ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

ԽՈՐՀԵՆՔ ԲՈԼՈՐԻՍ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԱՅՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՄԱՀ, ՈՒ ՆՐԱՆ ՀԱՂԹՈՂԻ ԱՆՈՒՆԸ ԿԱՆՉԵՆՔ

ԽՈՐՀԵՆՔ ԲՈԼՈՐԻՍ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԱՅՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՄԱՀ, ՈՒ ՆՐԱՆ ՀԱՂԹՈՂԻ ԱՆՈՒՆԸ ԿԱՆՉԵՆՔ
08.11.2011 | 00:00

Այժմյան սերունդը շատ է սիրում լուրեր կարդալ ու լսել, մանավանդ իրենց ներաշխարհը «խուտուտ» տվող հետաքրքիրները։ Դե, ուրեմն, կարդացեք լուր, բայց ոչ երկրային, այլ երկնային, քանզի մեզ այնտեղ սպասում են։
ԴՐԱԽՏԻ ԽՆՁՈՐՆԵՐԸ
Այս ընթերցվածքը շատերի մոտ հակասական մտորումներ կառաջացնի, որովհետև մենք այնքան ենք մերվել-լղոզվել նյութականին, որ հոգևոր աշխարհի գոյությունն արդեն իսկ թվում է անհավանական, բայց երբեմն-երբեմն «այնտեղից» մեզ հասած լուրերը սթափեցնում են աշխարհիկ հոգսերի ճահճում խրված արարածներիս և լուսավորում մեր խավարած սրտերը, բորբոքելով հավիտենական կյանքի հույսի մարմրող կայծերը։
Դեպքերը, որ այժմ շարադրվելու են, տեղի են ունեցել մեր ժամանակներում, ուրեմն առավել ևս մեզ հարազատ և մոտ կթվան, եթե ընդունենք դրանք որպես իրականություն, քանզի Աստծո առջև ենք կանգնած, և խոսքն աստվածային գաղտնիքների մասին է։
Տվերի նահանգի, մի աննշան գյուղաքաղաքում ապրել է Վերա Շարաևա անունով մի բարեպաշտ կին, որը հայտնի էր բոլորին որպես պայծառատես և աղոթող քրիստոնյա։ Նա իր կյանքում մի քանի անգամ արժանացել է դեպի Երկինք վերանալու։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել, երբ նա դեռ երիտասարդ էր՝ 1924 թվին։ Երկար ժամանակ նա չէր համարձակվում ոչ ոքի պատմել, քանզի կատարվածը խիստ անհավանական էր թվում, բայց հետո պատմեց իր խոստովանահորը, որը, քննելով ըստ Աստծո խոսքի, համոզվեց, որ դրանք Տիրոջ կողմից են կատարվել։ Նման դեքերում զգուշությունն անհրաժեշտ է, որովհետև սատանան շատերին է նման ձևով մոլորեցրել, որովհետև նա կարող է նույնիսկ լուսո հրեշտակի կերպարանքով էլ հանդես գալ։
Վերայի մայրը բողոքականներից էր՝ բապտիստուհի, և ոչ մի ձևով չէր ուզում միանալ ուղղափառ եկեղեցուն։
Մի անգամ նրա աղջիկը՝ Վերան, զատկական վերջին շաբաթվա եկեղեցական արարողությունից հետո տուն վերադարձավ, և երբ մայր ու աղջիկ նստել էին ճաշելու, հանկարծ Վերան կորցրեց գիտակցությունը և ընկավ գետին։ Հոգու աչքերով նա այդ ժամանակ տեսնում էր թե ինչպես է իրենց սենյակ մտնում Տիրոջ հրեշտակը և ասում նրան. «Վերա, գնա՛նք ինձ հետ»։ ՈՒ երբ նրանք արդեն մուտքի մոտ էին, հրեշտակն ասում է նրան. «Վերա՛, հե՛տ նայիր»։ Նա հետ նայելով տեսավ իր սեփական մարմինը` անշնչացած ընկած հատակին, իսկ մայրը ողբում էր վրան։ Այնուհետև հրեշտակը տանում է Վերային զմրուխտե գույնով կանաչ խոտագորգի վրայով։ Հանկարծ առջևում երևում են սարսափելի դևերը, որոնք յուրաքանչյուր նրա կատարած մեղքի համար տուրք էին պահանջում, նույնիսկ ամենաչնչին չխոստովանված մեղքի համար։ Հրեշտակը գնում էր Վերայի կողքից, հետը կարմիր տոպրակ, ոսկե դրամներով լի, ամեն «մաքսատան» մոտից անցնելիս, նա կշեռքի նժարի վրա մի ոսկեդրամ էր դնում ու միայն այդ ժամանակ կարող էին առաջ գնալ։ Վերան հետո պատմում էր, որ այնտեղ վճարվեց նույնիսկ այն «անմեղ» ստի համար, երբ դաշտում ինքը կաթը կթելուց հետո վերադառնում էր տուն, ու ճանապարհին ով խնդրում էր, նրանց լցնում էր, բայց մորն ասում էր, թե կովն է հարու տվել թափել։
Երբ անցնում էին կրակե գետով, տեսավ ծանոթ կախարդների, որոնք մարդկանց «բժշկում» էին զանազան շշնջոցներով, հմայություններով, որոնց զորությունը սատանայից էր տրված։ Նրանք որպես պատիժ աղի արձանի նման էին այնտեղ, ինչպես Ղովտի կինը դարձավ Սոդոմ-Գոմորի կործանման ժամանակ։
Դժոխքում նա տեսավ Լենինին։ Նա կարմիր երեսով էր, ինչպես սովորաբար նկարում են պլակատների վրա։ Նստած էր հրե շղթաներով կապկպված ու գալարվում էր անտանելի տանջանքներից։
Հետագայում՝ 50-ական թվականներից հետո, երբ Տերը Վերային նորից արժանացրեց Երկինք վերանալու, նա դժոխքում տեսավ վերջերս մահացած Ստալինին։ Նա էլ էր խիստ տանջվում, բայց մյուս անգամ նորից տեսավ, որ տանջանքները մի քիչ պակասել էին, բայց ինչ պատճառով, չիմացավ։
Իսկ 1946 թվին, երբ նորից Վերան արժանացավ Երկինք հափշտակվելու, նա այս անգամ տեսավ Կալինինին, որի հոգին տանում էին սուրբ Գևորգն ու էլի երկու հրեշտակներ։ Նա զարմացավ, թե այդ ինչպե՞ս է, որ այդ անաստվածի հոգուն հրեշտակներն են ուղեկցում, չէ՞ որ նրա տեղը դժոխքն է։ Սուրբ Գևորգը բացատրեց, որ նրա վերջնական դատավճիռը պետք է անձամբ Քրիստոսի կողմից կատարվի, բայց քանի որ նա իր կյանքում շատ բարի գործեր է կատարել, ու շատերին արձակել է բանտից, այդ պատճառով այժմ նրան հրեշտակներն են ուղեկցում։ (Բարի գործերից մեկը, որ կատարել է Կալինինը, թերևս այն է, որ նա օրենքով արգելել է կանանց աբորտները, որոնց պատճառով այժմ միլիոնավոր մանուկ հոգիներ են ոչնչանում, դեռևս արևի լույս չտեսած, ու այդ մանուկները պետք է իրենց ծնողների վկաները դառնան ահեղ դատաստանի ժամանակ. - հեղ.)։
Երբ նրանք շրջանցեցին դժոխքը, Վերան իմացավ, որ դժոխքից բացի, կա միջանկյալ մի վայր, որ, կոչվում է «Խելագարների տուն»։ Այնտեղ նա տեսավ Ալեքսանդր Պուշկինին, նա կանգնած էր սպիտակ սավանով ծածկված, իսկ ուսին մի ճերմակ աղավնի էր նստած։ Այդ աղավնին Պուշկինի փոխարեն աղոթքներ էր առաքում Աստծուն։ Վերան հարցրեց նրան, թե ինչպես է զգում իրեն։ Նա պատասխանեց. «Այստեղ վատ է, սպասում եմ Ահեղ դատաստանին, որովհետև մահվանից առաջ հաղորդվեցի, բայց ապաշխարության պտուղներ չբերեցի և Աստված մի արասցե որևէ մեկն ընկնի այստեղ»։
Դրախտում նա տեսավ այն ծառը, որը, ըստ Հովհաննու Հայտնության, ամեն ամիս է ծաղկում, որի տերևները ճերմակ գույն ունեն։ Հիսուս Քրիստոսը Վերային թույլ տվեց այդ ծառից մի խնձոր քաղել։
Իսկ երբ տեսիլքն ավարտվեց, Հիսուսն ասաց. «Թող նա վերադառնա երկիր, միայն թե չապականվի։ ՈՒ որպես գրավ թող մի աչքը թողնի այստեղ»։ Հրեշտակը հանում է Վերայի մի աչքը ու նետում «Պատմության անիվի» մեջ, որից հետո նա երկիր է վերադառնում։
Հրեշտակը նրան մինչև տուն է ուղեկցում, որտեղ նա նորից տեսնում է իր անշնչացած մարմինն ու այնքա՜ն չէր ուզում իր մարմնի մեջ մտնել, քանզի այն սարսափելի ու տգեղ էր թվում։ Բայց հրեշտակը բռնեց Վերայի մեռած մարմնի գլուխը և «հոգու գլուխը» և ուժով զարկեց իրար, ու Վերան նորից իր մարմինը մտավ։
Տեսիլքն ավարտվեց, նա կենդանացավ, բայց մի աչքն այդպես էլ չէր տեսնում, չնայած բժիշկներն ասում էին, որ աչքը լիովին առողջ է։ Իսկ դրախտից վերցրած խնձորը նա տվեց մորը, որը ստանալով այդ երկնային նվերը, զղջում է իր մոլորության համար և վերադառնում ուղղափառ եկեղեցու գիրկը։
Այդ դեպքից հետո մի զարմանալի խոսակցութուն տեղի ունեցավ իրենց գավառի մի խենթ տղայի հետ, որը մի ոտքից կաղում էր, և որին միշտ ծաղրում էին։ Նա մի օր տեսնելով Վերային` ասում է. «Վերա՜, Վերա՜, իսկ հիշո՞ւմ ես` ինչպես էիր քայլում դրախտում կեռափայտը ձեռքիդ. այնտեղ քեզ տեսա»։ Վերան զարմացավ ու հասկացավ, որ Տերը նրան էլ էր արժանացրել դրախտը տեսնելու։
ԲՐԵԺՆԵՎԻ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մյուս դեպքը որ պիտի նկարագրվի այժմ, նույնքան հետաքրքիր ու զարմանալի է, որովհետև այն վերաբերում է մեզ շատ ծանոթ Բրեժնևին։ Եվ որպեսզի նրա մասին նույնպես սեփական կարծիքների մեջ չմոլորվենք, արժե Աստծո մի աղախնի պայծառատեսության դեպքը մեջբերել այստեղ։
Պատմում է նրա հոգևոր դուստրը. «1982 թվականի նոյեմբերի տասն էր, թաց ձյուն էր գալիս, ես ու ընկերուհիս, որ միասին էինք ապրում, հանկարծ գիշերը միաժամանակ արթնացանք. երկուսիս հոգիներում անհասկանալի ծանրություն կար։ Առավոտյան գնացինք սուրբ պատարագի, որտեղից էլ ուղղվեցինք պայծառատես, մայր Ռաֆաիլայի մոտ, ու խիստ տխրամած ասացինք. «Մայրիկ, չգիտես ինչու, անբացատրելի ծանրություն կա սրտներումս, կարո՞ղ է պատահել ինչ-որ վիշտ է մեզ սպասում»։
«Ո՛չ,- պատասխանեց նա,- ձեզ ոչինչ էլ չի սպասում, պարզապես Լյոնկան է մեռել»։ «Ի՞նչ, Լյոնկա,- հարցրինք մենք»։ «Բրեժնև Լեոնիդը»։ «Հետո ի՞նչ, մեկը մեռավ, մյուսը կլինի, մեզ ի՞նչ դրանից»։ «Սրա օրոք խաղաղ էինք ապրում,- ասաց Ռաֆաիլա մայրիկը, - չգիտեմ նա Երկնքի արքայությունը ժառանգեց թե ոչ, բայց հանգստի արժանացավ, իսկ նրանից հետո ամեն բան արագ պիտի փոխվի. սկզբում մեկ տարի, հետո կես տարի, իսկ երրորդում պետք է կռիվ լինի, ու վերջ»։
Այդ ժամանակ մենք մտածեցինք` երրորդ համաշխարհային պատերազմը պիտի լինի, ու Քրիստոսի երկրորդ գալուստը, բայց հետագայում հասկացանք, որ Գորբաչովի ժամանակ սկսված քաղաքացիական կռիվների մասին էր խոսքը, որից հետո խորհրդային երկրի վերջը եկավ։
Մենք նրա մոտից ցնցված հեռացանք և ուղղվեցինք դեպի վանք։ Դեռ ոչ մի տեղ լուր չկար Բրեժնևի մահվան մասին, ո՛չ թերթերում, ո՛չ ռադիոյով։ Վանքում հանդիպեցինք մեր խոստովանահորը և ասացինք Բրեժնևի մասին։
Նա պատասխանեց. «Գիտե՛մ, այո՛, վաղ արշալույսին ինչ-որ մեկը թակեց խցիս պատուհանը, ես հարցրի. «Ո՞վ է այնտեղ», իսկ ինձ պատասխանեցին. «Ե՛ս եմ, Բրեժնևը, գնացի երկնային մաքսակայաններով, աղոթի՛ր ինձ համար»։ Չէ՞ որ նա մահից մի քանի ամիս առաջ գաղտնի եկավ վանք ու ապաշխարության խոստովանություն արեց, քանի որ նա սրտում ընդունում էր Աստծուն»:
Ահա այսքանն ընթերցողին հրամցվեց, որպեսզի մի պահ սթափվենք անհավատության թմբիրից ու խորհենք բոլորիս սպասվելիք այն անխուսափելիի մասին, որ կոչվում է մահ, ու նրան Հաղթողի անունը կանչենք, Որին անվանում են՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ՈՐԴԻ ԱՍՏԾՈ։
Տպագրության պատրաստեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ