«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ. ՍԱ Է ՀԻՄՆԱԿԱՆԸ»

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ. ՍԱ Է ՀԻՄՆԱԿԱՆԸ»
29.03.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ի՞նչ նորություններ ու տարբերություններ են բերելու գործող օրենսգրքի համեմատությամբ:
-Խորհրդարանում քննարկումների ժամանակ պատգամավորների մի մասը փորձում էր պարզել, թե ինչու է ընտրական օրենսգիրքն անընդհատ փոփոխվում: Նախ` ցանկացած ընտրությունից առաջ ամբողջ աշխարհում է այդպես, կամ ընտրական օրենսգիրքն է փոխվում, կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով խաղի որոշակի կանոններ են հաստատվում. դա կապված է հասարակության զարգացման գործընթացների հետ: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ԸՕ-ն Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական քննությանն է ներկայացված, և սպասում ենք նրանց կարծիքներին: Միանշանակ է, որ լավ ընտրություններ անցկացնելու համար միայն օրենսգիրքը բավարար չէ, և քաղաքական ուժերն այսօրվանից հասարակությանը պիտի կարողանան այնպես մատուցել գործընթացները, որ ընտրողը հնարավորինս տեր կանգնի իր ընտրական իրավունքին. սա է քաղաքական ուժերի հիմնական մտահոգությունը: Թե՛ հանձնաժողովների, թե՛ դիտորդների, թե՛ վստահված անձանց առումով նոր մոտեցումներ են առաջարկվում ԸՕ-ի փոփոխություններով: Նախկինում հանձնաժողովները կազմավորվել են կուսակցությունների միջոցով, ԸՕ-ն նախատեսում է ընտրությունների կազմակերպում պրոֆեսիոնալ մարդկանց միջոցով: Կուսակցական ըմբռնումներով` չէի ասի, թե հանձնաժողովների կազմավորումներն էական չեն, քանի որ ընտրությունները զանգվածային գործընթացների հետևանք են: Թերևս կուսակցական մոտեցումներով ընտրական հանձնաժողովների կազմավորման դեպքում ընտրություններից հետո որևէ կուսակցություն պատասխանատվություն չէր ստանձնում, իսկ այս դեպքում, երբ նախագահն ինքն է նշանակում հանձնաժողովների անդամներին, ԿԸՀ-ի պատասխանատվությունն ավելի է մեծանում: Որոշ պատգամավորներ, հիմնականում ՀՅԴ խմբակցությունից, կարծում էին, որ կուսակցական մոտեցումներով հանձնաժողովների կազմավորումն ավելի նշանակալից է, քան երբ կազմավորվում է նոր գործընթացներով, շատ լավ կլինի, որ տեղամասային հանձնաժողովներն էլ նշանակովի լինեն, բայց մենք այդ կարծիքին չենք, որովհետև միանգամից նման անցումները բարդ են:
-Հանձնաժողովի անդամներն ինչ-որ ուսուցում, փորձառություն պիտի անցնե՞ն:
-Իհարկե, ինչպես նախկինում, ուսուցման գործընթաց է կազմակերպվելու: Քաղաքացու իրավունքն է` համապատասխան ուսուցում անցնելուց հետո դառնալ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, իսկ տարածքային ու կենտրոնական հանձնաժողովների անդամները` առաջարկվող կարգով: Մեր առաջարկներից մեկը վերաբերում էր համամասնական ընտրացուցակներում կանանց 20 տոկոսի պարտադիր ներկայությանը:
-Իսկ բաշխվածությո՞ւնը:
-Առաջին տասնյակում մեկ և ավելի կին, հաջորդ ամեն հնգյակում` ևս մեկ կին: Սա նոր բաղադրիչ է: Փորձում ենք կանանց ներգրավվածությունն ապահովել խորհրդարանում, ինչի անհրաժեշտությունն իրոք կա: Միևնույն ժամանակ, չենք գնալու այն ճանապարհով, որ օրենքի պահանջով ցուցակներում հայտնվեն պատահական թեկնածուներ: Առհասարակ, կանայք քաղաքական գործընթացներին քիչ են մասնակցում, նաև կուսակցություններում շատ չեն:
-Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը, կանա՞յք են պասիվ, թե՞ տղամարդիկ են ակտիվ:
-Պատճառները շատ են, բայց կնշեմ երկուսը. քաղաքական կյանքը մեզանում շատ դժվար է, կանայք էլ նման դեպքերում պասիվ են:
-ՀՅԴ-ն առաջարկում էր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնել, ինչը չընդունվեց: Ձեր կարծիքով ե՞րբ է լինելու հարմար, իրավիճակին համապատասխան իրավիճակ այդ քայլի համար:
-ՀՅԴ-ն և այն ուժերը, որ համամասնականի կողմնակից են, կարծում են, որ այդ ընտրակարգը մեծ առավելություններ ունի: Աշխարհում նման մոդելներ չկան, որ համամասնականն ավելի է երաշխավորվում մեծամասնականից: Մեր դիրքորոշման հիմնավորումն այն է, որ Հայաստանի խորհրդարանը մեկ պալատից է բաղկացած, և մարզերը խորհրդարանում իրենց ներկայացուցիչը պիտի ունենան: Միայն համամասնական ընտրակարգի դեպքում վտանգ կա, որ խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, միայն մայրաքաղաքային կդառնա: Մյուս կողմից` ժողովուրդը դեռևս պատգամավորին միայն օրենսդիր չի տեսնում, մտածում է, որ պատգամավորն իր հոգսերը պիտի հոգա` բացի օրենսդրական աշխատանքից խորհրդարան բերելով քաղաքացիների պրոբլեմները, դառնալով միջնորդ օղակ ժողովուրդ-իշխանություն շղթայում, ուստի մեծամասնական ընտրակարգի գործառույթը շատ է կարևորվում, թեպետ ժամանակի ընթացքում մեծամասնական ընտրակարգին հատկացված տեղերը պակասել են և հասել 41-ի: Ավելի քչացնելու տեղ չկա: Կարծում եմ` միայն համամասնական ընտրակարգը բնորոշ է խորհրդարանական կառավարում ունեցող երկրներին: Մենք պատերազմող երկիր ենք, կիսանախագահական: Երբ պատգամավորը զուտ քաղաքական լիազորություններ կիրականացնի, այն ժանանակ գուցե գա միայն համամասնական ընտրակարգի ժամանակը: Այսօր պատգամավորն ամեն ինչով է զբաղվում, և դա ժողովրդի պահանջն է:
-Եթե խորհրդարանի պատգամավորը հարկադրված է նման հարցերով զբաղվել, չի՞ նշանակում, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը լիովին կայացած չէ:
-Ոչ, վերջին տարիներին տեղական ինքնակառավարման մարմինները բավականին զարգացել են թե՛ մտածողության, թե՛ գործունեության տեսակետից: Խնդիրն այն է, որ համայնքը դեռևս չի կարողանում իրեն պահել, տեղական ինքնակառավարման մարմինը փորձում է լուծել ֆինանսական հարցերը, բայց ոչ ամբողջությամբ: Բյուջեն դոտացիաներ է հատկացնում տարբեր խնդիրների լուծման համար, բայց համայնքը պիտի կարողանա ինքն իրեն պահել, ինչը դեռևս չի ստացվում: Չասենք, որ համակարգը կայացած չէ, համակարգը դեռ բոլոր գործիքները չունի, որ կարողանա ժողովրդի ամենօրյա հոգսերը հոգալ: Պետբյուջեն այնքան զորեղ չէ, որ բոլոր խնդիրները լուծի, զորեղ չէ նաև ՏԻՄ բյուջեն, այդ պատճառով մեծ տեղ ունեն բարեգործներն ու մեկենասները, որ օգնեն հասարակությանը հոգալու ոչ միայն օրվա հոգսերը, այլև այն գլոբալ խնդիրները լուծելու, որ միշտ ծագում են:
-Եթե ԸՕ-ի առաջարկվող փոփոխությունները երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեն, նախագահն էլ վավերացնի, կարծո՞ւմ եք, որ հնարավոր կլինի՞ անցկացնել ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ: Կա՞ Հայաստանում անհրաժեշտ քաղաքական կամք, մթնոլորտ ու գիտակցություն:
-Օրենքն ընդամենն արձանագրում է խաղի կանոնները, բայց ոչ ոք չի կարող ասել, որ լավագույն օրենքով հնարավոր է անցկացնել լավագույն ընտրություններ. հասարակությունից, իշխանությունից, քաղաքական ուժերից, մրցակցության աստիճանից ու նպատակներից, ևս մեկ տասնյակ հանգամանքներից են կախված ընտրությունները: Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է պաշտպանի իր ընտրական իրավունքը. սա է հիմնականը: Քաղաքական կամքը չի վերաբերում միայն կուսակցություններին և իշխանությանը, ամբողջ հասարակությանն է վերաբերում: Ինչպիսին հասարակությունն է, այդպիսին էլ ընտրություններն են: Ինչքան լավ ընտրություններ անցկացնենք, այնքան կայացած պետություն կընկալվենք աշխարհում ու միջազգային հանրության առջև, իսկ դա մեզ համար շատ կարևոր գործոն է, որի համար բոլոր քաղաքական ուժերը պիտի աշխատեն: Մենք դառը փորձ ունենք, որ պարտվողը միշտ բողոքավոր է, բայց եթե ընտրություններն արդար են եղել, ինչքան էլ պարտվողն անարդարությունից բողոքի, հասարակությունն է գնահատականը տալիս: Հայաստանին պետք են արդար և լավ ընտրություններ, ընտրական օրենսգիրքը կարող է նպաստել դրան, բայց ոչ երաշխավորել:
-Նոր օրենսգրքով հնարավո՞ր է հասնել այն արդյունքին, որն ամրագրված է կոալիցիոն ուժերի նոր հուշագրով:
-Ամեն ինչ պիտի արվի, որ ընտրությունները պատշաճ ընթացք ունենան, դա հեշտ գործ չէ, խոսքը զանգվածային միջոցառման մասին է, երբ միշտ էլ կա անկանխատեսելիության գործոնը: Պատերազմող երկիր ես, սոցիալական խնդիրներ ունես, մարդկային փոխհարաբերություններն իրենց որոշակի դերն ունեն, բայց պիտի լինեն մարդիկ, որ կարողանան իրենց ուսերին տանել այդ բեռը:
-Բավականին ժամանակ անցել է կոալիցիոն հուշագրից, և արդեն ակնհայտ է, որ քաղաքական դաշտում իրոք հաստատվեց խաղաղության մթնոլորտ. դրա՞ն էր միտված հուշագիրը, թե՞ այլ խնդիրներ կային:
-Հուշագիրը քաղաքական ուժերի հաշվետվությունն էր ժողովրդի առջև և ապագայի մտածումների դրսևորումը: Ժողովուրդը ժամանակ պիտի ունենա քննարկելու, թե որ քաղաքական ուժն ինչ ծրագիր ունի ընտրություններում: Շատ լավ կլինի, որ բոլոր կուսակցությունները պարզ, հստակ ներկայացնեն հասարակությանն իրենց տեսակետները: Ես համաձայն չեմ, թե կոալիցիոն ուժերն իրենց կամքն են թելադրում և այժմվանից ճնշումներ են գործադրում: ՈՒրիշները փակ սենյակներում են վճիռներ կայացնում, թե ինչ ուղիով պիտի գնան, մենք հասարակությանը բաց ասում ենք, որ ներդաշնակում ենք մեր աշխատանքները հետագայի համար: Կարևոր է, որ հասարակությունը խորհելու, վերլուծելու ժամանակ ունենա և կայացնի ճիշտ վճիռ: Խորհրդարանական վերջին ընտրություններում մեծամասնություն դառնալուց հետո ՀՀԿ-ն գտավ, որ այն քաղաքական ուժերը, որոնք ծանրակշիռ ձայներ են հավաքել, չպիտի օտարվեն քաղաքական գործընթացներից, և ուժերը համատեղվեցին: Հիմա ասում ենք` նույն համամասնությամբ առաջ ենք շարժվելու: Մարդիկ մտածում են, որ «նույն համամասնությունը» նշանակում է, որ ինչքան ձայներ ունենք այսօր, հետո ավելին պիտի ունենանք: Եթե կոալիցիոն ուժերը հավաքեն 65 տոկոս, նորից համամասնություն կլինի, հավաքեն 20 տոկոս, նորից համամասնություն կլինի, այսինքն` նույն խորհուրդն է, նույն բաղադրիչներով առաջ գնալու խնդիրը:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 23-ին Վիեննայում հրապարակեցին դաշտային փաստահավաք առաքելության եզրակացությունը, հայկական կողմի համար ի՞նչն էր դրական, ի՞նչը` բացասական:
-Առաջինը` ևս մեկ անգամ ամրագրվեց, որ բացառվում է ուժի գործադրումը, երկրորդ` զեկույցի մեջ արտահայտվեց ադրբեջանական տեղեկատվության ստահոդ լինելու գործոնը, և ամենակարևորը` բանակցությունները հետագայում կշարունակվեն բոլոր կողմերի մոտեցումներով: Դա նշանակում է, որ ղարաբաղյան կողմը պետք է ղարաբաղյան խնդիրների լուծմանը մասնակից դառնա, այլ մոդել հնարավոր չէ: Կարծում եմ` առավել ուժգնություն կստանա ուժի չկիրառման գործոնը, և ինչ-որ փաստաթուղթ կձևակերպվի, որ բացառվում է պատերազմը, ուժի կիրառումը, պատժամիջոցներ կարձանագրվեն ուժի կիրառման դեպքում: Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպանում և ազգերի ինքնորոշման իրավունք, այն գործոններն են, որ պիտի բացառեն պատերազմը: Միջազգային ասպարեզում վերջին տարիներին առաջնային գործոն է դառնում ազգերի ինքնորոշման իրավունքը, և տարածքային ամբողջականության սկզբունքը կարծես հետին պլան է մղվում: Սա է պատճառը, որ ադրբեջանական կողմն ավելի ջղաձիգ է դառնում` նախազգալով, որ աշխարհի ընկալումների հիմնական մոդելը դա է, և այդ մոդելով է աշխարհն առաջ շարժվելու: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում 50 պետություն կար, այսօր 200-ից ավելի պետություն կա, որոնք չէին լինի, եթե չլիներ ազգերի ինքնորոշման իրավունքը:
-Մի քանի օր առաջ ԱԺ նախագահի հետ Դուք էլ գնացիք Թատերական հրապարակ, որտեղ «Ծոմ ազատության» կարգախոսով հացադուլ է անում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ձեր տպավորությամբ` ինչի՞ն է ուղղված հացադուլը, և ինչպե՞ս կարելի է աջակցել հացադուլի դադարեցմանը, որովհետև առողջական անդառնալի խնդիրներ կարող են ծագել:
-Դառը պատմություն է, որ դժվար է վերլուծել: Ես հասկանում եմ, որ մարդը փորձում է պայքարել, բայց հացադուլը վերջին գործիքն է, երբ բոլոր ճանապարհները փակ են: Իսկ եթե բա՞ց են: Անձնազոհությունն ու անձնասպանությունը պիտի տարբերել` հացադուլն անձնազոհություն է այն դեպքում, երբ այլ ելք չի մնացել: Մեր այցի նպատակը զուտ մարդկային էր, առավել ևս` ԱԺ նախագահի, որովհետև, վերջին հաշվով մենք բոլորս պատգամավորներ ենք, և Աժ նախագահը բոլոր պատգամավորների նախագահն է: Մեզ մեծ դառնություն է պատճառում, որ մեր գործընկերները չեն գալիս նիստերին: Մենք բոլոր պատգամավորների անունից Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ արեցինք դադարեցնել գործադուլը և վերադառնալ Ազգային ժողով` շարունակելու իր գործունեությունը:
-Չե՞ք կարծում, որ արդարության այդօրինակ որոնումը նախընտրական տարվա տրամաբանության մեջ է տեղավորվում:
-Երբ շարժման տարիներին առաջին հացադուլավորներն ի հայտ եկան, ժողովուրդը փշաքաղվեց, որովհետև դա նոր իրողություն էր: Բայց այն ժամանակ տանկեր էին կանգնած, այս պահին, երբ կարող ես քո թիմն ունենալ, քո գաղափարներն ազատ քարոզել, չի ընկալվում «Ժառանգության» նման պահվածքը: Նախորդ խորհրդարանում ընդդիմությունը հացադուլ չհայտարարեց, բայց տարիուկես ԱԺ չեկավ, դա ամենածանր իրավիճակն էր, թվում էր, թե հեշտ է, դիմադրող չկա, բայց այդ անհոգությունը միշտ էլ պետությանը վնաս է: Քաղաքական կուսակցությունները, մանավանդ իշխանական, միշտ պետք է զգոն ու զգույշ լինեն, իսկ այդ զգոնության ու զգուշության դաշտն ապահովում է ընդդիմությունը: Անհասկանալի է, երբ ընդդիմությունը չի ուզում օգտագործել իր դաշտը:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ