«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՀՀ ոչ մի նախագահ իրավունք չունի աթոռի համար զիջելու մեր պատմական հայրենիքը»

«ՀՀ ոչ մի նախագահ իրավունք չունի աթոռի համար զիջելու մեր պատմական հայրենիքը»
04.09.2009 | 00:00

«ԵԹԵ ՄԻ ԲԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱ «ՄԱՔՐԵԼ»
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ներսում որոշակի խնդիրներ կան, մասնավորապես ՊՆ նախկին փոխնախարար, վերջերս այս կուսակցությանն անդամակցած Վահան Շիրխանյանի և ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի միջև: «Ատենապետը ես եմ ու ես եմ ներկայացնում կուսակցության քաղաքական գիծը: Պարոն Շիրխանյանը ներկայացնում է համահնչակյան կենտրոնական վարչությունը` չլինելով այդ կառույցի անդամ: Նա կարող է ունենալ իր կարծիքը, ինչը ես հարգում եմ: Ամեն դեպքում, ես Շիրխանյանի հետ խնդիր չունեմ»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-ՀԱԿ-ի մարզային այցելությունները պայմանավորվա՞ծ էին այն հանգամանքով, որ կոնգրեսի հանդեպ հասարակության մեջ որոշակի պասիվություն է նկատվում, և շարժման անդամները ևս դժգոհ են ընդդիմության այսօրվա գործելակերպից:
-Պասիվություն անձամբ ՀԱԿ-ի կողմից չեմ նկատում: Մենք ակտիվ աշխատում ենք, վերանայում մեր մոտեցումները, հետևություններ անում: Ամեն շարժում երկարատև պայքարի ընթացքում հնարավոր է ինչ-որ բացթողումներ ունենա: Բնականաբար, այդ ամենը քայլ առ քայլ պետք է ուսումնասիրել, հասկանալու համար, թե ինչպիսի շարունակություն պետք է ընտրել: Ժողովուրդը միշտ սպասում է ծայրահեղ գործողությունների, բայց շարժման իմաստնությունը հենց այն է, որ նպատակ է դարձնում ոչ թե զուտ իշխանության հասնելը, այլ երկրում սահմանադրական կարգը վերականգնելը, ընտրված նախագահ ունենալը և այլն: Մարտի 1-ից հետո իշխանությունը լավ հաշվարկ չարեց. նրան թվում էր, թե կարող է ջարդել մեր կամքը, ժողովրդին վախեցնել, որպեսզի իր համար այլևս խնդիրներ չստեղծվեն: Սակայն, ի հեճուկս այս սպասումների, շարժումը ոչ միայն գոյատևեց, այլև միավորվեց ու ավելի կազմակերպված պայքար ծավալեց: Ակտիվ գործողությունները, ընդվզումը պետք է նպատակ ունենան, իսկ մեր գերխնդիրը սահմանադրական ճանապարհով չընտրված իշխանությունից ազատվելն է:
-Տեր-Պետրոսյանի մարտավարությունը կոնգրեսի բոլո՞ր ուժերն են ճիշտ համարում:
-Եթե նույնիսկ կան մարդիկ, ովքեր համակարծիք չեն ու մտածում են, թե այլ ճանապարհով պետք է խնդրին լուծում տալ, այդուհանդերձ, ապավինում են Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստնությանը: Կարող են կարծիք ունենալ, բայց հասկանում են, որ Տեր-Պետրոսյանն այդ ամենը շատ ավելի լավ է հասկանում և մեծ տեղեկատվական բազա ունի: Փոքրիկ դժգոհությունները, որոնք տեսանելի կամ անտեսանելի են, երբեմն նաև ժողովրդի շրջանում են ձևավորվում: Երբ մարդիկ մարզային հանդիպումների ժամանակ այս կամ այն կուսակցության ղեկավարին չեն տեսնում, մտածում են, թե ինչ-որ բան այն չէ: Հավատացնում եմ` ամեն ինչ նորմալ է, իսկ մեր շարքերում պառակտում չկա:
-Տարակարծությունների ցայտուն օրինակ էին Արցախի հիմնախնդրի շուրջ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հնչեցրած տեսակետները: Նույն քաղաքական ուժի մեջ այդքան ծայրահեղ, բևեռացված մոտեցումները որքանո՞վ են նորմալ:
-Նույնիսկ կուսակցությունների ներսում, այդ թվում նաև` մեր, այս հարցի առնչությամբ տարակարծություններ կան: Սա նորմալ է: Մեր կուսակցությունը եկել է մի ընդհանուր, հավաքական կարծիքի, այն է` կանենք հնարավորը, որպեսզի ոչ մի զիջման չգնանք: Սակայն պետք է նաև իրատես լինել: Չի բացառվում, որ բանակցությունների ընթացքում փոխզիջումներ լինեն, բայց երբեք չպետք է դա դառնա միակողմանի զիջում:
-ՀԱԿ-ի առաջնորդն աշնանը քաղաքական նոր իրավիճակ կանխատեսեց: Ի՞նչ նկատի ուներ, ո՞ր ուղղությամբ եք սրացումներ սպասում:
-Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի առջև կոնկրետ ժամկետ է դրված, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի մինչև հոկտեմբերի վերջ: Նախագահական ընտրություններից առաջ նա խոստումներ է տվել Արևմուտքին, որ եթե ընտրվի, այդ խնդիրը կլուծի: Ակնհայտ է, որ հենց Արևմուտքի թելադրանքով խնդիրը կհանգուցալուծվի, իսկ վերջինս հակված է նախապատվությունն Ադրբեջանին տալու, քանի որ այնտեղ տնտեսական շահեր ունի: Փաստորեն, Սերժ Սարգսյանին երաշխիքներ էին տվել, որ ընտրվելու դեպքում համատեղ խնդիրը կհասցնեն վերջնագծին: Այնինչ, տեղի ունեցավ մարտի 1-ը, որը մինչ այսօր Սերժ Սարգսյանը «չի մարսում», քանի որ հետևանքներն ամեն րոպե զգացնել են տալիս: Ցավով պիտի նշեմ, որ նա չի կարողանալու խուսափել տված խոստումից: Երբևիցե ՀՀ ոչ մի նախագահ իրավունք չունի աթոռի համար զիջելու մեր պատմական հայրենիքը:
-Համամի՞տ եք Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե Ղարաբաղն արդեն հանձնել են:
-Պարտադիր չէ, որ ստորագրված լինի փաստաթուղթ, քանի որ արդեն կան խոստումներ, որոնցից հետ կանգնելը գրեթե անհնար է: Մեր սպասողական վիճակը պայմանավորված է նրանով, որ կարողանանք պարզել, թե կոնկրետ ինչ խոստումներ են տվել, որպեսզի սպասվող վտանգները հնարավորինս կանխենք: Իհարկե, լիովին կանխելը դժվար է, քանի որ գործընթացներն այնպես են զարգացել և տարածաշրջանում Արևմուտքի, Ռուսաստանի շահերն այնքան են բևեռացվել, որ կարծես հնարավոր չէ ոչինչ ձեռնարկել: Եթե մի բան համաձայնեցվում է նախագահի մակարդակով, հաջորդ նախագահն այլևս չի կարող դա «մաքրել»: Եթե Սերժ Սարգսյանը խելամիտ լինի ու կամովին հրաժարական տա, անցկացվեն արտահերթ ընտրություններ, ու ժողովրդի վստահությունը վայելող նախագահը մտնի բանակցային գործընթացի մեջ, հնարավոր է ինչ-որ բան շտկել:
-Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն անընդմեջ պնդում են, թե Հայաստանում չի գտնվի այնպիսի ղեկավար, որ Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին: Այս մասին տարբեր առիթներով ասել է նաև Սերժ Սարգսյանը: Եթե Ձեր նշած խոստումն արդեն տրվել է, այս հայտարարությունների իմաստը ո՞րն է:
-Բազմիցս համոզվել ենք, որ ասում են մի բան, անում ճիշտ հակառակը: Մեզ համար ակնհայտ է, որ իրենք բանակցային գործընթացը գաղտնի պահելու խնդիր ունեն: Ինչո՞ւ չեն գաղտնազերծում, երբ Ադրբեջանը հաճախ այդ մասին հրապարակավ խոսում է: Թող ժողովրդի հետ բաց խոսեն, ինչի՞ց են վախենում, եթե չեն հանձնում: Թող մադրիդյան սկզբունքները դնեն քննարկման, հանրաքվե անցկացնեն ու տեսնեն` արդյոք հայ հանրությունը համամի՞տ է այն զիջումներին, որոնց պատրաստ է Սերժ Սարգսյանը: Այս պարագայում մենք կվստահենք նաև նրա ասածներին: Մինչդեռ այսօր նման վստահության ոչ մի հիմք չունենք: Դեկլարատիվ հայտարարություններով ո՛չ ժողովրդին, ո՛չ քաղաքական ուժերին ոչինչ չես համոզի: Ինչքան շուտ հասկանան, որ իրենք ժողովրդի կողմից մերժված են, որ չեն ներկայացնում հայ ազգի շահերն ու հրաժարական տան, այնքան լավ կլինի ժողովրդի ու երկրի համար: Այս քայլով գուցե նաև հնարավորություն կունենան մաքրվելու:
-ՀԱԿ-ը կկարողանա՞ հաջողել իշխանափոխության հարցում: Հնարավո՞ր են արտահերթ ընտրություններ:
-Համոզված եմ, որ չեն լինելու հերթական ընտրություններ: Երկիրը չի կարող այսպես գոյատևել: Այն ընդվզումը, որ ժողովրդի մեջ օր օրի մեծանում է, պայմանավորված է ոչ միայն սոցիալական վիճակով, այլև իշխանության նկատմամբ անվստահությամբ: Երկիրը հայաթափ է լինում:
-Ընդդիմության որդեգրած այսօրինակ քաղաքականությունը հիմք տալի՞ս է Ձեզ ենթադրելու, որ արտահերթ ընտրությունները մոտ են:
-Ընդդիմությունն իրավիճակը շատ լուրջ է վերլուծում, ճիշտ հաշվարկում քայլերը: Վստահ եմ` մինչև հունվար շատ լուրջ փոփոխություններ կլինեն, ինչը, դժբախտաբար, ի նպաստ հայ ժողովրդի չի լինելու: Խնդիրները մեզ ստիպելու են, որ համախմբենք ժողովրդին ու փորձենք կանխել այն աղետը, որն այսօր կախված է Հայաստանի ու Արցախի գլխին:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ