«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՀԱԿ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ ՍՏԵՂԾԵԼ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԺԱՄԱՆԱԿ ՁԳԵԼ»

«ՀԱԿ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ ՍՏԵՂԾԵԼ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԺԱՄԱՆԱԿ ՁԳԵԼ»
29.07.2011 | 00:00

ՀԱԿ-իշխանություն աշխատանքային պատվիրակության երկրորդ հանդիպման ընթացքում ձևավորվեց օրակարգը` երկու առաջարկով։ Ըստ ընդդիմության, Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն, ու ապահովվի դրանց ազատ, արդար և օրինական անցկացումը։ Իշխանության առաջարկն ավելի ընդգրկուն է` ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների ձևավորում։ Այս առաջարկներից ո՞րն է առավել իրատեսական. թեմայի շուրջ զրուցում ենք քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ հետ։
-Օրակարգի առաջարկները հաշվի առնելով, պետք է նկատել, որ ի սկզբանե որոշվել է ոչ մի հարց չշրջանցելու ճանապարհով գնալ,- ասաց պարոն Սուրենյանցը։- ՀԱԿ-ի պահանջը մի փոքր սահմանափակում է երկխոսության զարգացման պոտենցիալը։ Ինձ համար անհասկանալի է սեպտեմբերին վերջնաժամկետ ֆիքսելը, սա ոչ միայն երկխոսության գործընթացը կբարդացնի, այլև ՀԱԿ-ի մանևրելու հնարավորությունը։ Կարծում եմ` սա ավելի շատ PR-ի համատեքստում է իրականացվում։ Այս պահին արտահերթ ընտրությունների ոչ մի նախադրյալ չկա: Դրա համար պետք է իշխանությունը կազմալուծվի, ու փողոցը թելադրի խաղի կանոնները։ Ըստ էության, այս երկու իրավիճակն էլ այսօր չունենք, չկան նաև հեղափոխական տրամադրություններ։ Սակայն սա չի նշանակում, որ չկան սոցիալական, արդարության հաստատման ու այլ խնդիրներ։ Շատ ավելի կարևոր է ընտրությունների որակը, քան արտահերթ կամ հերթական լինելը։ Ամենակարևորն այն է, որ ընտրություններն ընդունելի լինեն հասարակությանն ու քաղաքական սուբյեկտներին, որպեսզի կրկին չխոսենք լեգիտիմ իշխանություն ձևավորելու մասին:
-Կարծում եք` ավելի հնարավոր տարբերակ է իշխանությա՞ն առաջարկը։
-Երկխոսությունը նոր է սկսվել, և արդյունքը դեռևս տեսանելի չէ։ Առայժմ ունենք այնպիսի միջավայր, որտեղ ընտրություններ են կեղծվել, կան առճակատում ու այլ խնդիրներ։ Այսպիսի պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը դրական փոփոխությունների չի հանգեցնի (98-ի արտահերթ նախագահական ընտրությունները դրա վկայությունն են)։ Այս տեսանկյունից իշխանության առաջարկը շատ ավելի տարողունակ է, խոսվում է այն միջավայրի ստեղծման մասին, որը թույլ կտա մրցակցային դաշտ ունենալ։
Որպես օրակարգային խնդիր իշխանության տարբերակը շատ ավելի իրատեսական է ու գլոբալ։ Այլ հարց է երաշխիքների խնդիրը։ Ինչպե՞ս հավատալ իշխանություններին, մանավանդ որ վերականգնվեց հին կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը նույնացվում է կեղծիքների իրագործման հետ։ Առայժմ երկու կողմն էլ լուծում է մարտավարական խնդիրներ. ՀԱԿ-ը փորձում է երկիշխանության պատրանք ստեղծել, իշխանությունը` ժամանակ ձգել։
-Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթներում չբացառեց, որ պատվիրակությունների մակարդակում, բացի արտահերթ ընտրությունների պահանջից, կարող են նաև քննարկվել իշխանության առաջարկները։ Մինչդեռ այսօր պատվիրակության որոշ անդամներ վերջնաժամկետներ են նշում` քննարկման միակ հարցը համարելով արտահերթ ընտրությունները։ Հակասություն չկա՞ այստեղ։
-Ոչ, ըստ էության, Տեր-Պետրոսյանի հայտարարության ու այսօրվա զարգացումների միջև ոչ մի հակասություն չկա։ Եթե բացառեր, կհրաժարվեր հաստատված օրակարգից, քանի որ, բացի իրենց պահանջից, օրակարգում ներառված է նաև իշխանության առաջարկը, ինչը չի ենթադրում սեպտեմբեր-հոկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացում։
-Այնինչ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ վերջնաժամկետը սեպտեմբերն է, և, արդյունք չլինելու դեպքում, գնալու են առճակատման։
-Այդ մտքի հետ համաձայն չեմ։ Այդպիսի հայտարարությունը նորմալ է քաղաքական տակտիկայի ու սեփական ընտրազանգվածի համար։ Այս պահին ՀԱԿ-ը, ընդհանրապես ցանկացած ընդդիմադիր ուժ, առճակատման գնալու ռեսուրս չունի։ Ե՛վ իշխանությունը, և՛ ՀԱԿ-ը գիտակցեցին, որ իրար դեմ պայքարելու անհրաժեշտ ռեսուրս չունեն։ Այլ կերպ ասած, ՀԱԿ-ը գիտակցեց, որ հեղափոխություն անելու ներուժ չունի, իշխանությունն էլ հասկացավ, որ անիմաստ են ՀԱԿ-ին չեզոքացնելու իր քայլերը։
-Ենթադրենք, հուսանք ՀԱԿ-ի մատնանշած վերջնաժամկետին։ Դրանից հետո ինչպե՞ս է ընթանալու երկխոսությունը։
-Այս ձևաչափի գլխավոր առաքելությունը նախ պետք է լինի Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման կայացումը։ Կողմերը պիտի ընդունեն, որ իրենց առաջարկած ոչ բոլոր պահանջները կարող են կյանքի կոչվել, այսինքն` չպետք է գործի բանաձևը` պայմանավորվել բոլոր հարցերի շուրջ կամ որևէ հարց լուծում չի ստանում։ Պիտի պայմանավորվել բոլոր այն հարցերի լուծման շուրջ, որոնք հնարավոր են։ Իսկ այդ ընթացքում ի՞նչ վարքագիծ կդրսևորեն կողմերը, դժվար է ասել, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում սուբյեկտների վարքագիծը կանխորոշելն անշնորհակալ գործ է։
-Սերժ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը բեկում կմտցնի՞ քաղաքական օրակարգում։
-Նրանք շատ պատասխանատու քաղաքական գործիչներ են, կարող են փոխզիջումների գնալ, մաքսիմալիստական ձգտումներից հետ կանգնել, պայմանավորվել առկա խնդիրների շուրջ։
-Ի՞նչ խնդիրների շուրջ կլինի հնարավոր պայմանավորվածությունը։
-Առաջիկա ընտրությունները նորմալ որակով անցկացնել, համակարգային փոփոխություններ իրագործել, արտաքին քաղաքականության մի շարք սկզբունքային խնդիրների շուրջ փոխզիջումային մոտեցում ձևակերպել։ Այս հարցերում ՀԱԿ-ը և իշխանությունը կարող են հանգել որոշակի համաձայնության, խաղի կանոնների սահմանման, բայց ոչ նույնացման։ Այսօր մենք խոսում ենք մի ընդդիմության մասին, որը յոթ-ութ ամիս հետո խորհրդարանում ներկայացված է լինելու և, այսպես թե այնպես, պիտի ազդեցություն ունենա պետական քաղաքականության վրա։ Գուցե ոչ այնքան մեծ, որքան ՀԱԿ-ում են պատկերացնում։
-Ի վերջո, այս երկխոսությունից ո՞վ է ավելի շատ շահում` իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը։
-Շահում են երկիրն ու հասարակությունը, սակայն դեռ դա տեսանելի չէ։ Միակ արդյունքն առայժմ այն է, որ հակադիր բևեռների քաղաքական գործիչներն իրար ձեռք են սեղմում, չեն վիրավորում միմյանց։ Համակարգային առումով դեռևս որևէ արդյունք նկատելի չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի համար դժվար է իրենց թիմերին բացատրել, թե ինչու են այսպիսի զիջումների գնում։ Սակայն սա կարճաժամկետ է, որովհետև եթե պատասխանատու դիրքորոշում որդեգրեն, կլինեն Հայաստանում նոր քաղաքական մշակույթի կրողներ։ Երկխոսությունը պետք է լինի կարգախոսային հռետորաբանությունից դուրս։
-Հանդիպումներն ուղիղ եթերում ցուցադրելու ՀԱԿ-ի առաջարկն այս առումով ի՞նչ կտա երկխոսությանը։
-Մի քանի պատճառով կողմ չեմ այդ առաջարկին։ Նախ` իրավական առումով. ընտրություններից առաջ իրավունք չունենք քաղաքական որոշ ուժերի համար եթերային արտոնյալ պայմաններ սահմանել, քանի որ այս գործընթացից դուրս մնացած ուժերն անհավասար պայմաններում կհայտնվեն։ Հանդիպումների ուղիղ հեռարձակումը խանգարելու է աշխատանքային մթնոլորտի ստեղծմանը, որովհետև կողմերից յուրաքանչյուրը մտածելու է դիվիդենդներ շահելու մասին։ Իսկ ո՞վ ասաց, որ այդ երկխոսությունը հասարակությանն այնքան է հետաքրքրում, որ պատրաստ է պետությանը հարկ վճարելու` երկու-երեք ժամ նման հանդիպումներ դիտելու համար։ Մեր քաղաքական գործիչները չպետք է գերագնահատեն իրենց վստահության ռեսուրսը։

Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ