության կապն անկայուն է, ճարտարապետությունը մարդու և Աստծո միջև կանգնած ավելորդ պայմանականություն է: Հորեղբայր Պետրոսը կարիք չուներ եկեղեցու, նա կարող էր լքել եկեղեցին, եկեղեցին իր ներսում էր:
-«Եթե մարդն անհետանում է, ուրեմն կա մի տեղ, որտեղ նա գտնվո՞ւմ է»:
-Երբ փոքր ժամանակ հեռուստացույցով լսում էի, որ մարդիկ տնից դուրս են գալիս ու անհետանում, մտածում էի՝ ո՞նց կարող է մարդն անհետ կորչել, չի կարող պատահել, որ ինչ-որ մի տեղ, մեծ աշխարհի անհայտ մի անկյունում այդ մարդը չգիտակցի ինքն իրեն: Հիմա նույնը մտածում եմ մահացածների մասին, ու նաև դրա համար կարիք չկար փակագծերը բացելու՝ տղայի անհետ կորած հայրը մահացե՞լ էր, թե՞ ոչ:
-Երազներին հավատո՞ւմ եք:
-Նույնիսկ երազներս ավելի հաճախակի եմ հիշում, քան անցյալս։ ՈՒշադրություն դարձրեք, որ հիշողության մեջ անցյալը և երազը հավասարապես են անիրական, և հետևաբար անցյալի և երազի տարբերությունը սկզբունքորեն անապացուցելի է: Ես շարունակում եմ երազների օրագիր պահել, ինձ համար երազը պակաս արժանահավատ չէ, քան իրականությունը և, ի տարբերություն իրականության, երազն ավելի խորհրդավոր, ավելի անկանխատեսելի, ավելի հետաքրքրական է, և հետո երազներում իմ ապրումներն ավելի խորն են, մինչդեռ առօրյայում ապրումներիս բացակայությունն ու իմ ապշած մասնակցությունն այս իրականությանը հուշում են, որ ես արթմնի եմ երազի մեջ: Ինձ համար երազը մի առավելություն ունի. իրականությունը բոլորինն է, համատեղ է, հանրային է, իսկ երազը, որպես իրականություն, ավելի անձնական է:
-Ամեն դեպքում «ռեալում» ապրելու ցանկությունն ավելի մեծ չէ՞:
-Իմ մեջ նման ցանկություն չի առաջանում, ուր մնաց գրածիդ մեջ էլ հանդիպես նույն իրականությանը, որից փախչում ես: Երևի պատճառներից մեկն էլ, որ հետաձգում էի վեպը, այն էր, որ գրելով, վերջապես հնարավորություն էի ստացել իմ ֆիզիկական ներկայությունն իրականության մեջ հասցնելու նվազագույնի:
-Ինչպե՞ս է ավարտվում վեպը:
-Ավարտվում է սկզբով. կոմպոզիցիան հայելային է: Ըստ էության, վեպն ավարտվում է պապի մահվան տեսարանով, երբ Արեգը եղբոր շիրմի մոտ ականջը դնում է հողին, լսելու համար, թե պապը դագաղի ներսից չի՞ կանչում իրեն: Բայց հիշողությունը նրան վերադարձնում է անցյալ, դեպի այն օրը, երբ եղբոր հետ գնացել էին երկաթուղուց գնդակը բերելու, այսինքն, սյուժեն հայտնվում է արատավոր շրջանի մեջ հենց այնտեղ, որտեղից կարող էր այլ կերպ զարգանալ:
-Ընթերցողն ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ:
-«Երկվորյակների արևն» արդեն նշաձող է ինձ համար, որից ներքև ցատկելու իրավունք չունեմ: Հավանաբար «Ապուշների ուղևորությունը» վեպի վրա կաշխատեմ:
-Ինչպե՞ս եք որոշել այդ նշաձողը:
-Իմ կարդացած լավագույն վեպերով:
-Դրանց կողքին ի՞նչ տեղ ունի Ձեր վեպը:
-Իմ վեպն իմ սիրած վեպերից մեկն է դարձել:
-Եթե չկարդաք, չե՞ք կարող լավ գրել:
-Գրողը պիտի կարդա, շատ կարդա, որպեսզի, կրկնեմ Սթիվեն Քինգի խոսքը, նվազեցնի ինքն իրեն հիմարացնելու հավանականությունը: Եվ գրողը ոչ միայն պիտի կարդա, այլև ժամանակ գտնի իր կարդացածի մասին խորհելու:
-Եթե այդքան գրում եք, ե՞րբ եք կարդում:
-Ես շատ չեմ գրում, ավելի շատ կարդում եմ: Իրականում ես ջանասեր ընթերցող եմ և ծույլ գրող: Իմ մտահղացումները հիմնականում հետաձգում եմ և դա անում եմ կարդալու համար: Վեպիս սկզբում կարողանում էի ուրիշ գրքեր կարդալ, վեպս դնում էի մի կողմ, մինչև չհասունացավ այն պահը, երբ գրելն ավելի հետաքրքիր դարձավ, քան ընթերցելը: Արդեն գրքերն էի կիսատ թողնում, որ գրեմ, ավարտեմ վեպս: Պետք է անցնել լավագույն գրքերի փորձությունը, պետք է այնքան լավ գրքեր կարդալ, որ խստապահանջ ու նրբաճաշակ քննադատ ձևավորես քո մեջ և որպես գրող կարողանաս հաղթահարել, գերազանցել, զարմացնել ինքդ քեզ՝ այդքան լավ գրքեր կարդացած մի ընթերցողի:
-Շնորհանդեսի օրը գրքի մոտ 200 օրինակ վաճառվեց, իսկ դրանից հետո՞:
-Դրանից հետո էլ է վաճառվել:
-Ձեր հերոսի պես շարունակում եք գաղտնիքնե՞ր հավաքել:
-Այո, հիմա աստվածաբանության ու գաղտնագիտության գրականություն եմ կարդում: Հիմա ինձ հետաքրքրում են միայն Արարչին վերաբերող գաղտնիքները:
-Էլ ե՞րբ եք ապրում:
-Ապրել ինձ համար նշանակում է հենց կարդալ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ