Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Նոր չափորոշիչներով միջին մասնագիտական կրթություն

Նոր չափորոշիչներով միջին մասնագիտական կրթություն
08.09.2009 | 00:00

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ-ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հայաստանում գործում է 110 միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատություն` շուրջ 34 հազար ուսանողով։ Միջին և նախամասնագիտական ուսումնական հաստատությունները պետք է բավարարեն աշխատաշուկայի պահանջները։ Դրանք այսօր գործում են մի քանի գերատեսչությունների ենթակայությամբ։ Կրթության և գիտության փոխնախարար ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կարծիքով՝ այդ գերատեսչությունների ենթակայությամբ գտնվելը մինչ այժմ ոլորտային կոնկրետ խնդիրներն արագ լուծելու նպատակ են հետապնդել, սակայն այժմ քննարկման փուլում է բոլոր հաստատությունները մեկ նախարարության ենթակայության տակ տեղափոխելու հարցը։ Նախնական և միջին մասնագիտական կրթությամբ իրականացվող մասնագիտությունների ցանկը, շուկայի նոր պահանջներից ելնելով, բարելավվել և փոխվել է։
Առաջնորդվելով սոցիալական գործընկերության սկզբունքով՝ միջին և նախամասնագիտական ոլորտի կառավարումը կրթության և գիտության նախարարությունը միայնակ չի իրականացնում. ձևավորվել է միջգերատեսչական խորհուրդ, որում ընդգրկված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները, որոնք խորհրդի կազմի ընդամենը մեկ երրորդ մասն են, մյուս մեկ երրորդը գործատուներն են, որոնց ցանկը կազմել է արդյունաբերողների և գործարարների միությունը։ Խորհրդի կազմի մյուս մեկ երրորդն էլ արհմիությունների ներկայացուցիչներն են։ Արա Ավետիսյանը նշեց, որ այս խորհուրդն այն մարմինն է, որտեղ քննարկվում են բոլոր ռազմավարական, հայեցակարգային խնդիրները, ձևակերպվում մոտեցումները, որոնք իրականություն են դառնում պետական կառավարման համակարգի միջոցով։ Ասել է թե՝ կրթության և գիտության նախարարությունը զբաղվում է միայն քաղաքականության մշակմամբ, դրա ներդրմամբ և իրականացման վերահսկմամբ, իսկ գործնական ծառայությունների մատուցումն ու հաստատությունների հետ անմիջական աշխատանքի մեծ մասը տեղափոխվել են նոր կառույց՝ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն։
Խոսելով նախնական և միջին մասնագիտական կրթության իրական վիճակի մասին՝ Ա. Ավետիսյանն արձանագրեց, որ անցումային տարիներից ստացած ժառանգությունը եթե ոչ ֆիզիկապես, ապա բարոյապես է հնացած, ինչն անհրաժեշտ էր բարելավել, որովհետև, փոխնախարարի համոզմամբ, որակյալ կրթություն ապահովելու համար նախ այդ որակի չափանիշները կազմակերպել է պետք, և այդ ամենի համար անհրաժեշտ են առաջին հերթին ֆինանսական միջոցներ։
Արդեն երեք տարի է՝ Եվրամիություն-Հայաստան համագործակցության շրջանակներում իրականացվում է ընդլայնված ծրագիր, որի սահմաններում ԿԳՆ-ին տրամադրվել է 15 մլն եվրո դրամաշնորհ։
Նախ, ըստ տարածքային անհրաժեշտության, ճշգրտվել են մասնագիտությունների ցանկերը, այնուհետև անցել են շենքերի ֆիզիկական բարելավմանը, ուսումնական գույքի և լաբորատոր կահավորանքի ձեռքբերմանը։
Նշենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ ուսուցանվում է մոտ 140 մասնագիտություն, որոնցից 54-ը նոր որակական փոփոխություններ են կրելու այս տարի. դրանք ուսուցանվելու են նոր չափորոշիչների համաձայն։ Նոր չափորոշիչների մշակմանը զուգահեռ իրականացվել են նաև դասավանդողների և հաստատությունների վարչակազմի վերապատրաստումներ։ Հաշվի առնելով այդ, ինչպես նաև այս տարի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմողների աննախադեպ աճը, Արա Ավետիսյանը կարծում է, որ աստիճանաբար աշխատաշուկայի և կրթության համակարգի համագործակցությունն ավելի արդյունավետ է դառնալու։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ