ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«ԳՐՈՂԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ո՛Չ ԹԵՄԱՆԵՐԻ, ԵՎ Ո՛Չ ԷԼ ԽՈՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԱՅԼ ԼԵԶՎԻ ՀԵՏ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԻՐ ՎԱՐՔՈՒՄ»

«ԳՐՈՂԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ո՛Չ ԹԵՄԱՆԵՐԻ, ԵՎ Ո՛Չ ԷԼ ԽՈՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԱՅԼ ԼԵԶՎԻ ՀԵՏ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԻՐ ՎԱՐՔՈՒՄ»
01.11.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի նորաբաց` «Հասարակած» խորագրի անդրանիկ հյուրն է բանաստեղծ և թարգմանիչ, «Նարցիս» գրական-մշակութային ամսագրի փոխխմբագիր ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ
-Մուտքդ գրական աշխարհ։ Մտորումներդ, տագնապներդ և հույսերդ։
-Ի սկզբանե Գիրքն էր: Հետո կյանքն էր կանչում: Գրում էի ու էլի փողոցների մագնիսը… ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ ընդունվեցի Վազգեն Գևորգյանի հոգածու դրդմամբ: Ինչ-որ տեղ նախախնամության մատը խառն էր: Ծառայում էի հայկական սահմանամերձ գյուղերից մեկում: Զինընկերս` Ասքանազը, 3-րդ մասից էր, ու մի օր հրավիրեց մի կտոր հացի` ծնողների, հորեղբոր այցի առիթով: Այդտեղ իմացա, որ հորեղբայրը Վազգեն Գևորգյանն է` գրաբարագետը, Նարեկացու թարգմանիչը, լերմոնտովապաշտը, այն օրերից մինչև օրս ինձ համար առաքինության տիպար: Պատմեցի, որ ծառայությունից առաջ ուսանել եմ պոլիտեխնիկում, հիասթափվել ընտրությունիցս ու չեմ սովորել: Ասացի նաև, որ զորացրվելուց հետո գործերս հանձնելու եմ բժշկական ինստիտուտ: Զուր է, ասաց, բժշկականն էլ կլքես, դիմիր բանասիրական: Այդ զրույցը Հայկավան գյուղում տեղակայված զորամասին մոտ տներից մեկում վճռորոշ եղավ: Ավարտեցի բանասիրականը, սակայն չգրեցի: Վիրավորված էի խմբագրական սուտասելուկից: Ցավը չքչփորեմ… Անցած է: Իսկ 1988-ին պոռթկացի, այլևս անկարող էի լռել: 1989-ին լույս տեսավ իմ առաջին` «Խառնարան» ժողովածուն: Իմ մուտքը ռադիոյով ողջունեց Արտեմ Հարությունյանը… 3000 օրինակից մեկ օրինակ չմնաց: Առհասարակ զարմանալի երևույթ էր Վազգեն Գևորգյանը, Նարեկացուց զատ, խորապես գիտեր Թումանյան, քաջատեղյակ էր հնդկական փիլիսոփայական ուսմունքներին: Տարիներ անց` 1992-ին, մեր մի քանի զրույցներում պարզ դարձավ, թե խորքային ինչպիսի ընդհանրություններ էր նա տեսնում հնդիկ փիլիսոփաների և Թումանյանի պոեզիայի միջև: Նա սիրով էր զրուցում ինձ հետ:
-Մշտական հարցերից մեկը` գրողի և հասարակության, գրողի և պետության փոխառնչությունները մեր հեղհեղուկ իրականությունում։
-Գործունեությունս «Նարցիս»-ում, գրական հոսքին ծանոթ լինելս թույլ են տալիս վստահեցնել` մեր գրականության մեջ մե՛ր հասարակությունն է, յուրաքանչյուր ճշմարիտ գրողի մոտ` յուրովի: Եթե գաղափարախոսական բաց ջիղն ենք ուզում տեսնել, դա գրական այլ ժանր է` հրապարակախոսություն: Արձակի կամ պոեզիայի էջերում հենց կյանքն է, որ կա, փնտրելու հարկ չկա: Միայն թե փորձենք ենթատեքստերն ընթերցել: Անկասկած, գրողը միջանկյալ մի դիրքում է պետության և հասարակության կյանքում: Այս հարցին, որպես պատասխան, «Նարցիս»-ի 1-ին համարի համար թարգմանեցի մեքսիկացի Օկտավիո Պասի «Պոեզիան պետության և հասարակության միջև» էսսեն: Սա մի յուրօրինակ դիտանկյուն է և կարող է կողմնորոշել շատերին:
Առհասարակ դեմ եմ նույնականությանը, հանրային կյանքի հայելային պատճենմանը, թեև փաստագրական լավ գրքեր ընթերցում եմ: Եթե ճշմարիտ է գրողը, աշխարհայացք ունի, արածի խորությունն ակամա կարտացոլվի նրա էջերում:
-Ե՞րբ ես գրում, ինչպե՞ս և, առհասարակ, ի՞նչ է քեզ համար մաքուր, ճերմակ էջը։
-Գրելու պահին չեմ մտածում, թե ինչ եմ գրելու և ինչպես: Ապրումն է ինձ վարում: Սա կոչենք թերևս ներաշխարհի գրականություն: Ես ներաշխարհի գրող եմ: Էջը արտասովոր հատկություն ունի, անմիջապես մատնում է` ապրվա՞ծ է, թե՞ ոչ: Այսպես են տարբերվում գրողն ու գրամոլը, նկարիչն ու նկարողը:
Էջը` ճերմակ ու մաքրամաքուր, անակնկալ է, անակնկալ են բառը, հանգը, ռիթմը, գյուտն ու հայտնագործությունը: Եվ եթե վաղօրոք գիտեմ գրելիքս, հեռանում եմ թղթից, ծանոթ շավիղ չեմ ուզում մտնել: Եվ երբ արարումն ավարտվում է, թվում է, սպառված ես, անօգնական, երկյուղած` մի նոր էջի դիմաց: Ոգեշնչումն ամենօրյա վիճակ չէ: Եվ փա՜ռք Աստծո:
***
Այն բոցը, որն ինձ այրում է
ՈՒ պարում,
Մտել մի ուրիշ բոցի մեջ,
Եվ ժամանակն է դադարում:

Անցյալը բախում է հանց ներկան,
Ներկան սուզվում է,
Ինչպես ծովի մեջ ձկնորսական ուռկան:-
Ես կա՞մ, թե՞ չկամ, ես կա՞մ, թե՞ չկամ…

***

-Վերջերս Անկախության զորահանդեսն էր։ Բազում հանդեսների համատեքստում ի՞նչ էր այն, ինչպե՞ս ընկալվեց։
-Ես հայ եմ, մշեցու թոռ, և բանակն իմ երկրի պաշտպանական համակարգի զորության պատկերն է: 1915-ին, եթե գոնե ինքնավարություն ունենայինք, այդչափ կորուստ չէինք տա: Այս տարվա մայիսին Արևմտյան Հայաստանում եղած ժամանակ կորուստի մասշտաբներն ապրեցի հիվանդագին, ցնցումով, որը զգոնության ինձ կոչեց առմիշտ: Զորահանդեսը հպարտության զգացումով համակեց, հուզվել էի:
-Պետական շինարարության ձախողումները հաճախ են հիմնավորում պետության նորելուկությամբ, սակայն սա չի՞ տանում արդյոք խնդրի կոծկմանը։
-Պետական շինարարության համար, նկատի առնելով այլ երկրների փորձը, շատ քիչ է: Սա պատանեկան տարիք է: ՈՒ չնայած երեկվա ու այսօրվա զրկանքներին, անարդարություններին և անգամ ձախորդ ու անբարո երևույթներին, ես խաղաղ եմ իմ հոգում, քանզի պետական ամբողջականության մեջ եմ, հայոց պետության մաս: Տարանջատում գոյություն ունի, համամիտ եմ: Ինչի արդյունքում նույնիսկ տաղանդավոր մարդուն կարող ես տեսնել անհուսորեն անմխիթար վիճակում: Այնինչ, տաղանդավորը պետք է իր երկրում իրեն շատ պինդ զգա: Ինչն է զարմանալի. մենք կարծես հետևողականորեն դանդաղում ենք հաղթահարել մեր մանկական հիվանդությունները, քսանամյա հասակում տառապում ենք կարմրուկով: Մասնավորապես` հեռուստաընկերությունները. շատ են արագախոս, մեգապոլիսների ռիթմով, հպանցիկ թռչկոտում են անգամ էական խնդիրների վրայով: Մարդը չկա, չի՜ երևում «սովորական» մարդը:
-Մեր երկրում թև առած անեզր ազատությունը հաճախ պատուհասում է իրական արժեքները։ Հատկապես անտանելի է սա տանել մշակույթում և արվեստում։
-Ժամանակին գրել եմ` «և ազատությունն այս անառակ»: Ազնվությունը պակասում է, վերահսկողության անհրաժեշտություն կա: Եվ չի կարելի ամեն պատեհ բան որակել որպես արվեստ, գրականություն և այլն: Բուտաֆորի են վերածվում չափանիշները, այնինչ տաղանդավոր մարդիկ մատի կամ գավազանի ցուցումով չեն ծնվում: Անգամ մարգարեները, որ թագավորի և սրբերի ծնունդն են կանխատեսել, չեն գուշակել քանքարավոր արվեստագետի ծնունդը: Անքննելի են Աստծո ճանապարհները, և արվեստն այդ ճանապարհներից մեկն է: Մենք ունենք ընթացիկ գրականություն և գրականություն, որը համապատասխանում է գեղարվեստական բարձր չափանիշներին: Խոսքս նաև արվեստին է վերաբերում: Այլ հարց է, թե ում և ինչպես ենք ներկայացնում` մեզ, թե օտարներին: Մեր հոգեկերտվածքը պայմանավորված է նաև այսօրվա ստեղծածով: Տեսնե՛նք լավագույնը և օտարահաճ չլինենք: Մեր տունը հյուրընկալ է, բայց դե հյուրանոց չէ: Նախ երևանցին պիտի իր բնակավայրով հիանա: Միջավայրը որքան մաքուր ու գեղեցիկ է, մարդն այդքան բարի է և հանդուրժող… Մի խոսքով` խառնաշփոթի զգացողություն ունեմ: Երբ դիտում եմ ռուսական «Կուլտուրա» ալիքը, տեսնում եմ, որ ռուսների մոտ խնդիր է դրված հիմնավորապես ազգը կրթելու: Մեր ԶԼՄ-ները նման խնդիր չունեն: Անհատին կրթելու, բարձրացնելու, արժևորելու խնդիր: Մեր մեծերը հեռանում են, մարդիկ դեմքով իսկ նրանց չեն ճանաչում: Չեսլավ Միլոշն իր կյանքի մայրամուտին սեփական հոնորարներով մրցանակային մի հիմնադրամ ստեղծեց և հայտարարեց հայրենագիտական պատմվածքի ու բանաստեղծության մրցույթ: Մրցույթ` պատանիների և երիտասարդների շրջանում: Իսկ Միլոշը արդիականության խոշոր բանաստեղծներից մեկն էր, Միցկևիչի իսկական ժառանգը և պահապանն իր լեհերենի:
-Հայ գրականությունն իր հերոսներով, իր հարցապնդումներով և կենսադաշտով կարծես սարսափում է հեռանալ մայրաքաղաքից։ Այդպե՞ս է։
-Այսուհանդերձ, հայ գրականությունը զորացնո՛ւմ են բնաշխարհի ծնունդ գրողները, լեզվական պինդ բնահողով` Լոռվա, Շիրակի, Զանգեզուրի, Արարատի, Սևանի մարդիկ։ Շինծու գյուղագրությունը նկատի չունեմ: Երևանում ծնված պոետն ու նկարիչը տարբերվում են: Սակայն հայրենի բնաշխարհը մեր կեցության ափեզրն է, ավանդույթների գանձարանը, և մեր դիտակետը սահմանափակվում է զուտ Երևանի կենտրոնով: Եվ ակամա հանգում ենք սոցիալական խմորումների միայն հայելային անդրադարձին: Երևանը նաև արվարձաններն են, այնտեղի եռքն է, կենսապատումները:
-Ի՞նչ է սպասում «Նարցիսի» ընթերցողին տեսանելի ապագայում։ Նկատի ունեմ այն հանգամանքը, որ «Նարցիսը» հետևողականորեն գրական թարմ օդի պատուհաններ է բացել և մեզ է ներկայացնում համաշխարհային և հայ գրականության ընտիր էջեր։
-Շուտով «Էդիթ պրինտ» հրատարակչությունը լույս կընծայի մեր ամսագրում տպագրված պատմվածքների ընտրանին: Այն կներկայացնի երեք սերնդի հայ գրողների, նրանց հայացքները` հանդեպ ժամանակն ու նրա հոլովույթում ապրող մարդը:
-Առհասարակ, շատ գրական-իրական արժեքներ այսօր էլ անհաս են ընթերցողական լայն զանգվածներին, մասնավորապես, «սովետական գրականության վերջին հանճար» Սերգեյ Դովլաթովը։ Ո՞վ էր նա։
-Հիանալի անհատ` մոլոր, ըմբոստ, հանելուկային, նուրբ ու պոռթկուն: Հրաշալի պատմող էր և նկարագրող: Դովլաթովի կենսազգացողությունը շատ յուրօրինակ է, զգալի են նաև հայկական արյան կենսառիթմերը: Ներսես Աթաբեկյանն ու Լեոնիդ Զիլֆուգարյանը նրան հիանալի են թարգմանել հայերեն:
-Բայց ոչ միայն նա. մեր կողքին դեռ երեկ ապրող գրական ուրույն կերպարներ ունեինք, ոչ հանրածանոթ: Երկու անուն միայն նշեմ, բանաստեղծ Արմեն Մարտիրոսյան, արձակագիր Ռաֆայել Նահապետյան:
-Տաղանդավոր մարդկանց մասին է խոսքդ, որոնց հետ պատիվ եմ ունեցել ընկեր լինելու:
Երևանի «անհրապույր» արվարձանները, մարդուն, կյանքն իր անցողիկ ու հավերժական խնդիրներով Ռաֆայել Նահապետյանը ոգևորեց իր պատմվածքներում և վիպակներում, գրաֆիկական կերտմամբ, միստիֆիկացիաներով: Նա մահացավ Էջմիածնի գյուղերից մեկում, իր տանը, մենակ և օտարված:
Արմենը ուղնուծուծով մեր մշակույթի արդյունքն է, մեր միջնադարի գիտակն ու կրողը: Գուցե և իմ ճանաչած վերջին առաքելական պոետը: Մեր եկեղեցու պարգևին, կարծում եմ, նա արժանի էր ողջության օրոք: Ցավոք, արդեն ուշ է: Նրան նվիրած իմ բանաստեղծությունն աղոթք էր, որ նա հոգեվարքից դուրս գար. աղոթք առ Աստված: Նաև ողորմի՜ տանք բնիկ երևանցի բանաստեղծ Գագիկ Սահինյանին: Նրանց ստեղծագործությունները դեռ կբացահայտվեն ապագայում:
-Տարիներ առաջ թարգմանեցիր Բրոդսկի ու այլևս չանդրադարձար։ Ո՞վ էր նա։
-Ապրումի հոգեհարազատ մի ելևէջ ժամանակի ինչ-որ պահի քեզ ընկերակցում է, նրա հետ հայտնվում ես պոետիկ հավասարակշռության մեջ և ահա հենց նրան ու հենց այդ պահին պետք է թարգմանես: Այդ տարիներին մեզանում ուժգին էր նաև նահանջի ապրումը: Բրոդսկին տեսնում էր կայսրության քայքայումը, կրում էր այն որպես կյանք: Նա` երդվյալ այլախոհն ու ընդվզողը, ծանր էր տանում իմպերիայի փլուզումը: Եվ առհասարակ ներկա քաղաքակրթության նևրոզի թավջութակն է նա: Խոստովանեմ` ինձ բուժում են քրիստոնեական հոգևոր երաժշտությունը և հայ միջնադարյան պոեզիան:
-Գրողը նաև հանրային կյանքում մարդկային արժեհամակարգի բարձր աստիճանի չափանիշ է։ Սակայն մի բան է հասարակության պատկերացումը, երբեմն բոլորովին այլ բան` իրականությունը։
-Քանի որ հիշատակեցի Օկտավիո Պասին, նրա աֆորիզմով էլ եզրափակենք. «Գրողի բարոյականությունը ոչ թեմաների և ոչ էլ խոհականության մեջ է, այլ լեզվի հետ դեմ առ դեմ իր վարքում»:
Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ