«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԲՈՒՀԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

«ԲՈՒՀԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
24.05.2011 | 00:00

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ զրուցում ենք բուհական կրթության ֆինանսավորման, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2011 թվականի ընդունելության նոր կարգի թեմաներով։
-Պարոն Ավետիսյան, չե՞ք կարծում, որ բարձրագույն կրթության ֆինանսավորման՝ տարիներ շարունակ գործածվող մեխանիզմը սպառել է իրեն, և անհրաժեշտ է նոր մոտեցումներ կիրառել։
-Չեմ կարծում՝ ֆինանսավորման ներկա մեխանիզմն ամբողջովին սպառել է իրեն, միաժամանակ ակնհայտ է, որ ժամանակի պահանջների փոփոխության հետ կապված նաև բարելավման անհրաժեշտություն կա, որն ավելի արդյունավետ կդարձնի մասնագիտական կրթության և աշխատաշուկայի համագործակցությունը։ Խնդիրը ֆինանսավորման այլընտրանքային ձևեր կիրառելն է։ Տասնամյակներ շարունակ այստեղ համաֆինանսավորում է եղել պետության կողմից՝ որպես կադրերի պատրաստման միակ, հետագայում նաև՝ հիմնական պատվիրատուի։ Այսօր արդեն աշխատող տնտեսության տարբեր ճյուղեր ունեն իրենց պահանջարկը, և այն ձևակերպելու դեպքում բուհերը պետք է կարողանան համապատասխան վճարի առկայության դեպքում մասնագետներ պատրաստել։ Երկխոսությունը սկսվել է. յուրաքանչյուր կողմի համար բովանդակության ձևակերպումները հստակեցվում են, մարդիկ սովորում են ստեղծված նոր միջավայրին, և բարեփոխումներն իրականացվում են գործնականում քայլ առ քայլ, առանձին բաղադրիչների մասով։ Բացի այդ, վերջին մեկուկես տարում Համաշխարհային բանկի հերթական վարկային ծրագրի բաղադրիչներից մեկը հենց բուհական համակարգի ֆինանսավորման նոր ռազմավարության մշակումն է։ Այն քննարկման փուլում է, որն իրականացվում է բուհական համայնքի, շահագրգիռ ենթակառուցվածքների հետ։ Վերջին քննարկումը տեղի ունեցավ ՀՀ վարչապետի մոտ։ Աշխատանքային խումբը ներկայացրեց մշակված մոտեցումները, ստացան հանձնարարականներ, և խմբագրումներից հետո այն կներկայացվի կառավարության համաձայնությանը։
-Որպես այլընտրանքային ֆինանսավորման ձև շատ է խոսվում ուսանողական վարկերի մասին։ Համակարգի ներդրման ուղղությամբ ի՞նչ է արվում։
-ՈՒսանողական վարկային համակարգի ձևավորումը բուհական համակարգի ֆինանսավորման նոր ռազմավարության բաղադրիչներից մեկն է։ Այն, որպես կարևոր գործիք, կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Շատ երկրներում, որոնք զարգացած տնտեսություն ունեն, դա հեշտ աշխատող մեխանիզմների ձևով իրականացվում է։ Մեզ մոտ, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը, պետք է կարողանանք մշակել այնպիսի համակարգ, որը գործուն լինի և օգտակար` մեծ թվով շահառուների համար։ Քննարկվում էին մի շարք տարբերակներ՝ վերադարձվող վարկեր, հասանելի կամ չվերադարձվող վարկեր, որոնք հետագա տարիներին ծառայությունների մատուցման ձևով կմարվեն։ Վարկառուն և վարկատուն այստեղ կարող են լինել տարբեր։ Պետությունն իր մասհանումը կարող է անել հիմնադրամին, և դրանից կօգտվեն այն մարդիկ, որոնց համար կսահմանվեն համապատասխան սոցիալական խմբեր։ Պետք է կարողանանք ճիշտ քարտեզագրել, հակառակ դեպքում կվնասենք համակարգը կամ մարդուն` ճիշտ չսահմանված գործիքի պատճառով։
-Այսինքն, նախատեսվում է ունենալ պետական նպատակային ծրագի՞ր։
-Պետական նպատակային ծրագիր է այդպիսի վարկային համակարգ ներդնելը։
Թե ինչ համամասնությամբ կմասնակցի պետությունը՝ որպես կրթության պատվիրատու, որպես կատարող, և ինչ համամասնությամբ կմասնակցեն հասարակությունն ու մասնավորապես գործատուները, շատ կարևոր, որոշիչ բաղադրիչներ են ընդհանուր ծրագրի մեջ։ ՈՒնենալ առանձին կազմակերպություն, որը կիրականացնի ուսանողական վարկեր գործառո՞ւյթը, թե՞ դա վստահել բուհերի միությանը կամ նրանց հոգաբարձությամբ աշխատող որևէ կառույցի. սրանք հարցեր են, որոնք մասնագետները մշակում են, մենք քննարկումների միջոցով փորձում ենք այն օգտակար, հասկանալի դարձնել։
-Որոշ առևտրային բանկեր արդեն իսկ տրամադրում են ուսանողական վարկեր։
-Դրանք սովորական բանկային վարկեր են, իհարկե, մատչելի տոկոսադրույքներով, որոնք կարող են հետաքրքրել հասարակությանը։ Կարծում եմ՝ սովորական բանկային վարկային այս ձևն այժմ ոչ մասշտաբային կարող է լինել սոցիալ-տնտեսական իրադրության պատճառով։
-Պարոն Ավետիսյան, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2011-2012 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է առանց ընդունելության քննությունների (բացառությամբ արվեստի ոլորտի մասնագիտությունների, որոնց գծով նախատեսված է մասնագիտական առարկաներից քննություն)՝ դիմորդների ավարտական փաստաթղթի գնահատականների հիման վրա: Այս փոփոխությունն ինչի՞ն է միտված։
-Արդեն որերորդ տարին կենտրոնացված համակարգով անցկացնելով ավարտական քննությունները՝ մենք տարանջատել ենք ավարտական միասնական և զուտ ավարտական ձևերը։ Բոլոր այն շրջանավարտները, ովքեր գնում են բարձրագույն ուսումնական հաստատություններ բարձրագույն կրթություն ստանալու,՝ հանձնում են միասնական քննություններ դպրոցն ավարտելիս, և այդ քննությունները հիմք են հանդիսանում ընդունելության համար։ Մենք այդ կարգավիճակն ենք տվել զուտ ավարտական քննությամբ դպրոցն ավարտողներին, և այդ գնահատականները հիմք են հանդիսանալու մասնագիտական ուսումնարաններ, քոլեջներ ընդունվելու համար։ Այսինքն՝ ինչպես բուհերում, այնպես էլ այստեղ ավարտական քննությունն ընդունելության հիմք է, և ուսումնական հաստատության կողմից լրացուցիչ քննություններ չեն իրականացվելու։ Ընդունելության քննությունները, որպես այդպիսին, չեն վերանում, կամ նոր քննություններ, նոր ձևեր չեն հայտարարվում։ Ավարտական քննություններին տրվում է ընդունելության հիմքի կարգավիճակ։
-Այդ քննությունները կազմակերպվա՞ծ են այնպես, որ քննական պայմանները լինեն համասեռ, իսկ տարբեր դպրոցներում հանձնված քննությունները՝ հավաստի ու մրցակցային։
-Մենք կարծում ենք, որ մասնագիտական ուսումնարանների և քոլեջների մուտքի համար այդ ճշգրտումն ընդունելի է։ Այս փոփոխության նպատակը գործընթացն ավելի ռացիոնալ կազմակերպելն է, որովհետև այդ ամբողջ գործընթացն ի վերջո և՛ ժամանակի, և՛ միջոցների ծախս է ինչպես շրջանավարտների, նրանց ընտանիքների, այնպես էլ պետության համար՝ որպես հանրակրթության և մասնագիտական կրթության երաշխավոր։ Հետևաբար, օպերատիվ և արդյունավետ կազմակերպված քննություններն ավելի շահեկան են։ Այստեղ մասնագիտորեն կարելի է ուշադրություն դարձնել հետևյալի վրա. դպրոցի ավարտական քննությունները միտված պետք է լինեն այն բանի ստուգմանը, թե դպրոցի շրջանավարտն ինչ է ձեռք բերել հանրակրթության չափորոշիչներով սահմանվածից։ Մինչդեռ ընդունելության քննություններն այլ գաղափարախոսություն ունեն. դրանք պետք է պատասխանեն այն հարցին, թե տվյալ դիմորդը որքան է պատրաստ ընկալելու, սովորելու այն ամենը, ինչը պետք է տրվի նրան հաջորդ տարիներին։ Մեր ավարտական քննական առաջադրանքները կառուցվում են այնպես, որ այս երկու բաղադրիչն էլ միաժամանակ մի քննության միջոցով ստուգվի։ Այս ձևը շատ երկրներում վաղուց է օգտագործվում, հայտնի են լավ կանոնակարգված մեթոդներ, որոնք մեր երկրում արդեն որերորդ տարին ներդրված են, և գործընթացն աստիճանաբար կատարելագործվում է։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ