«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԵԹԵ ՔԱՅԼ ԱՌԱՋ Է ԳՐԱՆՑՎՈՒՄ` ՇԱՏ ԼԱՎ, ԵԹԵ ՈՉ` ԳՈՆԵ ԲԱՑ ԴՈՒՌ Է ՄՆՈՒՄ»

«ԵԹԵ ՔԱՅԼ ԱՌԱՋ Է ԳՐԱՆՑՎՈՒՄ` ՇԱՏ ԼԱՎ, ԵԹԵ ՈՉ` ԳՈՆԵ ԲԱՑ ԴՈՒՌ Է ՄՆՈՒՄ»
24.06.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ
-Ինչո՞վ եք պայմանավորում, որ 2011-2015 թթ. կրթության զարգացման ազգային ծրագիրը քննարկվում է ԱԺ արտահերթ նստաշրջանում:
-Արտահերթ նստաշրջանն այլ հարցերով էր հրավիրվել, բայց որովհետև ծրագիրը ամիսներ շարունակ քննարկվել է, եղել են լսումներ, որոշվեց ընդունել երկրորդ ընթերցմամբ, որովհետև արդեն պատրաստ է: Ծրագիրը շատ ընդգրկուն, շատ ծավալուն փաստաթուղթ է, նախորդն ընդգրկել է 2001-2005 թթ.: Ես հատկապես կարևորում եմ ծրագրի առկայությունը, որովհետև մի քանի տարվա համակարգված գործողությունների հնարավորություն է տալիս:
-Ինչո՞վ է այս ծրագիրը տարբերվում նախորդից:
-Նախորդի հետ չեմ ուզում համեմատել, ոչ այն պատճառով, որ բարեփոխման ծրագիր էր կամ 10 տարի է անցել, պարզապես համեմատության եզրեր չկան: Թերևս ոչ մի ոլորտում կյանքի զարգացումը, փոփոխություններն այդքան արագ չեն զգացվում, որքան կրթական: Դու պարտավորված ես կյանքին համընթաց քայլել, որովհետև աշխարհը փոխվում է անվերջ, անվերջ զարգանում է, գիտելիքների կուտակմանն ու կատարելագործմանը դադար չկա, և կրթական օրենսդրության մեջ են ամենաշատ փոփոխություններն ու լրացումները:
-Փոփոխությունը միշտ չէ, որ դրական ներգործություն է ունենում որևէ ոլորտի, այդ թվում` կրթականի, գործունեության վրա:
-Համաձայն եմ, բայց ի՞նչն եք վերցնում համեմատության եզր: Այնուամենայնիվ, ինչքան էլ փայլուն ծրագիր ընդունվի` նպատակների, ուղենիշների, խնդիրների լուծման մեխանիզմների առկայությամբ, կարևորը ծրագիրը կյանքի կոչելու կամքն է: Այս ոլորտում մարդկային գործոնը որոշիչ է` ուսուցիչը, դասախոսը, որ պիտի փոխանցեն գիտելիքը, կրթեն ու դաստիարակեն, կայուն արժեհամակարգ պիտի ունենան:
-Ըստ ծրագրի` ո՞րն է մեր նպատակը, իդեալը:
-Կրթության ոլորտում երբեք այսօր արվածի արդյունքը վաղը չես տեսնի, տարիներ են պետք, մանրակրկիտ ու հետևողական աշխատանք: Իդեալը ժամանակակից մտածողություն ունեցող մարդու ձևավորումն է, որ լավ գիտի իր արմատներն ու ավանդույթները, կարողանում է դիմակայել կյանքի մարտահրավերներին և ինքնահաստատվել: Հասարակությունն այս հարցում մեծ դեր ունի, մենք պիտի փոխենք կրթության նկատմամբ վերաբերմունքը: Ծրագրի կարևոր կետերից մեկը ուսման նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանն է առնչվում, իսկ դա դժվար գործ է, հստակ ծրագիր, և ուղղորդում ունենալը բավարար չէ:
-ՈՒսուցիչը սովորեցնում է աշակերտին, ո՞ր ատյանում պիտի սովորի ուսուցիչը:
-Իսկապես բարդ հարց է, ուսուցիչն անընդհատ պետք է աշխատի, անընդհատ պետք է լրացնի գիտելիքները և մանկավարժական հմտությունները կատարելագործի: Նախարարությունը պիտի ուղղորդի ու համակարգի այդ աշխատանքները, դրան են ուղղված և՛ ատեստավորումը, և՛ վերապատրաստումը, և՛ թեստային համակարգերը: Գուցե ամեն ինչ դեռ հստակված չէ, բայց դա կյանքն է, չես կարող փոխել կյանքն առանց ինքդ փոխվելու:
-Իսկ եթե դրանք միայն ձևական, գուցե իրավական քայլեր են և ոչինչ էլ չեն փոխում դպրոցի ու բուհի կյանքում` սովորողը սովորում է, չսովորողը սողանցքեր է որոնում:
-Ոչ, ձևական չեն, չեմ բացառում թերությունները, բայց դրանք շտկելի են, ոչ մի նորարարություն միանգամից չի ընդունվում ու կիրառվում, ոմանք դժգոհում են, ոմանք շահում են, ոմանք` տուժում: Իհարկե, բոլոր ուսուցիչները չէ, որ գոհունակությամբ են ընդունում փոփոխությունները, բայց բոլոր ոլորտներում է այդպես, ու դա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պիտի նստենք ու ոչինչ չանենք: Ակնհայտ է, որ սեփական արժեքներդ պիտի ունենաս, որ արժեքներ արմատավորես: Մեզ մոտ գերիշխում է ամեն ինչ ու ամենքին փնովելու, ոչինչ չընդունելու միտումը, մենք վերածվում ենք հասարակարգի, որը շատ երախտամոռ է, միայն պահանջում է և առաջնորդվում սպառողական հոգեբանության սկզբունքներով` տիեզերքի կենտրոնում միշտ սեփական եսն ունենալով: Աբսուրդ է պահանջել որևէ մեկից, որ իր ունեցածը քեզ տա, որովհետև դու, քո կարծիքով, արժանի ես: Ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ, եթե արժեք է դառնում արժեքի բացակայությունը:
-Ոչինչ, Մովսես Խորենացին 5-րդ դարից ողբում էր այդ առիթով, բայց կորցնելիք դեռ մնացել է:
-Դա մխիթարություն չէ...
-Իսկ գուցե մենք հերթական վերելք-անկում կորի՞ մեջ ենք, և հիմա ընդամենն անկման պահն է, որին հաջորդելու է վերելքը:
-Ամեն ինչի համար պիտի վճարել: Ազատության, անկախության, մեր երազանքների և ձգտումների իրականացման համար պետք է վճարենք: Եթե շատ մեծ գին ես վճարում, պարապ է առաջանում, որը պետք է լցվի: Արվեստում էլ է այդպես` անընդհատ վերելք չի լինում, անպայման են անկումները, տվայտանքներն ու որոնումները:
-Դպրոցը և՛ հասարակության հայելին է, և՛ այն վայրը, ուր փոփոխություններն են հասունանում: Առայժմ դպրոցն ընդամենը հայելի է, չի դառնում այն վայրը, որտեղից դուրս եկած մարդիկ ի վիճակի են հասարակությանը քայլ առաջ տանելու, ինչո՞ւ:
-Արժեհամակարգը պետք է կայացնել: Իդեալը ճշտել և ինքնարտահայտման լիարժեք հնարավորություններ ստեղծել: Եթե այսօր մենք դեռ երիտասարդների մեջ սերմանում ենք պահանջատեր երախտամոռություն, նրանք դեռ երկար ոչ մի արժեք չեն ունենա, և ուրացումը կդառնա արժեք: Չմոռանանք, որ մենք հասարակարգ ենք փոխել և շատ արագ արդյունքներ չենք ունենա:
-20 տարին շատ արա՞գ է համարվում:
-20 տարին շատ կարճ ժամանակ է արմատական փոփոխությունների համար, որոնք սերնդի գիտակցության ու կեցության փոփոխություն են պահանջում:
-Գուցե, բայց նույն այդ սերնդի ճակատագրի համար 20 տարին խայտառակ շատ ժամանակ է, ո՞վ է կորած տարիները վերադարձնում:
-Պետականություն վերականգնել, պատերազմում հաղթել, նորի հիմքերը դնել, սկզբունքները մշակել... առանց կորուստների հնարավոր չէ երևի:
-Հայ գրող Հրանտ Մաթևոսյանին պետք էր տարածքը հայրենիք դարձնել, հիմա ամեն ինչ արվում է հայրենիքը տարածք դարձնելու համար: Չձևավորվող արժեհամակարգը, տարտղնված արժեքները, բարոյահոգեբանական մթնոլորտը... մինչև ո՞ւր:
-Մենք այլախոհության, ազատ խոսքի արժեքը չհասկացանք, մեզ թվաց, որ դա նշանակում է միմյանց հայհոյել, ցինիզմը նշանաբան դարձնել և ոչ մի դեպքում միմյանց չլսել, չհասկանալ... Բացախոսությունը, ժողովրդավարությունը ոչ թե իրար հետ չհամաձայնելու ազատությունն է, այլ փոխհամաձայնության: Սա էլ փուլ է, որ պետք է հաղթահարել, ինչպես մանկական հիվանդությունները:
-Ըստ Ձեզ, Կազանում ԼՂ հարցով փաստաթուղթ կստորագրվի՞:
-Հիմնարար հազիվ թե: ՀՀ նախագահի ելույթը Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում շատ կարևոր ուղերձներ էր պարունակում ոչ միայն Հայաստանի հետագա զարգացման, այլև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ: 20 տարվա անկախության, 10 տարի ԵԽ-ի անդամության ընթացքում առաջին անգամ այդ ամբիոնից հնչեց, որ Ղարաբաղը պետք է բանակցային կողմ լինի, որ Ղարաբաղը Եվրոպայի մաս է։ Իսկապես էլ, երբ Ղարաբաղը բանակցային կողմ դառնա, շատ ավելի ռեալ կլինեն բանակցությունները և արդյունքներն ավելի շոշափելի:
-Հավանակա՞ն է, որ այդ տեսակետների բարձրաձայնումը Կազանում իրավիճակ փոխի:
-Կազանը համարենք հանգրվան հարցի լուծման ճանապարհին և, Կազանից կոնկրետ լուծումներ չսպասելով հանդերձ, ընդունենք, որ բանակցությունների գործընթացը դրական փաստ է, հնարավորություն Ադրբեջանի հետ հարցեր քննարկելու, որոնք գուցե հեռվից թվում են խոսակցություն, բայց միշտ որոշակի մարդկանց ճակատագրին են վերաբերում` դիպուկահարներից մինչև փախստականներ: Եթե քայլ առաջ է գրանցվում` շատ լավ, եթե ոչ` գոնե բաց դուռ է մնում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ