Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Հայերի հիշողությունը մի տապան է` բնակեցված ցեղի սրբություններով ...»

«Հայերի հիշողությունը մի  տապան է` բնակեցված ցեղի սրբություններով ...»
20.04.2012 | 00:00

ՄԻՑՈՍ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈՒԼՈՍԸ ժամանակակից հույն գրող և գրականագետ է: Նա հեղինակ է մի քանի վեպերի, պատմվածքների ժողովածուների և ռուս դասական գրողներին նվիրված գրականագիտական ուսումնասիրությունների: 1981 թ. ամռանը նա եղել է Հայաստանում, հանդիպել է հայ գրականության և մշակույթի նշանավոր գործիչների հետ, շփվել է սովորական հայ մարդկանց հետ, տեսել է զարգացած մի երկիր, որտեղ ազգային ավանդույթներն ու ավանդությունները չեն մոռացվել: Ծանոթանալով հայ ժողովրդի հերոսական, բայց և դաժան պատմությանը` Ալեքսանդրոպուլոսը, գրողին հատուկ վերլուծություններով և խորհրդածություններով, իր համար բացահայտում է մեր ժողովրդի ազնվությունը, նրա հանճարեղ զավակների մտքի պայծառությունը, անընկճելի կամքը, ապրելու և արարելու լավատեսությունը:

Հույն գրողն իր տպավորություններն ու խոհերն ամփոփել է 1982 թ. Հունաստանում լույս տեսած «Հայերը» գրքում և պատմական անցյալի լույսի ներքո վերլուծում է հայ ժողովրդի մշակութային արժեքները և իր ապրած ժամանակի տեսանկյունից արժևորում Հայաստանի անցյալն ու ներկան:

Գիրքը հաճելիորեն զարմացնում է հայ ընթերցողին Ալեքսանդրոպուլոսի` մեր պատմությունը լավ իմացությամբ, անաչառ վերլուծություններով և դիպուկ գնահատականներով: «Հայերը» գրքում հեղինակի վերլուծությունները, դիտարկումները և եզրահանգումները երբեմն այնքան սուր և դիպուկ են (իրենց խորքում նաև ճշմարտացի), որ մեզ` հայերիս, խորհելու և մտորելու առիթ են տալիս, և մենք մեզ տեսնում ենք կողքից` ուրիշի աչքերով, իսկ այդ աչքերը հիացած են մեր երկրով, մեր ժողովրդով, մեր մշակույթով և ցանկանում են մեզ և մեր երկիրը տեսնել բարեկեցիկ, խաղաղ և հեռու պատմության վայրիվերումներից:

Այսօր «Իրատես de facto»-ի «Վիրտուալ հարցազրույց» խորագրի հյուրն է Միցոս Ալեքսանդրոպուլոսը։

-Հայաստանը Հունաստանի պատմական հարևանն է եղել. շուրջ հազար տարի է` մենք ընդհանուր սահման չունենք, և այդ դարերի ընթացքում մեր երկու հարևան ազգերի միջև հարաբերությունները քաղաքական չեն եղել, չի եղել նաև մշակութային հաղորդակցություն:

Մենք` հայերս, Հունաստանն ու հույներին ճանաչում ենք անտիկ մշակույթով և մեր հին ու միջնադարյան պատմության մեջ նրանց ունեցած դերով: Մեր պատմիչներն ու մշակութային գործիչներն առանձնահատուկ հարգալից վերաբերմունք են ունեցել Հին Հունաստանի մշակույթի հանդեպ: Բայց նաև զգուշավոր ու հաճախ հուսախաբ կամ խաբված ենք եղել Հռոմի և Բյուզանդիայի խարդավանքներով լի քաղաքականությունից: Մենք Հունաստանն ու հույներին գիտենք նաև որպես բռնագաղթված հայերին ապաստանած երկիր և ժողովուրդ: Հետաքրքիր է` ի՞նչ գիտեն հույներն այսօր Հայաստանի և հայերի մասին:

-Այսօրվա Հայաստանը շատ փոքր երկիր է: Ճակատագիրը հայերին դժվար մի տարածքի վրա է դրել: Հնուց մինչև մեր օրերը շատերը փորձեցին խժռել նրանց, և շատ անգամ խժռեցին, բայց բազմաթիվ շնորհներով օժտված այս արթուն ցեղը կարողացավ վերապրել: Բազում վտանգների դիմադրելիս նրանք իրենց կրած տառապանքներով, իրենց ժողովրդին բնորոշ բնածին ազնվությամբ, իրենց աշխույժ հոգեկերտվածքով և բազմաթիվ գործնական ունակություններով, ստեղծեցին գեղեցիկ մի քաղաքակրթություն, և այդ ամենով` իրենց տառապանքով և գործերով պահպանեցին իրենց գույնը մյուս ժողովուրդների մեջ և ամեն անգամ շահեցին մեր համակրանքը: Հայաստան երկրի որ մասին էլ դիպչելու լինես, այնտեղից հուզիչ պատմություններ կցայտեն:

Գալով Հայաստան` առաջին տպավորությունդ այն է, թե հայտնվել ես փոքրիկ, միագույն երկրում: Եվ սա մինչև այն պահը, երբ մարդկանց խոսքում կսկսես ըմբռնել նրանց առեղծվածները: Նոյի ժամանակներից այդ առեղծվածների վրա ծաղկել է մի զարմանալի քերթություն և հիասքանչ պատմագրություն, որոնք շարունակվում են մինչև մեր օրերը և կերտում են Հայաստանի կերպարը։ Այդ կերպարին ես կավելացնեի հայ հայրենասերների նախանձախնդրությունը, որ դարերի հոլովույթում եղել է հայ մարդու հոգեկանի անքակտելի մասը` իր ազգային մշակույթի, հատկապես իր լեզվի և գրի հանդեպ, իր հոգևոր հայրենիքի հանդեպ, որը, շատ հաճախ, եղել է հայի միակ հայրենիքը:

-Մենք` հայերս, սովոր ենք լեռների ներկայությանը, անգամ զգում և մտովի տեսնում ենք հայոց աշխարհի այն լեռները, որոնք այսօր մեր փոքրիկ Հայաստանի սահմաններից դուրս են: Մեզ համար Արարատ լեռը սոսկ Նոյի հանգրվանը չէ, թեև որպես մարդկության փրկության միակ կղզի` նա մեզ համար ևս սուրբ է, սակայն Արարատը մեր ազգի նահապետն է, խորհրդանիշը: Դուք, որպես ծովի անեզրական հեռուներին սովոր մարդ, ի՞նչ բացահայտեցիք Ձեզ համար մեր լեռնաստան երկրում, և լեռներն ի՞նչ խորհուրդ ունեն Ձեզ համար:

-Հայկական հողի վրա եղածդ պահից դու արդեն լեռան վրա ես. այստեղ անթիվ են գագաթները, և ամենաբարձրերն առջևում են: Բոլորս մեր հայրենիքի լեռների մասին ասում ենք` ամենագեղեցիկն են աշխարհում: Սակայն Հայաստան այցելող ամեն մի օտարազգի ինքնակամ խոստովանում է, որ կա մի լեռ, որ ամենագեղեցիկն է աշխարհում. դա Արարատն է:

Արարատը մշտապես առկա է հայոց լեզվում, հայի հիշողության մեջ և հայի կյանքում: Անարդար է, որ Արարատը գերության մեջ է: Բախտավորություն է, որ կարճ ժամանակով Հայաստան այցելած օտարերկրացուն Արարատը` այդ հսկա խաչքարը, երևա պարզ և փառահեղ` ստորոտից մինչև երկինք մխրճված զանգվածեղ գմբեթով: Արարատն անգամ արքաներին չի հաճոյանում: Արարատն ասես Հայկական պար լեռնաշղթայի ձեռքը բռնած ձգտում է դեպի Մեծ Հայքի բաբախուն սիրտը` չքնաղ Վանա լիճը: Վանա լիճը տեսնողները հիացմունքով են նկարագրում` «Երկնքում` դրախտ, երկրի վրա` Վանա լիճ»: Արարատն ու Վանա լիճը հայերի կորուսյալ հայրենիքի խորհրդանիշն են:

Հայաստանում բարձունքից նայելիս տեսնում ես մի հսկա ձագար երկնքի և երկրի միջև, մի մեծ ճանապարհ, որ բնությունն է բացել, որպեսզի անցնեն ժողովուրդներ և ազգեր: Այդպես է եղել աշխարհաստեղծումից ի վեր: Այդ վայրը լույս ունի և աներևակայելի ընդարձակ ու տարածուն է: Այնպիսի զգացում է համակում դիտողին, ասես մոտերքում` ինչ-որ տեղ, լուսավոր ծովեր կան: Հիրավի, Հայաստանում հիանում ես լեռներով և լեգենդներով։

-Եվրոպացի մի ճարտարապետ, ուսումնասիրելով հայկական ճարտարապետությունը, ասել է, որ մարդկությունն ասես հոգնել է հսկայածավալ կոթողներից, և նրա աչքը ցանկացել է տեսնել փոքրածավալ, բայց կատարյալ շինվածքներ. հայկական ճարտարապետությունը դրա լավագույն դրսևորումն է: Ձեզ` հույներիդ, դժվար է զարմացնել ճարտարապետությամբ, բայց և այնպես, Հայաստանում տեսածն ի՞նչ տվեց Ձեր հոգուն և մտքին, ի՞նչ բացահայտեցիք ինքներդ Ձեզ համար, որտե՞ղ է հայի հոգին:

-Հայաստանում ես հասկացա, որ Ձեր երկրին պետք է ծանոթանալ խաչքարից: Խաչքարը մի խորան է` հայ արվեստի աշխարհը մտնելու. այդ աշխարհը հայոց պատմությունն ու հայի կյանքն է: Այս նրբակերտ սալի վրա դրոշմված է հայի բնավորությունը. նկարագիրը, նրա աշխատասիրությունը, հնարամտությունը և մտքի արթնությունը, ամենաբարդ և նրբագույն չափերի մեջ չմոլորվելու, ճակատագրի դժվար շրջադարձերում չկորչելու նրա կարողությունը: Այստեղ է նրա սեփական խելքի հենքը, նրա համառ կռիվը այն կարծր նյութի հետ, որի վրա նրան վիճակվել է ապրել և հաղթել: Այդ սալը հայի աշխարհագրությունն է, նրա պատմությունը, նրա` որպես մարդու տեղը աշխարհագրականի վրա, նրա առանձնահատուկ քայլվածքը քարաշատ հողերի և պատմության դաժան քառուղիներում: Հայաստանի այս տեղեկատու մատյանները խոսում են նրա արևի, անձրևների և արտասովոր լուսավոր երկնքի մասին: Անհնար է չնկատել հայերի` իրենց փոքրիկ հայրենիքը բազմաթիվ և բազմազան բաներով լցնելու ծարավը: Այսօրվա Հայաստանը ջանում է վերակենդանացնել մի մեծ պատմություն: Սեղմված իր այս փոքրիկ երկրում` հայերը չեն կարող միայն հետ նայել, նրանք ամբողջովին ներկայի ոգորումների մեջ են. տքնում ու վազում են առաջ, ինչպես ամեն մի ժողովուրդ, սակայն իրենց ուսերին կրում են իրենց պատմության հին բեռը, որը չեն կարող վստահել ուրիշին: Հայերի անցյալը հունական պատմություն չէ: Հայերը բախտ չունեցան, որ իրենց անցյալը համատեղ բարձրացներ քաղաքակիրթ մարդկությունը: Հայը գիտե, որ այս գեղեցիկ խաչքարը կամ յոթերորդ դարի այս զարմանահրաշ տաճարը պիտի պահպանի ինքը միայն, ուրիշ ոչ ոք: Հայն իր անցյալը նույնիսկ մեկ րոպե մոռանալու հնարավորություն չունի: Այս երկրով են անցնում կյանքի հոսանքները:

-Հայերի հարաբերությունները Բյուզանդիայի հետ սոսկ քաղաքական չեն եղել, հայերը Բյուզանդիայի կայացման և հզորացման գործում հույներից ոչ պակաս ներդրում ունեն: Բայց բազմազգ այդ կայսրությունը հույների պատմական և մշակութային ժառանգությունն է համարվում և նրանց հպարտության առարկան:

-Ընդհանրապես հայերը համոզված են, որ Բյուզանդիայի պատմության մեջ իրենք ավելի շատ կայսրեր և զորավարներ են տվել, քան մենք` հույներս: Այդ ընդունում ենք մենք: Նույնիսկ մակեդոնական հարստությանը հայկական ծագում են վերագրում, մի բան, որ այժմ ընդունում է նաև մեր պատմագիտությունը: Աթենքում լույս տեսած հելլենների պատմությանը նվիրված վերջին հետազոտություններում (հատոր 8, էջ 353) ևս կարդում ենք. «Վերջին հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ Մակեդոնական արքայատոհմը հայկական ծագում ունի և նա շատ հաճախ հենվում էր հայկական ծագում ունեցող զորավարների վրա»: Մակեդոնացի և բյուզանդական հայազգի կայսրերը չափազանց նվիրված են եղել իրենց թագավորած երկրին և իրենց հզորությունը պահպանելու համար հայաստանյան գավառները կցում էին Բյուզանդիային: Սրանք ահավոր սխալներ էին բուն կայսրության համար և մեծ աղետներ պատճառեցին Հայաստանին: Երբ բյուզանդացիները Փոքր Ասիայի ազգերին հելլենականացնելու քաղաքականություն էին վարում, հայերն ուժեղ դիմադրություն դրսևորեցին. այդպիսի դիմադրություն նրանք դրսևորեցին նաև Արևելքի նկրտումների հանդեպ: Հայերը միշտ պահպանել են իրենց պատմության և լեզվի հանդեպ ունեցած հայրենասիրությունը, իրենց մշակույթի հանդեպ ունեցած հպարտությունը. նրանք հեշտությամբ չէին նահանջում բռնի ճնշումների, ինչպես նաև մեկ ուրիշ, անգամ ավելի ուժեղ համաձուլարար ազդեցությունների առաջ: Բյուզանդիայի կայսրերը հաճախ են խախտել քրիստոնյա երկրի հանդեպ բարեկամական քաղաքականությունը և բազմիցս թշնամաբար ներխուժել են հայերի երկիր, վերացրել են նրա անկախությունը, տասանորդել են (հարկահանության են ենթարկել) բնակչությանը և ավերածություններ կատարելու տեսանկյունից հետ չեն մնացել ո՛չ պարսիկներից, ո՛չ արաբներից, ո՛չ թուրք-սելջուկներից: Դա ցավալի է։

-Ամեն ազգ պատմական իր ուղին ունի, և ամեն ազգ իր պատմությունն առանձնահատուկ հերոսական կամ ողբերգական է համարում: Մենք` հայերս, մեր պատմությունը և՛ գիտենք, և՛ չգիտենք: Չգիտենք, քանի որ մշակութային շատ կորուստներ ենք ունեցել: Եվ չիմացության պայմաններում որոշ հայեր ամաչում են մեր պատմության համար:

-Հայն իր ազգային հիշողությունը տանում է մինչև սկիզբների սկիզբը: Հայերի բնության և պատմության մեջ կան աղբյուրներ, որոնք անընդհատ ներշնչում են հավատարմություն հիշողությանը, հնագույն արարումներին: Դա նրանց հոգեկան կլիմայի վրա իշխող զգացմունքն է, որն առատորեն գունազարդել է նրանց պատմությունը, արվեստը, հոգևոր մշակույթը, նույնիսկ հին և ժամանակակից հայրենասերի գործնական վերաբերմունքը: Հպարտ և կենսունակ զգացմունք է սա: Շատ դեպքերում նաև տխուր, այսինքն` այդ զգացմունքն իր հպարտությամբ քաղցր է: Բայց գլխավորապես տխուր, ինչպես այն երգը, որն արգելում են մինչև վերջ երգել և երգչի հոգում այն դառնում է հառաչանք, թաքնված գանգատ: Հայը, որ գիտի և սիրում է իր պատմությունը, որտեղ էլ ապրի, միշտ մտածում է այդ անավարտ երգի մասին: Հայերի հիշողությունը մի տապան է` բնակեցված ցեղի սրբություններով և խարսխված իրենց հռչակավոր լեռան գագաթին: Ջրհեղեղն այս երկրում շարունակվում է:

Հայաստանի բնության մեջ ապրում է նախասկզբնական մեկնարկի հիշողությունը: Հայերի կյանքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանում, որն այսօր ժամանակակից արդյունաբերական քաղաք է, չի կորցրել իր կապը բացօթյա աշխարհի հետ. հայերը թույլ չեն տվել, որ իրենց բնությունը տրորվի. նրանց սիրտը ցավում է, երբ որևէ մեկը վերք է հասցնում բնությանը, որի մեջ ապրում են և զրուցում նրա հետ: Գուցե ձեզ` հայերիդ, իմ խոսքը թվա չափազանցություն, զբոսաշրջիկի թռուցիկ կարծիք, բայց ես խոսում եմ` ելնելով իմ փորձից, կատարած համեմատություններից: Կարծում եմ` հայկական բնությունը, բարեբախտաբար, ամենազոր է այսօրվա Հայաստանի մտածող և արարող ոգու մեջ. այն ծնում է գաղափարներ, երազներ, պատվասիրություն: Եվ բնական է, որ այս ամենը դարավոր պատմական կյանքի` իրար հաջորդող հերքումների մեջ դարձել է մշտամորմոք վերք, մոռացության դատապարտված երազներ, որոնք, այնուամենայնիվ, չեն դադարում գոյություն ունենալուց: Այս բոլորը հայի ազգային գույնի մեջ է` որպես գլխավոր գաղափար:


Զրուցեց

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆԸ

Հ. Գ. -Վիրտուալ զրույցի ընթացքում օգտագործվել է Միցոս Ալեքսանդրոպուլոսի «Հայերը» գիրքը։

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ