«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՄԻ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՏՎԵՑԻՆՔ ՄԵԿ ԱՅԼ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԱՅԴ ԱՆՑՈՒՄԸ ՇԱՏ ԿՏՐՈՒԿ ԵՂԱՎ»

«ՄԻ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՏՎԵՑԻՆՔ ՄԵԿ ԱՅԼ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԱՅԴ ԱՆՑՈՒՄԸ ՇԱՏ ԿՏՐՈՒԿ ԵՂԱՎ»
08.06.2010 | 00:00

Տարիներ առաջ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ «Պատերազմի փոքրիկ իշխանը» պատմվածքը հաղթել էր ART of WAR ինտերնետային կայքում անցկացվող մրցույթում: ART of WAR ալմանախի առաջին համարում տպագրության իրավունք էր ստանալու ղարաբաղյան պատերազմի թեմայով միայն մեկ գործ, ընդ որում, խմբագրակազմի համար էական չէր` ինչ ազգի ներկայացուցիչ է այն գրել: Բարեբախտաբար, ներկայացվեց հայ հեղինակի աշխատանքը: Այն 1992-ի աշնանը Մարտակերտում տեղի ունեցած գողտրիկ ու սրտաշարժ պատմություն է, պատերազմի ու մարդկային հոգեբանության ինքնատիպ արտացոլում: «Գրական Վիեննա-2009» միջազգային ռուսալեզու գրական մրցույթում, ուր ներկայացված էր ռուսալեզու հեղինակների երկու հազար աշխատանք` քսանինը երկրներից, «Պատերազմի փոքրիկ իշխանը» հայտնվեց առաջին տասնյակում, արժանացավ հատուկ մրցանակի: Այնուհետև պաշտպանության նախարարության աջակցությամբ տպագրվեց «Nervus vivendi» փաստավավերագրական վիպակը: Արման Սաղաթելյանն իրեն գրող չի համարում, անկեղծորեն խոստովանում է, որ գրելը ծանր աշխատանք է, դրա փոխարեն կարող էր նկարել չորս-հինգ տեսաֆիլմ: Սակայն իր պարտքն է համարել փաստագրել անցած տասնամյակի կարևոր իրադարձությունները` որպես ականատես ու մասնակից: Նշենք, որ նա մասնակցել է մարտական գործողություններին, ռազմաճակատ է մեկնել 1992-ին, երբ դեռ 17 տարեկան էր:
-Ընթերցողին ծանո՞թ է Ձեր գիրքը, որքան ինձ հայտնի է, գրախանութներում այն չի վաճառվում:
-Գիրքը գրված է ռուսերեն և պետպատվերի շրջանակում հրատարակվել չէր կարող: Իսկ անձնական միջոցներով ես չէի ցանկանում հրատարակել, որովհետև ճիշտ չեմ համարում, երբ հեղինակն ինքն է տպագրում, գուցե, վերջում ինքն էլ կարդա՞: Այսինքն, եթե գրածդ արժեք չի ներկայացնում, տպագրելու հարկ չկա: Գրքի ճակատագիրը որոշվեց Վիեննայում, ուր մեկնել էի մրցանակաբաշխությանը մասնակցելու: Այնտեղ անսպասելի հանդիպեցի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որն առաջարկեց իր աջակցությունը գրքի հրատարակման գործում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Գիրքը վաճառվում է միայն բարեգործական նպատակներով, տրամադրվել է գրադարաններին, ուղարկվել է մի շարք երկրների հայկական ներկայացուցչություններ: Վաճառքից գոյացած հասույթը տրամադրվել է սահմանամերձ գոտու դպրոցներից մեկին:
-Պատերազմի թեմայով որակյալ գրականություն այսօր ստեղծվո՞ւմ է:
-Կան լավ հեղինակներ, որոնց պարզապես չեն ճանաչում: ՈՒզում եմ հրապարակային կոչ անել բոլորին, ովքեր ասելիք ունեն` իրենց տեսածը, վերապրածը հանձնել թղթին և պահպանել այդ ամենը հետագա սերունդների համար:
-Հնարավո՞ր է պատերազմի մասին գրել այնպես, ինչպես, ասենք, Ռեմարկը:
-Դժվար թե, բայց, միևնույն է, պետք է գրել: Մենք չենք կարող կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը, դա չի նշանակում, որ ընդհանրապես շենքեր չպիտի կառուցենք:
-Այսօր պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարը եթեր է հեռարձակվում առանց Արման Սաղաթելյանի: Ինչպե՞ս եք ապրում «առանց բանակի»:
-Դժվարությամբ, բայց ես հոգով միշտ զինված ուժերի հետ եմ, անկախ նրանից` որտեղ եմ աշխատում, ինչով եմ զբաղվում:
-Իսկ ինչո՞վ եք զբաղվում:
-Իրականացնում եմ մի շարք նախագծեր` հասարակայնության հետ կապերի, զանգվածային հաղորդակցության ոլորտում: Եգոր Գլումովի հետ հեղինակային հաղորդում եմ վարում «Ռադիո ՎԱՆ»-ի եթերում, դասավանդում եմ ռուս-հայկական համալսարանում և այլն:
-Մայիսի 8-ին Ադրբեջանում նշվել է Շուշիի օկուպացիայի օրը, ակցիայի մասնակիցներն այրել են Հայաստանի նախագահների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկարները` վանկարկելով «Մա՛հ Հայաստանին», «Պահանջում ենք նոր պատերազմ»: Ինչպե՞ս կբնութագրեք այս երևույթը:
-Յուրաքանչյուր երկիր ունի իր քաղաքականությունն ու քարոզչական մեթոդները: Հասկանալի է, որ մենք Շուշիի ազատագրումն ընկալում ենք որպես բարոյահոգեբանական և մարտավարական նշանակություն ունեցող կարևորագույն հաղթանակ: Նրանք այլ կերպ են դիտարկում, դա իրենց իրավունքն է, այն ժամանակ էլ էին այլ կերպ դիտարկում ու ռմբակոծում էին մեզ Շուշիից: Նկարներն այրելը և նմանատիպ այլ երևույթները վերջին տասնամյակում Ադրբեջանում ձևավորված հայաֆոբիայի դրսևորումներից են: Հասկանալի է, որ դա պատիվ չի բերում նրանց: Եթե Շուշին այդքան թանկ էր իրենց համար, թող այն ժամանակ պայքարեին, ինչո՞ւ զիջեցին: Որովհետև իրենցը չէր, ու, ի տարբերություն քաղաքական իշխանության, զինված ուժերի ստորաբաժանումներում շատերը դա հասկանում էին, այդ թվում` զինվորները: Այդ երկիրը բարոյական ռեսուրս չի ունեցել և այժմ էլ չունի, ատելության մթնոլորտի, սուտ հույսերի սերմանման, ագրեսիվ կեցվածքի կամ նմանատիպ քարոզչության միջոցով փորձում է ուղղակի պահպանել ներկայիս իշխանությունը: Սա ներքաղաքական խնդիր է, այս պատերազմում պարտությունը նրանց ամենաթանկ ձեռքբերումն է և լավ մեխանիզմ` իշխանությունը պահելու համար:
-Երբ ART of WAR-ի անդրանիկ տպագիր ալմանախում տպագրության իրավունք ստացավ Ձեր պատմվածքը, ասացիք, որ ադրբեջանցիները քարոզչության գործում անհամեմատ ակտիվ են: Ինչ-որ բան փոխվե՞լ է այս տարիների ընթացքում:
-Այսպես կոչված` ոչ ազգային տեղեկատվական դաշտում մեր ներկայացվածությունը հիմա ավելի բարձր է, քան տարիներ առաջ։ Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում` համապատասխան կառույցների մասնագետների, համայնքային կազմակերպությունների լավ աշխատանքով: Վերջերս տեղի ունեցավ «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի շնորհանդեսը, թարգմանությունների շնորհիվ հնարավորություն ունենք նաև մեր տեսակետը, մեզ մոտ եղած փաստագրական նյութերը ներկայացնելու աշխարհին, օրինակ, Սումգայիթի ջարդերի, Խոջալուի դեպքերի իրական պատմությունը: www.xocali.net կայքում վերլուծվում և ի հայտ են բերվում այն բոլոր կեղծիքները, որոնք ադրբեջանական կողմը կիրառում է քարոզչական պատերազմի ընթացքում: Կա դրական տեղաշարժ, բայց դա ամենօրյա աշխատանք է, մեկ կամ մի քանի ակցիաներով լուծելի հարց չէ: Մեր հասարակության մեջ կարծրատիպ կա, որ քարոզչությունը լինում է միայն ընտրությունից ընտրություն` չորս տարին մեկ: Լավ չէ, որ մեր քաղաքական դաշտում այդպես է: Այս ոլորտում, առավել ևս, նման բան անցանկալի է: Ամենօրյա աշխատանք է պահանջվում ոչ միայն պետական կառույցներից, այլև հասարակական կազմակերպություններից, առանձին ոլորտներում մասնագիտացած փորձագետներից, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից և այլն: Մեր հարևանները բավականին ագրեսիվ են, ակտիվ, ունեն զարգացած ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են իրենց քարոզչական գործընթացները: Մենք պետք է ավելի լուրջ մոտենանք այս խնդրին:
-Պատերազմն այլակերպո՞ւմ է մարդուն: Ազատամարտիկներից շատերը, մի տեսակ, օտարվել են կյանքից, հասարակությունից:
-Սթրեսային իրավիճակները, առավելապես պատերազմը, իրենց հետքը թողնում են յուրաքանչյուրի վրա: Պատերազմի հիմնական հարվածն իր վրա ընդունեց այն սերունդը, որի ներկայացուցիչները քիչ թե շատ կայացած էին, ունեին մասնագիտություն, աշխատանք, ընտանիք: Պատերազմը «սեպ խրեց» այդ մարդկանց կյանքում, շատերը պատերազմից հետո չկարողացան կամ չցանկացան մնալ արդեն կայացած, կանոնավոր բանակում: Դրա հետ մեկտեղ, չկարողացան կամ չհասցրին վերադառնալ իրենց քաղաքացիական մասնագիտությանը և մնացին անորոշ, անհասկանալի իրավիճակում: Կարծում եմ` սա շատ լուրջ սոցիալական խնդիր է: Ցանկացած պատերազմ հետք է թողնում, կա աֆղանական, չեչենական, վիետնամական սինդրոմ: Արցախը բացառություն չէ:
-Կարո՞ղ ենք ասել, որ մերօրյա ազատամարտիկները գնահատվում են ըստ արժանվույն:
-Հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ, մայրաքաղաքը մինչ օրս հստակ չի գիտակցում` ի՞նչ եղավ, ինչ էր այնտեղ կատարվում, ի՞նչ բան է պատերազմը, ի՞նչ է նշանակում ռմբակոծությունների տակ երեխային գրկած նկուղ վազելը: Երևանը երբեք դա չի տեսել, երեսառած քաղաք է:
-Բայց զոհեր է տեսել:
-Համեմատելի չէ… Որոշ հետազոտությունների համաձայն, ինչքան հեռանում ես մայրաքաղաքից դեպի սահմանամերձ գոտիներ և Արցախ, այնքան փոխվում է հասարակության ընկալումը զինվորական համազգեստով մարդու հանդեպ, բարձրանում է վերջինիս վարկանիշը: Եվ հակառակը, դեպի կենտրոն վարկանիշը նվազում է, առաջին պլան են մղվում բոլորովին այլ արժեքներ` իշխանություն, փող: Տասնամյակներ են անհրաժեշտ, որ հանրությունը, ի վերջո, ընկալի այն մեծ գինը, որ վճարվել է այսօրվա խաղաղության համար: Առայժմ այդ ընկալումը ամբողջական չէ:
-«Ինչ ես դու արել քո երկրի համար». լավ հարցադրում է` ուղղված այն մարդկանց, ովքեր բողոքում են երկրից: Բայց որքան էլ մեղադրենք նրանց, հավանաբար, կան պատճառներ, որ մարդիկ իրենց չեն զգում այս երկրի տերը, խռովում են, կամ «բախտ որոնում» դրսում:
-Այս հարցի վերաբերյալ ավելի ծավալուն մեկնաբանություն կտան սոցիոլոգները: Իմ դիտարկմամբ` զարգացած երկրներում բնակվող մեր հայրենակիցները շատ կարգապահ են, օրենքը հարգող, այսինքն, անմիջապես ընդունում են այդ հասարակության «խաղի կանոնները»: Մենք հոգեբանական խնդիր ունենք, ինչը պայմանավորված է մեր հասարակության մեջ արմատացած սպառողական մտածելակերպով։ Ինչ-որ բան անելիս մշտապես առաջնորդվում ենք նյութական չափանիշներով` «իմ օգուտը», «իմ շահը»։ Առանց բարոյական արժեքների, սպառողական վերաբերմունքն ունենալով իբրև հիմնական շարժիչ ուժ, հասկանալի չէ` ուր կհասնի մեր հասարակությունը: Խորհրդային համակարգում մարդու կյանքը, ինքնությունն արժեք չէին ներկայացնում: Մի ծայրահեղությունից նետվեցինք մեկ այլ ծայրահեղություն, և այդ անցումը շատ կտրուկ եղավ: Մենք ոսկե միջինից այն կողմ ենք անցել: Սա է խնդիրը: Հեղաշրջում միանգամից դեպի էգոցենտրիզմ, սպառողականություն: Չեմ ասում, թե մարդն օդով, կարգախոսներով պետք է սնվի ու դրանով երջանիկ լինի: Բալանս է պետք, ինչը և մեզ մոտ խախտված է:
-Ի՞նչ կասեք օտարալեզու հանրակրթական դպրոցներ, այսպես կոչված «էլիտար դպրոցներ» ունենալու հեռանկարի մասին:
-Կա վարկաբեկված բառերի շարք` էլիտար, vip, արտառոց, էքսկլյուզիվ, որ տեղին չի կիրառվում: Կրթական հաստատությունները պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա և ապահովեն լիարժեք կրթություն: Եթե ծնողն ուզում է, որ երեխան ունենա գեղագիտական բարձր ճաշակ կամ լատիներենի լիարժեք իմացություն, պետք է ունենա ընտրության հնարավորություն: Իմ երեխան չի հաճախում պետական դպրոց, դա իմ ընտրությունն է: Դասակարգումն է վիրավորական: Ես նույնպես ժամանակին սովորել եմ, այսպես կոչված, էլիտար դպրոցում: Ես սիրում եմ իմ դպրոցը, բայց ո՛չ այն պատճառով, որ Պուշկինի անվան դպրոցն է, այլ որովհետև այդ դպրոցում սովորած մարդիկ լուրջ ձեռքբերումներ են ունեցել, ինչով և բարձրացրել են դպրոցի համբավը:
-Այնուամենայնիվ, դասակարգումն առկա էր։
-Այն ժամանակ և հիմա «էլիտա» ասվածը նույն հասկացությունը չէ: Եթե նախկինում, էլիտա ասելով, նկատի ունեինք գիտական, մշակութային ոլորտի մարդկանց, ապա այսօր պատկերը բոլորովին այլ է: Էլիտա կոչվածը շատ դեպքերում հեռու է բարձր, մտավոր և հոգևոր արժեքներից: Մտավորականությունն այսօր չի կատարում իրականության գնահատման, ուղեցույցի, առաջնորդի իր դերը:
-«Ես կոսմոպոլիտ եմ» ասողներին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Վատ եմ վերաբերվում: Ես, ընդհանրապես, «կոսմոպոլիտ» բառը չեմ ընկալում որպես երևույթ:
-Վաղվա օրն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Տեսականորեն մենք ունենք և՛ ապագա, և՛ ձեռքբերումներ, և՛ ճանապարհ, խնդիրն այն է, թե ո՛ր դուռը կբացենք, ո՛ր ուղղությամբ կշարժվենք:
-Ի՞նչ կասեք մեր այսօրվա հեռուստատեսության մասին:
-Ես այդ ոլորտում այժմ չեմ աշխատում, թեև 19 տարի առնչվել եմ դրա հետ, ինչը քիչ ժամանակահատված չէ` իմ կյանքի կեսից ավելին: Այս պահին անելիքս չեմ տեսնում հեռուստատեսությունում: Միշտ այդպես չի լինելու, բայց այսօր ես չեմ կարող բավարարել հեռուստաշուկայի պահանջարկը, այն, ինչ ես եմ կարողանում անել, կարծես, որևէ մեկին պետք չէ: Ինձ «հեռուստատեսային մարդ» չեմ համարում, ես չեմ կարող մի հեռուստաալիքից մյուսն անցել, թեև դա պրոֆեսիոնալ մոտեցում եմ համարում կոլեգաներիս կողմից: Վարկանիշը նույնպես ինձ համար էական չէ, քանակը շուկայական կատեգորիա է, որակը` բարոյական։ Ինձ հետաքրքրում է վերջինը:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ