«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԶՈՎՈՒՆԻՈՒՄ 200 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐ ՉԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ

ԶՈՎՈՒՆԻՈՒՄ 200 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐ ՉԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ
01.04.2011 | 00:00

Կոտայքի մարզի (նախկինում` Նաիրիի շրջան) Զովունի համայնքը, որը 1965 թվականին հիմնադրել են Ապարանի շրջանի նույնանուն գյուղի 1040 բնակիչները (132 տնտեսություն)` Հրազդան գետի աջ ափին է` մարզկենտրոնից 54 կմ հարավ-արևմուտք: Գյուղի այսօրվա 1073 տնտեսության (6000 բնակիչ) կորիզը նախկին զովունեցիների սերունդներն են: ՈՒնի միջնակարգ դպրոց, մշակույթի մեծ տուն, արվեստի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Բնակիչները, բոլոր հայ գյուղաբնակների պես, պարզ, մարդամոտ, հյուրասեր լինելուց բացի, իրենց աշխատանքին նվիրված պատվախնդիր, ավանդապաշտ մարդիկ են: Խորհրդային տարիներին խաղողապտղաբուծական տնտեսությունը զբաղվել է նաև անասնապահությամբ:
«Իսկ գյուղատնտեսության ո՞ր ճյուղերն են զարգացած այսօր գյուղում, կամ ինչո՞վ է զբաղվում Զովունիի բնակչությունը»,- մեր այս և մյուս հարցերին պատասխանում է համայնքի գլխավոր մասնագետ ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

-Տնտեսության հիմնական ճյուղերը ներկայումս անասնապահությունն ու պտղաբուծությունն են: Խորհրդային տարիներին մեկ հա-ից 42 ց գինեհումք տվող խաղողի 400 հա այգետարածքների 50 տոկոսն այսօր զբաղեցնում են հիմնականում ծիրանի այգիներն ու ցորենի ցանքատարածքները, մնացած 50 տոկոսը բարձիթողի վիճակում է` ոռոգման ջրի բարձր սակագնի և խաղողի մթերման ցածր գների պատճառով,- նշում է պարոն Պետրոսյանը։- Եթե ոռոգման ջրի (մատակարարը Արզնի-Շամիրամ ջրատարն է) վարձավճարի հարցը լուծվի, նշված տարածքները համայնքային համապատասխան ծրագրով աստիճանաբար կլրացվեն պտղատու տարբեր ծառատեսակներով: Այսօր գյուղացու առաջին մտահոգությունը ոռոգման ջրի տարեցտարի աճող սակագնի հարցն է և դրա հետ սերտորեն կապված չջրվող տարածքների խնդիրը, որի լուծումը զովունեցուն առավել ամուր կկապի հողին:
-Ոռոգման ջրի հարցի լուծման համար դիմել ե՞ք համապատասխան գերատեսչություններին:
-Ոռոգման ջրի սակագինը, որի մեկ խմ-ն վերջին երկու տարում 8 դրամից հասել է մինչև 11 դրամի, նվազեցնելու կամ որևէ ձևով փոխզիջման գնալու վերաբերյալ բազմիցս դիմել ենք մարզպետարանին` մեր ձայնը ՀՀ կառավարությանը հասցնելու համար, մնացել է սակայն անարձագանք: Օրինակ, ցորենի ցանքի համար, որը մինչև բերքահավաք ոռոգվում է երեք անգամ, յուրաքանչուր գյուղացի վճարում է տարեկան 80-100 հազար դրամ: Նշեմ, որ ցորենի մեկ հա-ից ստացվում է 2-3 տոննա բերք, որի արժեքը մինչև 300 հազար դրամ է: Եթե դրան գումարենք սերմնանյութի, հողի հարկի, վարի, ցանքի և կուլտիվացիայի գինը, ապա ստացված ինքնարժեքը կկազմի համարյա այն գումարը, որը գյուղացին ծախսել էր ցանքսի սկզբին: Իսկ ո՞ւր կմնա չարչարանքը: Էլ չեմ ասում այգետարածքի մասին, որի յուրաքանչուր ոռոգման համար ամենաքիչը 30-40 հազար դրամ է ծախսում հողատերը: Միայն տնամերձ հողամասերի տարեկան 7-12 հազար դրամի հասնող ջրի վարձն է ժամանակին վճարում գյուղացին, քանի որ դրանից ստացված եկամուտը զգալիորեն գերազանցում է մյուսներին:
-Բոլոր հողերը սեփականաշնորհվա՞ծ են:
-Կան շուրջ 200 հա համայնքային սեփականություն համարվող պահուստային հողեր, որոնք հետագայում, սահմանված կարգով, կիրացվեն աճուրդային եղանակով` ՀՀ բնակչությանը:
-Քանի՞ գլուխ խոշոր եղջերավոր կենդանի կա անասնապահական տնտեսություններում, և ինչպե՞ս է իրացվում ստացված կաթնահումքը: Կաթնավերամշակման ձեռնարկություններ ունի՞ գյուղը:
-Գյուղի անասնապահական փոքր տնտեսությունների պատրաստած կաթնամթերքի մեծ մասը մինչև վերջին տարիները սպառվում էր մայրաքաղաքում: Սակայն արդեն լրիվ հզորությամբ գործող «Նորմա-կաթ» և «Անի» կաթնավերամշակման ձեռնարկությունները համարյա ամբողջությամբ հավաքում, գնում են գյուղի շուրջ 3000 գլուխ խոշոր եղջերավոր անասունների կաթը` զգալիորեն թեթևացնելով նրա տնտեսության կարևոր հոգսերից մեկը: Հումքի որակական ցուցանիշներից ելնելով, ձեռնարկությունները մեկ լիտր կաթի համար վճարում են 200-250 դրամ:
-Ո՞րտեղ է աշխատում և ազատ ժամերին ինչո՞վ է զբաղվում գյուղի երիտասարդությունը:
-Լինելով երևանամերձ` գյուղի երիտասարդությունը լրացնում է հիմնականում նրա շինարարական, վերամշակման, սննդի, սպասարկման և առևտրական կազմակերպությունների աշխատուժը, մի հատվածն էլ համալրում է բուհերում սովորողների թիվը: Գյուղի երիտասարդության ներուժն ակտիվացնող, հասարակության ժամանցը լրացնող, եվրոպական չափորոշիչներով կահավորված մշակույթի տանը գործում են սպորտային տարատեսակ խմբեր, երգի, պարի համույթներ: Զովունին ունի 15-28 տարեկան շուրջ 50 անվանի մարզիկ, որոնք միջազգային մրցույթներում արժանացել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների: Վերջերս պատանիների բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 15-ամյա զովունեցի Կորյուն Սողոմոնյանը:
-Ի՞նչ խնդիրներ կան, որոնց լուծումով համայնքային կյանքը կբարելավվի:
-Դեռևս չլուծված է մնում գյուղի խմելու ջրի և վթարային վիճակում գտնվող դպրոցի հիմնավերանորոգման խնդիրը: Այն լուծելու համար բազմիցս դիմել ենք ՀՀ կրթության և գիտության նախարարություն` մնալով սակայն ձեռնունայն: Այս պահին ՀՀ կառավարության օժանդակությամբ սկսվել է մանկապարտեզի շենքի նորոգումը, որի շինարարության մեջ համայնքային ներդրումը 30 տոկոս է: Առավել քան վթարային համարվող դպրոցը, որտեղ այսօր սովորում է 682 աշակերտ, արդեն երրորդ անգամ իր ընթացիկ ծրագրերի հաշվին խոստանում է նորոգել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, որը սակայն այդպես էլ չի իրագործում:
-Համայնքային նշանակության ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել գյուղում վերջին երկու տարիներին:
-Սոցներդրումների ծրագրի շրջանակներում 2008 թվականին հիմնանորոգվել է գյուղի մշակույթի տունը, որը, գյուղի գլխավոր կառույցներից մեկը լինելով, նրա կենտրոնատեղին է: Համայնքային «Բարեկարգման» ամենամյա ծրագրի շրջանակներում 2003 թվականից սկսած շուրջ 10 մլն դրամի շրջանակներում Զովունիում տարեկան կառուցվում է մինչև 4500 քառակուսի մետր նոր ճանապարհ, գազիֆիկացվում` առանձնատներ: Մոտ 6 մլն դրամի միջոցներով էլ վերանորոգվում, ասֆալտապատվում են գյուղի հին փողոցները:
Թող զարմանալի չհնչի, բայց գյուղից արտագաղթ համարյա չկա, որովհետև զովունեցին միշտ մայրաքաղաքում և հարակից մեծ բնակավայրերում փնտրում-գտնում է աշխատանք, կառուցում նոր, բարեշեն տուն` փորձելով ամուր մնալ և տեր կանգնել իր հայրենի հողին:
Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ