ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Փողով փող աշխատելու մեխանիզմը դարձել է նպատակ, այլ ոչ թե միջոց իրական տնտեսությունը աշխուժացնելու համար»

«Փողով փող աշխատելու մեխանիզմը դարձել է նպատակ, այլ ոչ թե միջոց իրական տնտեսությունը աշխուժացնելու համար»
21.08.2009 | 00:00

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ՕՏԱՐԵԼ, ՈՐ ՀԵՏՈ ՉԿԱՐՈՂԱՆԱ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Ի՞նչ հարցեր էին քննարկվում Վիեննայում և առնչվո՞ւմ էին Հայաստանին:
-Հուլիսի 27-31-ը Վիեննայի Միացյալ ինստիտուտում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել էին սեմինար-քննարկումներ «Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և խորհրդարանների դերը դրանց հաղթահարման գործում» թեմայով: Թե՛ ՀԲ-ն, թե՛ ԱՄՀ-ը բոլոր երկրներում որպես գործընկեր դիտարկում են կառավարությանը, իսկ խորհրդարանն իրենցից օտարված է, նրանք կառավարության միջոցով են առնչվում այդ երկրում իրականացվող քաղաքականությանը, ուստի անհրաժեշտ էր համարվել խորհրդարանականների հետ քննարկել ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությունները և հետագա անելիքները: Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում ԱՄՀ-ն և ՀԲ-ն նույն դիտարկումներն են իրականացնում և նրանց ներկայացրած դասերն առնչվում են հիմնականում մակրոտնտեսական քաղաքականությանը: Նշվեց, որ յուրաքանչյուր երկիր հետայսու առավել ճկուն մակրոտնտեսական քաղաքականություն պետք է իրականացնի, ֆինանսական շուկայի ճգնաժամը պայմանավորված է արհեստական գնագոյացմամբ, սա իրենց արձանագրած կարևոր դասերից մեկն էր: Մյուս կարևոր դասը բյուջետային քաղաքականությունն է` թե՛ բյուջեի կազմման, թե՛ իրականացման ընթացքում այնպիսի նպատակային ուղղություններով ծախսային քաղաքականություն վարելը, որ անկման փուլում տնտեսություններին կհանգեցնի աշխուժացման, իսկ վերելքի փուլում` զսպման:
-ԱՄՀ-ն և ՀԲ-ն այդ դասերը համադրո՞ւմ էին իրենց քաղաքականության հետ, թե՞ արձանագրում-անցնում էին:
-Ցավում եմ, բայց թե՛ ՀԲ-ն, թե՛ ԱՄՀ-ն իրենց թերությունների մասին չխոսեցին: Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, նաև Հայաստանի կառավարությունը, շարժվել են այն ուղղությամբ, որ առաջադրել են ՀԲ-ն ու ԱՄՀ-ն: Մենք այդ հարցապնդումն արեցինք` ՀՀ կառավարությունը շարժվել է ձեր նշած ուղղություններով, խորհրդատվությամբ, առաջարկած քաղաքականությամբ...
-... պարտադրանքով:
-Այո՛, և ստացել է բարձր գնահատական, ինչո՞ւ այսօր Հայաստանի տնտեսության անկումն ամենախորն է տարածաշրջանում և ամենաանհուսալին` աշխարհի մակարդակով: Արդյո՞ք պատասխանատվության բաժին չունեն, և իրենց առաջարկած քաղաքականություններն ամենևին էլ համահունչ չեն Հայաստանի տնտեսական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական դիրքին:
-Ընդունեցի՞ն Ձեր փաստարկները:
-Երկու կողմերն էլ փորձեցին հիմնավորել, որ իրենք այլընտրանք չունեին խորհրդատվության մեջ, և ՀՀ վարած քաղաքականությունն այդպիսին էլ պետք է լիներ: Ես կարծում եմ, որ եթե այդ խորհրդատվության արդյունքում արձանագրել ենք այսպիսի անկում, դա դեռ չի նշանակում, որ խորհրդատվությունը չլիներ, ավելի խոր անկում կունենայինք: Նրանց պնդումն ամենևին ընդունելի չէ: Ավելի կարևոր համարում եմ երկրորդ խնդիրը` ինչո՞ւ են ԱՄՀ-ն և ՀԲ-ն ջանում միայն կառավարության հետ աշխատել: Այդ քաղաքականությունն արդեն սպառել է իրեն: Իհարկե, կառավարության հետ աշխատանքն ավելի հեշտ է իրենց համար, ի վերջո, կարող են ասել` ինքներդ որոշեք, եթե այսպես չէ, գումար չենք տալիս: Մյուս կողմից` պարտադրվել է գաղտնիության ռեժիմ: Ես կարևոր եմ համարում, որ հիմա այս պատկերացումը չկա, ճիշտ հակառակը` հարկավոր է լինել հրապարակային և թափանցիկ գործունեության ոլորտում, որպեսզի ավելի ընկալելի լինեն տվյալ երկրի հասարակությանը: Շատ կարևոր է, որ քննարկումների արդյունքում ձևավորվեց այն գիտակցությունը, որ ԱՄՀ-ն, ՀԲ-ն, այլ ֆինանսական միջազգային կազմակերպություններ պարտավոր են խորհրդարաններին ներգրավել այս քննարկումներում: Իհարկե, խորհրդարանը, լինելով քաղաքական մարմին և ներառելով քաղաքական տարբեր ուժերի տեսակետներ, միակ կառույցն է, որ, օժտված լինելով առաջնային մանդատով, հնարավորություն ունի հասարակության համար բաց, ընկալելի և հասկանալի լեզվով բացատրելու վարվող քաղաքականության նպատակն ու նշանակությունը: Եթե ԱՄՀ-ին ու ՀԲ-ին հաջողվի համոզել խորհրդարանին, արդեն պետք է կառավարության հետ քննարկման գործընթացը սկսվի: Այս մեխանիզմն ընդունեցին մասնակից բոլոր երկրները:
-Այլ երկրնե՞ր էլ են կարևորում խորհրդարանների մասնակցությունը ֆինանսական կազմակերպությունների հետ նախնական քննարկումներին:
-Այո՛, որովհետև իրավացիորեն համոզված են, որ խորհրդարանները չի կարելի անտեսել: Խորհրդարանը, որ հաստատում է կառավարության գործողությունները կամ վարկային համաձայնագրերը, պետք է ի սկզբանե քաղաքականության մասնակիցը լինի: Եթե առարկություններ կան, ավելի հեշտ է քննարկել հենց քաղաքական մակարդակում, քան թողնել կառավարությանը:
-Իսկ եթե խորհրդարանում համաձայնություն չի՞ կայանում...
-Այդ դեպքում կառավարության հետ գործընթաց չի սկսվում, ոչ թե այսօրվա պես, երբ ԱՄՀ-ն կամ ՀԲ-ն ինչ-որ ծրագրերով կառավարության հետ համաձայնագրեր են կնքում, կառավարությունը ստանձնում է պարտավորություններ, հետո ներկայացնում է խորհրդարանի վավերացմանը: Այս պարագայում խորհրդարանն արդեն ճնշման տակ է գտնվում: Կամ կառավարությանը, որ իր վստահությունն է վայելում, պիտի թողնի այդ ծրագրով գործել, կամ պիտի հրաժեշտ տա այդ կառավարությանը և ձևավորի նորը: Անցումային տնտեսությամբ երկրներում, որպես կանոն, այդ պատճառներով կառավարություններին հրաժարական չի պարտադրվում, և սա բերում է աղավաղումների: Հետևանքն այն է, որ շատ հաճախ կառավարությունները կնքում են համաձայնագրեր, որոնք այդ երկրի շահերից չեն բխում: Ինչպես ներկայացվեց նաև այլ երկրների փորձով, շատ քիչ դեպքերում է կառավարությունն անկեղծ լինում ու թափանցիկ գործում:
-Ձեր կարծիքով` վտանգ չկա՞, որ, ելնելով ֆինանսների անհրաժեշտությունից, կառավարությունը խորհրդարանին կպարտադրի ընդունել միջազգային ֆինանսական կառույցների ծրագրերը, այլապես երկիրը կանգնում է փաստի առաջ` ապրելու փող չկա...
-Խորհրդարանը քաղաքական մարմին է, և հաճախ կարող են ստեղծվել այնպիսի իրավիճակներ, երբ տարբեր քաղաքական ուժեր, ելնելով նաև պոպուլիզմի դրսևորման անհրաժեշտությունից, իրենց տեսակետներն առաջ մղեն` առանց հարցի մեջ խորանալու: Բայց սա միակ ձևն է, որը հնարավորություն է տալիս ճիշտ որոշում կայացնելու նաև կառավարությանը: Ի վերջո, ՀԲ-ի և ԱՄՀ-ի ծրագրերը միայն վարկավորման սխեմաներով չեն գործում, հաճախ նրանք պահանջում են կառուցվածքային բարեփոխումներ կամ այնպիսի քայլեր, որոնք հիմք են դառնալու հետագայում ֆինանսական միջոցներ տրամադրելուն: Օրինակ` ռազմավարական նշանակության ձեռնարկությունների սեփականաշնորհումը Հայաստանում ՀԲ-ի ու ԱՄՀ-ի կառուցվածքային բարեփոխումների կարևորագույն պայմաններից էր: Երբ պահանջում էին կառուցվածքային բարեփոխումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երկաթգիծը, ավիաուղիները, հեռահաղորդակցության ոլորտը, քաղաքականության երկարաժամկետ կանխատեսումներ չէին տալիս: Այն ժամանակ չի կանխատեսվել, որ մեր տնտեսությունն այսքան մենաշնորհային կլինի, մոնոպոլիզացիայի այդ աստիճանը կվնասի տնտեսական հետագա զարգացումներին: Հիմքում դրվում է կարճաժամկետ ընկալում, որը քաղաքական քննարկման մեջ չի մտնում: Հետևանքը լինում է այն, որ հասարակությունը, ճիշտ չընկալելով կառավարության քաղաքականությունը, հակադրում է իր կենսաձևը, տուժում են երկիրը, տնտեսությունը, ինչի վկան էինք ու ենք: Օրինակ` սոցիալական բարեփոխումների տիրույթում կառավարությունը պնդում է կենսաթոշակային համակարգի մասնավորեցման քաղաքականությունը, սա ակնհայտորեն հակասում է մեր երկրի, տնտեսության, ազգի շահերին, որովհետև Հայաստանն ի վիճակի չէ անցնելու մասնավոր կենսաթոշակային համակարգի: Սա նշանակում է, որ Հայաստանի բնակչությունն առնվազն 25 տարի զրկվելու է բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունից: Հայաստանի պես տնտեսություն ունեցող երկրի համար դա սխալ է, բայց քանի որ կառավարության և միջազգային կազմակերպությունների ծրագրերի շրջանակում համարվում է կառուցվածքային էական բարեփոխում, պնդում են, որ այդ քաղաքականությունը պետք է շարունակվի, իսկ եթե քննարկման առարկա դառնա խորհրդարանում, հասարակական շրջանակներում, համոզված եմ, որ մեծ մասը «ոչ» է ասելու վերափոխմանը: Ավելին` զարգացած շատ երկրներ, որտեղ գործում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, այլևս հրաժարվել են այդ մեթոդներից, որովհետև հասկացել են, որ դա տանում է ժողովրդագրական ավելի վատ վիճակի, շերտավորման խորացման և, ի վերջո, աղքատության ավելի բարձր աստիճանի: Ռիսկ կա, որ դա կարող է որոշակի ծրագրերի չկատարման պատճառ դառնալ, բայց ավելի լավ է քննարկենք այդ ռիսկը և նվազեցման ուղղությունները որոշենք մեր երկրի ներսում, քան դրանք որոշվեն դրսում միջազգային կազմակերպությունների հետ կառավարության պաշտոնյաների քննարկումներում: Ի վերջո, հավաքական կամքն է որոշիչը, ոչ թե առանձին պաշտոնյաների ցանկությունները:
-Ձեր կարծիքով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ո՞ր փուլում է` դադարի՞, ուժեղանո՞ւմ է, մարո՞ւմ է... Ի՞նչ գնահատականներ կան:
-Թե՛ միջազգային կազմակերպությունները, որոնք մասնագիտացված են այդ քաղաքականությունների մշակման ոլորտում, թե՛ առանձին փորձագետներ տարբեր գնահատականներ են տալիս` լավատեսականից հոռետեսական: Լավատեսականը` այս աշնանը սպասվում է անկման դադար, որից հետո սկսվելու է վերելք, որպես օրինակ նշվում են Ֆրանսիան և Գերմանիան, որտեղ 0,3 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Իմ կանխատեսումը հոռետեսական է` աշխարհի մակարդակով դեռևս շարունակվում է ֆինանսական շուկայի բացասական հետևանքի մուլտիպլիկատիվ էֆեկտը` բացասական հետևանքների պատճառով սպառման անկման պայմաններում աճում է գործազրկությունը, կրճատվում են աշխատատեղերը: Տարածաշրջանային կտրվածքով` այն երկրները, որոնք չունեն ուժեղ, հավասարակշռված տնտեսություն, հայտնվելու են ավելի վատ վիճակում:
-Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացված կարելի՞ է համարել:
-Հազիվ թե: Մեր հիմնական հարվածային ուժը եղել է շինարարությունը, մնացած ոլորտներն այդ աստիճան չեն զարգացել, ֆինանսական շուկան և բանկային համակարգը, որի մասին մեր պաշտոնատարները գովեստով են խոսում, համարում եմ մեր տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը: Ինչո՞ւ: Որովհետև զարգացած տնտեսության ֆինանսական համակարգը պետք է սպասարկող դեր ունենա իրական տնտեսության համար, մեզ մոտ ֆինանսական համակարգը, ի դեմս բանկային համակարգի, դարձել է հիմնական նպատակ, և փողով փող աշխատելու մեխանիզմը դարձել է նպատակ, այլ ոչ թե միջոց իրական տնտեսությունը աշխուժացնելու համար: Դա բանկային համակարգում հանգեցրել է տոկոսադրույքների այլանդակ բարձր մակարդակի, իրական տնտեսության և ֆինանսական շուկայի կապերի խզման: Իմ կարծիքով` մեր տնտեսության անկումը շարունակվելու է: Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե վախեցնում եմ, մեր տնտեսության անկման ռիսկը դեռևս շատ մեծ է ի դեմս այն ոլորտների, որտեղ չկա աշխատանքի արտադրողականության բարձր մակարդակ: Մինչ ճգնաժամը սկսվելը ես ասուլիսում արդեն ասել եմ, որ եկել է գոտիները ձգելու ժամանակը, ինչը որակվեց հոռետեսական գնահատական, բայց զարգացումները ցույց տվեցին, որ իրականում այդպես է:
-Իսկ վերջին շապիկը հանելու ժամանա՞կն էլ է գալու:
-Ո՛չ, մենք արդեն այն նվազագույն կետում ենք, որտեղից այլևս անկման տեղ չկա: Երբ համեմատում ենք բնակչության աղքատության իրական մակարդակը` հաշվարկված կենսապահովման նվազագույն բյուջեով, տեսնում ենք, որ 50 տոկոսից ավելին աղքատ է: Մնացած 45-50 տոկոսն ունի որոշակի հնարավորություն, օրինակ, հող, որ չմեռնելու քաղաքականությամբ ապրելու շանս է տալիս: Մի մասը հնարավորություն ունի օլիգարխիկ կապերի միջոցով որոշակի եկամուտ ստանալու, մի մասն էլ դրսի հոսքերի հույսին է: Այսինքն` մեր տնտեսությունն արմատական փոփոխությունների կարիք ունի: Եթե մենք ավարտված համարենք նախորդ տասը տարիների վերականգնողական շրջանը, հարկավոր են կառուցվածքային լուրջ փոփոխություններ տնտեսության մեջ, այդ թվում` փոքր ու միջին բիզնեսի խրախուսման, արդյունաբերության զարգացման ծրագրեր, գյուղատնտեսությունը որակական նոր մակարդակի վրա պիտի դրվի: Երբ մենք այս ամենն ասում էինք, մեզ համարում էին ուտոպիստներ, բայց ճգնաժամը ցույց տվեց մեր ճշմարտացիությունը: Պետության դերակատարությունը պետք է վերագնահատվի տնտեսական քաղաքականության մեջ` ասում են նույնիսկ ամենաշուկայական, ամենաազատական տնտեսությամբ երկրները, պետությունը չի կարող իր ֆունկցիաներն այնքան օտարել, որ հետո չկարողանա ճիշտ ուղղություն տալ տնտեսության զարգացման համամասնությանը:
-Պետությունը թողել է, որ շուկան ինքնակարգավորվի, դա միայն հայաստանյան երևույթ չէ, արդյունքում ունենք ճգնաժամ, որի գլխավոր դասերից մեկն այն է, որ պետությունը պետք է մասնակցի տնտեսության կանոնակարգմանը, գուցե նաև կառավարմանը: Միջազգային կառույցները, պետությունների ղեկավարներն անթաքույց քննադատում են ԱՄՀ-ի ու ՀԲ-ի քաղաքականությունը, որը դարձավ ճգնաժամի պատճառներից մեկը: Բանկերն ասում են` ճգնաժամ է, վարկերը նախկին տոկոսադրույքով չենք կարող տալ ու հիմնավորում են, որ իրենց տեսակետով ճիշտ է, բայց երկրում միայն իրենք չեն ապրում, ապրում են նաև նրանք, ովքեր այդ վարկով պիտի աշխատեն ու տնտեսություն զարգացնեն... Գործնականում մենք չունենք մեծ արդյունաբերություն, որովհետև նախընտրեցինք լինել սպասարկման ու սպառման ոլորտի երկիր, մեկ էլ անկապ շինարարության` այլմոլորակայինների համար, ժամանակը չէ՞ տնտեսության կառուցվածքը, զարգացման գաղափարաբանությունն արմատապես փոխելու, ոչ թե այսօրվա ու, քարը տրաքի, վաղվա մասին մտածելու, այլ 30 տարվա զարգացման ծրագիր մշակելու, քաղաքական, սոցիալական, տնտեսական այն մակարդակին չե՞նք հասել, որ սպառման ոլորտից դառնանք արտադրության ոլորտ, արտահանող երկիր...
-Մեզ մոտ առաջնային է դարձել ֆինանսական շուկան` ածանցելով տնտեսությունն ու պետության իրական հատվածը, հետևանքը` բանկիրը կարող է նման պատասխան տալ և դա ընդունելի կլինի, օրինաչափ ու տրամաբանական: Իրականում դա անտրամաբանական է և բխում է, առաջին հերթին, Կենտրոնական բանկի քաղաքականությունից, որի պատճառով տնտեսական նախաձեռնություններն ուղղակի խեղդվում են, և բանկերից պահանջվում է այնպիսի բարձր լիկվիդայնություն և այնպիսի նորմատիվային դաշտում գործել, որ ռիսկային չլինեն, բանկերին զրկում են իրական տնտեսության մեջ, օրինակ` բաժնետիրական կապիտալի, մասնակցությունից, բանկերը զրկվում են ազատ հանդես գալու հնարավորությունից: Բացի այդ` առաջարկվում են պետական արժեթղթեր բարձր տոկոսադրույքով, բանկերը չունեն տոկոսադրույքի իջեցման հնարավորություն: Հետևաբար, առաջին հերթին պետք է վերանայվի կառավարության ու Կենտրոնական բանկի քաղաքականությունը` տոկոսադրույքների իջեցման ուղղությամբ այն նորմատիվները նվազեցնելու մասով, որոնք պարտադրում են այդպիսի դաշտում գործել: Օրինակ` երբ խոսում ենք տոկոսադրույքների իջեցման մասին, չպետք է մոռանանք, որ բոլոր երկրներում ամենացածր ռիսկայինը պետական արժեթղթերն են, եթե դրանց տոկոսադրույքը 5-10 տոկոսից չի իջնում, բանկերն ավելի ցածր տոկոսադրույքով չեն կարող վարկավորել, որովհետև հեշտությամբ իրենց հավաքագրած միջոցները տեղաբաշխում են արժեթղթերում ու ստանում կայուն եկամուտներ, մինչդեռ տնտեսության մեջ կարող էին նույն եկամուտով, բայց ավելի բարձր ռիսկով, աշխատել: Մյուս կողմից ունենք երկրորդ շղթան. կապիտալի շուկայի չզարգացածության պայմաններում պետք է ունենայինք արժեթղթերի զարգացած շուկա, որը կարողանար, շրջանցելով բանկային համակարգը, առաջարկել ավելի լավ պայմաններ, բայց չունեցանք: Մեր կապիտալի շուկան գտնվում է զարգացման շատ ցածր մակարդակում և չի համարվում այլընտրանքային բանկային ֆինանսավորում, այսինքն` չունենք նաև մրցակցային ոլորտ: Մենք այսօր պատկերացում չունենք, թե ինչ տնտեսություն ենք ուզում, ինչ կառուցվածքով, մեր կառուցվածքային փոփոխություններում ինչ տեղ է ունենալու արդյունաբերությունը, ինչ տեղ` գյուղատնտեսությունը, ինչպիսին պետք է լինի ծառայության ոլորտը... Տարբեր գաղափարներ կան, որ ռազմավարական առումով համակարգված չեն, նույնիսկ հակաճգնաժամային ծրագիրը համակարգվածություն չունի: Մենք ազգային տնտեսության ձևավորման ուղղությամբ քայլեր չենք անում` սա է վտանգավորը, այս վտանգը չեզոքացնելու համար ոչ միայն քաղաքական ուժերը պիտի ակտիվանան, այլև հասարակությունը: Անհրաժեշտ է վերանայել թե՛ տնտեսական կառուցվածքը, թե՛ համամասնությունները, թե՛ ապագա ավելի երկարաժամկետ ռազմավարությունը: Ինչպիսի՞ տնտեսություն ենք ուզում` սպառողակա՞ն, թե՞ արդյունաբերական, որքանո՞վ կարող է մարդն իր երկրում իրեն պաշտպանված զգալ սոցիալապես, ունի՞ աշխատանք, մասնագիտական վերապատրաստման կայուն համակարգ և անաշխատունակության դեպքում սոցիալական պաշտպանվածության վիճակ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ