Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Գոտին ձգելու» հերթը կառավարությանն է

«Գոտին ձգելու» հերթը կառավարությանն է
13.03.2009 | 00:00

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ
Տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգահեռ` աշխարհի պետությունների կառավարությունները ձգտում են հնարավորինս կրճատել պետբյուջեի ծախսերը և ազատված միջոցներն ուղղել բիզնես միջավայրի խրախուսմանն ու սոցիալական հարցերի լուծմանը:
Համենայն դեպս, այնպիսի երկիր, ինչպիսին ԱՄՆ-ն է, Սպիտակ տան նոր տիրոջ ժամանելուն պես սկսել է կրճատել իր աշխատակիցների աշխատավարձը: Մասնավորապես, Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար տնտեսական այս բարդ ժամանակահատվածում, երբ արդեն իսկ միլիոնավոր ամերիկացիներ զրկվել են աշխատատեղերից, մեծ ճոխություն է, որ իր աշխատակազմը տարեկան միջինը 100 հազար դոլար ստանա: Իսկ Նյու-Յորքի քաղաքապետ Բլումբերգն էլ հայտարարել է, որ ինքը պատրաստ է աշխատել ամսական 1 դոլար խորհրդանշական գումարով:
Պետական ծախսերի կրճատման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում նաև Ռուսաստանը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ իր աշխատակազմի 10-15 տոկոսով կրճատումն ամենևին էլ չի ազդի վարչակազմի ընդհանուր գործունեության վրա, և հանձնարարել է աշխատել այդ ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, որքան էլ մեր պաշտոնյաները վստահեցնում էին, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեր «կողքով» է անցնում, սակայն երեկ կառավարության հերթական նիստից հետո մամլո ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ ճգնաժամն արդեն իսկ բացասաբար է ազդում Հայաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա, և անհրաժեշտություն է առաջացել որոշակի փոփոխություններ մտցնել հանրապետության բյուջեում: Իսկ դա պայմանավորված է նաև նրանով, որ, ըստ նախարարի, այս տարվա հունվարին ՀՀ իրական ՀՆԱ-ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,7 տոկոսով, և Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները Հայաստանի համար կանխատեսում են ընդհանուր առմամբ ՀՆԱ-ի 1,-1,5 տոկոսի նվազում: Լավ չեն գործերը նաև հարկային հավաքագրումների առումով. հունվարին` 5, իսկ փետրվարին արդեն 10 մլրդ-ով են թերակատարվել դրանք: Այս հանգամանքը նկատի ունենալով էլ բյուջեում եռամսյակային վերաբաշխումներ են կատարվում, և մինչև տարեվերջ բյուջեի կատարողականն իրականացվելու է ըստ եռամսյակների: Դա, նախարարի հավաստմամբ, հնարավորություն կտա մեղմելու առկա տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները և իրականացնելու ավելի իրատեսական տնտեսական քաղաքականություն: Ծրագրվում է նաև առաջին երեք եռամսյակներում նախատեսված որոշակի ծախսեր հետաձգել և տեղափոխել չորրորդ եռամսյակ, իսկ եկամուտների ու ծախսերի հարաբերակցության ռիսկային չափն այս պահին գնահատվում է 131 մլրդ դրամ: Միաժամանակ խնդիր է դրված հստակ իրագործել հարկային հավաքագրումների հետ կապված միջոցառումներն ու ապահովել ՀՆԱ-ի և հարկերի հավաքագրման համապատասխան հարաբերակցությունը` այդ ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացնելով 0,4 կետով և հասցնելով 17,4 տոկոսի: Հավաքագրվող հարկերի բացարձակ մեծությունը պետք է պահպանվի և չպետք է պակաս լինի, քան 2008-ին, ուստի պետական գերատեսչական մարմիններն ավելի մեծ ճկունություն պետք է դրսևորեն ծրագրերի պլանավորման և իրագործման հարցում: Սա, ըստ Տիգրան Դավթյանի, միտված է բյուջեի կառավարման մակարդակը բարձրացնելուն: Այս պարագայում պետական գերատեսչությունները մինչև այս տարվա չորրորդ եռամսյակ պետք է հետաձգեն կամ կրճատեն գույքի, նոր ավտոմեքենաների ձեռքբերման ծախսերը: Սահմանափակվելու են նաև գործուղումները, պետական միջոցառումները, ինչպես նաև արտերկրում ՀՀ դեսպանատների ֆինանսավորումը:
Սակայն սոցիալական ուղղվածության բոլոր ծախսերը, որոնք կազմում են այս տարվա բյուջեի քառորդ մասը` 252 մլրդ դրամ, պետք է իրագործվեն: Նախատեսված չեն նաև կրճատումներ պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերի առումով:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5073

Մեկնաբանություններ