-Դուք առաջադրված եք Ռուբեն Հայրապետյանի «տարածք» համարվող թիվ 1 ընտրատարածքում: Դժվար չէ՞ նրա հետ պայքարելը:
-Պայքարը հեշտ չի լինելու, որովհետև մենք, որպես թեկնածուներ, տարբեր հարթության մեջ ենք: Այս տարիներին ժողովուրդը տեսել է և՛ իմ պատգամավորական գործունեությունը, և՛ մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում իմ ու իմ գործընկերների աշխատանքը: Թիվ 1 ընտրատարածքի բոլոր հատվածներն ուրախ են տեսնելու իմ թեկնածությունն ու պատրաստ են ինձ ձայն տալու, քանի որ այս իշխանություններին այլընտրանք են համարում: Իմ գործընկերների հետ մենք փոխեցինք պատգամավորի մասին պատկերացումը, որը չի շրջում «ախրանաներով», զբաղված է օրենսդրական գործունեությամբ, հասանելի է ցանկացած անհատի: Իմ գրավականը նաև այն է, որ ես փող չեմ բաժանում:
-Ի դեպ, այս առումով էլ իշխանական թեկնածուի հետ անհավասար պայմաններում եք:
-Պայքարն արդեն իսկ անհավասար է, քանի որ, ինչպես բոլոր ընտրատարածքներում, այստեղ էլ ընտրական խախտումներ արձանագրվել են: Այդպիսի անհավասարություն եղել է միշտ: Սակայն սա չի նշանակում, որ վարչական և ֆինանսական ռեսուրսներ չունեցող թեկնածուն չի հաղթում: Մեր իրականության մեջ այդպիսի օրինակներ կան: Ճիշտ աշխատելու պարագայում հաղթանակն ապահովված է:
-Ինչի՞ց է սնուցվում այդ լավատեսությունը:
-Չեմ կարծում, թե թիվ 1 ընտրատարածքում ընտրությունը կլինի այնպես, ինչպես նախկինում: Փոխվել է շատ բան: ՀՀԿ-ն և «Ժառանգությունը» եվրոպական նույն ընտանիքի անդամ են, ու ՀՀԿ-ի բարձրագույն ղեկավարությունը հրաշալի գիտակցում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն այս, այլև մյուս ընտրատարածքներում «Ժառանգության» անդամների, ընդհանրապես ժողովրդի քվեի դեմ ոտնձգությունը: ՈՒզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանից սկսած, վերջացրած ՀՀԿ-ական թեկնածուով, գիտակցում են, որ այս ընտրությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են:
-Այլ խոսքով, հավատա՞նք, որ ՀՀԿ-ն փոխվել է:
-Անկեղծ ասած, եթե չլինեին այս հանգամանքները, չէի հավատա, բայց այս պահին ցանկանում եմ հավատալ, որ նրանք միջազգային հնչեղության առումով գիտակցում են ցանկացած միջադեպի վտանգավորությունը: Խորհուրդ կտայի որևէ ավելորդ քայլ չանել, որևէ կերպ չսահմանափակել ընտրարշավի մասնակիցների հնարավորությունները:
-Ձեր ընտրատարածքում առաջադրվել է նաև ընդդիմության մյուս թևի թեկնածուն: Պայքարի թիրախը Ձեզ համար հիմնականում ո՞վ է լինելու:
-Ես ու իմ թիմը պայքարի թիրախ երբեք չենք դարձնելու անձը: Պայքարելու ենք իշխանության քաղաքականության դեմ, ոչ թե Ռուբեն Հայրապետյանի: Կոնֆլիկտը պետք է լինի ոչ թե իմ, Ռուբեն Հայրապետյանի կամ Գայանե Առուստամյանի, այլ ներկայացված գաղափարների ու մոտեցումների միջև: Այս պարագայում ինձ համար ոչ մեկը չի կարող թիրախ համարվել: Բոլորին հաջողություն եմ մաղթում ու ցանկանում եմ, որ մրցակցության մեջ պահպանեն բարեկրթության նորմերը:
-Ըստ որոշ տեղեկությունների, ներքին հարցումներ են անցկացվել, և պարզվել է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» խորհրդարան անցնելու հավասար հնարավորություններ ունեն:
-Մենք մեր ներքին հարցումներն ենք անցկացրել, որոնք շատ ավելի վաղ վկայում էին «Ժառանգության» մեծ հնարավորությունների մասին: Թվեր չհրապարակեմ, որովհետև պատվիրատուն մենք ենք եղել: Քարոզարշավի մեկնարկից հետո՝ այս մի քանի օրերին, ակնհայտ դարձավ նաև, որ չափազանց մեծ է «Ժառանգության» նկատմամբ հետաքրքրությունը, և հաջողված է գնահատվում մեր քարոզարշավի մեկնարկը: Մնացածը մեր ձեռքերում է, ունենք շատ հետաքրքիր, օրիգինալ նախընտրական ծրագիր, որն առաջիկայում ներկայացվելու է հանրությանը: ՈՒնենք կարճ, բայց չափազանց հարուստ կենսագրություն, կենսունակ ծրագրեր, որոնք այլընտրանք են քաղաքական դաշտում։ ՈՒնենք մոբիլ թիմ, որը լի է էնտուզիազմով, աշխատում է «Ժառանգության» գաղափարներին նվիրված: Իսկ սա արդեն հաղթանակի լուրջ գրավական է:
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ