Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«2007-ԻՑ, ԿԱՐԾԵՍ ԻՆՉ-ՈՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿՈՎ, ԿԱՍԵՑՎԵՑ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ»

«2007-ԻՑ, ԿԱՐԾԵՍ ԻՆՉ-ՈՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿՈՎ, ԿԱՍԵՑՎԵՑ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ»
02.03.2012 | 00:00

և ոչ միայն մշակույթի մասին

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀՆՄ նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ

«ԵՍ ՄԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՐԵՎԷ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ, ԱՅԼ ՏԽՐՈՒՄ ԵՄ»

-Պարո՛ն Աղամյան, նկարիչների միության շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի մեջտեղում ընկած տարածքը վերջին շրջանում դարձել է իրարամերժ տեսակետների բախման կիզակետ: Ի վերջո, կկառուցվի՞ այդտեղ Երևանի հերթական վտանգահարույց բարձրահարկը, թե՞ այդ խնդիրը կլուծվի` հաշվի առնելով մեր քաղաքի, համաքաղաքացիների և, իհարկե, նկարիչների միության ու կինոթատրոնի շահերը:
-Դժբախտաբար, ես այդ հարցին ստույգ պատասխանել չեմ կարող: Հավանաբար, դա կարող է անել քաղաքաշինության նախարարությունը: Այսօր ես չեմ որոշողը: Կար ժամանակ, որ իսկապես նկարիչների միությունն էր որոշողը, թե ինչ պիտի լինի այդտեղ, ինչ նպատակի պիտի ծառայի, քանի որ այդ տարածքը մեր սեփականությունն էր: Անցել են այդ ժամանակները: Այսօր այդ տարածքը, մեր իսկ ձեռքով (նկարիչների միության նախկին ղեկավարության միջոցով) ապօրինաբար օտարվել է, այդ հարցով քրեական գործ է հարուցվել, կաշառքի հետ կապված հարցեր են ի հայտ եկել… Այս ամենի արդյունքում մենք կորցրինք մեր ունեցվածքը` մոտ 6000 քմ տարածք` Երևանի սրտում: Այդ տարածքում կառուցված էր նկարիչների միության նոր շենքը` այսօրվա շենքից կրկնակի մեծ չափերով: Այն ձեռքից ձեռք անցավ, դարձավ պարսկական «Մելաթ» բանկի սեփականություն, բանկը վաճառեց մեկ այլ պարսկական կառույցի, ու հիմա այդտեղ պատրաստվում են կառուցել այն բարձրահարկը, որի մասին հարցրիք:
-Իսկ ի՞նչ եղավ նկարիչների միության շենքը:
-Այդ շենքի տեղում հիմա մի մեծ փոս է: Այն իմ աշխատասենյակի պատուհաններից շատ լավ երևում է և անընդհատ հիշեցնում, թե ինչ ունեինք և ինչ կորցրինք:
-Կորուստն անդառնալի՞ է:
-Այո՛, դժբախտաբար: Երբ ես դարձա նկարիչների միության նախագահ, շենքը կար` գրեթե պատրաստ վիճակում, բայց արդեն ուրիշի սեփականությունն էր: Իհարկե, մենք դատարաններով փորձեցինք հետ բերել այն, բայց ապարդյուն: Վերջին գնորդը համարվում էր բարեխիղճ գնորդ, և նկարիչների միությունը, որ հանդես էր գալիս իբրև պահանջատեր, պայքարի մեջ էր մտել հզոր կառույցների հետ: Մի կողմից` առաջին գնորդն էր, որի դիակը հետագայում բերեցին Մոսկվայից, մյուս կողմից` «Ագրոբանկն» ու «Մելաթ» բանկն էին: Մենք այս հզոր հակառակորդների դեմ պայքարում պարտվեցինք: Հիմա չգիտեմ էլ, թե կոնկրետ ով է տարածքի սեփականատերը, միայն հայտնի է, որ պարսկական կողմի ներկայացուցիչ է: Ինչ վերաբերում է այդ շենքի շինարարությանը, ասեմ, որ ես մեր քաղաքում առհասարակ իրականացվող որևէ շինարարության համար ոչ թե ուրախանում, այլ տխրում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչ է կատարվում: Այն խտությունը, որ ունի այսօր Երևանը, անգամ չի մոտենում որևիցե տրամաբանության: Կորցրել ենք քաղաք հասկացության գրեթե բոլոր չափանիշները: Այն, ինչին մարդկությունը վաղուց էր հասել, և մենք էլ հասել էինք մեր չափով, այսօր կորցրել ենք: Մենք գիտեինք, որ պիտի գոյություն ունենան շենք, մայթ, կանաչ գոտի, ապա` փողոց: Անգամ այս տարրական բաներն ենք մոռացել և վերադարձել ենք հարյուրավոր տարիներ առաջվա վիճակին, երբ Երևանում տեղաշարժվում էին ավանակներով կամ, լավագույն դեպքում, ձիերով: Մոռանում ենք, որ ուրիշ ժամանակներում ենք ապրում, մոռանում ենք, որ փողոցների ձևավորման տրամաբանությունն ունի որոշակի կանոններ: Այն շենքերը, որ այսօր կառուցվում և արդեն կառուցվել են Երևանում, մեծ մասամբ դիսոնանսի մեջ են փողոցների քանակի հետ, և արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք:
-Վերջին շրջանում Աբովյան փողոցը որոշ չափով մաքրվեց տարատեսակ կրպակներից, անբնականորեն մայթերն ու ծառուղիները զավթած շինվածքներից: Սա հույս ներշնչո՞ւմ է, թե մի օր կմոտենանք քաղաքաշինության տրամաբանությանը:
-Ես այս գործողությունների մեջ տեսնում եմ որոշակի կամքի դրսևորում միայն: Սա ինչ-որ մեկի կամքի դրսևորումն է, որը կարող է լինել, կարող է չլինել: Եթե սա լիներ օրինաչափություն, ես շատ ուրախ կլինեի: Եթե լիներ մի հրաման, որը պահանջեր քաղաքակիրթ ձևով լուծել տարրական հարցերը (օրինակ` գազալցակայաններ չտեղակայել մայթերին, բենզալցակայաններ չկառուցել խաչմերուկներում, փոքրիկ խանութների դռները չբացել դեպի փողոց, կրպակներ ու սրճարաններ չտեղադրել այգիներում, պուրակներում և այլն, և այլն), ես այդ դեպքում իսկապես կողջունեի կատարված քայլերը: Հարկ է վերադարձնել այն այգիները, որոնք մենք ունեինք. քաղաքը պետք է ունենա թոքեր` կանաչ գոտի: Հիմա մենք դա կորցրել ենք: Այս պայմաններում ի՞նչ անենք: Ես մի առիթով նշել եմ, որ մենք ստիպված ենք մոռանալ, որ ունենք Երևան քաղաք, ու պետք է գնանք մեկ ուրիշ տեղում մեկ ուրիշ քաղաք կառուցենք` Աստանայի օրինակով (իհարկե, Աստանայի դեպքում ստրատեգիական հարցեր կային), որովհետև այսօրվա վիճակով Երևանը փրկել հնարավոր չէ: Երևանը սկսել է նմանվել շինանյութային ինչ-որ կույտի: Այս պարագայում նկարիչների միության ու «Մոսկվա» կինոթատրոնի շենքերի արանքում ինչ-որ բարձրահարկի կառուցումը ենթադրում է հետևյալ ապագան. այդ շենքը պիտի ունենա մատույցներ, մեքենաների հսկա հոսք ապահովելուն կոչված ճանապարհներ: Այսինքն` պետք է վերանան այն շենքերը, որոնք այն շրջապատում են: Որպեսզի այդ շենքն ապրի, պիտի վերանան կինո «Մոսկվան», նկարիչների միությունը, «Երևան» հյուրանոցը, Թումանյան փողոցի որոշ շենքեր: Այլ կերպ այդ շենքը չի կարող գոյություն ունենալ: Պատրա՞ստ ենք սրան: Մենք մեր ձեռքով ավերեցինք Երևանը, ջնջեցինք նրա անցյալը: ՈՒ դեռ խոսում ենք հայկական քաղաքի, Հայաստանի հազարամյա պատմության, դարավոր հուշարձանների մասին: Ո՞Ւր են դրանք, ես չեմ տեսնում: ՈՒ եթե ես չեմ տեսնում, զբոսաշրջիկը, օտարերկրացին ինչպե՞ս կտեսնի: Մեր նոր սերունդը հասակ է առնում մի տեղում, որը ոչնչով չի հիշեցնում իր անցյալը, չունի անցյալի հետ կապող որևէ հիշողություն: Մենք ոչնչացրինք 19-20-րդ դարերի լավագույն շենքերը Երևանում` սև տուֆով սարքված երկու-երեքհարկանի շենքերը: Ո՞Ւր է Երևանը, ինչո՞վ պիտի ապացուցենք, որ սա երկու հազարամյակից ավելի կենսագրություն ունեցող քաղաք է: Թույլ տվեք արդեն չհավատալ այս լեգենդին: Շատ հաճախ մեղադրում են ժամանակները: Ես ուզում եմ մեղադրել ճարտարապետներին. երբ մասնագիտական խիղճը մի կողմ են դնում, ստացվում է այն, ինչ մեզանում ստացվել է:

«ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ԿԱԴՐԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՈՐԱԿԻ ՊԱԿԱՍ, ԻՍԿԱՊԵՍ, ՈՒՆԵՆՔ»
-Ստեղծագործական միության, կոնկրետ` ՀՆՄ-ի համար «նախընտրական շրջան» արտահայտությունն ինչ-որ բան նշանակո՞ւմ է:
-Ստեղծագործողի համար դա ոչինչ չի նշանակում: Նկարիչների միությունն էլ բաղկացած է ստեղծագործողներից` նկարիչներից: Ամեն մեկն իր տանը կամ արվեստանոցում ստեղծագործում է: Գուցե որևէ անհատի համար դա ինչ-որ բան նշանակում է, բայց ամբողջությամբ վերցրած միության համար` ոչ:
-Այս շրջանում նկարիչների միությունում կազմակերպվող ցուցահանդեսները որևէ կերպ չե՞ն քաղաքականացվում:
-Դեռ չի եղել նման դեպք: Թեև ասեմ, որ վերջին հինգ տարում կին նկարիչների ցուցահանդեսները հովանավորել է ՀՀԿ կանանց խորհուրդը: Գուցե նաև այս տարի նման հովանավորություն լինի, բայց սա որևէ կապ չունի նախընտրական շրջանի հետ:
-Առհասարակ, ի՞նչ մոտեցմամբ եք ընտրում ցուցահանդեսների թեմաներն ու հեղինակներին:

-Տարբեր են մոտեցումները: Մենք այս տարվա համար նախատեսել ենք մոտ 60 ցուցահանդես, ինչպես եղել է նախորդ տարի: Անգամ սկսել ենք կազմել հաջորդ տարվա ծրագիրը: ՈՒնենք հոբելյանական, խմբակային, թեմատիկ ցուցահանդեսներ: Վերջիններից ամենակարևորը Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսն է լինելու մայիսի սկզբին: Կլինի մեկ ուրիշ մեծ ցուցահանդես տարեվերջին` նվիրված ՀՆՄ 80-ամյակին:
-Ի՞նչ ասել է նկարիչների միության 80-ամյակի տոնակատարություն. շեշտադրումներն արվում են վաստակի՞, ձեռքբերումների՞, բացթողումների՞, ապագա ծրագրերի՞, սպասելիքների՞, թե՞ այլ բաների վրա:
-Այդ բոլորը` միասին: Ըստ երևույթին, կունենանք մի մեծ համաժողով, որի ընթացքում կանդրադառնանք Ձեր թվարկած բոլոր խնդիրներին: Միության ամեն մի անդամ մեկ գործով կմասնակցի հոբելյանական ցուցահանդեսին, և մենք կտեսնենք, թե ինչ ունենք այսօր, տխրելո՞ւ, թե՞ ուրախանալու հիմքերն են ավելի շատ:
-Նկարիչների երիտասարդ սերունդն այդ առումով հուսադրո՞ղ է:
-Մենք ունենք երիտասարդներից բաղկացած մի փոքր խումբ: Ստեղծել եմ երիտասարդական միավորում, փորձում եմ երիտասարդներին համախմբել (կարծեմ` իրենք էլ դեմ չեն), և անել երիտասարդական ցուցահանդեսներ: Շուտով կբացվի այդ երիտասարդներից ոմանց աշխատանքների ցուցահանդեսը, ովքեր անցյալ տարի` սեպտեմբերին, Շորժայում պլեներ են ունեցել:
-Այդ նկարիչների ներուժը բավարարո՞ւմ է Ձեզ` իբրև միության նախագահի:
-Չասեմ իբրև նախագահի, այլ իբրև նկարչի, իբրև կոլեգայի` ոչ այնքան: Չի բավարարում շատ պարզ պատճառով. մենք այսօր կադրերի քանակական պակաս չունենք, բայց որակի պակաս, իսկապես, ունենք: Այն նորավարտները, ովքեր այսօր կյանք են մտնում` որպես կերպարվեստի գործիչներ, անհամեմատ ավելի թույլ են 20-30 տարի առաջվա երիտասարդներից: Այս երևույթը նկարիչների միության շրջանակներում չի պարփակված: Սա երկրի ընդհանուր իրավիճակի դրսևորումն է, որը տարածվում է թե՛ քիմիկոսների, թե՛ շինարարների, թե՛ այլ ոլորտների վրա:

«ՆԱՅԵԼԸ, ՏԵՂԵԿԱՆԱԼԸ ՄԻ ԲԱՆ Է, ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼԸ, ԸՄԲՌՆԵԼԸ»
-Արվեստագետի համար շատ կարևոր է շփումը դրսի աշխարհի հետ, մի բան, որ այսօր առավել դյուրին է, քան խորհրդային ժամանակներում: Հենց թեկուզ ինտերնետի առկայությունը բավական է, որ ակնթարթորեն հաղորդակցվես աշխարհի ցանկացած անկյունում կատարվող մշակութային իրադարձության հետ:
-Բոլորովին համաձայն չեմ Ձեզ հետ: Խորհրդային նկարիչը դրսի աշխարհի հետ նույնքան սերտ կապ ուներ, ինչպես այսօրվա նկարիչը: Հնարավորություններ միշտ են եղել` խորապես, մասնագիտորեն ուսումնասիրելու դրսի նկարչությունը, խորամուխ լինելու արվեստի պատմության մեջ: Այդպես են սովորում, ոչ թե ուղղակի տեղեկանալով, թե ինչ է կատարվում հարևան Պարսկաստանում կամ Անգլիայում: Նայելը, տեղեկանալը մի բան է, մեկ այլ բան` մասնագիտորեն ուսումնասիրելը, ըմբռնելը, մի բան, որ հնարավոր է եղել բոլոր ժամանակներում: Հարցն այն է, թե ինչքան մակերեսորեն կնայես այս կամ այն նկարչի գործերը: Դա քեզ համար կլինի ընդամենը իբրև ժամա՞նց, զվարճալի՞ք, թե՞ իբրև մասնագիտական նյութ: Հիմա ավելի շատ այդ մակերեսային մոտեցումն է տարածված: Այսօր ինֆորմացիան շատ է, բայց ավելի շատ դիտվում է, ոչ թե ուսումնասիրվում: Մի քանի տասնամյակ առաջ նկարիչը խորությամբ ուսումնասիրում էր իմպրեսիոնիզմը, հասու էր դառնում Սեզանի, Վան Գոգի, Գոգենի, Միքելանջելոյի ստեղծագործություններին, որոնցով կարելի էր շատ բան սովորել: Իսկ այսօր, որպես ժամանց, կարող են նայել, թե ինչ են նկարում, ասենք, լեհ նկարիչները: Սա շատ բան չի տալիս:
-Խոսենք Ձեր մասին` իբրև նկարչի: Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:
-Ամեն երեկո ես արվեստանոցում եմ: Իմ գործը մոլբերտի առջև նկարելն է: Աշխատում եմ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված մեծածավալ գործի վրա: Թե ինչ կստացվի վերջնական արդյունքում, դեռ հայտնի չէ: Ժամանակը ցույց կտա: Մենք տասն օրը մեկ ցուցահանդես ենք բացում` լեփ-լեցուն դահլիճների պայմաններում: Բայց հանրությունն անտեղյակ է, լրատվամիջոցներն արհամարհում են ցուցահանդես երևույթը: Այս բանը նկատվում է սկսած 2007 թվականից: Կարծես ինչ-որ կախարդական փայտիկով կասեցվեց նկարիչների միության կապը լրատվամիջոցների հետ: Եթե մեզ մոտ ինչ-որ միջադեպ, ինչ-որ սենսացիոն բան է կատարվում, չեն ուշանում զանգերն ու լուսաբանումները, իսկ ցուցահանդեսը լրատվամիջոցների համար հետաքրքրություն առաջացնող թեմա չէ: Մենք յուրաքանչյուր ցուցահանդեսի բացման նախօրեին զանգահարում-տեղեկացնում ենք տարբեր լրատվամիջոցների, հրավիրում լուսաբանելու, բայց ոչ ոք այդպես էլ մեզ ուշադրության չի արժանացնում:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ

ում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am