Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Չկորցնենք լույսը»

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Չկորցնենք լույսը»
05.09.2024 | 20:57

Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝

մաքրություն, տանջանք և հասունություն։

Արշիլ Գորկի

Կարո՞ղ է մարդն իր ապրած կյանքի ընդամենը մեկ տարվա մեջ տեղավորել այնքան բան, որ այն մի ամբողջ պատմավեպ ներկայացնելու նշանակություն ունենա։

Առաջին հայացքից այս միտքն անհավանական է թվում, սակայն մեր ժամանակներում, չնայած գորշության մեջ դեգերող մեր իրականությանը, իսկապես, ունենք այնպիսի սերունդ, որի շարքերում մեր անցյալի վեհ գաղափարներին բացառիկ հավատարիմ գեն կրող անհատներ կան, որոնց համար պատմավիպական կեցվածքը հենց ապրելու ու գոյության կերպ է։ Նրանցից մեկը Վաչագան Մանուկյանն է, և նրա այդ կեցվածքի մասին խոսում է 2021-ին հրատարակված նրան ներկայացնող «Չկորցնեք լույսը» գիրքը։

Ծանոթացա գրքին ու հասկացա, որ այս երիտասարդը մեր գորշ իրականության մեջ ցանված ազգահատիկ ցորեն է։

Արված նրա գործն ու խոհը ազգային պատկանելության գիտակցումով ազգի գաղափարական ճանապարհն է ցուցադրում պատմականության այն հիմքի վրա, որտեղ մեծ ուսուցիչների անուններ կան գրված՝ «Տիգրան, Արտաշես, Վարդան, Վահան, Մուշեղ, Նժդեհ...»,- թվարկումը ազգի գաղափարակիր, երիտասարդ գրող-լրագրող Վաչագան Մանուկյանինն է, ով շարունակում է. «Մեր անշունչ ու անհաղորդ կերպարներում Նժդեհ չի ապրի, ոչ էլ հայրենիքից դժգոհ, մահճակալում իրենց կյանքն անցկացնող զանգվածի մեջ... Պիտի խոստովանեմ, որ Նժդեհն իմ մեջ գրված մի պատմավեպ է, որի հատվածները կյանքիս ընթացքում, հուսամ, կկարողանամ լուսաբանել...»:

2018-ին գրված այս տողերը կարդալուց հետո էր միայն, որ արթնացավ այն միտքը, թե՝ իսկապես, անիմանալի են Աստծո ճանապարհները: Այդ անիմանալիության ֆոնին, այնուամենայնիվ, ես հասկացա, որ եթե շատ մեծ է մարդու ցանկությունը՝ իր կյանքի ընթացքում հիմնարար գործ անելու, և նա դա կարողանում է անել, մնացածն այնքան ավելորդ է դառնում, որ իջնում, ցածում է մնում՝ որպես ֆիզիկական կյանք իր տեղը զիջելով վեհորեն վեր հառնող գոյության այլ ձևի: Ահա հենց սա է Աստծո անիմանալիության մեջ մեզ մատուցվող ճշմարտությունը՝ Վաչագան Մանուկյանի օրինակով, ում հեռացումը կյանքից՝ շաղախված է ափսոսանքի, ցավի շաղախով, մինչդեռ նժդեհակրությունը որպես նրա ներսում եղող պատմավիպական ներկայություն, մշտապես վեր է մնալու իրենից ցած գտնվող մեր ցավակրությունից:

Պատմավիպակրությունը որպես նոր տերմին՝ մեր ազգի անցած ու, ցավոք, գնալով աղոտացող պատմության այսօրվա ճանապարհին, իսկապես, կրողներ ունի, որոնցից մեկը Վաչագան Մանուկյան է, ով անչափ կարևոր ասելիք ունի, որն առանձնացրել, առաջնային դիրքերում դնելով արժևորել է հենց ինքը՝ մերօրյա Նժդեհակիր երիտասարդը: Եվ այդ ասելիքը, որ դեռ հնագույն ժամանակներում Դիոգենեսի փնտրած մարդուն էր վերաբերում, այժմ ազգային պատկանելություն ունեցող հայ մարդուն է հասցեագրված. «Պապիս, թե հորս սերունդներից լսած բազմաթիվ պատմություններ ունեմ քո մասին,- գրում է Վաչագանը՝ դիմելով իր ազգակցին ու շարունակում:- Գիտեմ, որ դժվարին ժամանակներ գրեթե միշտ ես ունեցել, ապրել, երբեմն ամբոխին ընդդիմացել և ողջակիզվելով՝ պահպանել դիմագիծդ, բայց նրանց պատմածների ու այսօրվա իմ տեսածի մեջ քեզ արդեն դժվարությամբ եմ տեսնում, գիտե՞ս... Էլ չմնաս ժամանակավրեպ ստվերներում, քեզ կարոտել եմ, Մարդ»։

Հայ ժողովրդի պատմության համար վհատեցնող ծանր մի ամբողջ տարի՝ 1920 թվականը, ազգակիր երիտասարդի համար մարդ տեսակի փնտրտուք էր իր հայոց միջավայրում։

Այդ ծարավը հագեցնել կարողնալու համար Վաչագան Մանուկյանն օգտագործում է իր գրական, լրագրողական, ներաշխարհային շնորհները, որոնց մասին խոսելու համար էլ լրագրողական համբերություն է պետք, եթե անգամ դրա փորձերն անելիս հոգիդ ծառս է լինում, ուզում է առաջ ընկնել ասելիքիցդ, բացվել ու բացել զգացմունքներիդ դաշտը։ Բայց ես, չկարողանալով ընդդիմանալ իմ ներսում ալիքվող զգացմունքների դաշտին, գրքի առաջին իսկ էջերից տրվում եմ այն զգացումներին, որոնք արթնացնում է հուշագիր երիտասարդի լրագրողական գրիչը։ Աշխատանք փնտրողների, պատերազմի ճանապարհներին մնացածների, գրքի տոն նշելուց խուսափողների և նման գորշ իրողությունների մասին գորշ գույներով ներկայացնելուց անգամ տառապանքի ցավով ծեծվող հոգին չի մխրճվում ատելության սառն անհոգությունների մեջ։ Հայ մարդու նկատմամբ միշտ սիրով, կարեկցանքով, նրա հողում իր ճշմարտության սերմերը այնքան զգուշորեն, բայց իր գործը հստակորեն իմացող սերմնացանի պես նա շարունակում է իր գործը, որի մասին նույն պահվածքով էլ այսօր ասես շշնջում է մեր ականջներին, թե՝ «Ազատագրեք գերատեսչությունները փոքրոգի, պաշտոնասովով տառապող, անհայրենիք մեծամիտներից և ողողեք այն սիրո մասին քիչ խոսող, իրական նվիրյալներով, որոնց մեջ եմ տեսնում հայրենիքի հաղթական լույսը...»:

Այս լուսասեր հոգին ֆիզիկական գոյության կարճ շրջանով հողին խոնարհված ցորենհասկի նման իրենից կաթած սերմնահատիկներ է թողել հայ ժողովրդի թե՛ քնարական, թե՛ առնական, թե՛ հոգևոր դաշտում, որպեսզի ո՛չ գեղեցիկը չքանա, ո՛չ խոհականությունը մեռնի, ո՛չ էլ քաջության ուժը պակասի։

«Չկորցնենք լույս»-ի որ էջն ուզում ես բացիր՝ բառը խոսք ու զրույց դառնալու, շարունակվելու միտում ունի ու քեզ քաշում է զրույցի մեջ։

Վաչագանը գիտեր, ճանաչում էր ինքն իրեն, բայց նաև մեզ՝ բոլորիս, որովհետև դեռ 2020-ի օգոստոսի 5-ի թվագրումով է ասել՝ «Դեռ կխոսենք ու կլսենք իրար...»:

Ու ահա այսօր էլ, իսկապես, նա խոսում է, և այնքան դիպուկ ու գեղեցիկ. «Եկա գործուղումից ու Մանսուրյան լսելով հասա աշնանը... Գործերով էի, ու չգիտեի, որ աշուն է...»: Սրանից առավել ի՞նչ է պետք գրողին, արվեստագետին, հոգետեսին կամ պարզապես, լավ մարդուն, որ կարողանա մեծ կտավի փոխարեն այս համառոտագրությամբ քո առջև փռել բնության ու երաժշտության միավորման մեջ հասունացած լույսը։

Ուրիշ ի՞նչ խոսքեր են պետք պոետական չնաշխարհիկ մոտիվներով առ հայրենիքն ունեցած սերը ներկայացնելու համար, եթե հայրենակիր երիտասարդի հոգուց պատնեշ չճանաչելով դուրս են հորդել այս տողերը.

...Տուր ինձ քո սերը,

որ պաշարեմ ողջ վտանգներն աշխարհի,

և սիրով օծված,

ջարդեմ ժանիքները՝ հրեշի...

Եվ վերջին անգամ

լսիր ձայնը հեռացողի

ու

տուր ինձ սերդ,

որ հոգիս անԱստված չմնա,

որ վերջին անգամ արբենամ քեզանով

ու դատարկեմ արյունս՝

ի փրկություն

ՀԱՅԱՍՏԱՆ աշխարհի...

Չխոնարհվող հոգիների մասին պատմակիր երիտասարդի՝ ընդամենը մեկ տարվա գործունեության մասին պատմող գիրքը խորհրդանշական ասելիքների շտեմարան է հայ մտավորականության համար։ Եվ իզուր չէ, որ հայ մշակույթի այնքան հարուստ էջերից Վաչագան Մանուկյանը հոգեպես կապվել է Արշիլ Գորկու խորհրդանշանային արվեստի հետ, որն իր էությունը կոնկրետացրել է երեք խոսքերի մեջ՝ մաքրություն, տանջանք, հասունություն։ Արշիլ Գորկու այս բառերով էլ այսօր ես ուզում եմ բնորոշել հենց իրեն՝ Վաչագան Մանուկյանին, որ աշխարհ է եկել՝ որպես ազգային մաքուր գեների կրող, կրել իր ժամանակի հայոց իրականության պարտադրած տանջանքները և ներկայացել այն հասունությամբ, որը փաստելով մենք ոչ միայն խոսում ենք իր մասին, այլև՝ լսում նրան։ Նման անհատների ձայներով է ձևավորվում մեր հայրենիքի չքնաղ մեղեդին։ Ուրեմն թող հավերժորեն հնչի այդ մեղեդին՝ իր լուսեղեն հնչյունների հետ միավորված պահելով Վաչագան Մանուկյանի ձայնը՝ հասցեագրված հայրենիքին ու հայ մարդուն։

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 3398

Մեկնաբանություններ