ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հաջո՞րդն ով է…

Հաջո՞րդն ով է…
15.08.2008 | 00:00

ՔԱՆԴԵԼՈՒ ՏԵՆԴ՝ «ՆՈՐԱՑՄԱՆ» ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆԵՐՈՎ
…Եվ այսպես, ամեն «власть»-ի փոխվելու հետ նորընտիր ազգային ջոջերը շարունակում են «հինը» քանդելու – «նորը» կառուցելու իրենց «բեղմնավոր» էքսպերիմենտալ երթը բոլոր բնագավառներում: Եվ է՛ն գլխից տնտեսության ավերում-թալանում, որից էլ` գործազրկություն-թշվառություն, մարզերի ու գյուղերի ամայացում, բնապահպանության ոչնչացում, ուսումնական համակարգի խառնափնթոր «նորացում», անպաշտպանվածություն, իրավունքների ոտնահարում, ընտանիքների բարոյահոգեբանական հիմքերի խարխլում…
«Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը»,- կասեր Խնկո Ապերը, և փոխարենը` ճոռոմ ճառեր` փարթամ խոստումներով: «Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր»,- էս էլ կասեր Շեքսպիրը: Հերթը հասավ նորին մեծություն թատրոնին, ասպարեզ, որ քսան տարի է, սպասում է կանոնադրական իր բարեփոխումներին, պետության հատուկ վերաբերմունքին, որ, Մելպոմենեի մշակների փխրուն, դժվարին կյանքը դառնա դույզն-ինչ հարգանքի արժանի (որ կարիքից դրդված «չվազվզեն» էժան արվեստի հետևից, եթերը «չողողեն» գռեհկաբանություններով, անճոռնի հայերենով ու «քուչի» լեզվով հայ մարդու և մատաղ սերնդի լսելիքը «չխոշտանգեն», սրան էլ ավելացնենք` չափն ու ճաշակն անցած երգիչ-երգչուհիների «աստղաբույլը», որ Կոմիտասի ու ազգի «հերն անիծելով»` առավոտից կեսգիշեր մուսուլմանական ելևէջներով թմբկահարում է ուզող-չուզողի ակն ու ունկը)… Եվ այս ճահճուտն ու տիղմը թողած` ՀՀ մշակույթի նախարարությունը, «Մայր թատրոնում վիճակն այնքան էլ փայլուն չէ» ասելով, «տապարը» ձեռքին գալիս է ռեֆորմ անելու այնտեղ, ուր գործն ընթանում է առավել բնականոն ընթացքով: «Ի՜նչ ակադեմիկ թատրոն, ի՜նչ բան… հնի հոտ է գալիս…», «այդ թատրոնն իր գեղագիտությամբ մոլորվել է մոլիերյան դարաշրջանում»,- ասում է բեմադրիչ-դրամատուրգ Խ. Չ.-ն օգոստոսի 6-ի «Հրապարակ»-ում, որին, տեսնես, մի 10-15 հանդիսական ճանաչո՞ւմ է արդյոք: Նույն թերթում` բեմադրիչ պարոն Մազ…-ի կարծիքը` «Այնպիսի միջակություն, ինչպիսին Վահե Շահվերդյանն է, ազգային թատրոնը չպիտի ունենա: Ինձ պիտի շատ խնդրեն, համոզեն, որ գնամ էդ ամբողջ աղբը, էդ գոմի զիբիլը թափե՛մ, մաքրե՛մ»:
Եվ այսպես, ինքնասիրահարված-ամբարտավան կեցվածքով մի քանի «հանճարներ» (ռեժիսոր, դերասան), նախարարական շեմը «մաշելով», նախարարների ականջը «շոյելով», հաճախ են վարկաբեկել ու նսեմացրել բեմարվեստի նվիրյալ մի անձի, տաղանդաշատ մի արվեստագետի, որը քաղաքական ինտրիգներից ու այլ խաղերից դուրս` արվեստի դարբնոցում իր «երկաթն է կռում…»:
Բայց ո՜չ… Պարզվում է, որ Վահե Շահվերդյանը շատ-շատերի ճանապարհին «քար է գցում, չի թողնում, որ մյուսներն էլ շնչե՜ն, ստեղծագործե՜ն, իրենք էլ դուրս գան ասպարեզ և փառահեղ արարումներով տիեզերք թռչեն…»:
Ապացուցված բան է՝ ով շատ է խոսում, գործ չի անում: Նման «հանճարների» էներգիան պարպվում է տիկին Հայկուշի բուֆետի առաստաղի ներքո՝ ծխի, սուրճի, բամբասանքի ու հայհոյանքի «նատյուրմորտով»: Մշակույթի նախարարուհի Հասմիկ Պողոսյանն էլ, մի առանձնահատուկ սիրով ականջալուր լինելով մաղձոտ ասեկոսեներին, որոշում է կացնի մի հարվածով ռեֆորմատոր դառնալ ու մի ամբողջ թատրոնի օրգանիզմ գլխիվայր շրջել: Խնդրին (եթե այն կա՛) մոտենալ կտրո՛ւկ - ծառը կտրողի պես, տներ քանդելու պես, մարդ սպանելու պես:
Զգո՜ւյշ, մեծարգո տիկին, թատրոնը շնչավո՛ր գոյական է:
Ավելի կոնկրետ: Թատրոնի կոլեկտիվն արդեն մեկ շաբաթ արձակուրդի մեջ էր, և շատերը դեռ մտմտում էին՝ երևանյան տապից ո՞ւր փախչել օդ շնչելու, երբ խմբի վարիչի հրատապ զանգերով դերասաններին հետ կանչեցին թատրոն` հուլիսի 25-ին, ժամը 3-ին` արտառոց հավաքի: Դահլիճում նստած ցաքուցրիվ խմբի վրա նախարար-տիկնոջ արդեն կայացրած որոշումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին ազատել իր պաշտոնից, մի տեսակ անակնկալ էր` ռումբի պայթյունի պես մի բան: Ոմանք, չհավատալով լսածին, խնդրեցին նորից կրկնել, քանզի տիկին նախարարի նվազ ձայնն ու կերկեր դիկցիան թույլ չէին տալիս լավ ըմբռնել նրա խոսքերի կապը: Ի վերջո, միկրոֆոնի օգնությամբ, կցկտուր մրմնջոցներից ընկալեցինք հետևյալը. կամ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը տրվում է մեկ ուրիշին, կամ ստեղծում ենք նոր մեխանիզմ, այսպես կոչված, «բաց հարթակ», ուր գործելու է ստվար բեմադրիչների խումբ: (Հավանաբար այն, ինչ արվեց 8-9 ամիս առաջ օպերայի և բալետի ազգային թատրոնում, որ մինչև օրս, կարծեմ, դեռ «շեդևր» չի ծնել: Բայց ինչո՞ւ, ինչի՞ համար: Այս ի՞նչ «նորացման» ցավ է համակել վերևներին` խարխլել ևս մի ազգային հոգևոր կառույց: Եվ ակամա աչքիդ առաջ շարվում են թիրախի տակ ընկած ազգային ակադեմիան, օպերան ու բալետը, ուսումնական ողջ համակարգը, երաժշտական-կամերայինը, «Մետրո» թատրոնը, «Փոսը», հիմա էլ` Մայր թատրոնը (մորը «նորացնելուց» հետո «ճուտերի» հետ գործն առավել հեշտ կլինի` ընդամենը մի ճկույթի կտտոց): Հարցերին որևէ լուրջ փաստարկ ու հիմնավորում չունենալով` նախարարուհին ջվալի մեջ սկսեց մախաթ փնտրել: Ասում են, թե`
ա) Վահե Շահվերդյանն ունի իր թիմը, իր «любимчик»-ները և բոլորին հավասար աչքով չի նայում:
(Տեսնես մեր երկրում ո՞վ չունի իր թիմն ու «любимчик»-ները, հետո էլ` թատրոնում բոլորը «հանճարացավով» են տառապում, ու անկախ շնորհքի չափաբաժնից` միայն Համլետ ու Լիր, Կլեոպատրա ու Մեդեա են ուզում խաղալ):
բ) Վահե Շահվերդյանը չի թողնում, որ մյուս բեմադրիչներն էլ գործ անեն (դե, Շահվերդյանը վախենում է ստվեր գցեն իր տաղանդի վրա, իսկ դե ֆակտո` խաղացանկի 21 անուններից 12-ը այլ բեմադրիչների է պատկանում):
գ) Վահե Շահվերդյանն ինչո՞ւ չի կրճատում դերասանական կազմը, դեռ մի բան էլ համալրում է երիտասարդներով, այն էլ` իր կուրսի շրջանավարտներով (իհարկե, ո՞ւմ են պետք, մեկ է, թատրոնում կա 40-ամյա դերասան, որը կարող է 18 տարեկանի դեր խաղալ: ՈՒրեմն ավելորդ են, կրճատե՛լ անհապաղ նաև թոշակառուներին, միայն ձրի աշխատավարձ են ստանում: Դպրոցների օպտիմալացումը վա՞տ էր: 50 տոկոսը` out: Գործազուրկ դերասաններ չլինե՞ն, բա ո՜նց):
Ըստ տիկին նախարարի՝ թատրոնի ղեկավար կարող է լինել ամեն ոք` անկախ տաղանդի աստիճանից: Հակադրվում եմ, տիկին նախարար: Թատրոնը հոգևոր արժեք ստեղծող մի փոքրիկ պետություն է, ուր ամեն ոք իր տեղում պիտի լինի` ստեղծագործական թիմից մինչև տեխնիկականը: Եվ առաջնային դերը լիդերինն է, որից կախված են հոգևոր արժեքի ստեղծման նախապայմանները, գեղագիտությունը, ճաշակը, մակարդակը: Անձ, որը պիտի ունենա բարձր ինտելեկտ, տաղանդ, կազմակերպչական հզոր ձիրք, նախաձեռնող ուժ, լինի մանկավարժ-հոգեբան, փիլիսոփա-էսթետ, հանրագումարը` մարդաբան, ինչպես կասեր մեծն Աճեմյանը (որին էլ իր ժամանակի «հանճարները» կերան): Վահե Շահվերդյանը դեռ երիտասարդ շրջանավարտ՝ 25 տարեկան, Կիրովականի Աբելյանի անվան պետական թատրոնի գեղարվեստի ղեկն առավ ու քառորդ դար արժանապատվորեն կրեց մինչև 50 տարեկան, երբ կողքին գործում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ-բեմադրիչներ, ինքնատիպ երիտասարդ ռեժիսորներ, ժողովրդական և վաստակավոր արտիստներ: Նա դարձավ լիդեր և այդ գողտրիկ օջախը հասցրեց փառքի բարձրակետին: Ամեն մի նոր բեմադրություն հաստատում էր նրա թե՛ ռեժիսորական, թե՛ կազմակերպչական տաղանդը: Եվ իր հասցեին ուղղված բարձր գնահատականները ոչ թե ստանում էր բուֆետի պատերի ներսում, այլ քննադատական մտքի ողջախոհ ասպետներ Ռուբեն Զարյանից, Լևոն Հախվերդյանից, Լուիզա Սամվելյանից, դրսում` Փարաջանով, Շալաթաշվիլի, Վելեխովա, Վուլֆ… Նրա հմուտ ձեռքի տակ ավագ-միջին-կրտսեր սերունդների շղթայական կապը գործում էր ներդաշն, միմյանց լրացնելով, հավատով, սիրով: Խումբը չէր հասցնում ամեն մի ուղերթից առաջ դասավորել ճամպրուկները: Հրավերներ ԽՍՀՄ-ի տարբեր տարածքներից (Մոսկվայից` Ալթայի երկրամաս, Մերձբալթիկայից` Յալթա, Վրաստանից` Ղարաբաղ), հրավերներ Եվրոպայից, և սա այն դեպքում, երբ սահմաններ հատելն այնքան էլ հեշտ չէր` Պորտուգալիա - Լիսաբոն, Շվեյցարիա - Ժնև, Ստրասբուրգ` երկու անգամ, Ֆրանսիա` երկու անգամ, 40 օր տուրնե` Փարիզ, Մարսել, Լիոն, Նանսի, Ավինյոն, Բանյո… Ամենուր` հիացական խոսքեր, խոնարհում բեմի իսկական մշակին: Այս ամենի արդյունքն էր, որ 1996-ին նրան վստահեցին «ավերակված» Սունդուկյանը, որ ամայության մեջ հոգեվարք էր ապրում: Եվ այստեղ էլ, զգալով նորասկիզբ գործի ողջ պատասխանատվությունը, արվեստագետը Հոբի նման համբերատար, քայլ առ քայլ հավաքեց տեղի հին ու նոր մասունքները, բերեց դրսինը և, կամրջելով անցածն ու ներկան, մերթ զիջելով, մերթ համառելով անցավ փորձությունների շրջանն ու քննություն բռնեց: Բաբախեց թատրոնի զարկերակը, և վերստին բեմում հառնեց արարման ոգին: Հազար տեղանոց դահլիճն սկսեց օրավուր լիաթոք շնչել: Կայացավ բեմ-դահլիճ կոնտակտը: Եվ խաղացանկն առաջ մղեց նախ ազգային դրամատուրգիայի հենքի վրա` թե՛ դասական, թե՛ ժամանակակից: Եվ այսօր նրա ձեռքի տակ ամրացան, կայունացան արտիստներ, որոնք ծանրակշիռ բեռ են տանում խաղացանկում: Նրանց հետևից ակնհայտ երևում են խոստումնալից կրտսերները: Եվ, անշուշտ, ինչպես ամեն մի զորագնդում, այստեղ էլ ընտրանին են ավագ սունդուկյանցիները` իրենց փորձով ու վաստակով: Եվ որքա՜ն հոբելյաններ, միջոցառումնե՜ր, դարձյալ հյուրախաղե՜ր, մրցանակնե՜ր, ժողովրդականի ու վաստակավորի կոչումնե՜ր… թվել չարժե: Նրա հավատամքն է այստեղ և այլուր ի լո՜ւյս հանել բարու, գեղեցիկի աշխարհը` իր պոետիկայով և գեղագիտությամբ, որն, ավա՜ղ, այնքան քիչ է այս գորշ իրականությունում և մարդկային ցինիկ, անազնիվ փոխհարաբերություններում: ՈՒրեմն, գեղարվեստական ղեկավար` կնշանակի թատրոնաստեղծ անձ, անհատ: Եվ այսօր չտեսնել, անտեսել այս ամենը, դեռ ավելին` թատերական միության որոշ անդամներ էլ սևացնե՞ն արած-դրածը: Դա՜ռն է, պարոնա՛յք:
Եվ այն բանում, ինչ նշված էր հուլիսի 30-ի «Առավոտում», ուր հարգելի Ե. Հ.-ն նշել էր, թե կոլեկտիվն ու միությունը չպաշտպանեցին Շահվերդյանին, ճշմարտություն կար: Եղան կցկտուր ելույթներ` չեզոք երանգավորմամբ: Միայն թատրոնի առաջին տիկնոջ` Վարդուհի Վարդերեսյանի հուզված և վրդովված ելույթը հնչեց որպես զգաստացման կոչ թե՛ վերևներին, թե՛ նստածներին: Մեծ դերասանուհին իր ողջախոհ մտքով և հեռատեսությամբ ցավ էր ապրում իր հարազատ օջախի հերթական երերումից: Խաղաքարտի վրա թատրոնի ճակատագիրն է, վաղվա օրը:
Իսկ տիկին նախարարն իր միսիան ավարտված համարելով` վեր կացավ և միայն ավելացրեց, որ այս հարցն ավելի լայնամասշտաբ կքննարկվի օգոստոսի 20-ին, երբ դերասանական կազմն արձակուրդից կվերադառնա: Այս ամենից հանգում ես տխուր մի եզրակացության. հարցն արդեն Շահվերդյանին իր դերից հանել-չհանելը կամ` նրա անփոխարինելի լինելը չէ (թեպետև` է՛), և կամ` ո՞վ կվարի գեղարվեստի ղեկը, կամ ի՞նչ կերպ կգործի «բաց հարթակի» գյուտը, այլ շատերի անշնորհակալ կեցվածքն ու հիշողության կորուստը:
Գրետա ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՀՀ վաստակավոր դերասանուհի

Դիտվել է՝ 7378

Մեկնաբանություններ