«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ»

«ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ»
04.06.2010 | 00:00

1994-2008 թվականների ընթացքում Հայաստանում գիտական աստիճանի վկայագիր է ստացել 5205 մարդ, որոնցից 4480-ը՝ գիտության թեկնածուի, իսկ 725-ը՝ գիտության դոկտորի։ Նշված ժամանակաշրջանում գիտական աստիճանի վկայագիր ստացածների միայն 26,2 տոկոսն է 2009 թ. դրությամբ ընդգրկված պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում և թեմաներում։ Վերջին տարիներին էապես ընկել է պաշտպանվող ատենախոսությունների որակը, ինչը ստվեր է գցում գիտական աստիճանաշնորհման համակարգի վրա։ Ոլորտի հիմնախնդիրների շուրջ է զրույցը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-Գիտական աստիճանաշնորհման համակարգը բարեփոխման անհրաժեշտություն ունի, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են,- ասաց պարոն Հարությունյանը։- Նախապատրաստվել է գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգ։ Հաշվի առնելով ոլորտի կարևորությունը՝ որոշվեց այն ավելի մանրակրկիտ ուսումնասիրել և փաստաթուղթը դարձնել ավելի որակյալ։ Կրթության և գիտության նախարարը փաստաթղթի պատրաստումը վերցրեց իր հովանու տակ։ Գիտական աստիճանաշնորհման համակարգը Հայաստանում ձևավորվել է 1993-ին, և, բնականաբար, 17 տարիների ընթացքում շատ ջրեր են հոսել։ Տասնյոթ տարի առաջ բոլորովին այլ իրավիճակ էր, հետևաբար այդ համակարգը պետք է հարմարեցվի այսօրվա պահանջներին։ Սա է պատճառը, որ այդ ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Պետք է վերանայվեն գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների ձևավորման սկզբունքները, պարզաբանվի դրանց թվաքանակի խնդիրը, փոխվի գիտական թեմաների հաստատման կարգը, վերանայվեն թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների նկատմամբ ներկայացվող պահանջները, մշակվեն հստակ չափանիշներ պարբերական գիտական հրատարակությունների ընտրության հարցում, լուծվի ատենախոսությունների թափանցիկության ու հրապարակայնության խնդիրը։ Առաջիկայում փաստաթուղթը պատրաստ կլինի և մինչև տարեվերջ կներկայացվի կառավարություն։
-Հայաստանյան պայմաններում գիտության աստիճանաշնորհման երկաստիճա՞ն, թե՞ մեկաստիճան համակարգն եք առավել նպատակահարմար համարում։
-Տարբեր երկրներ տարբեր մոդելներ են ընտրել։ Ըստ իս՝ այսօր մեզ երկաստիճան համակարգն անհրաժեշտ է, բայց համոզված չեմ, որ յոթ տարի հետո երկաստիճան համակարգը մեզ պետք կլինի։ Եթե ապագայում կարողանանք թեկնածուական ատենախոսությունների նկատմամբ պահանջները խստացնել և մոտեցնել դոկտորականին ներկայացվող պահանջներին, երկաստիճան համակարգը կիմաստազրկվի։ Օրինակ, եթե Իտալիայում հարցնեք՝ ինչ բան է գիտությունների թեկնածուն, կզարմանան։ Եթե խոր մտածում ես՝ անհեթեթություն է։ Այդուհանդերձ, այսօր մեկաստիճան համակարգին անցնելը վատ հետևանքների կարող է հանգեցնել։ Հայաստանում վերջին ժամանակներս մեծ թվով թեկնածուական դիսերտացիաներ են պաշտպանվել, և ցավով պետք է ասեմ, որ դրանց մեջ ոչ բոլորն ունեն բարձր մակարդակ։ Եթե հիմա մեկաստիճան համակարգը որդեգրենք, մեր ավելի քան տասը հազար թեկնածուները կդառնան գիտությունների դոկտորներ։ Գիտությունն ու կրթությունը կոնսերվատիվ ոլորտներ են, և այստեղ կտրուկ քայլեր անելը խիստ վտանգավոր է։ Վրաստանում, օրինակ, ակադեմիական համակարգն ամբողջովին ոչնչացրին։ Դա հանգեցրեց նրան, որ ակադեմիական ինստիտուտներն այսօր չգիտեն՝ ինչ անեն։ Վրաստանում փակեցին բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ)։ Երկու-երեք տարի է՝ այնտեղ ատենախոսություններ չեն պաշտպանվում։ Վերջերս Վրաստանում էի, ինձ խնդրում էին, որ միջնորդեմ՝ գան իրենց դիսերտացիաները Հայաստանում պաշտպանեն, քանի որ ԲՈՀ չունեն։ Այնպես որ, կտրուկ, հեղափոխական մոտեցումներն անընդունելի են։ Այլ խնդիր է, որ գուցե մի քանի տարի անց ԲՈՀ-ի անհրաժեշտությունը չլինի, դա ցույց կտա ապագան։ Եթե առաջ ընթանանք և դառնանք եվրոպական գիտակրթական տարածքում մրցունակ երկիր, գուցե մեր խաղի կանոններն էլ լինեն այնպիսին, ինչպիսին իտալացիների կամ ֆրանսիացիների մոտ են, բայց այսօր ԲՈՀ կամ նման մի կառույց մեզ անհրաժեշտ է։ Եթե անգամ քաղաքական որոշում կայացվի, որ ԲՈՀ-ն անհրաժեշտ չէ, համենայն դեպս, ինչ-որ ժամանակ է պետք այդ կառույցից հրաժարվելու համար։
-Այդուամենայնիվ, որքանո՞վ է արդյունավետ ոչ անկախ կամ կիսաանկախ ԲՈՀ-ի գործունեությունը։ Միևնույն է, այն շարունակում է գիտական աստիճաններ շնորհել կասկածելի որակ ունեցող դիսերտացիաներ պաշտպանողներին։
-Այլ հարց է ԲՈՀ-ի կարգավիճակը։ Տարբեր մոտեցումներ կան. մի մասը կարծում է, որ այն պետք է լինի կառավարությանն առընթեր կառույց, ԲՈՀ-ի նախագահը պնդում էր, որ լավագույն տարբերակներից մեկը նախագահի աշխատակազմին առընթեր կարգավիճակն է։ Բազմաթիվ տարբերակներ կան։ Իմ մասնավոր կարծիքն այն է, որ այսօր ԲՈՀ կամ գիտական աստիճանաշնորհման գործընթացը կարգավորող ԲՈՀ-անման մի կառույց մեզ դեռ պետք է, որ բացառենք ամենաթողությունը։ Եթե վրացական տարբերակով ամեն ինչ փակենք, շատ տխուր հեռանկարի առջև կկանգնենք։ Վրացիներն այսօր հասկացել են, որ սխալ են վարվել և փորձում են շտկել այդ սխալը։ Բայց երբ ինչ-որ բան կոտրում ես, սարքելը շատ դժվար է։
-Այսօր ունենք գիտական աստիճան շնորհող 61 մասնագիտական խորհուրդ։ Արդյոք մեծ չէ՞ այդ թիվը։ Եվ ընդհանրապես, դրանց ձևավորման մեխանիզմների արդիականացման, պատասխանատվության բարձրացման նպատակով ի՞նչ է ձեռնարկվում։
-Տարբեր մոտեցումներ կան. օրինակ, մի շարք ակադեմիական հիմնարկների ղեկավարներ համարում են, որ 61 մասնագիտական խորհուրդը նույնիսկ քիչ է։ Ըստ նրանց՝ որքան խորհուրդների թիվը շատ լինի, այնքան մրցակցությունը մեծ կլինի, արդյունքում կշահի որակը։ Կա մեկ այլ մոտեցում, ըստ որի՝ անիմաստ է մեծաթիվ խորհուրդների առկայությունը, քանի որ ունենում ենք ընդդիմախոսների, ղեկավարների խնդիր։ Եթե բոլոր գիտնականները լինեն մասնագիտական խորհուրդների անդամներ, ապա ո՞վ է ընդդիմախոսելու։ Այդ պատճառով նպատակահարմար է խորհուրդները խոշորացնել, որոնց մեջ կլինեն մի շարք մասնագիտական շիֆրեր։ Այս խնդրին վերջնական լուծում տալու համար պետք է խորհրդակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ 61 մասնագիտական խորհուրդը շատ է, որոշ խորհուրդներ կան, որ կրկնվում են։ Մենք մրցակցության խնդիր էլ չունենք։ Հայաստանը փոքր երկիր է, պարզապես դրանց աշխատանքի հիմնական սկզբունքները պետք է այնպիսին լինեն, որ ապօրինությունները հասցվեն նվազագույնի կամ ընդհանրապես բացառվեն։ Ֆիզիկայում ասում են, որ համակարգը պետք է լինի ինքնակարգավորվող։ Ես սովոր եմ ամեն ինչ բացատրել գիտականորեն։ Կարելի է այնպիսի կարգեր մշակել, որ չարաշահումները հնարավորինս քիչ լինեն։ Մենք կարող ենք նման փաստաթղթեր մշակել։
-Տարեկան կտրվածքով բավականին մեծ թվով ատենախոսություններ են պաշտպանվում, սակայն գիտնականների շատ փոքր տոկոսն է մնում գիտության մեջ։ Պատճառը ո՞րն է։
-Պարտադիր չէ, որ բոլորը մնան գիտության մեջ աշխատելու։ Տնտեսության տարբեր ոլորտներում, կառավարչական հիմնարկներում նույնպես անհրաժեշտ են որակյալ մասնագետներ։ Բայց ինքնանպատակ դիսերտացիաներ պաշտպանելուն ես դեմ եմ։ Ցավոք, այն տպավորությունն է, թե տարեկան 500 և ավելի թեկնածուական ատենախոսությունների մեծ մասը պաշտպանում են թղթի կտոր ստանալու համար։
-Այդ «ցավը» որտեղի՞ց է գալիս։
-Դա անցումային շրջանում գտնվող պետությունների հիվանդությունն է։ Նման իրավիճակ է նաև Ադրբեջանում, հետխորհրդային շատ երկրներում։ Մարդկանց թվում է, թե գիտության թեկնածուի ուսադիրները բարձրացնում են իրենց վարկանիշը։ Օրինակ, ֆրանսիացի չինովնիկի մտքով, որը նախարարությունում բաժնի պետ է աշխատում, երբեք չի անցնի դիսերտացիա պաշտպանել։ Նրան դա պետք չէ, որովհետև այդ աշխատանքն իրականացնելու համար գիտական աստիճան ունենալու պահանջ չկա։ Հայաստանում նույնպես այդ պահանջը չկա, բայց, չգիտես ինչու, ձգտում են դրան՝ սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Սա թերզարգացած երկրների քաղաքացիների գավառական մտածողության արդյունք է։ Ցավոք, մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ հասկանանք՝ թղթի կտոր պետք չէ, եթե այն ամրագրված չէ գիտելիքներով։ Եթե առկա են գիտելիքները, կարողությունները, ապա դա ոչ թե սոսկ թղթի կտոր է, այլ լուրջ փաստաթուղթ։ Սա հենց այն դեպքն է, երբ քանակը տալիս է անորակություն։ Սկզբունքորեն որ մտածում ես, Հայաստանում այդքան թեկնածուական դիսերտացիա ուղղակի հնարավոր չէ պաշտպանել։ Եթե Հայաստանը տարեկան 500-520 արդիական գիտական թեմաներ իրականացնելու հնարավորություն ունենար, ապա տիեզերքը նվաճած կլինեինք ու սեփական տիեզերակայան ունենայինք։
-Պատճառը, հավանաբար, նաև մասնագիտական խորհուրդների և ԲՈՀ-ի ոչ արդյունավետ աշխատանքն է։
-Այդ կառույցներին գնահատական տալու համար իրական վիճակը պետք է հաշվի առնել։ Հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում նույն պատկերն է։ Պարզապես պետք է կարգերը, սկզբունքներն ու չափանիշները փոխել։ Այդ ժամանակ կպաշտպանվեն ավելի քիչ ու արդիական թեմաներ, ԲՈՀ-ի աշխատանքն էլ կդառնա առավել արդյունավետ։ Նույն խաղի կանոններով երկար աշխատել հնարավոր չէ։ Օրերս ՀՀ կառավարությունն ընդունեց գիտության ոլորտի գերակայությունները մինչև 2014 թվականը։ Չորս տարին այն առավելագույն ժամանակահատվածն է, որից հետո պետք է վերանայել գերակայությունները, որովհետև տնտեսությունը բավականին արագ է փոփոխվում, իսկ գերակայությունները պետք է համապատասխանեն մեր տնտեսության զարգացման ընթացքին։ Նույնը կարելի է ասել նաև աշխատակարգերի մասին։ Դրանք անընդհատ պետք է վերանայվեն՝ համապատասխանեցվելով տվյալ ժամանակին։
-Մենք խոսում ենք գիտության զարգացման, աստիճանաշնորհման համակարգի բարեփոխման մասին։ Այդ ներուժն այսօր ունե՞նք։
-Ես լավատեսորեն եմ տրամադրված մեր ժողովրդի հնարավորությունների նկատմամբ։ Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց՝ 1918-ին, երբ ստեղծեցինք առաջին հանրապետությունը, ոչ ոք չէր կարող մտածել, որ Հայաստանը 20-30 տարում կարող է դառնալ Խորհրդային Միության հզորագույն գիտություն և լավագույն տնտեսություն ունեցող հանրապետություններից մեկը։ Այսօր մենք ավելի լավ մեկնարկային պայմաններում ենք, քան 50-60-ականներին։ Մեր ժողովուրդը, իր թերություններով հանդերձ, շատ տաղանդավոր և արագ կողմնորոշվող է։ Հոռետեսությունը պետք է հանվի հատկապես կառավարման համակարգում աշխատողների միջից։ ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնն ասում էր, թե հոռետես չինովնիկն իրավունք չունի այդ աշխատանքով զբաղվելու։ Ցանկացած ոլորտի պատասխանատու պետք է լավատես լինի և հավատա այն գործին, ինչ ինքն անում է, այլապես դատապարտված է ձախողման։ Ես հավատում եմ, որ Հայաստանը զարգացած, քաղաքակիրթ երկիր դառնալու բոլոր նախադրյալներն ունի։ Գիտության զարգացման ռազմավարության մեջ ամրագրված է, որ 2020 թվականին ՀՀ-ն կլինի գիտելիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր։ Ես լիահույս եմ, որ այդպես էլ լինելու է։ Փառք Աստծո, շատ խելացի երիտասարդներ ունենք, մեր կանայք էլ տաղանդավոր երեխաներ են ծնում։ Պետք չէ հոռետես լինել, դա խիստ վտանգավոր է։ Հայաստանում շատ կարող ուժեր կան, որոնց հաճախ չենք նկատում։ Ա՛յ, մեր ղեկավարները պետք է կառավարչական հիմնարկներում պարբերաբար կադրերը թարմացնելու համարձակություն ունենան։ Որպեսզի կարողանաս որևէ ոլորտում լուրջ հաջողություններ գրանցել, յոթ տարուց ավելի այդ ոլորտում չպետք է աշխատես։ Յոթ տարի գիտության պետական կոմիտեի նախագահ աշխատելու մտադրություն ես ինքս էլ չունեմ։ Մի բանի վրա երկար կենտրոնանալը հանգեցնում է լճացման։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ