«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՄԵԶ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ»

«ՄԵԶ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ»
22.10.2010 | 00:00

«Միջազգային հարաբերություններում, մասնավորապես, դիվանագիտական պրակտիկայում գոյություն ունի հնուց եկող չգրված օրենք. երբեք կուլ չտալ այն դառը հաբը, որը պարունակում է պետությանդ հեղինակությունն ու արժանապատվությունը վիրավորող փոքր ակնարկ անգամ: Կարևոր չէ, թե որտեղից և ումից է գալիս այդ վիրավորանքը` մե՞ծ, թե՞ փոքր պետությունից, դաշնակցի՞ց, թշնամո՞ւց, թե՞ չեզոք հարևանից: Դա առաջին հերթին քո պետության, քո տիրույթի նկատմամբ հարգանքի և ակնածանքի կրեդոն է, քո դիվանագիտության անկախության և հաջողության կարևոր գրավականներից մեկը: Հարգիր ինքդ քեզ, որ քեզ հարգեն»,- «Դիվանագիտություն» գրքում այսպես է գրում հեղինակը՝ նախկին փոխարտգործնախարար, մի քանի երկրներում դեսպանի աշխատանք իրականացրած ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, ով դիվանագիտությունը փորձել է դիտարկել նաև հոգեբանական տեսանկյունից, իսկ թե ինչո՞ւ, մեզ հետ զրույցում պարզաբանեց պարոն Նավասարդյանը:
-Միշտ հետաքրքրվել եմ հոգեբանությամբ,- զրույցն այսպես սկսեց նախկին դեսպանը։- Երբ 60-ականներին ի հայտ եկավ ֆրոյդիզմը, ես սկսեցի կարդալ ինչ ձեռքս ընկնում էր։ Հետո գնացի Մոսկվա սովորելու, դարձա դիվանագետ, սակայն չդադարեցի հոգեբանական գրքեր ընթերցել: Հասկացա, որ բոլոր գիտությունների հետ հոգեբանությունը սահմանակցական կապ ունի և, ըստ այդմ, ուսումնասիրված է այդ գիտության հոգեբանական կողմը, բայց դիվանագիտական հոգեբանություն չկա: Սակայն վերցնել ամբողջ դիվանագիտության հոգեբանական ասպեկտը` ահռելի ծավալուն աշխատանք է, մեկ մարդու ուժերից վեր գործ է: Դիտարկել եմ դիվանագիտության մեկ ճյուղը՝ դիվանագիտական զրույցը, որը հիմքերի հիմքն է: Իզուր չեն ասում՝ չկա զրույց, չկա դիվանագիտություն: Ոչ մի Ամերիկա չեմ հայտնաբերել, փորձել եմ ներկայացնել, թե այդ զրույցի ժամանակ ինչ հոգեբանական երևույթներ են հանդես գալիս: Իսկ զրույցի հաջողությունը պայմանավորված է էմպաթիայով, որի ցայտուն բացատրությունը տվել է Հիսուս Քրիստոսը. «Ամեն ինչում մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ նրանք վերաբերվեն քեզ»: Սա խղճահարություն, ցավակցություն, հիացմունք չէ, այլ պարզապես պետք է մտնել այդ մարդու ներաշխարհը և քեզ նայել նրա աչքերով: Այս դեպքում դիվանագիտական զրույցներն արդյունք ունենում են: Եթե էմպաթիայի երևույթը չկա Բաքվում, Անկարայում և Երևանում, ապա մենք երբեք մեր խնդիրները հարևանների հետ չենք կարող լուծել: Գրքում անդրադարձ կա նաև դիվանագիտական զրույցի ոչ խոսքային հաղորդակցության ձևին, այսինքն` մարմնային լեզվին, քայլվածքին, նստելաձևին, դիմախաղին, աչքերի արտահայտությանը և այլն: Այս ամենը փորձել եմ կապել նաև էթնոհոգեբանության հետ, որովհետև տարբեր ազգեր ունեն իրենց յուրահատուկ ժեստերի լեզուն: Դիվանագետը կարող է շատ անհարմար վիճակի մեջ հայտնվել, եթե չիմանա, թե մատի շարժումը տվյալ երկրում ինչ է նշանակում: Նիքսոնը Ռիո դե Ժանեյրոյի մեծ ստադիոնում ելույթից հետո ձեռքի շարժումով «OK» ցուցադրեց, այնինչ մատի այդ կոմբինացիան բրազիլացիների մոտ համարվում է սեքսով զբաղվելու հրավեր:
-Եթե հոգեբանական տեսանկյունից բնութագրենք հայկական դիվանագետների աշխատանքը, որքանո՞վ են նրանք պատրաստված:
-Նախ` կարծում եմ, որ այնքանով, որքանով հոգեբանությունը սահմանակցված է դիվանագիտությանը, այդքանը պետք է դասավանդվի ապագա դիվանագետներին: Դիվանագետը պետք է պատրաստվի բազմակողմանիորեն: Դա այն չէ, որ նստեցին, կարդացին, սովորեցին, և վերջ: Ինչպես տիեզերագնացներին են հատուկ պատրաստում, որ այդ մթնոլորտում կարողանան աշխատել, նույն կերպ էլ` դիվանագետներին, ավելին` նրանց ընտանիքի անդամներին: Առանձնակի քննարկման հարց է նաև դիվանագետի լոյալությունը: Արդյոք մենք մինչև հիմա վերլուծե՞լ ենք, թե ինչու ժամանակին մի խումբ դեսպաններ արտասահման գնացին ու մնացին: Սա մեր դիվանագիտության համար սև բիծ է: Դիվանագիտության համար պատմությունն այսպիսի բաներ չի ներում: Սա նշանակում է, որ նրանց պատրաստվածության մեջ կան արատներ, շեղումներ:
-Օտարերկրյա հյուրերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարները կարողանո՞ւմ են ճիշտ կիրառել ոչ խոսքային հաղորդակցության ձևը: Եթե համեմատություն անցկացնենք նաև այլ երկրների պաշտոնյաների հետ, մեզանում իրավիճակն ինչպիսի՞ն է:
-Սա շատ սպեցիֆիկ է: Երկրի ղեկավարներից սկսած պիտի թրեյնինգ անել, պատրաստել այդ լեզուն հասկանալու համար: Որոշ երկրներում ղեկավարներին հատուկ պատրաստում են, որ ժեստերի լեզուն հասկանան: Շատ կասկածելի է. եթե Չերչիլը հեռուստատեսությամբ խոսեր, արդյո՞ք նույն հաջողությունը կունենար, ինչպես պատերազմի ժամանակ ռադիոյով էր խոսում, ու ողջ Անգլիան ոտքի էր կանգնում: Այս ամենն ազդում է մարդու ենթագիտակցության վրա, ուստի պիտի կարողանան մեխանիզմները ճիշտ հասկանալ: Ի դեպ, դիվանագիտության այս ուղղությունը Հայաստանի երեք նախագահներն էլ անտեսել են:
-Այս ամենում ինչպիսի՞ տեղ ունի հռետորությունը:
-Ճիշտ է, ժեստերի լեզուն շատ կարևոր է, բայց առաջնայինը խոսքայինն է:
-Տարածված կարծիք կա` դիվանագետները որևէ խնդրի վերաբերյալ խոսում են նրբորեն, գեղեցիկ շրջանցելով այն, խուսափելով կոնկրետ պատասխաններից: Այդպե՞ս է, թե՞ դա իրականում վերստին չպատրաստվածության հետևանք է:
-Ճիշտ նկատեցիք, շատ հաճախ դա ցածր մակարդակից է գալիս: Իհարկե, այդ կարծիքն իրականությանը մոտ է, բայց պիտի հասկանալ` երբ, ինչ, ինչպես ասել: Ասում են՝ դիվանագետը պետք է ավելի շատ լսի, քան խոսի, երկու անգամ մտածի, մեկ անգամ խոսի, որ կարողանա մտքերը թաքցնել: Հետո էլ թե` լեզուն նրա համար է, որ մտքերդ թաքցնես: Սակայն այս բոլորը ֆոլկլոր է: Այդ ամենն ավելի շատ դիվանագիտության նրբությունները չիմանալու հետևանք է: Դիվանագիտությունը գերլարված, ծանր, սև աշխատանք է: Այն առաջին հերթին ինտելեկտի, վերլուծական մտքի հետ է կապված: Բոլորը կարծում են, թե դիվանագետի աշխատանքը սմոկինգներով ընդունելություններն են, կադիլակները, գեղեցիկ կանայք և այլն, մինչդեռ այս ամենը այսբերգի վերևի մասն է: Եթե դա չի լրացվում ահռելի աշխատանքով, դիվանագիտական հաջողություն ակնկալելն անիմաստ է: Վերջերս տղաներս ինձ ասում են՝ պապ, մենք քեզ փոքր ժամանակ չենք հիշում: Գնում էի աշխատանքի` քնած էին, գալիս էի՝ քնած էին: Խորհրդային Միությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, դիվանագիտական մեծ դպրոց ուներ: Մի դարձեք դիվանագետ, եթե չեք ուզում մտածել: Տասը րոպեանոց զրույցը տասնվեց ժամվա աշխատանք է պահանջում:
-Երբ հայ-թուրքական հարաբերություններն ասպարեզ եկան, բոլորը միաբերան հայտարարում էին, թե հայկական դիվանագիտությունը զիջում է թուրքականին: Ինչի՞ մասին է խոսքը:
-Պետք չէ հայկական դիվանագիտությունը ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել: Ամեն ինչ ունի իր պատճառները: Դիվանագիտությունը նույն քաղաքական գիտությունն է, սակայն ո՛չ միջազգային հարաբերություններ է, ո՛չ էլ արտաքին քաղաքականություն, այլ եռամիասնության մի մասը: «Արհեստ» է, որի համար շատ գործոններ են պետք: Թուրքիան ունի լուրջ ավանդույթներ, որոնք գալիս են բյուզանդական դիվանագիտությունից, որը հունականին հավասար է: Դիվանագիտությունը սերտորեն կապված է երկրի ֆինանսական, ռազմական, արդյունաբերական ոլորտների հետ, որոնք որոշիչ են շատ դեպքերում, չնայած դիվանագիտական «արհեստը» լուրջ գործոն է: Իսկ մենք ունենք ընդամենը քսան տարվա պատմություն, որը բավականին ծանր շրջան է եղել: Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են պրոֆեսիոնալ դիվանագետներ: Ես շփվել եմ թուրք դիվանագետների հետ, իսկապես նրանք շատ ուժեղ են, ճկուն, լավ գիտեն լեզուներ, ինչ-որ մի տեղ ցինիկ են, կոպիտ: Դիվանագիտական պատմության մեջ Աթաթուրքը եղել է ճկուն դիվանագետ, իսկ Իսմեթ Ինոնյուն կարողացել է լինել և՛ ԱՄՆ-ի, և՛ Հիտլերի, և՛ ԽՍՀՄ-ի դաշնակիցը: ՈՒզում եմ լրջորեն ուսումնասիրել էթնոհոգեբանությունը դիվանագիտության տեսանկյունից և ապացուցել, որ երբ ասում են՝ մենք՝ հայերս, դիվանագետ չենք, սխալ է: Այդպիսի բան չկա: Նույն անգլիացին՝ իր սառնասրտությամբ հանդերձ, կարող է լավ դիվանագետ չլինել: Անշուշտ, գենետիկական կոդեր կան, բայց դա դնել բուրգի վերևը, ճիշտ չէ: Նախ` դիվանագետ չեն ծնվում, այլ դառնում են: Գիտեմ մարդկանց, ովքեր ողջ կյանքում դիվանագետ են աշխատել, բայց այդպիսին չեն դարձել, և հակառակը: Պիտի մեր պատմությունն ուսումնասիրել ու տեսնել` ինչպիսի դիվանագետներ ենք ունեցել: Այդքան պատմաբաններ կան, բայց այս խնդրի մասին չեն խոսում: Օրինակ, Տրդատին Ներոնը տարավ թագադրեց, ինչը Հռոմի պատմության մեջ ֆենոմենալ երևույթ էր: Ի՞նչ կար դրա տակ: Քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում: Սա հայկական դիվանագիտության հաղթանակն էր: Իսկ Տիգրան Մեծի մասին այդքան խոսում են, բայց որևէ մեկն ուսումնասիրե՞լ է նրա քաղաքական պորտրետը` որպես դիվանագետ: Հնարավոր չէ լավ զորավար լինել, բայց վատ դիվանագետ:
-Հետևելով մեր տարածաշրջանում այսօրվա գերտերությունների քաղաքականությանը` դիվանագիտական ճկունության տեսանկյունից որևէ մեկին կառանձնացնե՞ք:
-Դժվարանում եմ ինչ-որ մեկին առանձնացնել: Նախ` խուսափում եմ կանխատեսումներ անելուց, հետո էլ պարզաբանելուց, թե ինչու դա չեղավ: Տարիների փորձը ինձ մի եզրակացության է հանգեցրել. որպեսզի ինչ-որ բանի մասին խոսես, պիտի ունենաս բազային ինֆորմացիա: Ինձ զանգահարում են ու հարցնում՝ ի՞նչ է սպասվում ղարաբաղյան հարցում, ասում եմ՝ չգիտեմ, ասում են՝ բա դու փորձված դիվանագետ ես, ո՞նց չգիտես: Երկրորդեմ. բազային ինֆորմացիա պիտի ունենաս որևէ բան ասելու համար: Ով այդ տեղեկատվությունը չունի ու ձեզ ինչ-որ բան է ասում, չհավատաք, պարզապես ինտերնետը բացում-կարդում են ու «գուշակում են»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ի սկզբանե ողջունեցի այդ քայլը, որովհետև հարևանների հետ հարաբերությունները պետք է նորմալացնել: Բայց նաև ասացի, որ դրանում կան նախապայմաններ, ինչն էլ վերջում ապացուցվեց:
-Ծանոթ լինելով անկախության տարիների բոլոր արտգործնախարարներին` ո՞ւմ եք նախապատվությունը տալիս:
-Բոլորն էլ ունեն և՛ իրենց պլյուսները, և՛ մինուսները: Լավ աշխատել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այն ժամանակ նաև մի քիչ էյֆորիա, ոգևորություն կար, բայց միասին կարճ աշխատեցինք: Անշուշտ, Րաֆֆին քաղաքական դեմք էր: Վահանի հետ քիչ եմ աշխատել, նա եկավ, ես գնացի դեսպան: Ալիկ Արզումանյանի հետ չեմ աշխատել: Վարդան Օսկանյանը վերլուծական լավ միտք ունի, իսկ Էդիկ Նալբանդյանին դեռ Մոսկվայից գիտեմ, պրոֆեսիոնալ է: Արտաքին գործերի նախարարներին էլ պիտի կարողանալ ճիշտ օգտագործել, նրանց աշխատելու հնարավորություն տալ: Այն ղեկավարը, որն արտաքին գործերի նախարարությանը և նախարարին մասնակից չի դարձնում երկրի քաղաքական խնդիրների մշակմանը, իրագործմանը, այլ նայում է իբրև գործիքի, այդ երկրները հաջողություն չեն ունենում: Դժբախտաբար, Ռուսաստանում և մեզանում նախագահներն իրենց ապարատում ստեղծում են մինի արտգործնախարարություններ: Սա արատավոր պրակտիկա է:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ