«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՐՀԸ ՀԵԼԻՈՖԻԿԱՑՆԵԼ, ԱՅՆ ՍԿՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՐՀԸ ՀԵԼԻՈՖԻԿԱՑՆԵԼ, ԱՅՆ ՍԿՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»
14.12.2010 | 00:00

«Հանրապետության տնտեսությունում տիրող իրավիճակը, որը գնալով խորանում է, արդյունաբերության չգործարկման և արտահանման դադարեցման հետևանք է»,- համոզված է Սպիտակի կարի արտադրական ֆաբրիկայի նախկին գլխավոր տնօրեն, ՀԿԿ Սպիտակի շրջկոմի նախկին առաջին քարտուղար, Սպիտակի և Սպիտակի շրջանի երկրաշարժի աղետի հետևանքների վերացման շտաբի պետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, մոսկվայաբնակ ՆՈՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Նրա խոսքերով, միայն զբոսաշրջության միջոցով, որը դեռևս թույլ հիմքերի վրա է, հնարավոր չէ արժույթ (վալյուտա) ստեղծել և լրացնել ՀՀ պետբյուջեն: «Մեր ներքին շուկան, որտեղ այսօր պետք է վաճառվեր տեղական արտադրանքը, մեր իսկ ձեռքով հանձնել ենք արտասահմանցիներին` պատճառաբանելով և տրտնջալով, որ աշխատանք չունենք»,- փաստում է պարոն Մուրադյանը։
Ըստ Նորայր Մուրադյանի, խորհրդային տարիներին ՀՀ-ում միայն Սպիտակ քաղաքից առաքվող արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը շուրջ 200 մլն խորհրդային ռուբլի էր: 1980-ականների վերջերին ավելի քան 24 կարի արտադրական մասնաճյուղ էր գործում Հայաստանի հյուսիսային տարածքի գյուղերում: Նշված կառույցներում աշխատող ավելի քան 10 հազար մարդուց 8500-ը կարող բանվորուհիներ էին: Միայն գլխամասային արտադրամասն ամեն ամիս ստանում էր 1 մլն խորհրդային ռուբլի աշխատավարձ: Կար աշխատատեղերի ավելցուկ: Այդ բացը լրացնելու նպատակով մասնագետներ էին հրավիրվում ԽՍՀՄ տարբեր բնակավայրերից: Ժամանակին տրվող աշխատավարձից և հանգստյան տների ուղեգրերից բացի, աշխատողները 100 տոկոսով ապահովվում էին նաև բնակելի տարածքով:
-Հիրավի, տնտեսական զարգացման առումով երանելի ժամանակներ էին: Ի՞նչ եք կարծում, արդյոք ամեն ինչ վերջացա՞ծ է:
-Երանելի ժամանակներ դեռ նոր են գալու։ Ես լավատես եմ: Իմ կարծիքով` մեր ներկա դժվարությունների հիմքը դրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք` անպտուղ և կործանարար տնտեսական քաղաքականության պատճառով: Դատեցեք ինքներդ: Երկրաշարժի արհավիրք տեսած, պատերազմի և շրջափակման մեջ հայտնված անկախ Հայաստանն սկսում է իրականացնել սեփականաշնորհման մի աննախադեպ գործընթաց, ինչի պատճառով գործարանները դադարում են աշխատելուց, իսկ տարիներով կուտակված տեխնիկան արտահոսում է դուրս` իր հետ տանելով գոյություն ունեցող տեխնոլոգիաները: Պատկերացրեք գործարանում աշխատող մասնագետ բանվորի վիճակը, որի գործող հաստոցը կոպտորեն պոկվում է հիմքից և, որպես մետաղի ջարդոն, շան մսի գնով վաճառվում օտարներին և, առաջին հերթին, մեր ապագա մրցակիցներին: Եթե տեխնիկան տարար, դու, բնականաբար, բանվորին զրկեցիր աշխատատեղից, տվյալ գործարանում նա այլևս անելիք չունի և ստիպված բռնելու է արտագաղթի ճանապարհը, լքելու է հայրենիքը: Հենց այդ ժամանակ սկսվեց մասնագետների, առաջին հերթին, բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը դեպի Ռուսաստան և արտասահմանյան այլ երկրներ: Այնտեղ նրանց, իհարկե, սպասում են: Եվ այն գրոշները, որ նրանք ուղարկում են իրենց ընտանիքներին, փոքր մխիթարություն է նրանց աշխատանքի դիմաց. նրանք կառուցում են ուրիշի հայրենիքը: Համարում եմ, որ ՀՀ առաջին նախագահը քաղաքական մեծ սխալ թույլ տվեց նաև աղետի գոտու վերականգնողական աշխատանքների հարցում: Ի՞նչ հետևանքներ ունեցավ նրա վարչակազմի որդեգրած «Ինքներս կկառուցենք մեր հայրենիքը, մեզ դրսի օգնություն պետք չէ» կարգախոսը, որին մենք ականատես ենք լինում մինչ օրս` Սպիտակի երկրաշարժից 22 տարի անց. համատարած գործազրկություն, որի բանակում արդեն իր կայուն տեղն է գրավում նաև երկրաշարժից հետո ծնվածների սերունդը:
-Ո՞րն էր այդտեղ դատապարտելին, իհարկե, մենք պետք է կառուցենք մեր հայրենիքը: Աղետի գոտին մերն էր:
-Դա այդպես չէ: Այստեղ կան նրբություններ: Աղետի գոտին մենք ստացանք խորհրդային ժամանակաշրջանում և վերականգնողական աշխատանքները ոչ միայն մեր, այլև խորհրդային բոլոր սոցիալիստական հանրապետությունների խնդիրն էր, ինչպես Տաշքենդի վերականգնումն էր 1966 թվականի երկրաշարժից հետո, որտեղ հայերը մինչև վերջ աշխատեցին և վերականգնեցին կործանված քաղաքը, ինչպես Հայրենական մեծ պատերազմն էր, որտեղ նաև հայերը սեփական դիվիզիաներով կռվում էին ամենաթեժ կետերում, ինչպես Չեռնոբիլն էր, որտեղ իրենց առողջության հաշվին հայերը ևս վճռական մասնակցություն ունեցան աղետի հետևանքների վերացման գործում: Դրանք, այդ թվում նաև Սպիտակի երկրաշարժը, համընդհանուր խնդիրներ էին, որոնց հետևանքները պետք է վերացվեին միասնական ջանքերով: Դա այդպես էլ կար: Խորհրդային ողջ ժողովուրդն ու համայն աշխարհը մասնակցեցին փրկարարական և շինարարական աշխատանքներին: Խորհրդային երկիրն իր մշտական ուշադրության կենտրոնում էր պահում աղետի գոտու վերականգնողական աշխատանքները: Բավական է նշել, որ վերականգնողական աշխատանքները ղեկավարելու համար ստեղծվել էր շտաբ` ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Վերականգնողական աշխատանքներին, որպես տեղամասի պետ, մասնակցում էր ՈՒկրաինայի ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչը, վերականգնողական աշխատանքները գլխավորում էր Ռուսաստանի առաջին վարչապետ Իվան Սիլաևը: Ես այն ժամանակ ՀԿԿ Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղարն էի և Սպիտակի շրջանի վերականգնողական աշխատանքների շտաբի պետը: Մենք բոլորս էլ աշխատում էինք մեծ պատասխանատվությամբ, ինչպես ասում են, գիշերը ցերեկ արած: Նշված ժամանակահատվածում, մեկը մյուսի հետևից, Սպիտակում կառուցվեցին հիանալի բնակելի թաղամասեր, որոնք հիմա հայտնի են Իտալական, Նորվեգական, Էստոնական, ՈՒզբեկական, Շվեյցարական անվանումներով: Երկրաշարժից 2 ամիս անց Սպիտակում սկսեց աշխատել կարի արտադրական միավորման առաջին արտադրամասը: Մենք համոզված էինք, որ փրկարարական աշխատանքներից հետո աղետի հետևանքների վերացման կարևորագույն խնդիրը մարդկանց և՛ բնակարաններով, և՛ աշխատատեղերով ապահովելն է: Աշխատանքներն արդեն մոտենում էին ավարտին, երբ հնչեց լևոնական` «ռուսները թող հեռանան, ինքներս կկառուցենք մեր հայրենիքը» հայտնի թեզը: Թե ինչ հետևանքներ ունեցավ այդ չարաբաստիկ թեզը, հայտնի է բոլորին: Ռոբերտ Քոչարյանի օրոք Սպիտակում և աղետի գոտում, ընդհանրապես, բարձր տեմպերով վերսկսվեց բնակշինարարությունը և, համոզված եմ, որ մոտ ապագայում այդ ոլորտում խնդիրները կլուծվեն: Մնում է լուծել նաև արդյունաբերության խնդիրը:
-Երկրաշարժի թեման բոլորիս ցավոտ հարցն է և Ձեր անձնական, ընտանեկան ողբերգությունը: Մի քանի տասնամյակում Ձեր կառուցածը վայրկյանների ընթացքում, հսկայական մարդկային կորուստների հետ, վերածվեց փլատակների: Ինչո՞ւ հեռացաք հայրենիքից և հանգրվանեցիք Մոսկվայում. մնայիք և վերականգնեիք նախկին արդյունաբերական քաղաք Սպիտակը:
-Խնդրում եմ` հնարավորություն գտնեք և այդ հետաքրքիր հարցն ուղղեք հենց պարոն Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչո՞ւ և ինչպե՞ս նրան հաջողվեց աղետի հետևանքների վերացման ամենաթեժ պահին ասպարեզից հեռացնել վերականգնողական աշխատանքների շտաբի պետ Նորայր Մուրադյանին և լիովին կասեցնել վերականգնողական աշխատանքները Սպիտակում: Դրանից հետո Սպիտակում մարդկանց համար գոնե մեկ սանհանգույց նրան հաջողվե՞ց կառուցել: Իմ Մոսկվա տեղափոխվելուց հետո արդյունաբերական և բնակարանային շինարարությունները Սպիտակում կասեցվեցին: Սկսվեցին շինարարական տեխնիկայի և շինությունների զանգվածային թալանն ու ավերածությունները: Բոլորին էլ հայտնի է, որ վերականգնողական աշխատանքների սկզբնական տեմպերը պահելու պարագայում, մեկ տարվա ընթացքում հնարավոր կլիներ ավարտել այն: Երկրաշարժերը չեն ավարտվում այնքան ժամանակ, քանի դեռ աղետի գոտում մնում է գեթ մեկ անօթևան կամ մեկ գործազուրկ մարդ: Նրան հաջողվե՞ց լուծել այդ խնդիրը: Իհարկե` ոչ: Այսօր Սպիտակում ձևավորվել է գործազուրկների մի նոր բանակ` կազմված երկրաշարժից հետո ծնվածների սերնդից: Իսկ ինչո՞ւ էր նա հազարավոր շինարարներին վռնդում մեր ավերված հյուսիսից: Այն, որ վերջին նախագահական ընտրարշավի ժամանակ Սպիտակում չգտնվեց նրան լսող գեթ մեկ քաղաքացի, դա հենց նրա արածի պատասխանն է, ժողովրդական լեզվով` նրան տված գնահատականը: Ժողովրդի հիշողությունը միշտ պայծառ է, նա հիշում է և՛ լավը, և՛ վատը: Պատահական չէ, որ ժողովուրդն իր հարգանքի տուրքն է մատուցում և միշտ հարազատի պես է դիմավորում երախտավորներ Նիկոլայ Ռիժկովին (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նա արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման), Իվան Սիլաևին, Վիկտոր Յանուկովիչին (նրա անունով է կոչվում Սպիտակի կենտրոնական հրապարակը), ռուսներին, իտալացիներին, էստոնացիներին, շվեյցարացիներին և նորվեգացիներին: Նրանք իրենց մարդասիրական գործը կատարեցին և միշտ կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ:
-Երկրաշարժի թեման, ինչպես տեսնում եմ, մնում է Ձեր առաջնահերթությունների մեջ նույնիսկ երկրաշարժից 22 տարի անց: Ի՞նչ եք առաջարկում:
-Պետք է ավարտել բնակարանաշինությունն աղետի գոտում և վերականգնել արդյունաբերական ներուժը: Մարդկանց այսօր առաջնահերթորեն պետք են բնակարաններ և աշխատատեղեր:
-Արդյոք դա հնարավո՞ր է իրագործել մոտ ապագայում, եթե նկատի ունենանք մեր երկրի ներկա տնտեսական վիճակը, հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը:
-Հիմա դա շատ դժվար, բայց լուծելի խնդիր է: 90-ականներին մենք կամավոր հրաժարվեցինք խորհրդային օգնությունից և բաց թողեցինք մեր իրական հնարավորությունը` ոչ միայն վերականգնելու արդյունաբերական ներուժը, այլև մեր բնակֆոնդը: 1988 թ. դեկտեմբերի վերջին Նիկոլայ Ռիժկովի մոտ ես հարց եմ բարձրացրել, և որոշում էր ընդունվել, որ աղետի գոտում հին և իրենց դարն ապրած գործարանների փոխարեն պետք է կառուցվեն նոր և ժամանակակից արդյունաբերական ձեռնարկություններ: Այդպես էլ գործը գնում էր: Սպիտակում մենք արագ տեմպերով նախագծեցինք և ստեղծեցինք հզոր արտադրական մասնաշենքեր` կարի արտադրական միավորման, վերելակաշինական գործարանի համար, ստեղծեցինք նաև ժամանակակից հզոր թռչնաբուծական ֆաբրիկա և շատ ու շատ այլ օբյեկտներ, որոնց համար ներկրվեցին խորհրդային և արտասահմանյան նորագույն տեխնիկա և տեխնոլոգիաներ:
-Ի՞նչ եղան այդ գործարանները, տեխնիկան և տեխնոլոգիաները: Եվ ինչո՞ւ հենց Սպիտակում չկան բավարար աշխատատեղեր, իսկ գործազրկության մակարդակն այդքան բարձր է:
-Շատ ցավոտ հարց է: Եթե կառուցված գործարաններն աշխատեին, ապա, համենայն դեպս, Սպիտակում գործազրկություն չէր լինի: Նոր կառուցված շինությունները հիմնահատակ ավերվեցին և, բառիս բուն իմաստով, հողին հավասարեցվեցին: Հերթը հասել է Սպիտակի վերելակաշինական գործարանի մասնաշենքերին. 9 բալանոց և 14000 քմ արտադրական տարածքով մի գործարան, որտեղ հնարավոր կլիներ կազմակերպել ժամանակակից արտադրություններ: Քանդելը և եղած-չեղածը վաճառելը` շահույթ ստանալու նպատակով, բիզնես չեն, այն էլ հուսալքված բնակչության աչքի առաջ, օրը ցերեկով: Եթե ուզում ես բիզնես անել, փող աշխատել, այն պետք է կատարել քարը քարի վրա դնելով, նոր գործեր ստեղծելով: Եթե խելքդ չի հասնում, դիմիր մասնագետներին, խելացի մարդկանց, և ամեն ինչ կստացվի: Փող աշխատելուց բացի, դու հնարավորություն կտաս մյուսներին ևս ապրելու: Այն, ինչ կատարվել և դեռ շարունակում է կատարվել Սպիտակի հետերկրաշարժյան գործարանների հետ, անբարոյականություն է: Դրանց արձագանքները գալիս հասնում են Մոսկվա` գնալով ավելի հեռու: Այդ երևույթը հատկապես մտահոգում է մեր օտարազգի գործիչներին, որոնք ժամանակին աշխատել են Սպիտակում որպես փրկարարներ կամ շինարարներ: Նրանցից շատերի հետ ես կապի մեջ եմ և գիտեմ, որ իրենց սրտի մի անկյունում նրանք պահել են իրենց հիշողությունները երկրաշարժյան տարիների մասին և հիմա էլ պատրաստ են աջակցելու և օգնելու հայ ժողովրդին` դժվարին կացությունից դուրս գալու:
-Դա ա՞յն գործարանն է, որտեղ մեր գիտնականներից Վահան Համազասպյանն առաջարկում է կազմակերպել հելիոտեխնիկական սարքերի բազային գործարան 3000 աշխատատեղով:
-Դուք ճիշտ եք: Ես պաշտպանում են այդ մտահղացումը և կարծում եմ` ժամանակն է մտածելու մեր հետագա քայլերի մասին: Անցյալն արդեն պատմություն է: Փաստ է, որ մենք բաց թողեցինք մեր հնարավորությունը: Հիմա մենք ստիպված ենք ապավինելու բացառապես մեր ուժերին` օգտագործելով նաև սփյուռքի հնարավորությունները: Ինչ վերաբերում է Համազասպյանի արևային ծրագրերին, ապա ես հավատում եմ դրանց հեռանկարին: Արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների ոլորտը, իմ համոզմամբ, այն ոլորտներից մեկն է, եթե ոչ միակը, որը Հայաստանի տնտեսությունը կարող է դուրս բերել ճգնաժամից: Հենց դրա համար էլ ես իմ հնարավորության սահմաններում, աջակցում եմ գիտնականին` իր աշխատանքները հաղթական ավարտին հասցնելու համար: Դա շատ կարևոր, ես կասեի, համազգային գործ է: Մեր «Սպիտակ» գիտական և մարզաառողջարարական կենտրոնում Համազասպյանի գործերի համար տարածք եմ հատկացրել` արևային պոլիգոն կազմակերպելու համար, ինչպես նաև գրասենյակային տարածք` նրա հելիոֆիկացիայի միջազգային կենտրոնի համար:
-Անցնենք արևային թեմային: Ձեր կարծիքով` ո՞րն է դրա ռացիոնալ հատիկը, և ինչո՞ւ է այդքան մեծ հասարակական հետաքրքրությունն այդ ոլորտի նկատմամբ աշխարհում և, հատկապես, Հայաստանում:
-Կարելի է ասել, որ հիմա այդ թեման շատ պարզ և հասկանալի է բոլորի համար: Եղած էներգակիրների անխնա օգտագործման պատճառով Երկիր մոլորակը գնում է գլոբալ տաքացման: Դա էլ իր հերթին բերելու է համաշխարհային էկոլոգիական աղետ` իր անկանխատեսելի հետևանքներով` համաճարակներ, պատերազմներ և այլն: Ինչո՞ւ պետությունները քայլեր չեն ձեռնարկում սահմանափակելու տարբեր տիպի վառելիքների օգտագործումը: Պարզվում է` այսօր հնարավոր չէ: Արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտների զարգացման տեմպերը պահելու, համաշխարհային շուկայում մրցակցությանը դիմանալու և ճգնաժամերից խուսափելու համար ցանկացած երկիր դատապարտված է զարգացնելու իր էներգետիկ հատվածը. պետք է կառուցել նոր ջերմաէլեկտրակայաններ` հիմնված գազի, մազութի կամ քարածխի վրա, նոր ատոմային էլեկտրակայաններ և այլն: Վերականգնողական էներգետիկ հատվածը` հանձինս մեծ և փոքր հիդրոէլեկտրակայանների, համաշխարհային մասշտաբով հասել է հագեցման վիճակի և չունի զարգացման որևէ հեռանկար: Ընդհակառակը, համընդհանուր տաքացման և ջրային ռեսուրսների նվազման պատճառով սպասվում է հիդրոռեսուրսների պոտենցիալի անկում: Մնում է մտածել այն մասին, թե ինչպես օգտվել արևի անսպառ էներգիայից: Գիտնականների հաշվարկներով` արևն այսօրվա նման ջերմացնելու է դեռևս 5 միլիարդ տարի: Պետք է օգտվել այդ հնարավորությունից: Ինչպես Համազասպյանն է առաջարկում, աշխարհը պետք է հելիոֆիկացնել, այն սկսելով Հայաստանից: Դրա իրական հնարավորությունն այսօր մենք ստեղծել ենք ակադեմիկոս Պարիս Հերունու և տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի կատարած հետազոտությունների և պրակտիկ աշխատանքների շնորհիվ: Արևային թեման ակտուալ, առաջնային է հատկապես Հայաստանում: Բոլորը հասկանում են, որ, չնայած մեր այս աղքատ վիճակին, յուրաքանչյուր ամիս ստիպված ենք լինում լուրջ գումարներ վճարել էլեկտրաէներգիայի և գազի օգտագործման դիմաց: Էներգակիրների գները գնալով միայն բարձրանալու են, և այդ ծախսերը հետզհետե ավելանալու են: Իսկ ինչո՞ւ մեր արևոտ Հայաստանում չի կարելի օգտվել արևի անսպառ և անվճար էներգիայից, ինչո՞ւ մեր գիտնականներն այդ մասին չեն մտածում: Փաստենք, որ մեր գիտնականներն այդ մասին արդեն մտածել են և լավ են մտածել, կասեմ ավելին` մտածել են վաղօրոք, 20 տարի առաջ: Այս տարվա օգոստոսին ես Աբովյան քաղաքի հելիոպոլիգոնում առիթ ունեցա մասնակցելու մի միջոցառման, որին ներկա էր նաև Գերմանիայի Ռոստոկ քաղաքից ժամանած երկու արդյունաբերող, որոնք իրենց երկրում ունեն արևային տեխնիկայի գործարան: Պետք էր տեսնել նրանց զարմանքը և անթաքույց հետա-քրքրությունը մեր հայ մասնագետների ստեղծած DVH տիպի արևային սարքերի նկատմամբ, որոնց նմանը նրանք ոչ տեսել էին և ոչ էլ լսել: Սիրտդ լցվում է հպարտությամբ. մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում: Հայաստանի և ապա նաև, մեր միջոցով, աշխարհի հելիոֆիկացիայի գաղափարը շատ արդիական է և իրատեսական: Դա հնարավորություն կտա Հայաստանում կազմակերպելու արդյունաբերության մի շատ հեռանկարային և խիստ պահանջարկ ունեցող ոլորտ, լուծելու բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ մեր բնակչության համար:
-ՈՒրեմն մեզ պետք է շտապել և սկսե՞լ այդ սարքերի արտադրությունը:
-Այո, շտապել պետք է: Հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր նախաձեռնությունը և իրական հնարավորությունը` դառնալու նոր տիպի արևային տեխնիկայի արտադրողը և մատակարարը աշխարհի մասշտաբով: Սփյուռքի և Հայաստանի գործարարները միշտ էլ օգնել և աջակցել են մեր գիտնականներին` իրենց գիտական մտահղացումները կյանքի կոչելու, բայց Հայաստանի հելիոֆիկացիայի նման դժվարին և ծավալուն աշխատանքը պետք է հովանավորվի նաև պետական մակարդակով: Մի քանի գիտնականներով, ինչքան էլ նրանք նվիրյալ լինեն, արդյունաբերության նոր ոլորտ չես ստեղծի, ոլորտ, որի զարգացման համար պետք է լրջորեն զբաղվել գիտության և արտադրության սերտ կապերի հաստատման, միջազգային համագործակցության հարցերով` ապահովելով նաև համապատասխան բանվորական և ինժեներական կադրերի պատրաստման և սերնդափոխության գործընթացը:
-Կարո՞ղ է արդյոք Սպիտակը դառնալ հելիոտեխնիկական արդյունաբերության նախաձեռնող և կենտրոն:
-Շատ ցանկալի է: Դա շատ հարցեր կլուծի հենց Սպիտակում: Ասեմ, որ սպիտակյան տարբերակը ունի նաև մի նրբություն: Եթե նման նախաձեռնություն սկսվի Սպիտակից, ապա այդ գործընթացին կմիանան նաև բազմաթիվ գործարարներ և արդյունաբերողներ արտասահմանից, ովքեր ժամանակին մասնակցել են աղետի գոտու փրկարարական և շինարարական աշխատանքներին: Այդ հարցով ես զրուցել եմ շատերի հետ, օրինակ, Նորվեգիայի բնապահպանության նախարարի, որն առաջիններից էր, որ եկավ Սպիտակ և մինչև վերջ մասնակցեց փրկարարական աշխատանքներին: Նրանք սպասում են, որ Սպիտակում սկսվի արդյունաբերության վերականգնման և աշխատատեղերի ստեղծման գործընթացը մեր միջոցներով և մեր նախաձեռնությամբ: Հետո նրանք կմիանան: Ես նախատեսել եմ այս խնդրով դիմել նաև այն գործարարներին և քաղաքական գործիչներին, ովքեր մեր այն ծանր և օրհասական օրերին օգնության նպատակով եկել էին Սպիտակ:
-Կարծում եք, որ հելիոտեխնիկական արդյունաբերության գործընթացը սկսելու համար կգտնվեն և՛ բարերարներ, և՛ գումարներ:
-Արդյունաբերական գործերում բարերարներ չեն լինում, լինում են բիզնես գործընկերներ: Այն միտքը, թե ինչ-որ երկրից կհայտնվեն բարերարներ, ովքեր Հայաստանում կկառուցեն գործարաններ` մեզ համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով, իսկ մենք այդ գործարանները կքանդենք, կվաճառենք և փող կաշխատենք, բացարձակապես անհեթեթություն է: Մենք այսօր պետք է կարողանանք սկսել արդյունաբերության այդ նոր ճյուղի ստեղծման գործընթացը Սպիտակում և հետո նոր օտարազգի գործարարներին ու արդյունաբերողներին առաջարկենք փայատիրական հիմունքներով մասնակցել մեր սկսած գործին: Ցանկացած մարդու համար դա բիզնես է` իր բոլոր գրված և չգրված կանոններով և միջազգային նորմերով:
Հանրապետությունում դեռևս պահպանվել են արտադրական հիանալի կառույցներ, դրանց կից մասնաշենքեր ու համապատասխան մեքենասարքավորումներ, կա նաև հզոր ներուժով և գիտելիքներով հարուստ բանվորական փորձառու անձնակազմ, որը կարող է գործարկել եղած հոսքագծերն ու սկսել թողարկումը: Արևային տեխնոլոգիաների ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի անմիջապես տեղերում կազմակերպելու էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրություն, որոնց ձեռքբերման համար մի քանի անգամ թանկ է վճարում եվրոպական շուկան: Արևային տեխնիկայի ներդրումը մեր երկրի վիճակը կդարձնի բարվոք, իսկ դրա սարքավորումների, տեխնիկայի արտադրությունն ու հետագա արտահանում-վաճառքը լիովին կփոխեն հանրապետության տնտեսության վիճակը: Ցավոք, գիտության այդպիսի նվաճումը մնում է մեր պետական այրերի ուշադրությունից դուրս:
-Մի քանի խոսք Ձեր «Սպիտակ» գիտական և մարզաառողջարարական կենտրոնի մասին, որն ինձ վրա մեծ տպավորություն գործեց: Կան հիանալի լողավազաններ, միջազգային մակարդակի թենիսի կորտեր, հյուրանոցային համալիր և այլն: Ի՞նչ նպատակով եք այն կառուցել, դա Ձեր բիզնե՞սն է Հայաստանում:
-Հայաստանում նման օբյեկտով բիզնես չես անի: Ինձ համար բիզնեսի առումով ավելի նպաստավոր պայմաններ կան Մոսկվայում: «Սպիտակ» կենտրոնն ունի իր գաղափարախոսությունը և նպատակները: Այն նախատեսված է որպես արտասահմանցի ու հայաստանցի գիտնականների հավաքատեղի, որտեղ ստեղծված են և ստեղծվում են նորմալ պայմաններ համատեղ գիտապրակտիկ աշխատանքների համար: Մարդիկ կարող են գալ ընտանիքներով հայրենիքում հանգստանալու և իրենց գիտական աշխատանքները Հայաստանում ներդնելու, իրենց կոլեգաների հետ նոր աշխատանքներ նախաձեռնելու համար և այլն:
Անկախ մեր բնակության վայրից, մենք մնում ենք հոգով և սրտով հայ և մեր պարտքն ենք համարում օգտակար լինել մեր հայրենիքին: Սփյուռքը մեր ողբերգական անցյալի արգասիքն է, որը կարող է դառնալ մեր առավելությունը և հզոր հենասյունը: Հայաստան-սփյուռք կապն այսօր հիմնականում ուղղված է հումանիտար, մշակութային, կրթական ոլորտների զարգացմանը: Եթե այդտեղ մենք ավելացնենք նաև համագործակցությունը գիտության և արդյունաբերության ոլորտներում, ապա անպայման կշահենք և՛ տնտեսապես, և՛ հայապահպանության գործում:
-Ցանկանում ենք Ձեզ հաջողություններ Ձեր բռնած հայանպաստ գործերում: Աստված Ձեզ օգնական:
Զրույցը վարեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ