Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻԲՐև ԼԻԴԵՐ, ԻԲՐև ՔԱՂԱՔԱՑԻ ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ, ԹԵ՛ ԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻԲՐև ԼԻԴԵՐ, ԻԲՐև ՔԱՂԱՔԱՑԻ ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ, ԹԵ՛ ԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է»
05.10.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Իբրև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար` ինչպե՞ս եք գնահատում Գյումրիի ռուսական ռազմաբազային վերաբերող համաձայնագիրը: ՀՀ անվտանգությանը ռեալ սպառնալիքներ կայի՞ն, թե՞ դա ավելի շատ քաղաքական քայլ էր:
-Հայ-ռուսական այդ համաձայնագիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն, ընդ որում` թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով: Քաղաքական նշանակությունը` մենք արձանագրում ենք երկարաժամկետ տեսլականում Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական դաշնակից լինելու պարագան, ռազմական նշանակությունը` ըստ էության, նման երկարաժամկետ տեղակայման դեպքում ռուսական ռազմաբազան կվերազինվի ժամանակակից սարքավորումներով` ելնելով ՌԴ անվտանգության ապահովման խնդիրներից, տնտեսական նշանակությունը` բազմաթիվ ենթակառուցվածքներ կան բազայի կենսագործունեությանն առնչվող, որտեղ աշխատում են ոչ քիչ թվով ՀՀ քաղաքացիներ: Սա սոսկ երկարաձգված պայմանագիր չէր և ուներ իր առանձնահատկությունները:
-Օրինակ` ի՞նչ առանձնահատկություններ:
-Առանձնահատկություն առաջին` պայմանագրում հստակ արձանագրված է, որ ՌԴ-ն, իր անվտանգությունն ապահովելուց զատ, ապահովում է նաև ՀՀ անվտանգությունը` ՀՀ զինված ուժերի հետ: Անվտանգության հարցում պայմանագրով Ռուսաստանի պես հզոր երկրի ամրագրված աջակցությունն ունենալը չափազանց կարևոր է մեր անվտանգության ապահովման տեսանկյունից: Երկրորդ առանձնահատկությունը` ՌԴ-ն ստանձնում է ժամանակակից ռազմական տեխնիկայով ու սպառազինություններով Հայաստանին աջակցելու պարտավորություն, որը ոչ պակաս կարևոր է Հայաստանի համար: Ռուսաստանն այսօր աշխարհի խոշոր ռազմական արդյունաբերություն ունեցող երկրներից մեկն է, բնականաբար, դա մեզ հնարավորություն կտա մեր երկրի ռազմական տեխնիկայի համալրման խնդիրներն ավելի պատշաճ մակարդակով լուծել: Երրորդ` ՌԴ սահմանապահ ծառայությունները պաշտպանում են Իրան-Հայաստան-Թուրքիա սահմանը, հին պայմանագրից հանվեցին «նախկին խորհրդային տարածքում» բառերը, այսինքն` ՌԴ-ն ՀՀ ամբողջ սահմանների մասով անհրաժեշտության դեպքում կստանձնի մեր սահմանների համատեղ պաշտպանությունը:
-Ռազմաբազան դեռ 10 տարի կարող էր գործել առանց նոր պայմանագրի, ինչո՞ւ ժամանակից առաջ անցանք, և ինչո՞ւ 49 տարով, մի՞թե այսօր հնարավոր է որոշել մինչև դարակես վարվելիք քաղաքականությունը այսքան հարափոփոխ աշխարհում:
-Ռուսաստանն իր հերթին ծրագրում է իր ռազմական ուժերի տեղակայման խնդիրները և որպես պետություն ունի իր երկարաժամկետ զարգացման տեսլականը` որտեղ, ինչ ու ինչպես ունենալու և զարգացնելու առումով` սա մեկ, երկրորդ` 49 տարին հատուկ պատճառով չի ընտրվել, դա պայմանական թիվ է, կարևորը` թե ինչքանով է այդ 49 տարին երկու երկրներին ձեռնտու: Ոչ մի ողջախոհ մարդ չի կարող պնդել, որ Հայաստանին պետք չէ ժամանակակից ռազմական տեխնիկա, պետք չէ Ռուսաստանի պես գերհզոր երկրի աջակցությունը այդ սպառազինությունը ձեռք բերելու հարցում, պետք չէ, որ Ռուսաստանի պես երկիրը մեր զինված ուժերի հետ ստանձնի մեր երկրի անվտանգության ապահովումը: Բացի դրանից` մենք ՌԴ-ի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում լավ զարգացող համագործակցություն ունենք, լուրջ աշխատանքներ ենք կատարում ՀԱՊԿ շրջանակներում և լավ արդյունքներ ունենք: Նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովում պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծելու ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հատուկ համակարգ:
-Ինչպե՞ս է սահմանվում ճգնաժամային իրավիճակը:
-Ցանկացած իրավիճակ, որ կարող է սպառնալ տվյալ երկրի անվտանգությանը: Այդ դեպքում կարող է օգտագործվել կազմակերպության անդամ երկրների հավաքական ներուժը: Վերջին կարևորագույն ձեռքբերումներից մեկն էր ստորագրված համաձայնագիրը, որ ռազմարդյունաբերության ոլորտում ստեղծվեն համատեղ 9 ձեռնարկություններ, որոնք և Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու և նոր ներդրումների և արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություններ կտան, իսկ դա նշանակում է նաև տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծում:
-Հայաստանի ներքաղաքական կյանքում, Ձեր գնահատականով, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են սրվել և՛ ներկուսակցական, և՛ միջկուսակցական հարաբերությունները:
-Հայաստանի ներքաղաքական գործընթացներին վերջին 15-20 տարում հետևողի համար դա սովորական գործընթաց է. որքան ընտրությունները մոտենում են, կրքերը թեժանում են: 2001-ի մամուլը վերընթերցեք և նույնը կտեսնեք, 2005-ինը ընթերցեք և նույնը կտեսնեք: Դա բնորոշ է մեր հասարակությանը, եթե գումարենք նաև արհեստական սրացումները, կունենանք այս վիճակը: Հայաստանը փոքր երկիր է, որևէ տեղեկատվական կայքում այսօր մի նախադասություն գրեք, վաղը բոլոր թերթերը կամ հեռուստաալիքները անմիջապես կարձագանքեն: Ակտիվ քաղաքականությամբ զբաղվում է 5000 հոգի` այնքան, որքան թերթերի տպաքանակն է: Ով գրիչ է բռնում` վերլուծաբան է, ով վերլուծաբան է` փորձագետ է, ով փորձագետ է` անսխալական է: Այս սխեմայով են ծնվում «հավաստի տեղեկությունները», գնացեք ու սկիզբը գտեք: Քաղաքական տարբեր ուժեր ունեն իրենց շահերը և իրենց շահերի արտահայտիչները:
-2001-ին, 2005-ին չհամոզվեցի՞նք, որ ընտրություններից 2-3 տարի առաջ սկսած վերուվարումները ոչինչ չեն տալիս, ավելին` փոշիացնում են ուժերը և ռեսուրսները...
-Հարցն ուղղեք նրանց, ովքեր զբաղվում են դրանով: Ես որպես քաղաքական գործիչ և կուսակցության ղեկավար` երբեք ինտրիգներով չեմ զբաղվել, թերթերին հոդվածներ չեմ պատվիրել...
-Դա դեռ չի նշանակում, որ Ձեր շուրջը ինտրիգներ չեն հյուսվել և Ձեր ու Ձեր ղեկավարած ուժի մասին հոդվածներ չեն պատվիրվել ու չեն գրվել: Սպիտակ համազգեստով ծխնելույզ մաքրելիս գիտեք` ինչ է լինում:
-Գիտեմ, բայց կան իրավիճակներ, երբ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ անիմաստ է պատասխանել: Գոյություն ունի ազատ լրատվական դաշտ, որը և իր գաղափարներից, շահերից, համոզմունքներից, վարձավճարից բխող հրապարակումներ է մատուցում, որի՞ դեմ պայքարես և ինչպե՞ս, դա անիմաստ է:
-Չե՞ք կարծում, որ մի օր էլ նույն հաջողությամբ ԲՀԿ-ն է ջնջվելու Սամվել Բալասանյանի ճակատից, ինչ հաջողությամբ ՕԵԿ-ը ջնջվեց:
-Դա հենց այն դեպքերից է, երբ մեկնաբանություններն ավելորդ են:
-Ի՞նչ առանձնահատկություններ են ունենալու հերթական ընտրությունները` հաշվի առնելով, որ կուսակցական է ՀՀ նախագահը` ի տարբերություն նախորդ` անկուսակցական նախագահի:
-Նախագահի կուսակցական լինելը հնարավորություն է տալիս ավելի լիարժեք մասնակցելու քաղաքական գործընթացներին: Ի՞նչ առանձնահատկություններ կարող են լինել հերթական ընտրություններում` դժվարանում եմ ասել, քանի որ դեռ տևական ժամանակ կա, և դեռ շատ ջրեր կհոսեն:
-Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն բացարձակ գերակայություն ունենա` իբրև նախագահի կուսակցություն:
-Ամեն ինչ կորոշեն ընտրությունները, այնպես որ ոչինչ բացառված չէ, բայց Սերժ Սարգսյանը քաղաքական գործընկերության կողմնակից է, նա ոչ միայն ՀՀԿ նախագահն է, նա ՀՀ նախագահն է, և համոզված եմ` իբրև լիդեր, իբրև քաղաքացի թե՛ իշխանության ներսում, թե՛ երկրում քաղաքական բազմակարծության կողմնակից է:
-Քաղաքական դաշտին ի՞նչն է պակասում նորմալ գործող բազմակուսակցական համակարգ ունենալու համար:
-Առաջին հերթին` պարկեշտությունը: Նպատակին հասնելու միջոցների միջև խտրականություն չդնելը: Փողը հաղթում է գաղափարներին, քաղաքակիրթ մրցակցությունն է պակասում, քաղաքական պատերազմն ու քաղաքական ատելությունը փոխարինել են քաղաքական մրցակցությանը: ՕԵԿ-ն այն քաղաքական ուժերից մեկն է, որը երբեք քվեն չի գնել փողով, վերջին բոլոր համապետական ընտրություններում հաղթել ենք, չնայած բոլոր ընտրություններից առաջ մեզ ասել են, որ ոչ մի ձայն չենք ստանալու:
-ՕԵԿ-ը ուզի, թե չուզի, ներքաշվում է նախընտրական մարաթոնի մեջ, որ հայտարարել են այլ կուսակցությունները, ինչո՞վ պիտի կուսակցությունը զբաղվի ընտրություններին լավ նախապատրաստվելու համար:
-Կուսակցությունն զբաղված է ակտիվ քաղաքական գործունեությամբ: Մենք ստեղծում ենք նոր կառույցներ, մեծ հոսք կա դեպի կուսակցություն, շարունակում ենք մարզային հանդիպումները: ՕԵԿ-ը հետևողականորեն իրականացնում է իր ծրագրերը: Մենք հանդես ենք գալիս օլիգոպոլ տնտեսության դեմ, հօգուտ փոքր ու միջին բիզնեսի զարգացման` «Ավելի լավ է 100 մարդ մեկական խանութ ունենա, քան մեկ մարդ` 100 խանութ» կարգախոսով: Այդ կարգախոսին ուղղված քայլ էր տեխզննման շուկայի ազատականացումը, որ գործում էր մոնոպոլ կարգավիճակով, և սահմանափակ թվով մարդիկ կարող էին տեխզննման ծառայություններ մատուցել: Շրջանառության մեջ ենք դրել մի շարք քաղաքական նշանակությամբ օրինագծեր հարկային դաշտում` առաջարկում ենք փոքր ձեռներեցներին ազատել հարկային մարմինների հետ շփվելուց և տարեկան հաստատագրված արտոնավճար սահմանել, որպեսզի միանվագ այդ գումարը մուծելուց հետո հանգիստ կարողանան իրենց գործը շարունակել: Մենք ուսանողական վարկավորման մասին նոր օրինագիծ ենք ներկայացրել, որով հետամուտ ենք երկարաժամկետ ուսանողական վարկերի հատկացմանը, քաղաքակիրթ համակարգի ստեղծմանը, որը հնարավորություն կտա նրանց կրթության խնդիրները լուծել, ովքեր սովորել ուզում են, բայց այս պահին վճարունակ չեն: Մեր գործընկերների հետ կարողացանք կյանքի կոչել կենսաթոշակային հիմնադրամի ստեղծման հարցը, առաջարկում ենք ապահովագրական համակարգի ներդրումը, օրինակ, ճանապարհաշինության ոլորտում: Վստահ եմ, որ ապահովագրական համակարգեր պիտի գործեն բոլոր ոլորտներում վաղ թե ուշ: Որքան արվել է, նույնքան անելիքներ ունենք: Մենք չենք առաջարկում մի քանի հազար դրամ, մենք առաջարկում ենք գլոբալ փոփոխություններ մեր ժողովրդի կյանքում` իբրև ռեֆորմիստական քաղաքական կուսակցություն, որը պայքարում է բարեփոխումների համար:
-Ձեր ներկայացրածը սովորական կուսակցական աշխատանք է, որքանո՞վ է դա տեղավորվում Հայաստանի քաղաքական դաշտի իշխող տրամաբանության մեջ:
-Տեղավորվում է` մարդիկ միշտ գնահատում են աշխատանքը, որ արվում է իրենց համար: Այո, այսօր հասարակության մեջ ապատիա կա կուսակցությունների նկատմամբ, բայց հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպման այլ տարբերակ մարդկությունը դեռ չի ստեղծել: Կուսակցությունները պետք է պաշտպանեն իրենց ընտրողների շահերը և իրենց գործունեությամբ հնարավորինս մեծ թվով մարդկանց իրենց համակիրը դարձնեն, ավելի շատ ձայներ ստանալով` ստանում են ավելի մեծ հնարավորություններ իրենց ընտրողների կամքը կատարելու համար: Մարդիկ գնահատում են կոնկրետ գործերը, իսկ «Օրինաց երկրի» կոնկրետ գործերի ցանկը ազդեցիկ է, մեր ակտիվում են վերադարձվող ավանդները, անվճար ծննդօգնության կազմակերպումը, երեխաների նպաստների չափի մեծացումը, դպրոցների, մանկապարտեզների շենքերի վաճառքի կասեցումը և տասնյակ այլ հարցեր, որ շոշափում են հազարավոր մարդկանց շահեր: Իհարկե, մենք էլ մեր սխալներն ու թերություններն ունենք, ոչ բոլոր նախաձեռնություններն են հաջողվում, բայց մենք տեր ենք մեր սկզբունքներին ու մեր ճանապարհով առաջ ենք գնում:
-Հայաստանի երիտասարդ ու հեռանկարային քաղաքական գործչի համարում ունեցող մարդը ինչպե՞ս է տեղավորվում ԱԱԽ քարտուղարի նեղ պատյանի մեջ:
-Շատ լավ, շատ հարմար: Մեր պատյանն այդքան նեղ չէ, ինչքան կարող է թվալ, պարզապես ամբողջությամբ հրապարակային չէ մեր գործունեությունը:
-Ձեզ ազատ աքսորում չե՞ք զգում:
-Անհեթեթություն: Ես ինձ շատ լավ եմ զգում այս պաշտոնում, պետական-հասարակական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող պաշտոն է սա, որ ինձ հնարավորություն է տալիս պետության կյանքում կարևորագույն խնդիրների լուծմանը թե՛ մասնակցել, թե՛ նպաստել:
-Ինչո՞վ եք բացատրում, որ բարձր պաշտոնյաներից, ում ուզում են աշխատանքից ազատել, լիաշուրթ շրջանառվում է Ձեր անունը իբրև նրանց հաջորդ:
-Ասեկոսեներ և բամբասանքներ: Ես ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն եմ, դա այն աշխատանքն է, որ անում եմ հաճույքով, հետաքրքրությամբ ու բացարձակ ոչ մի ցանկություն չունեմ այլ աշխատանքով զբաղվելու:
-ՈՒ` այդպես մինչև թոշակի անցնե՞լը:
-Դժվար է ասել, քանի որ Աստծո գործերն անքննելի են: Իսկ Դուք կարողանո՞ւմ եք Ձեր կյանքի բոլոր գործերը ծրագրել ու բոլոր ծրագրերն իրականացնել:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ