«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ»

«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ»
17.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Ձեր գնահատականով` ի՞նչ փոխհարաբերություններ են հիմա իշխանական ու ընդդիմադիր դաշտերի միջև:
-Իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններում, նախկինի համեմատությամբ, դրսևորվում են հանդուրժողականության տարրեր` առաջին հերթին իշխանության կողմից, առանձին արձագանքներ կան ընդդիմության առանձին ներկայացուցիչների կողմից: Ընդդիմության մեջ, ՀԱԿ-ում կան մարդիկ, որ իրենց հին երգն են երգում` կազմաքանդել և այլն, և այլն... Փա՜ռք Աստծո, կան մարդիկ, որ կառուցողական դաշտում են և հասկանում են, որ երկրի ու պետության խնդիրների լուծման ճանապարհը նույն մայրուղին է` հանդուրժողականության և ոչպետականաքանդ քաղաքականության:
-2008 թ. ապրիլի 9-ին երդմնակալության ժամանակ ՀՀ նախագահի խոսքում կային այդ նոտաները, ի՞նչը խանգարեց, որ երկխոսությունն այդքան ուշ սկսվի:
-Ոչ միայն այդ օրը, դրանից առաջ էլ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ առաջին խոսքը որ ասաց, ուղղված էր «Ազատության հրապարակում հանրահավաք անող մեր քույրերին և եղբայրներին»: Կարծում եմ` դա հանդուրժողականության առաջին դրսևորումն էր, որ նշանակում էր` պետությունը և իշխանությունն ընդամենը գործիք են, միջոց ժողովրդին ու հայրենիքին ծառայելու համար: Ցավոք, այդ կոչը, քաղաքական կամքն ըստ արժանվույն չգնահատվեց, ընդհակառակը` որոշ մարդիկ անտեսեցին, և ինչ տեղի ունեցավ, բոլորս գիտենք:
-Եթե չեմ սխալվում, այդ միտինգը փետրվարի 26-ին, թե 27-ին էր, ի՞նչ եղավ, որ մարտի 1-ի իրադարձությունները հաջորդեցին:
-9 օր շարունակ Ազատության հրապարակում մեր ժողովրդի մի հատվածին անընդհատ թշնամանք, դժգոհություն էր սերմանվում, որը չէր կարող ազդեցություն չունենալ։ Հուզական ֆոնի վրա խաղալ ժողովրդի զգացմունքների վրա չափազանց հեշտ է, երբ կատարողը պրոֆեսիոնալ բարձր որակներ ունի: Իսկ նման մարդիկ կային և կարողացան ժողովրդին լիցքավորել դաժան լիցքերով, իշխանությանը թշնամի հայտարարելով: Երկրի նախագահը բոլոր ոլորտների հետ կապված խնդիրների քննարկման ժամանակ հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին մարտի 1-ի դեպքերը քննարկելու, լուծումները գտնելու, որպեսզի օրենքն ըստ արժանվույն գործի: Սա նույնպես իշխանության քաղաքական կամքի դրսևորում է, երկրի առջև ծառացած խնդիրները լուծելիս այլ տեսակետները նույնպես քննարկելու և առավել արդյունավետ ու առողջ հատիկն օգտագործելու` հայրենիքն ավելի շեն, նորոգ տեսնելու ու զորացնելու համար:
-Այդ շրջագծում հնարավո՞ր է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները վերսկսվեն:
-ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ընդամենը քաղաքական ուսումնասիրությունների խնդիր ուներ, այլ ուսումնասիրությունների իրավունքն ու պարտականությունը չուներ. Սահմանադրությամբ դա դատաիրավական համակարգի խնդիրն է: Ես համոզված եմ, որ հանձնաժողովի կուտակած փաստերը, և ոչ միայն նրանց, ՀՀ նախագահի հանձնարարականից հետո կուսումնասիրվեն քննչական մարմիններում: Սայթերից մեկում կարդացի` չի բացառվում, որ առանձին բարձրաստիճան քաղաքական գործիչներ, այդ թվում և` առաջին ու երկրորդ նախագահները, հրավիրվեն, և նրանց տեսակետները նույնպես լսվեն մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ:
-Կարծում եք` երկրորդ նախագահը հակված է ինչ-որ բացատրություննե՞ր տալու իրավապահ մարմիններին, նկատի ունենալով նաև հարցազրույցը «Մեդիամաքսին»:
-Այդ հարցի պատասխանն առաջին հերթին կարող է տալ ինքը` Ռոբերտ Քոչարյանը: Չեմ կարծում, թե դա պիտի սվիններով ընդունվի, և կարևոր չէ, թե զրույցը որտեղ կլինի: Վերջին հաշվով, նրանք եղել են այս երկրի նախագահները, և նախագահի ինստիտուտը պետք է ըստ արժանվույն գնահատվի: Փաստերի ուսումնասիրության առաջին պայմանը պետք է անաչառությունը լինի:
-Ձեր գնահատականով` ի՞նչ խորհրդարան կունենանք մեկ տարի հետո:
-Մի քանի օր առաջ ռուսական HTB-ով շատ հետաքրքիր քննարկումներ էին քաղաքական ընդհանուր դաշտում և քաղաքական կառույցներում տեղի ունեցող գործընթացների մասին:
-Նկատի ունեք «Միասնական Ռուսաստանի» հայտարարած նախընտրական ճակատի ստեղծո՞ւմը:
-Այո, իհարկե, նոր չէ նախաձեռնությունը, նախընտրական տեխնոլոգիաների զինանոցից է: Կարծում եմ` մենք էլ նույնատիպ քաղաքական տեխնոլոգիաներ կարող ենք կիրառել առավել մեծ ընտրազանգված համախմբելու համար: Ընտրացուցակները կազմելիս էլ նրանք հետաքրքիր մեթոդ են կիրառում` գործող պատգամավորների ատեստացիայի, արժևորելով, թե ով ինչպես է աշխատել, ինչ նոր կադրեր են պետք` երիտասարդ կամ միջին սերնդից: Համոզված եմ, որ ընտրություններն ավելի արժանահավատ են լինելու, հանրության մեծ մասը վստահելու է ընտրության արդյունքներին` մենք այդ քաղաքականության կողմնակիցն ենք: ՀՀ նախագահը կուսակցության քաղաքական խորհրդի հետ քննարկման ժամանակ այդպիսի հարցադրումներ է արել` ընտրություններին պատրաստվել շատ ուշադիր, կազմակերպված, որևէ մեկը չպիտի փորձի արջի ծառայություն մատուցել և մարդկանց տարիների աշխատանքը ջուրը գցել` Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու մարմաջով: Քաղաքական նախապայմանները կան, կամքը կա, տրամադրվածությունը կա թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և իրական ձայները քաղաքական դաշտ բերելու, որպեսզի ընտրությունների արդյունքները վիճահարույց չլինեն: Թե քաղաքական ուժերից որն ինչքան քվե կստանա, ժողովրդի կամքն է: Ես կարծում եմ, որ եթե ՀՀԿ-ն բոլոր ուժերը, տնտեսական ծրագրերը, կատարած ու չկատարած գործերը, կայունության ձգտումը ամբողջությամբ ներկայացնի ժողովրդին, ապագա ԱԺ-ում լուրջ դերակատարում կունենա, նույնիսկ ավելի լուրջ, քան այսօր է:
-Ռուսաստանում ընտրությունների ինտրիգը պտտվում է նախկին ու ներկա նախագահների շուրջ, Հայաստանում ևս երեք նախագահների՞ հետ է ամեն ինչ կապվում:
-Քաղաքական գործիչներից մեկը մի անգամ նկատեց, որ Հայաստանում ինչ կատարվում է, երեք նախագահների հետ է կապված: Նախագահ պատահաբար չեն դառնում, ընտրում է ժողովրդի զգալի մասը: Դա փաստ է: Նախագահ դառնալու ցանկություն շատերը կարող են ունենալ: Նախագահը պատմական անձ է դառնում` անկախ նրանից, թե նախագահի օրոք ինչ դրական ու բացասական իրադարձություններ են եղել: Իհարկե, ամենաճանաչված քաղաքական գործիչները նախագահներն են, դա չի նշանակում, որ այլ գործիչներ չկան կամ շանսեր չունեն: Ռուսաստանում բավականին բարդ գործընթացներ են տեղի ունենում: Արդեն պարզ է, որ շարժումը կարող է հակաշարժում ձևավորել, վերջնական պատկերն ընտրությունները ցույց կտան: Հայաստանում` ևս:
-Հայաստանի քաղաքական դաշտի իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ընթացքի վրա:
-Իշխանության առանցքը կազմող քաղաքական ուժերը գնալու են այն ճանապարհով, որ ներքին ու արտաքին քաղաքականությունն աջակցի Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանը, երբեք հնարավոր չեմ համարում, որ այնպիսի քաղաքականություն իրականացվի, որը վնասի ազգային անվտանգության խնդիրներին: Ղարաբաղի հարցի լուծումն անբաժանելի եմ համարում մեր ազգային անվտանգության խնդիրներից: Ի՞նչ պիտի անել, որ երկիրն ավելի շեն դառնա: Մեր քաղաքական առաջնորդը այդ հարցերի պատասխանները տվել է վերջին մի շարք քննարկումներում:
-Շփման գծում զինադադարի ամենօրյա խախտման դեպքերը համարյա փոքր պատերազմի են վերածվում, հնարավո՞ր է, որ այդ փոքր պատերազմն Ադրբեջանը վերածի մեծ պատերազմի, ինչպես անընդհատ սպառնում է:
-Այդ հարցին օրերս շատ դիպուկ պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ալիևյան կլանն ամեն ինչ անում է երկրի ներսում եղած դժգոհությունը ղարաբաղյան խնդրի վրա կենտրոնացնելու ու Հայաստանն իրենց թշնամի ներկայացնելու համար, որպեսզի իրենց ձախողումները, տևական թալանն ու կոռուպցիան կարողանան արդարացնել:
-Արտաքին թշնամու կերպար ձևավորելը ներքին համախմբմա՞ն միջոց է:
-Իհարկե, մենք դա ամեն օր ենք տեսնում: Ես համոզված եմ, որ Ալիևը ծայրահեղ քայլերի չի գնա, որովհետև հիանալի գիտի, որ կուտակած ունեցվածքը կկորցնի: Երկրորդ պատերազմի դեպքում, ինչպես ՀՀ նախագահն ասաց, շատ կոշտ պատասխան են ստանալու: Այն, ինչ առաջին պատերազմի ժամանակ չարվեց Ալիև ավագի խնդրանքով, այս անգամ կարվի: Թշնամու կերպար ստեղծելով, ռազմատենչ հայտարարություններով, անտրամաբանական քայլերով հարցեր չեն լուծում:
-Անցյալ տարվա քաղաքական գլխավոր իրադարձություններ դարձան WikiLeaks-ի բացահայտումները, այս տարին սկսվեց արաբական աշխարհի հեղափոխություններով, հաջորդեց Բեն Լադենի սպանությունը, այս բուռն շարժումը քաղաքական, տնտեսական, սոցիալական, գաղափարական, մշակութաբանական, բարոյական ի՞նչ փոփոխություններ է խոստանում և ինչպես է անդրադառնում Հայաստանի վրա:
-Ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան են փոքրացրել երկրագունդը, որ ժամերի ընթացքում կարող են փոփոխություններ լինել անգամ ամենակայուն թվացող երկրներում: Մարդկության մի ստվար մասը փորձում է իր քաղաքականությունն իրականացնել և մնացածներին իր օրենքներին ենթարկել գլոբալացման շրջանակներում: Ձեր նշած իրողություններն այդ քաղաքականության իրականացման և այդ քաղաքականությանը հակադարձման հետևանքներ են: Առողջ տրամաբանության շրջանակներում չի կարող տեղավորվել այն, ինչ կատարվում է տնտեսության մեջ: Տնտեսության բնագավառում արդյունքը ստեղծում են այլ կառույցներ, իսկ տնօրինում են բոլորովին այլ կառույցներ` անարդարությունը մեծանում է, սա չի կարող գլոբալ հակազդեցություն չունենալ: Նույնը` քաղաքականության մեջ: Արևմուտքը ենթադրում է, որ իր ամեն ինչը ճիշտ է, իսկ այն, ինչ տեղի է ունենում Արևելքում, սխալ է և պիտի ենթարկվի իր օրենքներին ու ճշմարտությանը: Ի սկզբանե հարցադրումը սխալ է: Արևելքը հազարամյակներով ձևավորված իր մշակույթն ունի, որը ոչնչացնել կամ հերքել անհնար է: Մարդկությունը եթե ոչ հիմա, մի քանի սերունդ հետո հանգելու է այդ ճշմարտության ընդունմանը: Պետք է գործել ոչ թե ընդդեմ, այլ հանուն, հանուն մարդկության ստեղծած արժեքների համադրման, ներդաշնակության: Այսօր տեղի ունեցող գործընթացները տնտեսական հիմք ունեն` և՛ WikiLeaks-ի արտահոսքերն էին խոշոր տնտեսական ու քաղաքական շահեր հետապնդում, և՛ արաբական աշխարհի իրադարձությունները` հաշվի առեք նավթի գործոնը: Թերևս խնդիրն Արևելքի հզոր պետությանը` Չինաստանին, որ այսօր շատ արագ զարգանում է և առանց աշխարհում իր դրոշը ծածանելու` լուրջ քաղաքականություն է վարում, չհզորացնելու հարցը կա: Այն վարչակարգերը, որ լճացել են և կարող են ենթարկվել արևելյան ճնշմանը, սկսում են փոխվել: Հայաստանը, իհարկե, կարող է հայտնվել այդ դաշտում: Բայց մեր ժողովուրդը, որ դարեր շարունակ Արևելք-Արևմուտք խաչմերուկում է, իր կենսափորձով ու կենսափիլիսոփայությամբ այս բոլորն իր մաշկի վրա զգացել է և կայունության կողմնակից է: Դերենիկ Դեմիրճյանը հանճարեղ մի գործ ունի` «Հայը», որտեղ ասում է` ամեն ինչ թող մնա ձեզ, միայն մեզ թողեք մեր արդար ապրելու իրավունքը: Դրսից հրահրվող արհեստական հեղափոխություններին ու հեղաշրջումներին հայ ժողովուրդը տուրք չի տալու:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ