ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«ՀՀԿ-Ն ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԻՇՏ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ԼԻՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՑՔ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐՄԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»

«ՀՀԿ-Ն ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԻՇՏ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ԼԻՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՑՔ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐՄԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»
28.10.2011 | 00:00

Երեկ «Իրատես de facto» ակումբի հյուրն էր ԱԺ հանրապետական պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ, իսկ ասուլիսից հետո նրան հրավիրեցինք առանձնազրույցի։
-Ինչպե՞ս եք բնութագրում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
-Հայաստանի ներքաղաքական իրավիճակը աստիճանաբար մոտենում է նախընտրական շրջանին բնորոշ զարգացումներին, առաջիկա 6-7 ամիսներն այդ տրամաբանությամբ կընթանան: Դա ենթադրում է ավելի սուր քննադատություն, նոր միավորումներ, բանավոր կամ ոչ ֆորմալ պայմանավորվածություններ, նաև զգուշավորություն արտաքին գործընթացներում, որովհետև նախընտրական գործընթացները, որպես կանոն, դառնում են արտաքին աշխարհի ուշադրության առարկա: Շատ կարևոր է նախընտրական շրջանում և ընտրությունների օրը բացառել հետքայլը ժողովրդավարական երկիր կոչվելու լիարժեք իրավունքից, հետքայլը ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու կարողությունից: Հայաստանը իրավամբ պիտի գնահատվի որպես տարածաշրջանում արդար, ժողովրդավար պետություն: Սա շատ կարևոր է հետագա 4-5 տարիներին կառավարման տեսակետից:
-Կարծո՞ւմ եք, որ շեշտադրումն արտաքին քաղաքականությունից պետք է տեղափոխվի ներքին քաղաքականություն:
-Բնականաբար, ուշադրությունը կենտրոնանում է ներքաղաքական զարգացումների վրա: Մեզ պետք չեն ցնցումներ ի վնաս հասարակության, մեզ պետք են կայուն զարգացող նախընտրական և հետընտրական գործընթացներ, փոխադարձ հասկացվածություն: Եթե մենք ուզում ենք աշխարհում ընկալելի լինել, պարտավոր ենք ներսում միմյանց հասկանալ: Ես չեմ հասկանում այն քաղաքական ուժերին, ովքեր ոչինչ չունենալով, հայտարարում են, թե արդար ընտրություններում 30-40 տոկոս ձայն կհավաքեին: Մենք պիտի սովորենք ճիշտ գնահատել մեր հնարավորությունները, շատ քաղաքական ուժեր դա չեն կարողանում: Դա, իհարկե, չի նշանակում, որ մի քանի կուսակցություններ ամբողջ քաղաքական համակարգի ուշադրության կենտրոնն են և մեծամասնությունը: Ոչ միայն իշխանությունը, յուրաքանչյուրս պիտի երաշխավորը լինեի ազատ, արդար ընտրությունների և բնականոն նախընտրական գործընթացի:
-Քաղաքական կոալիցիան կպահպանվի՞ մինչև ընտրություններ, չե՞ք բացառում, որ կուսակցություններից մեկը կարող է դուրս գալ:
-Ոչինչ բացառել չի կարելի քաղաքականության մեջ: Կոալիցիա չի նշանակում, որ քաղաքական ուժերը կորցրել են ինքնուրույնությունը: Դժվար է ասել, թե ում մտքում հետագայում ինչ կծագի: Ելնելով քաղաքական իրողություններից և ստեղծված իրավիճակից, արտաքին ու ներքին հանգամանքներից, կոալիցիայի պահպանումը և, մինչև ընտրությունները, և ընտրություններից հետո, բխում է մեր պետության շահերից:
-Հնարավո՞ր է, որ կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունը շարունակվի այլ թեմայով կամ այլ ձևաչափով:
-ՀՀԿ-ն, որպես քաղաքական դաշտի և մեր պետության քաղաքական առանցք, երբեք չի հայտարարել, որ որևէ ուժի հետ այլևս չի բանակցի կամ երբեք չի համագործակցի, ընդհակառակը, բաց լինելով համագործակցության դաշտում, մենք նկատի ունենք և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ հարաբերությունները: Ես չեմ բացառում և կարճաժամկետ, և երկարաժամկետ համագործակցություն ամենատարբեր ձևաչափերով: ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժերի միավորում և ընդդիմություն, բնականաբար, կարող է ինչ-որ պահի լինել համագործակցության ծիրում:
-Նախընտրական ՀՀԿ-ի վերաբերյալ շատ են խոսակցությունները, որ կուսակցությունում նոր ուժեր են ներգրավվելու, գործող պատգամավորներից ոմանք համամասնական ընտրացուցակում չեն լինելու: Ձեր գնահատականով` նախընտրական ավանդական ասեկոսենե՞ր են, թե՞ իրոք կուսակցությունում լինելու են փոփոխություններ:
-Քաղաքական ժամանակը նաև քաղաքական պահանջներ է բերում, և այդ պահանջներից ելնելով պետք է գնահատական տալ: Ես ժամանակից առաջ չեմ անցնի և ենթադրություններ չեմ անի: Ցանկացած կուսակցություն ընտրությունից առաջ փորձում է նոր մարդկային ռեսուրսներ ներգրավել, բայց դա, ընդհանուր առմամբ, չի լինելու հնի հաշվին:
-Նկատի ունեք, որ ՀՀԿ-ն իր ներկայացվածությունը ԱԺ-ում մեծացնելո՞ւ է:
-Յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը դա է, աշխարհում չեք գտնի որևէ կուսակցություն, որն ասի` իմ նպատակն է հաջորդ ընտրություններում հավաքել X-10 ձայն, յուրաքանչյուր կուսակցություն իր ծրագրերի և իր քաղաքական կշռի շրջանակներում իր քաղաքական հայտն է ներկայացնում, այլ խնդիր է, թե որքան է այդ հայտն իրատեսական, որքանով է բխում քաղաքական զարգացումներից: ՀՀԿ-ի համար երբեք ինքնանպատակ չի եղել մեծամասնություն դառնալը: 2007-ին մեծամասնություն ունենալով` մենք չորոշեցինք ինքնուրույն կառավարել պետությունը, այլ ավելի քիչ տոկոս հավաքած ուժերին հրավիրեցինք համագործակցության: Բացի կուսակցական ու քաղաքական գործիչ լինելուց, մենք նաև քաղաքացիներ ենք, մեր պետության վաղվա օրվա քաղաքական պատկերացումն ունենք և պայքարելու ենք մեր գաղափարների իրականացման համար: Պայքարելու ենք ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի, այլ մեր գաղափարներն ու ծրագրերը ավելի գնահատելի դարձնելու, ավելի ընկալելի ու իրականանալի, հասարակության ավելի մեծ աջակցությունն ու վստահությունը ստանալու համար:
-«Ավելին` ավելիի համար»` ի՞նչ է նշանակում:
-Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրամիությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որը նշանակում է աջակցություն նոր բարեփոխումներին: ԵՄ պաշտոնատարների հետ բազմաթիվ քննարկումներից ակնհայտ է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները իրենց համար որոշակի չափորոշիչ են: Շատերը Հայաստանը դիտում են որպես հետխորհրդային անցումային շրջանի բարեփոխումների հաջողված օրինակ: ՀՀ և ՀՀԿ նախագահի հայտարարած երկրորդ սերնդի բարեփոխումները արդեն իսկ դրական գնահատականներ ունեն միջազգային ասպարեզում: Ժամանակի ընթացքում նրանք նաև սոցիալական հարթության վրա տեսանելի կդառնան:
-Կոնկրետ Հայաստանի դեպքում դա ի՞նչ է նշանակում:
-Արևելյան գործընկերությունը շատ լավ պատուհան է Արևելք-Արևմուտք համագործակցության, մարդկային կայուն զարգացման ապահովման համար, այս բանաձևը մեզ համար շատ գործնական մոտեցում է, որովհետև հավասար աչքով նայել տարածաշրջանին` Ադրբեջանում չիրականացվող, Հայաստանում իրականացված բարեփոխումներին արդարացի չէ: Հայաստանը որպես տարածաշրջանում ժողովրդավարական, հավասարակշռություն ապահովող, եվրոպական համակարգի հետ արժեքային ընդհանրություններ ունեցող երկիր, ավելի շատ հնարավորություններ ունի այս ծրագրից օգտվելու:
-ՀՀ նախագահի առաջին պետական այցը ՌԴ երևացող ու չերևացող քաղաքականության մեջ ի՞նչ արդյունքներ ունեցավ:
-Նախ և առաջ հստակ ամրագրվեց հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը` որ Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի համար անփոխարինելի դաշնակից է, որ Հայաստանի տնտեսական, սոցիալական քաղաքական զարգացումները միշտ էլ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են եղել, որ անվտանգության ապահովման, կոնֆլիկտի կարգավորման, էներգետիկ ռեսուրսներում և էներգետիկ ծրագրերի շրջանակներում Հայաստանում խնդիրները լուծման հարթակներ ունեն և այդ հարթակներում Ռուսաստանն իր դերն ունի: Ամրագրվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը, ռուսական կապիտալի առկայությունը և դրանով պայմանավորված` ռուսական տնտեսական շահագրգռությունը տարածաշրջանում, նոր ներդրումների, նոր խթանիչների, նոր տնտեսական գրավչության հնարավորությունների ստեղծման կարողությունը, ամրագրվեց հումանիտար ոլորտում համագործակցությունը, այն հանգամանքը, որ մենք ունենք ամենամեծ սփյուռքը ՌԴ-ում` 2, 5 միլիոն, և նրանց ազգային-մշակութային բազմաթիվ խնդիրների, իրավունքների հետ առնչվող հարցերը: Օրակարգը շատ ընդգրկուն է և բազմաբովանդակ: Կարծում եմ` ՌԴ նախագահի այցը Հայաստան, ՀՀ նախագահի պետական այցը ՌԴ միայն արարողակարգային չէին, հստակ, հագեցած, բովանդակային կոնկրետ խնդիրների լուծմանն էին ուղղված:
-Ձեր տպավորությամբ` Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ղեկը ՌԴ նախագահը փոխանցել է Ֆրանսիայի՞ նախագահին:
-Ես չէի ասի, որ երեք համանախագահներից մեկի ձեռքին է միշտ ղեկը, կա համաձայնություն, և ՌԴ նախագահն էլ պարբերաբար շեշտում էր, որ գործընկեր երկու նախագահների համաձայնությամբ և աջակցությամբ է գործում: Քանի որ ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում նախընտրական տրամադրություններ են, բնականաբար խնդիրը բոլորի համար համահավասար նշանակություն ունի: ԵԱՀԿ ՄԽ-ն անփոխարինելի է հակամարտության հաղթահարման լուծումների գտնելու գործընթացում: Հիմքեր չեմ տեսնում` ենթադրելու, որ Դմիտրի Մեդվեդևը փորձում է հանձնել, իսկ Նիկոլա Սարկոզին փորձում է վերցնել ԼՂ հակամարտության կարգավորման առաջնորդությունը: Միջնորդական ջանքերը չեն դիտարկվում որպես մեկ պետության ջանքեր, այդ համահավասարության մեջ է Հարավային Կովկասում խաղաղության ապահովման բանալին:
-Մինչև ընտրություններ հնարավո՞ր է ԼՂ հարցում փաստաթղթի ստորագրում:
-Կարծում եմ` ոչ, բանակցությունները կշարունակվեն անփոփոխ օրակարգով: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը փորձում է հարցականի տակ դնել բանակցային գործընթացը և ՄԽ գործունեությունը, ավելի շատ ներքին լսարանի համար է, որովհետև Ադրբեջանի հասարակությունն էլ վաղուց հոգնել է միագիծ ու միօրինակ քաղաքականությունից, և յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ կոնֆլիկտի չկարգավորվածությունը Ադրբեջանի համար սոցիալական մեծ վնասներ է բերում: Վերջերս միջազգային կազմակերպություններից մեկի հրապարակած տվյալներով` Ադրբեջանի նավթային եկամուտները և տնտեսական «առաջընթացի» արդյունքները հավասարաչափ բաշխում չունեն: 5 տոկոսի ձեռքում բևեռացված է հարստության մեծ մասը, 95 տոկոսն ապրում է սոցիալական բարդ իրավիճակում, որ առավոտից երեկո պատերազմի կոչեր է լսում...
-Քադաֆիի ուրվակա՞նն է երևում Բաքվում...
-Որոշ վերլուծաբաններ արդեն իսկ ասում են, որ հարավկովկասյան Քադաֆին Ալիևն է: Հավելեք, որ նախիջևանյան կլանն էլ փորձում է ակտիվանալ, այսինքն` Ադրբեջանի ներսում էլ քաղաքական տագնապները շատ են և քաղաքական ճնշվածության միջավայրը վաղ թե ուշ պայթելու է:
-ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դարձած Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում կարո՞ղ է իր քաղաքականությունը կտրուկ փոխել:
-Չեմ կարծում, դա ընդամենը Ադրբեջանի համար հակաքարոզչությունն ակտիվացնելու, ապատեղեկատվությունը խորացնելու հնարավորություն է: ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ լինելն ավելի շատ դիվանագիտական հարթության մեջ պետք է դիտել, քան իրական քաղաքականության. ՄԱԿ-ի ոչ մշտական անդամները վետոյի իրավունք չունեն: ԱԽ մշտական անդամ 5 երկրներից 3-ն էլ ՄԽ անդամ են, և նրանցից յուրաքանչյուրն իր շահերից ելնելով հավասարակշռությունը չի խախտի: Ադրբեջանի երկամյա անդամությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին ԼՂ կոնֆլիկտի բուն էության և լուծումների վրա արմատական, շրջադարձային ազդեցություն ունենալ չի կարող:
-1999 թ. հոկտեմբերի 27-ից 12 տարի է անցել, Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության հետևանքները հաղթահարվա՞ծ են հասարակության մեջ:
-Դա շատ դաժան իրողություն է, որ մնացել է յուրաքանչյուրիս հիշողության մեջ: Մենք պիտի հասկանանք, որ կառավարման քաղաքական համակարգը իր անվտանգության ապահովման խնդիրը պետք է լուծի, դա պետությունների ներքին կայունության և ներքին զարգացումների համար շատ կարևոր է: Այսօր արդեն քաղաքական հարաբերությունները հետևանքային չեն, ավելի ազատ են, գործնական ու փոխադարձության սկզբունքով: Պետք է միշտ լավատեսական տրամադրվել նոր զարգացումների նկատմամբ, ցանկացած, նույնիսկ ամենաբարդ իրավիճակում լավատեսությունն օգնում է քաղաքական գործիչներին:
-Իսկ իրատեսությո՞ւնը:
-Իհարկե` իրատեսությունը ևս, բայց իրատեսությունը յուրաքանչյուրի վերլուծական կարողություններին է վերաբերում: Իհարկե` ամենահեշտը վիրավորվելն ու վիրավորելն է, քննադատելը, բայց մեր խնդիրը դա չէ, մենք պետք է կարողանանք 2012-2013 թթ. ընտրություններն անցկացնել լավագույն չափորոշիչներին համապատասխան: Ես հավատում եմ, որ մենք լավ ընտրություններ ենք ունենալու, ես վստահ եմ, որ մենք անցյալի թերացումներն ու սխալները չենք կրկնելու: Այս ընտրություններն առանձնահատուկ են. մասնակցելու են մեծ թվով ընտրողներ, որոնք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, այսինքն` նրանք, ովքեր ծնվել են անկախության հաստատումից հետո, նոր սերունդը, որ բերել է նոր չափորոշիչներ, նոր աշխարհընկալում, նոր պահանջներ, նրանց խորթ են այն գործիչների նվնվոցները, որոնք աշխարհի զարգացման օրինաչափությունները չընդունելով` փորձում են իրենց տեսակետները զարգացնել: Քաղաքական նվնվոցից պետք է հրաժարվել, մենք պետք է ավելի համարձակ նայենք աշխարհին, ավելի վստահ:
-Աշխարհին վստահ ու համարձակ նայելու համար ուժ է պետք, մենք ունե՞նք այդ ուժը:
-ՈՒնենք, այդ ուժը մեր ինտելեկտուալ կարողություններն են, որ մեր ձեռքից ոչ ոք չի կարող խլել, մեր համախմբվածությունն է, որով լուծել ենք մեր խնդիրները, քաղաքական զսպվածությունն է, քաղաքական դաստիարակությունը, որ շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ և գործիչ պետք է այնքանին հավակնի, ինչքանի իրավունքը վաստակել է: Երբ բոլոր քաղաքական ուժերը օրինակելի քաղաքական համակարգ կազմեն, հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի: ՀՀԿ-ն այդ հարցում օրինակ է, գուցե լավագույնը չէ առայժմ, բայց իր զսպվածությամբ, իրատեսությամբ, համագործակցության պատրաստակամությամբ, բոլոր ժամանակաշրջանների իր առաջնորդների հեղինակությամբ միշտ կարողացել է լինել քաղաքական դաշտի առանցք և զարգացման նորմալ հնարավորություններ ապահովել բոլորի համար: Անկախ պետականության քաղաքացին բոլորովին այլ մտածելակերպ պետք է ունենա և այլ վերաբերմունք իր պետության նկատմամբ: Այսօր հայրենասերն այն քաղաքացին է, որը հարգում է իր պետությունը, հարգում է իր իրավունքները և պարտականությունները:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ