Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Քո լռությունն է ոսկի, Արգամիչ

Քո լռությունն է ոսկի, Արգամիչ
16.06.2009 | 00:00

«ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆԵՐ»
Կան անհատներ, որ կոչված են հեղաշրջելու մարդկային միտքն ու պատմությունը։ Երբեմն նրանք ապրում են մեր կողքին, համեստ ու աննկատ։ Երբեմն էլ ոչ այնքան համեստ ու ոչ այնքան աննկատ, բայց բոլոր դեպքերում զբաղվում են իրենց իսկական կոչմանն անհարիր, մանրմունր բաներով` մինչև աստեղային ժամը։ Երբեմն թվում է, թե մարդն արդեն անցել է հատուկ ընդունակություններ դրսևորելու տարիքից, նույնիսկ մոտենում է մայրամուտին, իսկ խելքը գլխին որևէ բան այդպես էլ չի ասել, առավել ևս` չի արել։
ՈՒ հանկարծ գալիս է աստեղային ժամը, և, ի հեճուկս նախանձողների, բամբասանքի կեղտի մեջ թաղված մեր «ստոր հասարակության», ի հայտ են գալիս իսկական պետական գործչի, մեծ հայրենասերի ու մարդու բացառիկ կարողությունները։ Խոսքը, իհարկե, Ազգային ժողովի նախագահի մասին է։ Առանց կատակի, մարդը պաշտոնը ստանձնելուց հետո սկսել է մտքի այնպիսի «գոհարներ» շաղ տալ, որ դրանք արձանագրելու և ապագայում հատորների առանձին ժողովածուով հրատարակելու համար խորհրդարանի աշխատակազմի այսօրվա «շտատը» չի բավականացնի։ Երևի հենց դրա համար էլ խորհրդարանի խոսնակը հանդես է եկել այնպիսի խորիմաստ օրենսդրական նախաձեռնությամբ, ինչպիսին է Ազգային ժողովի աշխատակազմի կազմավորման փակ համակարգի բարեփոխումը, այսինքն` պաշտոնների մրցութային կարգով համալրումը։ Սակայն դրան զուգահեռ, նա չի դադարում խորիմաստ գաղափարներով մեր հոգիներն ազնվացնելուց` արտահայտելով այնպիսի մտքեր, որ Սոկրատեսն ու Գյոթեն, եթե կենդանի լինեին, նախանձից կկախվեին։
Ի՞նչ արժեն միայն «Գերմանիայի շաբաթներ-2009» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ հայ-գերմանական հարաբերությունների մասին ԱԺ խոսնակի բացահայտումները։ Մասնավորապես այն առումով, որ հայերն ու գերմանացիները դեռ Սրբազան Հռոմեական կայսրության ժամանակներից սերտ առնչություններ են ունեցել։ Թե որ դասագրքում է այդ սերտ առնչությունները բացահայտել Արգամիչը, կամ այդ որ տափակ խորհրդականն է հուշել, կարևոր չէ։ Էականը ոչ թե ասածի բովանդակությունն է, այլ դրա դասական ոճը։ Ինչպես ռուսներն են ասում. «Сказал, как отрезал»։ Այդպես կարող են միայն դասականները։
Երեկ, ընդունելով ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, Արգամիչը հերթական փայլուն բացահայտումն է արել։ Ըստ «7 օր» ինտերնետային կայքի, «Հ. Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը և ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման և վերամիավորման արդար դատի»։
«Հանուն հայ ժողովրդի» ինքնորոշման... Մարդը քսան տարի պետական պաշտոններ է զբաղեցնում (Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, նախարար, փոխվարչապետ) և մինչև այսօր չգիտի, որ հայ ժողովրդի հայաստանյան և արցախյան հատվածներն արդեն ինքնորոշվել են։ 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանը հռչակվել է անկախ պետություն, իսկ նույն տարվա դեկտեմբերին անցկացված հանրաքվեով անկախություն է հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այսինքն, Հայաստանի և Արցախի ինքնորոշումը կայացած փաստ է, այլ հարց է, որ առաջինը ճանաչված է միջազգային հանրության կողմից, մյուսը` առայժմ ոչ։ Եվ նման «դետալները» իրականում մանրուք չեն, որովհետև խորհրդարանի խոսնակը վաղը մտքի նույն «գոհարները» շաղ է տալու ստրասբուրգներում` զվարճացնելով ադրբեջանական և թուրքական պատվիրակություններին։ Եվ կողքին չկա մեկը, որ ասի. «Արգամի՛չ, քո լռությունն է, որ իսկապես ոսկու գին ունի»։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ