«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ ՇԵՆՔԵՐ, ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»

«ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ ՇԵՆՔԵՐ, ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»
29.04.2011 | 00:00

Մի քանի ամիս է, ինչ Հայաստանի գյուղերում ՌՈՒԲԵՆ ԲԱՂԴԻՇՅԱՆԸ երիտասարդ ընկերների փոքրիկ խմբով, նաև սեփական միջոցներով, զբաղվում է բանահավաքությամբ։ Ամբողջ աշխարհում տիրող գլոբալացման տենդը վտանգավոր է առաջին հերթին փոքր ժողովուրդների համար, որոնք այդ խառնաշփոթի մեջ կարող են կորցնել իրենց դեմքը: Ռուբենի և ընկերների այդ նախաձեռնությունը հենց նման վտանգը կանխարգելելն է, որ չձուլվենք, չկորցնենք մեր ազգային գենն ու դիմագիծը, չհեռանանք մեր արմատներից ու պահենք մեր ինքնությունը:
-Քանի որ արշավախմբով հաճախ էինք մեկնում Հայաստանի տարբեր գյուղեր, քաղաքներ, միտք առաջացավ հավաքելու մեր գյուղերի պատմությունը,- պատմում է Ռուբենը։- Որքան տեղյակ եմ, ՀՀ գյուղերի մասին ընդհանրացված գրականություն գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով որոշեցինք այցելել գյուղեր, նախ սկսել բնակավայրի անվան ծագումից՝ որտեղից է առաջացել, գրի առնել լեգենդները, ավանդապատումները, այնուհետև անդրադառնալ տնտեսությանը, արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։ Այսինքն, հավաքելով ավանդապատումները՝ տեսնել նաև գյուղերի ներկա պատկերը։
-Որպես կանոն, ավանդապատումները, հին սովորությունները պահպանվում են տատիկ-պապիկների շնորհիվ։ Տեղի երիտասարդները որքա՞ն են տեղյակ դրանց։
-Գյուղի երիտասարդության 70 տոկոսից ավելին բացարձակ տեղյակ չէ, թե որտեղ է ապրում, չգիտի իր գյուղի պատմությունը, ծեսերը, ավանդապատումները։ Որոշ չափով հայրենադարձների, մասնավորապես, Թալինի տարածաշրջանի սասունցիների մեջ են այդ ավանդույթները պահպանվում։ Ընդհանուր առմամբ ճշտումները կատարվում են տարեց մարդկանց միջոցով։ Ամեն գյուղ ունի իր իմաստունը, ում մոտ էլ մեզ առաջնորդում են համագյուղացիները։ Մենք համագործակցում ենք նաև նկարչական մի շարք ստուդիաների հետ։ Ավանդապատումները հավաքելուց հետո դրանք պատմում ենք այդ ստուդիաների սաներին, ովքեր փորձում են նկարել այդ պատմությունները։ Այսպիսով, դրանք նախ ամրապնդվում են երեխաների մեջ, այնուհետև տեղադրում ենք http://www.armcamping.com կայքում, ինչը բավականին ոգևորում է նրանց, քանի որ տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը։ Ասեմ, որ շատ հետաքրքիր նկարներ ենք ստանում անգամ 6-10 տարեկան երեխաներից։ Մինչ այժմ եղել ենք մոտ 20 գյուղում (հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի), և հավաքվել է ավելի քան 40 ավանդապատում։
-Որպես կանոն, բանահավաքությամբ հետաքրքրված են ու զբաղվում են բանասերները, ազգագրագետները։ Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք։
-Մենք ընդամենը Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներ ենք։ Բանահավաքությամբ զբաղվելով՝ պրոֆեսիոնալ մոտեցում չենք ցուցաբերում։ Գրի ենք առնում պատմությունը և նշում պատմողի անունը։ Փորձեր կատարվել են դիմելու տարբեր մասնագետների, մարդկանց, ինստիտուտների, սակայն քիչ մարդիկ կան, որ առանց շահի կօգնեն մեզ։ Մենք այդ ամենն անում ենք անշահախնդրորեն՝ որոշակի գումարներ ծախսելով։
-Դուք բավականին մեծ գումարներ (գոնե ձեզ համար) և ջանքեր եք ներդնում այդ նախաձեռնության համար։ Իսկ ստացված արդյունքը փոխհատուցո՞ւմ է այդ ամենը։
-Մենք ակնկալում ենք, որ մեր գործի շնորհիվ այն խայտառակ դեգրադացիան, որ այսօր կա երիտասարդության շրջանում, վերանա, որ երիտասարդությունը գոնե իմանա՝ ով է հայը, որտեղից է ծագել, ինչ պատմություն է ունեցել։ Արևմուտքից ներմուծվող հսկայական ալիքները, որ թափանցում են տարբեր լրատվական միջոցներով, համացանցով, խուճապ են մտցնում երիտասարդության շրջանում, և առաջանում են մեր ավանդույթները պահպանելու, ավելի ժամանակակից ապրելու, հինը չմոռանալու կամ համատեղելու խնդիրները։ Ամբողջ աշխարհը գիտի, որ հայերը պարում են քոչարի, բայց այսօր եթե հավաքենք ամբողջ ազգը, քանի՞ տոկոսը կպարի քոչարի։
-Ամբողջ աշխարհում էթնոմշակույթը, էթնոտուրիզմը զարգացման փուլում են։ Հայաստանը, ունենալով հսկայական ներուժ, չի օգտագործում այն։
-Մենք առաջին պետությունն էինք, որ ընդունեցինք քրիստոնեություն, որից հետո այն տարածվեց ամբողջ աշխարհում։ Մենք համարվում ենք քրիստոնյա, բայց համոզված եմ, որ եթե հարցում կատարենք, կտեսնենք՝ 100-ից 90-ն Աստծո տասը պատվիրաններն ամբողջությամբ ասել չի կարող։ Դա քրիստոնյա ազգին հարիր չէ։ Միայն խոսքով չպետք է լինել քրիստոնյա, հարկավոր է խոսքը գործի վերածել։ Հայաստանի 29 հազար քառակուսի կմ-ի վրա, ընդհանուր հաշվարկներով, ունենք 28 հազար հուշակոթող։ Դա նշանակում է, որ 1 քառակուսի կմ-ի վրա կա 1 հուշակոթող։ Նման բան աշխարհում չեք հանդիպի։ Հայաստանն ամենալուրջ ներուժն ունի։ Մեր վանքերն ամենահինն են, ցավոք, նաև ամենաանփառունակ վիճակում են գտնվում։ Եղած եկեղեցիների 80 տոկոսը խոնարհված է։ Կառուցում ենք շենքեր, գետնանցումներ, բայց մոռանում ենք այն մշակութային արժեքները, որոնք թողել են մեր պապերը։
-Վերջին շրջանում Հայաստանում մեծ զարգացում է ապրել արշավային շարժումը, որի մեջ ներգրավված են հիմնականում երիտասարդները։ Դուք նույնպես կազմակերպում եք արշավներ դեպի Հայաստանի ամենատարբեր անկյուններ։ Նպատակը ո՞րն է։
-Մեր կարգախոսն է՝ ճանաչենք մեր հայրենիքի ամեն մի մասնիկը, և փորձում ենք դա անել արշավների միջոցով։ Բավականին շատ երթուղիներ ենք արդեն իրականացրել. եղել ենք ավելի քան 300 վայրում։ Նշեմ, որ երիտասարդների 90-95 տոկոսն անգամ շատ անուններ չի էլ լսել։ Կարծում եմ՝ արշավային մշակույթը զարգանում է, քանի որ վերջապես սկսել են գիտակցել, թե ինչ հարստություն ունենք։
-Առաջին հերթին ինքդ քեզ պետք է ճանաչես, հետո մյուսներին։
-Բնականաբար, մարդ նախ իրեն պետք է ճանաչի, իր ցայտուն սերը չարտահայտի վանքի պատերին կամ վանդալիստական այլ դրսևորումներ ցուցաբերի։ Հայաստանում համատարած վայրագություններ են, հուշարձանների վանդալիզմ, քարանձավային եղեռն։ Մտնում են քարանձավներ, պոկում են ստալակտիտները՝ չմտածելով, որ 1 սմ-ն առաջանում է 1 միլիոն տարվա ընթացքում։
Կա մեկ այլ խնդիր։ Որոշ տարածքների, տեղանունների ուսումնասիրությունը կամ աղոթելը որոշ վանքերում արժե 3500 դրամ։ Ես ուսանող եմ, չեմ աշխատում (ինձ նման շատ շատերը չեն աշխատում) և ցանկանում եմ ծանոթանալ Հավուց թառին կամ Կաքավաբերդին։ Ես ոտքով եմ գնում տասնյակ կիլոմետրեր, բայց, հասնելով, պետք է վճարեմ 3500 դրամ, որպեսզի Հավուց թառից աղոթեմ։ Հարցնում եմ` ինչո՞ւ։ Պատճառաբանությունը մեկն է` արգելոցում է գտնվում։ Բայց 3500 դրամով չեմ կարծում, թե արգելոցը կդառնա ազգային պարկ։ Ազգային պարկերն են լինում վճարովի։ Խոսրովի անտառն արգելոց է, իսկ եթե արգելոցն ընդամենը 3500 դրամով վերածվում է ազգային պարկի, ուղղակի ծափահարություններ։ Կան մի շարք այլ եկեղեցիներ՝ Աղջոցը, Բայբուրդը, որոնք ֆինանսապես ուղղակի անմատչելի են։ Ե՛վ Հավուց թառը, և՛ Աղջոցը, և՛ Բայբուրդը խոնարհված ու լքյալ վիճակում են, ամեն տարի գնալիս ես նկատում եմ եկեղեցիների հողմահարված պատերի փոփոխությունները։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ