Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

41 տարի առաջ՝ հունիսի 17-ին, ավտովթարից զոհվեց Պարույր Սևակը

41 տարի առաջ՝ հունիսի 17-ին, ավտովթարից զոհվեց Պարույր Սևակը
17.06.2012 | 11:02

Ասում են, թե SOS ազդանշանը նշանակում է «Փրկեցեք մեր հոգիները», և աղետյալներն առաջին անգամ այդ ազդանշանը սկսել են տալ հենց այդ խնդրանքով` «Փրկեցեք մեր հոգիները»: Ոչ թե կյանքը, ոչ թե կարողությունը, այլ հենց` հոգիները: Արդյոք մենք առիթներ ունենու՞մ ենք մտորելու, թե ո՞ր պահին, ի՞նչ առիթներով են վտանգվում մեր հոգիները: Գուցե այդ ազդեցությունը մեզ վրա գալիս է, բայց մենք դա չե՞նք զգում: Ասենք այն պահերին, երբ մեկի ցավի կողքով անտարբեր ենք անցնում, երբ օգնության մեկնած ձեռքն արհամարհում ենք, երբ որևէ կոնկրետ գործով նեղ անձնական հետաքրքրությունները գերակա ենք համարում ընդհանուր շահերից… Եվ նման էլի շատ դեպքեր: Մեր պատմությունը ցավալիորեն լիքն է դեպքերով, երբ կենդանի հուշարձան-Մարդու հանդեպ անտարբեր պահվածք ենք ունեցել ու միայն նրա կորստից հետո ենք դառնագին ափսոսացել: Դրա արդյունքը չէ՞, արդյոք, որ միայն մեզ մոտ (համոզված եմ` միայն մեզ մոտ) թևավոր են դարձել «Գնա մեռի, արի` սիրեմ» խոսքերը:

Պարույր Սևակի ողբերգական մահվան հետ կապված իմ այս մտորումների նախաբանը «Սիրիր մերձավորիդ» աստվածաշնչյան հորդորի արձագանքն է ու թելադրանքը` դարերով հնչող, բայց, ավաղ, ոչ միշտ ընկալվող ու իրականացվող: Իմ նոթատետրում մի գրառում կա, որ արվել է 1971թվականի հունիսի 17-ին, երբ մենք կորցրեցինք Պարույր Սևակին: Հայ մտավորականներից, հիմա չեմ հիշում ով, այդ օրվա բոթը լսելով, աշխարհիս անեծքները տեղաց… այն մարդու հասցեին, ով Պարույր Սևակին մեքենա վարելու իրավունք էր տվել: Սևակն ունե՞ր այդ «պռավա» կոչվածը` չգիտեմ, չեմ հիշում նաև, թե ով էր այդ մտավորականը, բայց նոթատետրումս այն օրվա գրառումը տարօրինակ զգացումներ է առաջացնում: Ի՞նչ կապ ունի այդ «պռավա» տվողը: Բայց մտավորականը շարունակում էր` «Եթե Սևակը ավտոմեքենա վարելու իրավունք չունենար, ղեկին չէր նստի»: Մտավորականի զայրույթը նման էր հեռուներից վերադարձած և իր տունը ավեր գտած այն մարդուն, ով իր ապրումների, իր ցավի արտահայտման այլ հասցեատեր չուներ, բացի… Աստծուց: Նրա ապրումները ազնիվ ու մաքուր էին, վրդովվմունքը` արդարացի: Գուցե դա նման էր շատ ընդհանրական մեր այն մտորումներին, որ նման պահերի հաճախ ենք բարձրաձայում` «Եթե այս չաներ, այն չաներ, եթե այսպես, և ոչ թե այնպես պահեր իրեն, գուցե չկատարվեր դեպքը»: Բայց կատարվել էր, և Սևակը ֆիզիկապես ցավալիորեն հեռացել էր մեզանից: Երեսունվեց տարի է արդեն, մենք փորձում ենք այդ առեղծվածը լուծել ու չենք կարողանում: Չնայած, ի՞նչ պիտի փոխվի, եթե անգամ այդ առեղծվածը հանգուցալուծվի: Եվ որովհետև չի լուծվում, և որովհետև հետբերման ելքը փակված է, մնում է մխիթարվենք Սևակի հետ, Սևակի միջոցով մեր հեռակա զրույցների հնարավորությամբ: Սևակն այն հայն է, այն անհատը, որին միայն հիշատակման օրերով` ծնունդ և վախճան, չէ, որ հիշում ենք: Սևակն այն բանաստեղծը չէ, որին միայն այդպես հիշենք` մենք միշտ ենք մեզ նրա կողքին զգում, և մեր շուրթերին հաճախ են թառում նրա բանաստեղծական տողերն էլ, խոհաիմաստասիրական մտքերն էլ, մեր գրականության անցած ու անցնելիք ճանապարհի մասին նրա` ամենօրյա սերտելի դասի ուժ ու արժեք ունեցող դատողությունները: Եվ մխիթարանքներից ամենամխիթարելին այն է, որ շարունակում է երիտասարդության սիրելին մնալ Սևակը` բոլոր սերունդների ժամանակ:

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3633

Մեկնաբանություններ