Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Երազելը և երազանքը ծալում են թևերը

Երազելը և երազանքը ծալում են թևերը
27.03.2009 | 00:00

ԱՊՐԵԼ... ՉԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եվ ոչ մի բան մարդուն (երկրին, ժողովրդին) չի ստիպում գլխին, խելքին, մտքին էնպես զոռ տալ, որ ճարի օրվա հացը, քան նույն հացը կորցնելու վախը։ Էն, որ մերոնք ասել են անհիշելի ժամանակներ առաջ, թե երկու ջուրը մի հաց է կամ յոթ ահը մի մահ է, հենց էսօրվա համար են ասել։ Մենք չենք կարող ասել, թե ասել-ասել են, իրենց համար են ասել, ինչպես` իրենց համար քնում, մեզ համար երազ են տեսնում։ Հիմա համազգային երազ ենք տեսնում. բոլորը հացի փող են աշխատում, ինչպես պատգամավորներից կամ հյուր նախարարներից են շեշտում` աշխատում ենք աշխատել։ Մուրացկանն աշխատում է հացի փող աշխատել, տաքսու վարորդն աշխատում է հացի փող աշխատել, գործազուրկի աշխատանքն էլ էն է, որ աշխատում է հացի փող աշխատել։ Շուկայի (ոչ միայն) տերն աշխատում է իր օրվա հացի փողը, դատավորն աշխատում է չկորցնել իր օրվա փողը, էսպես մինչև...
Օրն ընդամենը միլիոն ունեցողները, որոնց հայրական-անձնական փողը դոլարն է, պարոն կամ տիկին դոլարը, աշխատում են միշտ մարզական վիճակում լինել` պահել օրը միլիոն սարքողի վարկանիշը։ Է՜, ի՞նչ ասենք, նրանց օրվա աշխատած հացի փողն էդքան է։ Պարզ, հասարակ, գոյություն-գոյական մուրացիկներից, աղբանոցները քչփորողներից, օրվա շնչավորություն հացը մի կերպ վաստակողներից մինչև պարզ-հասարակ-գոյություն միլիարդատեր-միլիոնատերերը մերոնք են, մերոնք են նաև բազմաբևեռ դրսերում ճգնաժամի շնորհիվ օրվա հաց-աշխատանքը կորցրած աշխատող մեր բազմաշնորհ բազուկները, ազգին ի՞նչ է մնում` հավաքվել օդա դարձած նախկին մշակույթի տներում, խելքներին զոռ տալ, տառերը չմոռացածներին, մանավանդ ակնոց ունեցողներին ստիպել, որ հանուն ազգի փրկության ու մանավանդ հանուն լուսատենչ ապագայի կարդալ դասականությունը քրօրենքով վերականգնած Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը», «Ցեցերը», իհարկե, ոչ լրիվ, սեղմագիրը, մեր դարահազարամյակների տեր ու տիրական հերոսականությունն իր մեջ ներգոյականացրած «Վարդանանքի» սեղմագիրը, անշուշտ, նախապես համաձայնեցնելով հեղինակի` Դերենիկ Դեմիրճյանի հետ... Ազգային ուղտ չենք ունեցել, բայց թշնամական ուղտերը հայոց ասեղի անցքերով անցկացրած հերոսական ժողովուրդ ենք, պարտավոր ենք ելք գտնել` օրվա հացը գտնելու համար։ Օրվա հացի կարոտները օրվա հացը գտնելու հույսով կապրեն, բայց ինչպե՞ս ապրեն օրը միլիոն աշխատողները, ովքեր, ըստ ծխամատյանի, նույն ազգի, հիշենք, հայ ազգի զավակներն են, մարդիկ, որոնց կյանքը ստիպել է դառնալ օլիգարխ, կաշառակեր, աթոռանվաճ, վաշխառու, երկրաօբյեկտ... Իհարկե, անկախության, ավելի ճիշտ` ճգնաժամի ճանապարհին չարժե նրանց կորցնել ոչ թե էն պատճառով, որ նրանց կորցնել չի լինի, այլ, ինչպես ժամանակին գյումրեցի Գմփռ Օնիկն էր ասում` «Հայաստանը վիդից կընկնի»։
Օրվա հացի խնդիրը ստիպում է բոլորին լուծել մի խնդիր, որը հին հարցական ունի, առաջավոր մարդկության կողմից քանդակված հարցական, որին ոչ երբեք ստիպողաբար անդամագրվել է Հայաստանը։
Ըհը, ահա և նա` բոլորիս մտածել տվող «ի՞նչ անել»-ը։ Շատերը ժամանակին հարցը դյուրինացրել էին` «ո՞ւմ անել, ումո՞վ անել», իսկ հիմա դրության իրավասու տերը հանրածանոթ «ի՞նչ անել»-ն է։ Կյանքը, ավելի ճիշտ` մեռնելը, «քեռի, քեռի, քացով տամ, մեռի» անմիտ մանկան ասել-ծիծաղելու նման հեշտացել է։ Բայց հային հեշտ կյանք ո՞վ է տվել։
Ինչ էլ լինի` թեկուզ շան կյանք, ապրելը լավ բան է, որովհետև, ինչպես նախկին մի դասախոս-պրոֆեսոր է պարզել (հիմա աշխատում է ֆրանսերեն բառ վերնիսաժում), ապրելու ժամանակ գոնե մտածում ես ապրելու մասին, չես ուզում ապրել, գնա հեշտ ու հանգիստ վեր ընկիր-մեռիր, տեսնենք դրանից հետո ինչի՞ մասին ես մտածելու։ Իսկ ինչպես հայտնի է, հայտնի բռնցքամարտիկ Իսոյի լեզվով` ալամ աշխարհին, հայ ժողովուրդն առանց մտածելու չի կարող ապրել ո՛չ ապրած ժամանակ, ո՛չ էլ, մանավանդ, հեռու ազգերից, ժողովուրդներից, մանավանդ մենք մեզնից` մեռած։
ՈՒսումնասիրողներից շատ բան է կախված։ Պարզվում է, որ մենք Սայաթ-Նովայի «էն գլխեն»-ից դեռ շատ ու շատ առաջ շատ բան ենք հասկացել, լավ ու վատը լավ ու վատից ջոկել ենք, ինչպես նաև մեր գրերի գյուտից առաջ ենք մեր ճակատի գրի սևն ու սպիտակը լավից-վատից ջոկել։ Կյանքը և ոչ մի վերջակետով չի վերջակետվում։ Կրկին ու դարձյալ վերավերադարձած անկախության շնորհիվ հիմա մեր հոգնած խելքն ավելի շատ բաներից է գլուխ հանում, քան էն ժամանակներում, երբ անկախությունը լքել էր մեզ նորից ու նորից։ Հիմա էլ ճգնաժամն է զոռում, թե խելքներիդ զոռ տվեք, դուք ձեր գլխի ճարը տեսեք։ Արդեն նորից ենք հասկանում, որ առաջավոր մուրացկաններս ու օլիգարխները նույն տուն-Հայաստանից ենք, բայց նույն հալին չենք։ Արդեն հասկանում ենք, որ առողջ լինելն ավելի լավ է, քան հիվանդ լինելը։ Բայց` շատ էլ որ հասկանում ենք, լոռեցու ասած` մեջն ի՞նչ կա։ Էն էլ ենք հասկանում, որ ավելի լավ է լինել աշխատանքով հարստացած, քան չաշխատանքով` աղքատացած։ Մինը աջ ձեռով շատ տակտով գլխին է բամփում, ձախ ձեռով էլ փորին, հետն էլ համ լաց է լինում, համ ուշունց տալիս։ Տեսնող աչքը մոտիկանում ու լեզուն հարցնում է` էդ խի՞ ես խեղճ գլխիդ բամփում, փորիդ խփում, հետն էլ լաց լինում ու ուշունցը կապում։ Մարդն առանց գտած գործը դադարեցնելու, ասում է` քեզ մատաղ, ուրիշ ի՞նչ անեմ, գլխիս պատճառով փորս սոված է։ Հետո աչք է ածում, տեսնում է լրտու ականջ չկա, լոռեցիավարի գլուխ է գովում` ես իմ գլխին չեմ խփում, է՜, գիտեցած լինես, ես մեր կառավարության, ինձ գործից զրկողների գլխին եմ խփում։ Ինչպես Կարմեն Դավթյանը կգրեր` բա՜... Բա` բա ու ջանն էլ հետը։ Էդպես բաներ կամ` չէ՛-չէ՛ մի` պոզեր։ Շարունակենք անեկդոդանման զրույցով հատված միտքը. հարուստ լինելը չի հուշում մաշված մի հարց` ինչո՞վ, ինչպե՞ս, ումո՞վ է հարստացել։ Մարդուն էլ դա է պատահել։ Այ, շատ լավ կլինի, որ գրողի տարած էդ հարուստի խելքին մեկը զոռ տա ու հասկացնի, որ հացի կարոտ մարդիկ կան նույն երկնքի տակ ծվարած մեր աշխարհում, էն չունևորի զավակի աչքն ինչո՞ւ մնա ունևորի զավակի շքեղ մեքենայի ակների տակից բարձրացող հայրենի փոշուն։ Չասենք` ո՞ւր է ամենատես մեր Չեխովը կամ` ամեն ինչ տեսած և մանավանդ բանտային ու գրահսկողություն վայելա՜ծ մեր Լեռ Կամսարը։ Շատ բան ենք մտածում, անգամ որպես երկրի զավակ` ինչո՞ւ հարուստ չլինի քո երկիրը, ու դու լինես հարուստ երկրի հարուստ, ապահով զավակ։ Զորեղ, առողջ երկիր, ուր հարուստ են հողերդ, հարուստ են ջրերդ, հարուստ են անտառներդ, չէ՛, բալեքդ արյան ծովի մեջ չեն։ Տագնապս ո՞րն է, կաշառասունս ո՞րն է, մի կտոր պաշտոնի համար պաշտոնահաչ տվողն ո՞վ է, մի կտոր հացի համար իրար կոկորդ կրծելը ո՞րն է։
Երազելը և երազանքը ծալում են թևերը։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հ. Գ.- Եթե տպագրվի, ուրեմն ես վաստակեցի իմ օրվա հացը, երկար գրեի` հացին սազող պանիրն էլ հետը կլիներ, բայց... բայց կա։ Խորհուրդ կտամ` գրածս չկարդաք, դրա համար ոչ մեկը ձեզ ցամաք հացի փող չի տա, օրվա հացաբեր գործ ճարեք, մինչև ճգնաժամն իրենով անի մեզ հացից զրկող... լափ լավ էլ մեզնից։

Դիտվել է՝ 4470

Մեկնաբանություններ