ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինտերմեդիա․ «Մեր սեղանից ձեր սեղանին, կամ էլ Օգինսկուց մինչև կարապի երգը»

Ինտերմեդիա․ «Մեր սեղանից ձեր սեղանին,  կամ էլ Օգինսկուց մինչև կարապի երգը»
19.08.2024 | 18:53

Մի փոքրիկ խմբով նստած էինք «Առագաստ» բացօթյա սրճարանում։ Տղաներից երկուսը խոսում էին, թե «Սմիռնով» ու «Պետրով» դաշնամուրներից ո՞րն է լավը։ Զրույցի կեսից մոտեցած մեր ընկերներից մեկը, մտածելով, թե խոսքը օղու մասին է (այդ պիտակով օղիներ էին արտադրում), անվերապահ տոնով միջամտեց զրույցին.

- Ո՛չ էն ա մի բան, ո՛չ էլ էն, սաղից լավը տնական, երկու բերան քաշած արաղն ա։

Նստածները քրքջացին։ Այդ ակամա զուգադիպությունը փոխեց զրույցի բնույթը, և նստածներով սկսեցին հաճախակի միջարկվող հռհռոցներով նոր ընդհանրություններ փնտրել հոգեպարար ու որկորապարար մշակույթների միջև՝ մերձեցնելով մելոմանի ու խմելոմանի աշխարհները։ Առաջինները տուրք տալով իդեալիզմին՝ նախասկիզբ էին համարում սպիրիտը (հոգին), իսկ վերջինները՝ սպիրտը։ Ստեղծագործաբար, մի քանի ժամում ձևավորվեց սկսնակ երաժիշտ հարբեցողի օրենսդրական դաշտը, ու գրվեց նրա «Գավաթոյ Հանգանակը»։

«Եթե տանը ՀԱՎԱՍԻ չունես նստելու ու ՃԳՆԱՎՈՐյանի կյանք վարելու, կամ էլ տրամադրությունդ շատ ՏՈՍԿԱնինի ա, դուրս ես գալիս տանից, մի հարմար տեղ ես ընտրում, որտեղ շատ ՇՈՒՄան չըլնի ու մի հատ ՕԳԻնսկի ես պատվիրում։ Բայց եթե մենակ ՕԳԻնսկի պատվիրես, շատ հեղհեղուկ վիճակ կստացվի։ Կանչում ես աշխատողին ու ծանոթանում իրենց երաժշտական խոհանոցին։ ՕԳԻնսկու հետ մի բան ա պարտադիր, ասենք՝ Գլինկա (վայրի կաքավ), չնայած ավելի նախընտրելի են մեր ազգային «Կաքավիկը», «Լորիկը»՝ հո մի տասը հատ պըտի դրվի երկու ՕԳԻնսկու հետ... Ղազ կամ արոս կարելի է և՛ Սարյան, և՛ տաքացրած, Օմլեթը ... Գլազունով, Կալմանը ցանկալի է ... պահածո։ Ինչ էլ պատվիրես, հետը պարտադիր մի փունջ ... Կանաչյան։ Պատվիրում ես ու զգուշացնում. Բերլիոզ ... բայց ժամանակ չունեմ հնարավորին չափ մի քիչ Շուբերտ։ Դրանք, որ բերում ա, մի հատ էլ ես ՕԳԻնսկի պատվիրում։ Բայց արանք-արանք, պերեգարոդոչնի, պարտադիր ՊրոԿՈՖԵվ... Հենց որ տեսնում ես պոլոնեզանալու ես ու դաշնամուրն աչքիդ արդեն պիանինո ա երևում, այ էդ ժամանակ արդեն արագ մի հատ թունդ ՉԱՅկովսկի ու ... Հայդն։ Բայց մինչև դուրս գալդ կանչում ես աշխատողին.

- Մի ԼԻՍՏի վրա ԳՈՒՆոն բեր, որ իմանամ մեր Հախինյանը ինչ ա։

Դուրս գալուց առաջ մի հատ փողերդ կստուգես, թե չէ հետո կիմանաս, որ օգտվելով Գալուպի վիճակիցդ, իսկական Գունոյի փոխարեն մանդրից Տիխոն Խրեննիկով են շվցրել։

Երրորդ ՕԳԻնսկին սկսնակի համար վտանգավոր ա... բանը չհասնի «Լակմեի»։ Բանը որ հասավ «Լակմեի», դրա վերջը Դելիբն ա։ Էդ տեսակ Դելիբը ոչ մի «Նորմա» չի ճանաչում... մենակ՝ «Լակմե»։ Ըտենցները էն օրն են ընկնում, որ Էշպային քեռի են կանչում։

ՕԳԻնսկու հետ խամություն չանես՝ հանկարծ Բիզե, Սմետանա պատվիրես... կթունավորի ... Չե՞ք հիշում, էն ողորմածիկ Գվոն խամություն էր արել, խառնել էր իրար... ու ներսում ընենց ցավոտ ակորդներ էին սկսել, որ չէր էլ ջոկել Ռախխմանինով ա, թե Սկառռլատի ... արագ իրեն գցել էր դուրս... ու՝ Բախ։ Մի քանի Բախ ու մի երկու Օ՜ֆենբախ ... մի քիչ հանգստացել էր։ Ա՜յ, էդ ժամանակ խեղճ տղին եթե մի հատ Պրոկոֆեվ դնեին, կարող ա փրկվեր, բայց մարդուն էդ վիճակում Շտրաուս են դրել ու ճամփել։ Տաքության մեջ վառվելիս հասել ա տուն ու ասել. «Վառա, վառա, ես վառա»։ Բերել «Հով արեքն» են դրել, հետո Բեթհովեն են դրել, մի քանի անգամ Չայկովսկի՝ Մանսուրյանով... չի օգնել։ Հարևանները խորհուրդ են տվել՝ ... շտապ Հեքիմյան։ Մի շաբաթ, օրը երկուսից-երեք անգամ, Հեքիմյան են դրել, բայց էդ էլ չի օգնել։ Տեսել են, որ էլ ոչ մի բան չի օգնում, վերջին օրը, ․․․ողորմի ձեր անցավորներին, արդեն ստիպված պատվիրել են Տերտերյան ...

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6132

Մեկնաբանություններ