«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԴՐՍՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ ՆԵՐՍՈՒՄ»

«ԴՐՍՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ ՆԵՐՍՈՒՄ»
07.10.2011 | 00:00

Մեր իրականությունում քննարկվող ամենաթեժ խնդիրներից մեկն արտագաղթի թեման է։ Այն հետաքրքրում է նաև մարզի բնակիչներին, քանի որ խնդիրը համայնքներում և փոքր քաղաքներում ավելի նկատելի է։ Վերջերս Գեղարքունիքի մարզում էինք ու մարզպետ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ չնախատեսված զրույցում փորձեցինք ճշտել` մարզում արտագաղթի ծավալները մեծացե՞լ են և որքա՞ն։
-Չէի ասի, թե արտագաղթը մարզում մեծացել է,- ասաց մարզպետը։- ՈՒղղակի Մարտունու տարածաշրջանում ակտիվ է արտագնա աշխատանքը, որը շատ ընդունված է սկսած խորհրդային ժամանակահատվածից։ Կարևոր մի բան կա. աշնանն արտագնա աշխատանքից բոլորը վերադառնում են իրենց բնակավայր և դրսում աշխատած գումարները ծախսում են ներսում։
-Վերջերս քաղաքաշինության նախարարի հետ հանդիպման ժամանակ Ձեր համայնքի ղեկավարները նշեցին, որ շատ համայնքներ ֆինանսներ չունեն պարզեցված հատակագծեր պատվիրելու համար։ Ֆինանսական խնդիրների պատճառով նաև դպրոցների և մշակույթի տների հիմնանորոգումն է ծանրանում պետբյուջեի ուսերին։ Սրան զուգահեռ, մարզում, մասնավորապես, Սևանի ափամերձ տարածքում, գործում են հանգստի և զվարճանքի օբյեկտներ, որոնք պատկանում են կա՛մ պաշտոնյաների, կա՛մ խոշոր գործարարների։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ համայնքային բյուջե քիչ հարկեր են «հոսում» նշված օբյեկտներից։
-Օրենքով սահմանված կարգով այդ կառույցների սեփականատերերը կատարում են իրենց հարկային պարտավորությունները։ Ի վերջո, դրանք մասնավոր կառույցներ են, ինչի՞ մասին է խոսքը։
-Խոսքը նրանց կողմից վճարվող հարկերի չափի մասին է կամ էլ նրանց սոցիալական ծրագրերում ներգրավվածությանը ներդրումների տեսքով։
-Դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, և ներդրում իրականացնելու հարցում ոչ ոք չի կարող նրանց վրա բռնանալ կամ պարտադրել։
-Այսինքն, ճի՞շտ եք համարում, որ այդ խավը կարող է խոշոր օբյեկտներ ունենալ մարզում, երբ, միևնույն ժամանակ, մարզը ֆինանսական խնդիրներ ունի։
-Ես խոսում եմ բարի կամքի դրսևորումից։ Եթե նրանք ցանկություն ունեն օգտակար լինելու համայնքին, մենք դա միայն կողջունենք և սիրով կհամագործակցենք։ Սակայն երբ նման ցանկություն չկա, ոչ ոք չի կարող նրանց ստիպել։
-Իսկ գուցե ձեր քաղաքապետերը լավ չե՞ն աշխատում նրանց հետ` ներդրումներ ապահովելու առումով։
-Անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացվում են, ինչի արդյունքում տարբեր բարերարների հետ ծրագրեր են իրականացվում գրեթե բոլոր համայնքներում։ Սակայն համաձայնեք, որ պարտավորեցնել մարդուն ներդրում կատարել ճիշտ քաղաքականություն չէ։
-Ըստ Ձեզ, մարզի հիմնական խնդիրը ո՞րն է։
-Ցանկացած մարզ իր խնդիրներն ունի, և առաջնայինը, իհարկե, սոցիալականն է։ Սակայն պետք է ասեմ, որ դրանք աստիճանաբար լուծում են ստանում, և տարեցտարի վիճակը կարգավորվում է։ Օրինակ, եթե քսան տարի առաջ մարզում ունեինք քսան հազար նպաստառու, այսօր նրանց թիվը 11 հազար է։ Սա զգալի տարբերություն է։ Պետք է նկատեմ, որ մեծ աշխատանք է տարվում քաղաքաշինության ոլորտում։ Պետական միջոցներով 1 մլրդ 132 մլն դրամ է հատկացվել մեր մարզին։ Այդ գումարով հիմնանորոգվել են մշակույթի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ։ Այս պահին շինարարության ոլորտում իրականացվող քաղաքականությունը սոցիալական ուղղվածություն ունի, և դա, կարծում եմ, շատ կարևոր է, քանի որ լուծում է բնակչության բարեկեցության հարցը։
-Մարզի բնակիչները քաղաքաշինության նախարարին ներկայացրին ներհամայնքային ճանապարհների բարեկարգման խնդիրը` այն լուծելու ակնկալիքով։ Սակայն բոլորս էլ գիտենք, որ այդ հարցը ո՛չ տրանսպորտի և կապի նախարարության, ո՛չ էլ, առավել ևս, քաղաքաշինության նախարարության ենթակայության տակ է. այն համայնքային նշանակություն ունի։ Ինչո՞ւ խնդիրը չի կարգավորվում, որ բնակիչներն էլ ստիպված չլինեն իրենց խնդրանքը ներկայացնել նախարարներին։
-Ինչո՞ւ պետք է նախարարից պահանջեն։
-Ես էլ դա եմ ասում` ինչո՞ւ։
-Ճանապարհների բարեկարգումը կապված է բյուջեի հնարավորությունների հետ։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ ճանապարհաշինությունը բավականին թանկ հաճույք է։ Եթե համայնքը կարողանա հավաքել 10-20 մլն դրամ, բազմաթիվ հարցեր կարող է լուծել, բայց եթե այդ գումարները նպատակաուղղենք ճանապարհաշինության կառուցմանը, այն կբավարարի ընդամենը 10 կիլոմետրի համար։ Այդ իսկ պատճառով, նախընտրում ենք հավաքագրված գումարներն ուղղել սոցիալական այլ խնդիրների լուծմանը։
-Իսկ ինչո՞ւ ներդրումային ծրագրերի համար ավելի մեծ աշխատանք չի իրականացվում։ Օրինակ, մարզը հարուստ է չիչխանով։ Ինչո՞ւ մարզում չի զարգանում չիչխանի յուղի կամ այլ մթերքի արտադրությունը։
-Մարզում չիչխանի վերամշակման փոքր արտադրամաս է գործում, որը, բացի յուղից, արտադրում է նաև օղի և գինի։
-Ինչո՞ւ չի կարելի այդ արտադրամասն ընդլայնել, հասցնել այն մակարդակին, որ արտադրանքն արտահանվի։
-Գործարարն իր բիզնեսին հարմար ձև է փնտրում, իսկ եթե այս պահին արտադրության ծավալները մեծացնի, հնարավոր է, որ իրացման խնդիր ունենա։
-Լավ, հարցս այլ կերպ ձևակերպեմ. Դուք որպես մարզպետ, ի՞նչ եք անում ներդրումներ ներգրավելու համար։
-Համայնքների ղեկավարների կողմից բավականին լուրջ աշխատանքներ են տարվում։ Մասնավորապես, բանակցում ենք ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Այդ աշխատանքների արդյունքում մի շարք համայնքներում լուծվել է լուսավորության հարցը, տարբեր գործարարներ անհատական օգնություն են ցուցաբերում մարզին, առանձին ընտանիքների։ Նման դեպքերը շատ են։ Անցած տարի Օմսկի մարզում էինք, որտեղ հանդիպել ենք մարզի հայ համայնքի բնակիչների հետ, ինչին հաջորդեցին ներդրումային ծրագրերը։
-Ի՞նչ ծավալի։
-Դրանք մեծածավալ չեն։
-Այսինքն, Հայաստանը նրանց համար հրապուրիչ չէ՞ ներդրումների առումով։
-Նման բան չկա։ Հայաստանը բավականին գրավիչ է, և մենք ամեն կերպ փորձում ենք աշխատել արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ Մարտունու համայնքի բնակիչները մյուս համայնքների բնակիչներից տարբերվում են իրենց մտածողությամբ, դրսում աշխատած փողերը մարտունեցիներն ամեն կերպ ձգտում են ծախսել ներսում։ Անզեն աչքով էլ երևում է, որ Մարտունին, անգամ գլոբալ ճգնաժամի պայմաններում, մեծ խնդիրներ չունեցավ` համեմատած մյուս համայնքների հետ։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ