Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թեհրանի պատասխանը բազմանշանակ էր և նույնիսկ հակասական

Թեհրանի պատասխանը բազմանշանակ էր և նույնիսկ հակասական
24.03.2009 | 00:00

ԱԿՆՀԱՅՏ Է` ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐ ԿԱՆ
Անցած օրերի գլխավոր քաղաքական ինտրիգը, իսկ միգուցե ԱՄՆ-ի նոր նախագահի ողջ կառավարման ընթացքում կարևորագույն հարցը շարունակում է մնալ իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը։ Եթե ԱՄՆ-ի նախագահն ամիսներ առաջ հայտարարեց, թե Իրանը լինելու է «մեր ամենամեծ պրոբլեմներից մեկը», ապա կարճ ժամանակ անց Նովրուզի կապակցությամբ Իրանի ժողովրդին ուղղված հեռուստադիմումն ամերիկյան նոր ռազմավարության կարևոր ցուցանիշներից մեկն է։
ԱՄՆ-ի նախագահը, փաստորեն, առաջարկեց վերջ դնել 30-ամյա հակադրությանը, ընդգծելով. «ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը զբաղեցնի իրավամբ իրեն պատկանող տեղը միջազգային հանրության մեջ։ Սակայն հնարավոր չէ այդ տեղը ձեռք բերել` օգտագործելով զենքն ու ահաբեկչությունը»։ Ըստ Օբամայի, նոր վարչակազմն իրականացնելու է այնպիսի դիվանագիտություն, որն ընդգրկելու է ԱՄՆ-ի առջև կանգնած բոլոր խնդիրների լուծումը։ Թեհրանի պատասխանը չուշացավ, սակայն արևելյան ոճով այն բազմանշանակ էր և նույնիսկ հակասական։ Իրանի արտգործնախարարը նշեց, թե տոնի նախօրեին խաղաղության ու բարեկամության ուղերձ ստանալը հաճելի էր։ Մինչդեռ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին Մաշխադ քաղաքում իր ելույթի ժամանակ նշեց, թե մեծ փոփոխություններ չի նկատում ԱՄՆ-ի վերաբերմունքի մեջ` միաժամանակ արձանագրելով. «Իրանը չունի նոր ամերիկյան կառավարության և նախագահի հետ աշխատելու փորձ։ Մենք կտեսնենք, թե նրանք ինչ են ցանկանում, իսկ հետո կորոշենք»։
Այնուհանդերձ, իրանա-ամերիկյան հարաբերություններում, բոլոր բարդություններով հանդերձ, սառույցը, կարծես, տեղից շարժվում է, թեպետ մինչև հարաբերությունների լիարժեք կարգավորումը, անշուշտ, ճանապարհ կա անցնելու։ Մանավանդ որ ԱՄՆ-ի նոր նախագահը ևս մեկ տարով երկարաձգեց Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ժամկետը, որը 1995-ից սահմանել էր դեռ Բիլ Քլինթոնի վարչակազմը։ Ըստ այդմ, ամերիկյան ընկերություններին արգելվում է ներդրումներ իրականացնել Իրանի տնտեսության մեջ, և այս պատժամիջոցների երկարաձգումը յուրաքանչյուր տարի պահանջում է համապատասխան որոշման ընդունում։ Այս իրողությունն իր հերթին առիթ տվեց հատկապես ռուսական փորձագետներին պնդելու, թե Թեհրան-Վաշինգտոն հակադրությունը կշարունակվի։ Մանավանդ որ Թեհրանին առաջնային գործընկեր համարող Մոսկվայի համար «երդվյալ» թշնամիների հաշտեցումն ամենացանկալի տարբերակը չէ։ Բայց սա այլ խոսակցության նյութ է։
Թեհրանի պահանջները բավականին պարզ են ու հասկանալի. ԱՄՆ-ի կողմից Իրանի ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, Թեհրանի ընդգրկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, միջուկային ծրագրի իրագործման լեգիտիմության ընդունում, Վաշինգտոնի կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության դադարեցում։ Ի պատասխան դրա, Օբամայի վարչակազմն արդեն իսկ նախատեսում է դիվանագիտական մակարդակում սահմանափակումների թուլացում, սակայն հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին խոսք չի գնում։ Իբրև լուրջ տարաձայնություն են մնում միջուկային ծրագիրը, «Հզբոլլահին» Իրանի կողմից ցուցաբերվող աջակցությունը և այլ հարցեր։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ բանակցային գործընթացը կզարգանա բավական բարդ, բազմակողմ և երկկողմ մակարդակներում և տարբեր ձևաչափերում, սակայն կան նաև փոխադարձ շահագրգռություն ներկայացնող հանգամանքներ։
Առաջին հերթին դա իրանական գազը Եվրոպա արտահանելու Իրանի ցանկությունն է, ինչն անհնարին է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների չկարգավորվածության պայմաններում։ Թեհրանում դա շատ լավ են հասկանում, իսկ դա նշանակում է, որ հնարավոր է եվրոպացիների մասնակցությունն իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման այս նոր փուլին։ Էներգետիկ ծրագրերի իրագործմամբ շահագրգիռ է նաև Թուրքիան ,և, ըստ այդ երկրի վարչապետի, Թեհրանն արդեն դիմել է Անկարային` Վաշինգտոնի հետ հարաբերություններում միջնորդ հանդիսանալու առաջարկով։
Հաջորդ կարևոր խնդիրը, ուր կան իրանա-ամերիկյան ընդհանուր շահեր, Իրաքից ամերիկյան զինուժի դուրսբերումն է։ Թեհրան-Վաշինգտոն առայժմ հեռակա երկխոսությունն անգամ բավարար եղավ, որպեսզի արմատական տրամադրություններ ունեցող շիա խմբավորումները դադարեցնեն հարձակումները դաշնակցային ուժերի վրա և շփումներ սկսեն Իրաքի իշխանությունների հետ։ Հեռանկարում ակնհայտ է, որ ամերիկյան զինուժի դուրսբերումն Իրաքից միաժամանակ թույլ կտա Թեհրանին ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչը դարձյալ կարող է իրականություն դառնալ ամերիկացիների հետ փոխհամաձայնության արդյունքում միայն։
Եվ, վերջապես, իրանա-ամերիկյան հարաբերություններում կարևոր հանգույց կարող է դառնալ Կենտրոնական Ասիան` այդ տարածաշրջանում զարգացող վերջին իրադարձությունները նկատի ունենալով։ Ամերիկյան և, առհասարակ, ՆԱՏՕ-ի զինուժը Ղրղզստանի «Մանաս» օդանավակայանից դուրս բերելու այդ երկրի իշխանությունների պահանջը Վաշինգտոնի համար բավական բարդ իրավիճակ է ստեղծել, որը սպառնում է Աֆղանստանում թալիբների դիրքերի վերականգնմամբ։ Պատահական չէ, որ ԶԼՄ-ներում արդեն իսկ տարածվել է տեղեկատվություն, թե ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև այս կապակցությամբ արդեն իսկ փակ բանակցություններ են ընթանում։ Բնականաբար, դժվար է կոնկրետ արդյունքներ նշել, սակայն, ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի, առաջին և գլխավոր թեման դաշնակիցներին ռազմական բեռների տրանզիտի տրամադրումն է դեպի Աֆղանստան։ Իրանն այդ իմաստով ամենակարճ ճանապարհն է, նկատի ունենալով ամերիկյան խոշոր ռազմական բազաների առկայությունը Պարսից ծոցում, որտեղ հնարավոր է կուտակել զենքի և տեխնիկայի մեծ պաշարներ, մինչև 400 հազար զինվոր ներառող անձնակազմ և, այնուհետև, Իրանի տարածքով այն հասցնել Աֆղանստան։ Ըստ մի շարք փորձագետների, այս հարցում Թեհրանի շահագրգռությունն ավելին է, քան որևէ այլ խնդրում։ Իրանը խիստ կարևորում է թալիբների դեմ պայքարը և կարող է հակված լինել ընդառաջելու այս առաջարկությանը, թեպետ բուն համաձայնագիրը կարող է մշակվել և ավելի ուշ։ Սա, անշուշտ, չի նշանակում, թե Թեհրանը ենթադրում է ինչ-որ զիջումներ անել իր վաղեմի հակառակորդներին Աֆղանստանում։ Պատահական չէ, որ Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին քննադատության ենթարկեց ամերիկացիների հնարավոր ծրագիրը թալիբների չափավոր թևի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ դա ճիշտ մոտեցում չէ տարածաշրջանի խնդիրներին, և Թեհրանը գնալու է այդ հակամարտությունը լուծելու սեփական ուղիով։
Այսպիսով, ակնհայտ է, որ որոշ հարցերում ամերիկա-իրանական ընդհանուր շահեր կան, որոնք կարող են հանգեցնել համաձայնությունների ձևավորման։ Դրա արդյունքում Իրանը կարող է հասնել լուրջ ձեռքբերումների համաշխարհային բեմահարթակում և տարածաշրջանում իր կարգավիճակի ճանաչման առումով։ ԱՄՆ-ն իր հերթին կազատվի Կասպից ծոցի տարածաշրջանում երկարատև հակամարտություններից, ինչը նաև ավելի կայուն կդարձնի նավթի մատակարարումները։ Եթե Վաշինգտոնն առաջիկայում դիմի Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման, կնշանակի փոխհամաձայնությունները տեղափոխվում են գործնական հուն։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ