ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞ՆՉ ԱԶԳԻՑ Է ՍՈՒՐԲ ԳևՈՐԳԸ

Ի՞ՆՉ ԱԶԳԻՑ Է ՍՈՒՐԲ ԳևՈՐԳԸ
24.09.2010 | 00:00

Վերջերս մի տեսաֆիլմ դիտեցի, և զարմանալի բան. տարբեր ազգությունների մարդկանց տվեցին նույն հարցը` ի՞նչ ազգից է սուրբ Գևորգը։ Համարյա բոլորն էլ պատասխանեցին, որ սուրբ Գևորգը հենց իրենց ազգից է, որ կա։
Իրականում ո՞վ է եղել սուրբ Գևորգը և ի՞նչ ազգից` կարող են ասել նրան սրբացնող ու որպես բարեխոս սուրբ ընդունող առաքելահիմն եկեղեցիները։ Բայց քանի որ սրբի նահատակությունից շուրջ 1700 տարի է անցել, բնական է, որ ճշմարտության ակունքներից բխող զուլալությունը պղտորված լինի 17 դար անցնելուց հետո։ ՈՒ առավել ևս բնական է այն, որ տարբեր ազգեր հետագայում ուզենային «իրենցով» անել այդ մեծանուն սրբին ու իրենց ազգից հռչակեին։
Մի քանի տարի առաջ եղա Եգիպտոսի մայրաքաղաքում` Կահիրեում։ Այցելեցի տարբեր սրբատեղիներ, քանի որ Եգիպտոսը հինավուրց քրիստոնեական երկիր է՝ մեզ դավանակից ղպտիների հայրենիքը, որտեղ ծնունդ են առել ու աշխարհով մեկ հռչակվել այնպիսի հանրահայտ սրբեր, ինչպիսիք են Անտոն Անապատականը, Մակարիոս Մեծը, Արսեն Մեծը և այլք։ Երբ այցելեցի Սուրբ Գևորգ եկեղեցին ու այնտեղի սրբապատկերի վրա տեսա թխամորթ սրբի պատկերը (բնիկ եգիպտացիները թխամորթ են եղել, նույնիսկ սևամորթ), հասկացա, որ եգիպտացիներն էլ են «իրենցով» արել սուրբ Գևորգին։ Եվ ընդհանրապես, զբոսաշրջիկներին հենց այդպես էլ ներկայացնում էին, որ սուրբ Գևորգը ղպտի (եգիպտացիների հին անունն է) ազգից է։
Այս սրբի մասին դարերի ընթացքում տարալեզու ազգերը շատ են գրել ու պատմել նրա կյանքի և նահատակության վկայաբանությունը։
Իսկ ահա վերջերս կարդացի ինձ անծանոթ Մուրադ Աղջա անունով հեղինակի գրքի մեջբերումը, որ իբր սուրբ Գևորգը ոչ այլ ոք է, քան Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը, որը նահատակվեց ղփչաղներին քրիստոնեություն քարոզելիս։ Եվ այդ սուրբ նահատակի արի վարքը իր մահվան ժամին ապշեցրել է վայրենի տափաստանաբնակներին, ու դրանից հետո տեսել են քրիստոնեության զորությունը, և իրենք էլ են ընդունել Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ։ Ընդունելով այդ նոր հավատը, բնական է, որ ընդունեին նաև այդ հավատի հաղթական նշանը՝ Խաչը։ ՈՒ հետագայում սլավոնական ազգերի ու եվրոպացիների հետ հարաբերվելիս նրանց մեջ ևս տարածեցին Սուրբ խաչի Գևորգյան տարբերակը, որը նրանք վերցրել էին հայերից։ 988 թվականին, Կիևյան Ռուսիայի քրիստոնեություն ընդունելուց հետո, Սուրբ խաչի նշանը և սուրբ Գևորգի պատմությունը տարածվեցին նաև սլավոնական մնացած ազգերի մեջ։ Եվ ահա դարեր անց Ռուսաստանը, հզորանալով և դառնալով աշխարհի ամենամեծ պետությունը (մի ժամանակ այդ երկրի տարածքը աշխարհի մեկ վեցերորդ մասն էր), որպես իր անպարտելիության խորհրդանիշ ընտրեց սուրբ Գևորգի պատկերով զինանշանը, որտեղ ձիավոր զինվորը հաղթում է վիշապին։ Այդ պատկերն այժմ ամենուր կարող ենք տեսնել, նույնիսկ իրենց դրամների վրա։ Եվ, ինչպես տեսնում ենք, դարեր շարունակ սուրբ Գևորգն «ամոթով» չի թողել իր բարեխոսությանը հուսացող ռուսներին։ Այդ սրբի պատկերով կան բազմաթիվ սրբապատկերներ, որոնցից մեկն էլ ռուսները նվիրել են Էջմիածնին, և այն այժմ գտնվում է Մայր Տաճարի թանգարանում։
Բնական է, որ այդ սրբի վկայաբանությունը նաև մեր հայոց Հայսմավուրքում (սրբերի վկայութաբանությունների գիրք) լինի։ Կարծես թե դրան ավելացնելու ոչինչ չունենք, բայց ահա մեր Ազգային գրադարանում ուսումնասիրելով Սուրբ Ղազարի Մխիթարյանների լույս ընծայած «Բազմավեպ» հանդեսի համարները, 1915 թ. մի հանդեսում իմ ուշադրությունը գրավեց «Նկարիչք և վկայաբանություն սրբոց» հոդվածը։ Այն զետեղված է 118-րդ էջում, եթե ընթերցողն ինքն ուզենա անձամբ կարդալ, քանի որ աշխարհին անհայտ ու կարևոր տողեր կան, որը ժամանակակիցներիս մի նոր բան կբացահայտի, որ մինչ այդ հնության ստվերում էր մնացել։
Այդ հանդեսում մի նոր վկայաբանություն կար սուրբ Գևորգի մասին, որի լուսապատճենահանված մեզ հետաքրքրող հատվածը հիմա դուք տեսնում եք այստեղ։ Ըստ այդ նոր վկայաբանության` սուրբ Գևորգը հայ է, ծագումով` կապադովկացի, որդին Ղևոնդ (կամ Հրանտ) զորավարի, որն այդ ժամանակ ապրում էր Հայաստանում։ Մոր անունն էր Պոլիքրոնիա, հավատով քրիստոնյա, մինչդեռ հայրը հեթանոս էր և կուռքեր էր պաշտում։ Գևորգը իր մոր խնամքով որպես քրիստոնյա էր մեծանում, առանց հոր գիտության։ Իսկ երբ հայրը ծանր հիվանդ էր, որդու հորդորները լսելով, ինքն էլ է քրիստոնեությանը դառնում։ Գևորգը մերձակա մենաստանից մի քահանա է կանչում` հորը մահվանից առաջ մկրտելու, և Հրանտը մեռնում է իբրև քրիստոնյա։ Գևորգը շտապում է իր հոր կռատունը և խորտակում ոսկե ու արծաթե կուռքերը, այնուհետև այլ կռատներ է գնում և ջախջախում այնտեղի բոլոր աստվածներին, սպանում է քուրմերին և ահագին հարստություն բաժանում աղքատներին։
Սիղուանոս անունով մեկը այդ մասին պատմում է Վարդան դուքսին, որը, կանչելով Գևորգին, հարցաքննում է և հանձնարարում խոհեմություն ունենալ և հնազանդվել կայսեր հրամաններին։
Հետագայում թագավորն իմանում է նրա ով լինելը, հրամայում է Գևորգին, որ կուռքերին պաշտի։ Նա մերժում է, ինչի պատճառով նրան կախում են, պատառոտում, ոտքերին երկաթագամ կոշիկներ են հագցնում, մուրճով հարվածում են գլխին, ուղեղը դուրս է թափվում, և այլ չարչարանքների են ենթարկում, բայց Աստծո զորությամբ ողջ է մնում։ Բանտում նա տեսիլք է ունենում, ուր Քրիստոս Տիրոջն է տեսնում, և հայտնվում է իրեն, որ յոթ տարի պիտի տանջվի, երեք անգամ պետք է մեռնի ու հարություն առնի և վերջում նահատակվի։
Հաջորդ օրը դարձյալ Գևորգին ատյան են տանում, որտեղ Աթանաս մոգն էր, որն իր զորությունը ցույց տալու համար՝ դյութությամբ ցուլը երկու մասի է բաժանում։ Աթանաս մոգն իր պատրաստած դյութող ըմպելիքն է խմեցնում սրբին, որից նա բոլորովին չի վնասվում։ Դրանից ապշած, մոգը նույնպես քրիստոնեություն է ընդունում, ու դրա պատճառով իսկույն նահատակում են նրան։ Իսկ սուրբ Գևորգին կապում են սրերով ցցված անիվից ու պտտում, որից նրա մարմինը բաժան-բաժան է լինում, անջատված ոսկորները ջրհորն են նետում։
Մինչ կայսրը 72 թագավորների հետ նստած ճաշում էր, երկնքից մի զորեղ կայծակ է իջնում, Գևորգը, ըստ Տիրոջ խոստումի, հարություն է առնում առաջին անգամ։ Անատոլիոս սպարապետը այդ տեսնելով` իր գնդով քրիստոնեությանն է դառնում և կայսեր հրամանով նահատակվում։
Երկրորդ անգամ էլ են սրբին սկսում չարչարել, ու այս անգամ բերանը հալած կապար են լցնում, վաթսուն հրաշեկ գամեր մեխում գանգի մեջ, գլխիվայր կախում կրակարանի վրա, պղնձե շիկացած ցուլի մեջ փակում, բայց անօգուտ, սուրբը Աստծո զորությամբ անվնաս է մնում, ու դարձյալ բանտ է տարվում, որտեղ երկրորդ անգամ տեսիլք է տեսնում։
Մյուս օրն այդ Մանենցեուս անունով թագավորներից մեկը երդվում է, որ ինքն էլ քրիստոնյա կդառնա, եթե Գևորգը կարողանա հրաշագործությամբ դատարանի 22 փայտյա աթոռները ծլարձակեցնել, որ պտուղ բերեն։ Սուրբը կատարում է այդ հրաշքը, բայց այն իրենց պաշտած Ապողոն կուռքի զորությանն է վերագրում թագավորը։
Դրանից հետո Գևորգին սղոցով երկու մասի բաժանելով` մարմինը նետում են կապարով ու նավթով հալոցի մեջ, սակայն ուժգին պայթյուն է լսվում, և Հիսուսը, սուրբ Միքայել հրեշտակապետի հետ իջնելով, հարություն է տալիս Գևորգին երրորդ անգամ։
Չարչարանքների երրորդ շրջանում մի պառավ կին իր որդու սատկած եզի համար օգնություն է խնդրում, և սուրբը աղոթելով կենդանացնում է եզանը։
Թագավորներից մեկն իր հերթին պայման է դնում, որ Գևորգը գերեզմանի մեռելներին հարություն տա։ ՈՒ սրբի աղոթքով 300 տարի առաջ Հոբել անունով մի մեռած մարդ է հարություն առնում, որը, մկրտվելով, քրիստոնյա է դառնում։ Դրանից հետո Գևորգը հարություն է տալիս դարձյալ հինգ տղամարդու և ինը կանանց ու երեք տղաների, որոնք 460 տարի առաջ էին մահացել։ Այդ նույն տեղում սուրբն աղբյուր է բխեցնում և մկրտում հանգուցյալներին, ապա սրբի աղոթքով նրանք բոլորն էլ աներևութանում են։
Ինքնակալ կայսրը հրամայում է, որ սրբին տանեն մի աղքատ մարդու տուն, ումից Գևորգը հաց է խնդրում, բայց քանի որ տանը մի կտոր հաց անգամ չկար, նա գնում է հարևանից փոխ առնելու և երբ վերադառնում է, տանն արդեն ճաշը պատրաստ էր հրեշտակների օգնությամբ, իսկ փայտե գերանի սյունը ծաղկում է։ Այդ տան որբևայրին իր կույր ու հաշմանդամ զավակին է բերում սրբի մոտ, ում աղոթքով նա բժշկվում է։
Դրանից հետո Գևորգին տանում են բարձր լեռան գագաթն ու այնտեղից գահավեժ անում և թողնում որպես թռչունների կեր։ Սակայն զինվորները հետ դառնալիս մեծ որոտի ձայն են լսում ու տեսնում են հարություն առած Գևորգին, որը, նրանց կանչելով, դարձի է բերում քրիստոնեական հավատին, ու նույն տեղում հրաշքով աղբյուր բխեցնելով, մկրտում է նրանց։ Այս մասին իմանալով, կայսրը հրամայում է նահատակել բոլորին, իսկ սրբի հետ մեղմությամբ խոսում ու բազմաթիվ գեղեցիկ խոստումներ տալիս, եթե նա կուռքերին պաշտոն մատուցի։ Գևորգն ասում է, որ իրեն հաջորդ օրը տանեն կռատուն։ Այդ առիթով նրան պալատ են հրավիրում, որտեղ նա Ալեքսանդրա թագուհուն քրիստոնեական հավատին է դարձնում։
Հաջորդ օրը ամենուր հայտարարում են, որ Գևորգը պիտի զոհ մատուցի աստվածներին։ Այրի կնոջ զավակին, ում բժշկել էր Գևորգը, կանչելով` ուղարկում է կռատուն, որ Ապողոնին կանչի։ Այնտեղից նա դուրս է գալիս և խոստովանում, որ ինքը աստված չէ, այլ սատանայի հետ վռնդված հրեշտակներից մեկն է։ Սուրբը ոտքը գետին է զարկում, երկիրը բացվելով` կուռքին կուլ է տալիս։ Դրանից հետո Գևորգը կռատուն է մտնում ու փշրելով խորտակում բոլոր կուռքերը։ Կռատան քրմերը բռնում են նրան ու հանձնում ինքնակալի դատավճռին, որն էլ սրբին գլխատելու վճիռ է կայացնում։
Մինչ վճիռը կկատարեին Երկաթե դուռ կոչվող գլխատման վայրում, սուրբը խնդրում է, որ իրեն թույլ տան վերջին անգամ աղոթել։ Աղոթքի ժամանակ երկնքից կրակ է իջնում և լափում կայսրին ու նրա կողքին կանգնած 72 թագավորներին և հեթանոսներին։ Ապա աղոթում է հավատացյալների համար, ու Աստված խոստանում է, որ սուրբ Գևորգի նշխարները պատվողներին ու նրա անունով խնդրողներին երկնային օգնություն կշնորհեն։
Դրանից հետո նա դահիճներին հորդորում է, որ իրենց պարտքը կատարեն։
Պասիկրատես անունով վկայագիրը հավելում է. «Ես, Պասիկրատեսը, իմ տիրոջ՝ Գևորգի ծառան, ներկա եմ եղել նրա յոթ տարվա չարչարանքներին և գրեցի նրա բոլոր կրածները, որի ժամանակ երեսուն հազար ինը հարյուր հոգի և Ալեքսանդրա թագուհին սրբի չարչարանքների շնորհիվ դարձան Քրիստոսի հավատին»։
Սուրբ Գևորգի մարմինն ասորիները տարան Պաղեստին՝ Դիոսպոլիս քաղաքը կամ Ռամլե ավանը: Այնտեղ ասորիների եկեղեցու մեջ նրա նշխարները ցուցադրվում էին մինչև 13-րդ դարը: Ռամլեում մինչ այսօր էլ կա և գործում է նաև մի հայկական եկեղեցի սուրբ Գևորգին նվիրված, որտեղ Երուսաղեմի մեր սուրբ Հակոբյանց վանքի միաբանները պատարագներ են մատուցում:
Իսկ Հայաստանում սուրբ Գևորգի անունով ամենահայտնի եկեղեցին Մուղնի գյուղում է, որտեղ կան սրբի մասունքներից։ Իսկ դրանց մի մասը 13-րդ դարում վրաց թագավորի խնդրանքով տարել են Թբիլիսի, որ թագաժառանգին բժշկեն, բայց մինչ տեղ կհասնեին, նա մեռնում է։ Դրանից հետո սուրբ Գևորգի մասունքները վրացիներն այլևս թույլ չեն տալիս Հայաստան վերադարձնել, ու մինչ այսօր էլ դրանք մնում են այնտեղ։
Իսկ Երևանում սուրբ Գևորգի անունով եկեղեցին գտնվում է Նորագավիթում։
Որպես վերջաբանի լրացում ասենք, որ, ըստ մինչ այժմ ընդունված վկայաբանության, սուրբ Գևորգը ծնվել է Կապադովկիայի Մաժաք քաղաքում, որն այժմ կոչվում է Կեսարիա, որտեղ հետագայում ձեռնադրվել է նաև մեր հայոց հայրապետ Գրիգոր Լուսավորիչը, և այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Իսկ Կապադովկիան հայկական հին քարտեզներում նշվում է Գամիրք անունով։
ՈՒ թող հայորդի մեծանուն սուրբ Գևորգ զորավարը բարեխոսի այս վերջին ժամանակներում ապրող տկարացած քրիստոնյաներիս համար, որպեսզի մենք էլ կարողանանք հավատքի այս բարի պատերազմում հաղթողներ լինել, ու Քրիստոս Տիրոջ սուրբ անվանը մինչև վերջ հավատարիմ մնանք։ Մնում է ավելացնել, որ մեր Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Գևորգի հիշատակի տոնն այս տարի կատարում է սեպտեմբերի 26-ին։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ