«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ԿՈՒԺՆ ՈՒ ԿՈՒԼԱՆ ՍԼԱՔԱՎԱՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ ՉԻ ՋԱՐԴՎԵԼՈՒ»

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ԿՈՒԺՆ ՈՒ ԿՈՒԼԱՆ ՍԼԱՔԱՎԱՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ ՉԻ ՋԱՐԴՎԵԼՈՒ»
29.03.2011 | 00:00

Մեր ընթերցողներին «Իրատես de facto»-ի թիվ 20-ում խոստացել էինք հաջորդ համարում տպագրել Արմավիր քաղաքի ընտրությունների շուրջ քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանի օգնական, ՀՀ ԱԳ նախկին աշխատակից, արցախյան ազատամարտի վետերան ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ մարտի 23-ին կայացած հարցազրույցը։
-Պարոն Մարտիրոսյան, մարտի 20-ի ընտրություններին հանրությունը բավականին իրազեկ է։ Ներկայացրեք, խնդրեմ, հետընտրական իրավիճակն Արմավիր քաղաքում։
-Մարտի 20-ից մեր թիմը և, իհարկե, Սևակ Մինասյանը, գտնվում են ոստիկանության և այլ սադրանքների անդադար ճնշման տակ։ Այլ կերպ չես բացատրի հետևյալ փաստերը. Երևանից ժամանած հատուկ ջոկատայինների ցուցադրական մուտքը և տեղակայումը քաղաքում` առանց դրա քիչ թե շատ կարիքի, ոստիկանության կողմից քաղաքացիների նախաձեռնության կանխումը, երբ նրանք փորձում էին սեփական ուժերով չեզոքացնել կաշառք բաժանելու բազմաթիվ փորձերը, որոնք հակառակ էֆեկտն ունեցան. ոստիկանություն բերվելուց հետո կարգազանցները հաճախ, անգամ առանց ցուցմունք գրելու, ազատ էին արձակվում։ Ի դեպ, նույն օրվա երեկոյան կարգազանցների թիմը լուրեր էր տարածում ոստիկանական տեղամասերը գրոհով գրավելու, «ձերբակալվածներին» ազատելու մասին, մի բան, որը կանխվեց Սևակի և նրա թիմի ջանքերով։
Իրադարձությունները ոչ պակաս ուշագրավ էին հաջորդ օրը, երբ արդեն իսկ բավականին լարված մթնոլորտում «առաջարկությունների» մի ողջ գունապնակ էր հրապարակում, որոնք մղում էին ակնհայտ սադրանքների։ Այսպես, քայլարշավով կամ մեքենաների երթով ուղևորվել Երևան` նախագահական նստավայր, կամ Երևան-Արմավիր մայրուղին փակել քարերով, խողովակներով, ավազի բլրակներով։ Կրակին «յուղ» ավելացրեց ոմն Խաչիկի (ԱԼՏ հեռուստաստուդիայի աշխատակից) պարտավորություն-առաջարկը, որ եթե փակվի Երևան-Արմավիր մայրուղին, ինքն անպատճառ իրադարձության նկարահանված տեսաժապավենը կհասցնի ՀՀ նախագահի նստավայր և ԶԼՄ-ներին։ Հավաքվածների մի մասը, այս խոսքերից ոգևորված, որոնք, ըստ էության, բացահայտ սադրանք էին, առանձնացավ և սկսեց «ինքնակազմակերպվել»` հեռախոսակապով ակցիային հրավիրելով համախոհներին։ Դժվար էր չկռահել, թե որտեղ են նման սադրանքները սկիզբ առնում։ Տրամագծորեն հակառակն էր Սևակ Մինասյանի թիմի մոտեցումը։ Մասնավորապես, բողոքի ակցիա անցկացնել մարզի ընտրական հանձնաժողովի շենքի առջև, կազմակերպել ընտրազանգվածի ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչների այցը Երևան` ԿԸՀ-ին բողոք ներկայացնելու հեռանկարով։ Սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, սադրիչ գործընթացներն ավելի կենսունակ գտնվեցին։ Այս ամենը պատճառ հանդիսացավ, որ ես կապ հաստատեմ Երևանի դիտորդական առաքելությունների հետ («Հանուն ժողովրդավարության ընկերակցություն») և ներկայացնեմ իրավիճակը, որը գնալով անկառավարելի է դառնում։
-Պարոն Մարտիրոսյան, Դուք` որպես դեպքերի անմիջական մասնակից, ինչպե՞ս կնկարագրեք դրանց ընթացքը։
-Մայրուղու բաց հատվածով արդեն սկսվել էր մեքենաների երթևեկությունը, երբ Սևակը, այնուհետև ես, նկատեցինք մի խումբ քաղաքացիների, ովքեր բարձրաձայն բղավոցներով և սպառնալիքներով ուղղվում էին դեպի ցուցարարները։ Զույգ ձեռքներս վեր բարձրացրած` մենք գնացինք նրանց ընդառաջ` խնդրելով հանգստություն պահպանել։ Սակայն մոտենալով նրանց` ես մի քանի հարված ստացա որովայնիս և ծնկներիս... Մի կերպ ոտքի վրա մնալով` փորձում էի մեջքս ուղղել, Սևակն այդ պահին իմ թիկունքում էր գտնվում, սակայն լսելով ոստիկաններին ուղղված հրահանգը` մահակներ կիրառելու և մարտական դիրք ընդունելու մասին, փակեցի գլուխս ու դեմքս։ Հարվածների տարափ տեղաց վրաս, և ինձ ինչ-որ տեղ քարշ տվեցին։ Մնացածը նկարագրված է ոստիկանության արձանագրություններում և ԶԼՄ-ների հրապարակումներում։
-Ձայների վերահաշվարկը որևէ արդյունք արձանագրե՞ց։
-Ինչպես և սպասում էինք` էական ոչինչ, ձայներ պակասեցին և՛ Սևակ Մինասյանից, և՛ Ռուբեն Խլղաթյանից, արդյունքում 10 ձայն ավելացավ Սևակ Մինասյանի հաշվին։
-Ձեր հետագա անելիքները։
-Պատրաստվում ենք բողոք ներկայացնել Արմավիրի մարզի վարչական դատարան։ Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ ինչպես ինձ, այնպես էլ ողջ ժողովրդի համար ոստիկանական իրավապահ ուժերը ոչ թե նման «ուսադիրավոր դարձվորներն» են, այլ այն ոստիկանների հետնորդները, ովքեր առաջիններից մեկը զենքը ձեռքին ելան ազատագրելու Արցախը։ Ժողովրդի հիշողության մեջ հավերժ է նրանց անունն ու գործը։ Հենց այս պատճառով էլ այս գործում գնալու եմ մինչև վերջ, քանզի պատժի են ենթարկվում ոչ այն տղաները, ովքեր ստիպված էին հրամանը կատարել, այլ հրաման արձակողները։ Հավատում եմ, որ այս գործում կուժն ու կուլան սլաքավարների գլխին չի ջարդվելու։
Ի վերջո, հանցագործություն է ժողովրդի մի մասին մյուսին հակադրելը։
Հարց է ծագում` առհասարակ հանուն ինչի՞ ենք պայքարում։
Մեր մյուս հարցերին պարոն Մարտիրոսյանն առայժմ չպատասխանեց, քանզի, ըստ նրա, չի բացառվում, որ որպես վկա հրավիրվի հարցաքննության։
Իսկ ահա Արմավիրի դատախազի ցուցումներով (24.03.2011 թ.) 2011-ի մարտի 20-ին Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից մեկն էլ վերաբերում է Անուշավան Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք ներկայացնելուն։
Ահա թե ինչ է պարզվում. 2011-ի մարտի 20-ին` ժամը 11.15-ին, Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Ա. Մարգարյանը հայտարարություն է տալիս, թե իր աշխատանքային ընկերներ Թ. Աբգարյանի և Ս. Մովսիսյանի հետ վերջինիս ամուսնու եղբայր Տ. Ավետիսյանի մեքենայով բնակելի թաղամասերից մեկի բակում սպասելիս են եղել իրենց մեկ այլ աշխատակցի։ Այդ պահին 4-5 սև գույնի «Ջիփ» ավտոմեքենաներ շրջապատել են իրենց ավտոմեքենան, դրանցից դուրս են եկել 7-8 անծանոթ մարդիկ, մոտեցել իրենց, մեղադրել «փող բաժանելու» մեջ, ստուգել պայուսակները, որից հետո «բռնի ձևով ստիպելով, բղավելով, քաշելով» տարել վարորդ Տիգրանին։ Իրենք փախել են, պատսպարվել մի անծանոթի տանը, այնուհետև դիմել ոստիկանություն։ Հարձակվողները տարել են նաև Տիգրանի ավտոմեքենան։ Այնուհետև քննությամբ պարզվում է, որ Տ. Ավետիսյանին քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանի նախընտրական շտաբ է տարել Արմավիր քաղաքի բնակիչ Անուշավան Ալեքսանյանը։ Այս «հրաշապատում-հեքիաթի» տոնով են ներկայացված մյուս դեպքերը ևս։ Մենք և այլ ԶԼՄ-ներ տրամագծորեն հակառակն ենք ներկայացրել, մասնավորապես, որ Տ. Ավետիսյանը Սևակ Մինասյանի նախընտրական գրասենյակում խոստովանել է, որ ինքը Ռ. Խլղաթյանի շտաբի պատվերով ընտրակաշառք է բաժանել, ձեռքում ունեցել է ցուցակ և 50 հազար դրամ գումար։ Այս ամենը տեսաձայնագրվել է և ներկայացվել տարբեր ատյաններ։ Թե այս տեսաձայնագրությունն ինչպես կընկալվի Արմավիրի մարզի դատախազության կողմից, դժվար է կանխատեսել։ Սակայն նույն հաղորդագրությունն ուշագրավ վերջաբան ունի. մեջբերում ենք. «Հարուցված քրեական գործերի նախաքննության օբյեկտիվության բազմակողմանիության և լրիվության ապահովման նպատակով ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում հանձնարարվել է նախաքննական մարմնի ստուգման առարկա դարձնել նաև վերոնշյալ դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցների հրապարակումներն ու հաղորդումները»։
ՈՒզում ենք հուսալ, որ դատախազական մարմինները հատկապես ուշադիր կլինեն «Իրատես de facto»-ի նախորդ և առաջիկա հրապարակումների և հաղորդումների նկատմամբ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ