Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ»

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ»
28.02.2012 | 00:00

Այս հրապարակման առիթը գեղանկարիչ, ՀՆՄ քարտուղար և Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻ թեմատիկ մեծածավալ աշխատանքներն էին։ Աշխատանքներ, որոնք եզակի են մեր օրերում։ Եվ, անշուշտ, արժե նրանց անդրադառնալ։
-«Մեր անուշ Հայաստանի կենացը, տղերք» կտավը միարժեք չընդունվեց։ Եղան և քննադատներ, և համակիրներ։ Մի բան, որ շատ է ընդունված արվեստում, երբ գործը անսպասելի է։
-2009-ին նկարեցի դա, Սարյանի բնապատկերների վրա պատկերելով մեր չորս մեծերին կամ, ավելի ճշգրիտ, մեր երևելիներից չորսին` Կոմիտաս, Թումանյան, Իսահակյան, Սարյան։ Նրանք մի թաս գինի են խմում, մեր անուշ Հայաստանի կենացը։ Այն ներբող է ազգային միասնությանը, առ Հայաստան։ Առ Հայաստան, որն անուշ է, ինչպես ոչ մի այլ բան։ Բայց այս կտավը շարունակության մի օղակն էր, քանի որ արդեն նկարել էի «20-րդ դար. Հայաստան»-ը քիչ արխայիկ թերևս, սակայն անպատճառ որոշակիորեն գաղափարականացված. ինչ տեսավ Հայաստանը 20-րդ դարում` ցեղասպանություն, Մեծ հայրենական, բուռն շինարարություն կյանքի անխտիր բոլոր բնագավառներում և անկախացում։ ՈՒ այս ամենը կերպարների միջոցով, առանց որևէ ատրիբուտի կամ խորհրդանշանի գործածման։
-Հաջորդ կտավում արդեն ավելի բազմաքանակ են կերպարները։ Մտահղացո՞ւմը...
-Ինչ-որ անհանգստացնող ապրումներ ունեի, ավարտելու, ամբողջացնելու շարքը։ Վերջին կտավի անունը շատ բան է հուշում. «Հայաստանը ես եմ»։ Այստեղ, արևոտ մի այգում են մեր երևելիները, որոնք այս կամ այն չափով և տարբեր ժամանակներում ու իրավիճակներում կերտել են մեր օրերի Հայաստանը, անկախ Երկիր Նաիրին։
-Այս մեծածավալ կտավում 69 կերպար է, ինչ-որ խորհուրդ կա՞։
-Խորհուրդը` միահամուռությունը, բռունցքվելու անփոխարինելի անհրաժեշտությունը։ Այստեղ Նալբանդյանն է` պատմականորեն ամենից տարեցը, ամենաերիտասարդները, դարձյալ պատմականորեն, Արցախի հերոսամարտի և երրորդ հանրապետության կայացման առաջամարտիկներն են։ Ինչ վերաբերում է 69-ին, դա զուտ պատահականություն է, փորձել եմ նկարում ընդգրկել ամենից նշանակալից դերակատարում ունեցողներին, այստեղ մշակույթի, գիտության, արվեստի և ռազմական արվեստի առաջապահներն են։ Չեմ պատկերել քաղաքական դեմքերին, սա էլ իր խորհուրդն ունի։ Մեկ բացառությամբ. այստեղ է հայ ժողովրդի պանծալի զավակ, կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը։ Նրան տեսել եմ որպես զինվորի ու զորավարի։
-Արձագանքն այս վերջին կտավին` նկարիչների կողմից։
-Եվ սպասելի էր արձագանքը, և անսպասելի։ Շատերը գնահատեցին, ոմանք, այսպես ասած, «լռության դավադրություն» հայտարարեցին։ Սա բնական բան է, ի վերջո արվեստում, մասնավորապես` կերպարվեստում, միարժեք չի գնահատվում որևէ ստեղծագործություն, անգամ հանճարների արարումները։ Եվ, անկեղծ ասած, դժբախտ է այն նկարիչը, ում գործերը միարժեքորեն փառաբանված են։
-Բարի, բայց անդրադառնանք մեկ այլ, մեր օրերի համար չափազանց կարևոր խնդրի։ Նկարիչը որևէ նշանակալից գործ է ավարտին հասցնում, ցուցադրում այն` ներկայացնելով արվեստասեր հանրությանն ու արվեստաբաններին։ Հետո կտավն ու քանդակը հանգրվանում են արվեստանոցում։
-Ես կցանկանայի, որ այն, ինչպես նմանօրինակ շատ այլ աշխատանքներ, գնեին պետական ատյանները։ Եվ ներկայացվեր հանրության ուշադրությանն ու դատին ամենատարբեր պետական ատյաններում, թանգարաններում և այլուր։ Ինչպես արվում էր խորհրդային տարիներին։ Ես այսօր անգամ պատրաստ եմ «Հայաստանը ես եմ» կտավը նվիրելու` նախագահական նստավայրում, ԱԺ-ում կամ այլ բարձր պաշտոնավայրերում մշտապես ցուցադրելու համար։
Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ