Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մոսկվային հետաքրքրողը միայն սեփական շահերն են

Մոսկվային հետաքրքրողը միայն սեփական շահերն են
13.03.2009 | 00:00

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
Այս օրերին Ադրբեջանը բավական ակտիվ և նույնիսկ հարձակողական արտաքին քաղաքականություն է փորձում իրականացնել բոլոր հնարավոր ուղղություններով։ Տարբեր լրատվական գործակալությունների լրահոսերն ուսումնասիրելով` կարելի է հանգել այն եզրակացության, որ պաշտոնական Բաքուն կարծես խնդիր է դրել ապացուցելու աշխարհին, թե ինքը տարածաշրջանում որոշիչ նշանակություն ունեցող պետություն է, և առանց իր շահերի հաշվառման անհնար է իրագործել կարևորագույն աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական նախագծեր Հարավային Կովկասում։

Այսպես, մարտի 10-ին Թեհրան մեկնելով` Ադրբեջանի նախագահը հանդիպում ունեցավ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվեցին երկու երկրների «բարիդրացիական և եղբայրական» հարաբերությունները տարբեր ոլորտներում, և հայտարարվեց համագործակցությունն ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին։ Գրեթե նույն ժամանակահատվածում Բաքվում բացվեց տրանսպորտային խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս, որտեղ քննարկման առարկա դարձան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի սպասարկման հարցերը։ ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարության համաձայն. «Ադրբեջանը լավ գործընկեր է Աֆղանստանի հարցում։ Այն երկար ժամանակ հանդիսանում է Արևմուտքն ու Արևելքը շաղկապող կամուրջ, որոշիչ դեր ունի ապրանքների բեռնափոխադրումների առումով։ Ըստ այդմ, միանգամայն բնական են այստեղ այսպիսի միջազգային կոնֆերանսի գումարումը և դեպի Աֆղանստան բեռնափոխադրումների ակտիվ քննարկումը»։ Հետաքրքիր է նաև, որ հենց այս կոնֆերանսին զուգահեռ տարածվեց տեղեկատվություն, թե Կարս-Ախալքալաք երկաթուղու Մարաբդա-Կարծախ հատվածում վերսկսվել են երկաթգծի կառուցման աշխատանքները, և դրա շահագործումը նախատեսվում է սկսել 2011-ին։
Սակայն Ադրբեջանի արտաքին քաղաքականության ակտիվության ամենակարևոր դրսևորումները պետք է դիտարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Բաքու կատարած վերջին այցի համատեքստում։ Այս այցը սկզբունքային նշանակություն ուներ այն առումով, որ Ռուսաստանն այսօր ահռելի ջանքեր է գործադրում տարածաշրջանում իր առաջատար դերը վերականգնելու կամ վերահաստատելու համար։ Լավրովի այցելությունը տարեսկզբից ի վեր մի քանի անգամ հետաձգվել է, ինչը, ըստ ԶԼՄ-ների, պայմանավորված էր բանակցությունների օրակարգի գլխավոր թեմաների շուրջ մոտեցումների հստակեցման անհրաժեշտությամբ։ Ինչպես պարզվեց, բանակցությունների գլխավոր թեմաներն էին Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, կասպիական պետությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովի կազմակերպումը Բաքվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ Ընդ որում, ուշագրավ է, որ վերջին ժամանակաշրջանում Կրեմլի արտաքին քաղաքական հետաքրքրությունները հետխորհրդային ողջ տարածքում պարտադիր կերպով միաժամանակ պայմանավորվում են նավթագազային ծրագրերով։ Բաքվում կայացած հանդիպումն էլ ռուսական կողմը դիտարկում էր էներգետիկ ոլորտում համագործակցության տեսանկյունից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերեց ադրբեջանական նավթի տրանզիտին Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով, դրա պայմանների շուրջ նոր միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրի գազի պաշարների գնմանը։ Սակայն այս ամենում մեզ համար ավելի կարևոր էր, անշուշտ, ռուս-ադրբեջանական բանակցությունների օրակարգի երրորդ գլխավոր կետը՝ ԼՂ հակամարտության կարգավորումը։
Սերգեյ Լավրովը, մինչև իր այցելությունը, ադրբեջանական ԶԼՄ-ներին տված ծավալուն հարցազրույցում հայտարարեց. «Մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է։ Մենք ելնում ենք այն բանից, որ կարգավորման բանաձևի ընտրության հարցում վերջնական պատասխանատվությունը դրված է հենց հայերի և ադրբեջանցիների վրա։ Մեր կարծիքով` կենսունակ կլինի հարցի այնպիսի լուծումը, որը հնարավորություն կտա կայունություն և խաղաղություն հաստատել Անդրկովկասում և հետհակամարտային իրավիճակում հնարավորություն կընձեռի պահպանելու պատմականորեն ձևավորված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, չի հանգեցնի նրա վերափոխմանը միջազգային քաղաքական և ռազմական մրցակցության թատերաբեմի»։ Այս` առաջին հայացքից ընդհանուր ձևակերպումների տակ, անշուշտ, թաքնված է Կրեմլին մտահոգող հիմնական խնդիրը. ինչպես համոզել բոլորին, որ Ռուսաստանն ունեցել է, ունի և ունենալու է որոշիչ դերակատարություն այս գործընթացում և տարածաշրջանում ընդհանրապես։ Պատահական չէ, որ ռուսական կողմը շարունակաբար պնդում է, թե Մայնդորֆյան հռչակագիրը ոչ միայն կարևորագույն արտաքին քաղաքական հաջողություն էր, այլև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման միակ ուղին է։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Ռուսաստանի արտգործնախարարի հերթական խաղաղարար առաջարկությունը և այդ կապակցությամբ ռուսական մամուլում եղած արտահոսքերը։ Մասնավորապես նշվում է, թե իբր նախապատրաստվում են նոր առաջարկություններ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար։ Միաժամանակ, իբրև դրա լրացում, ռուսական ԶԼՄ-ները նշում են, թե «Լավրովի առաքելության հիմնական խնդիրներից մեկն էլ Բաքվի մտահոգությունները փարատելն էր այն կապակցությամբ, թե նոր ստեղծված ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերը կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ։ Ինչպես նաև հերքել լուրերը, թե Մոսկվան Հայաստանին 800 մլն դոլարի զենք է հանձնել»։
Միաժամանակ Բաքվում խոսվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հերթական երկկողմ հանդիպումը կազմակերպելու մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիտարկվում է այն հնարավորությունը, որ հանդիպումը կարելի է կազմակերպել մայիսի 7-ին Չեխիայում կայանալիք գագաթաժողովում, որը նվիրված է լինելու Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին։ Պարզվում է, որ Մոսկվան ոչ միայն աջակցում է այդպիսի հանդիպման կազմակերպմանը, այլև առաջարկում այն անցկացնել Պրահայում ռուսական դեսպանատանը։ Եվ այդ դեպքում ռուսական կողմը կրկին հնարավորություն կստանա հայտարարելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իր կառուցողական ներդրման մասին։ Պատահական չէ, որ Բաքու մեկնելուց առաջ Լավրովը նաև հայտարարել էր. «Ռուսաստանը պատրաստ է աջակցել ցանկացած փոխզիջումային պայմանավորվածության, որն ընդունելի կլինի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համար։ Այդպիսի համաձայնության ձեռքբերման դեպքում Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ իբրև կարգավորման երաշխավոր»։ Սակայն երբ ադրբեջանական կողմը ՄԱԿ-ում տարածեց «հայկական օկուպացիայի» մասին սովորական նեյնիմներ պարունակող զեկուցագրերը, միաժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է Հայաստանի ներկա և նախկին նախագահներին միջազգային քրեական դատարանի միջոցով պատասխանատվության կանչել, լարվածությունը լիցքաթափելու ռուսական փորձերը կարող են և բավարար չլինել։ Ավելի ճիշտ, հասկանալով կարգավորման գործընթացում որևէ էական տեղաշարժի անհնարինությունը, ռուսներն առավելագույնը կարող են կողմերին համոզել՝ շատ չբզբզել այդ ցավոտ թեմաները։
Մոսկվայի խաղաղապահական հավակնություններն ամրապնդելու համար Ռուսաստանի արտգործնախարարը փորձեց նաև չեզոքացնել Բաքվի և Մոսկվայի միջև առաջացած պրոբլեմները։ Մասնավորապես, Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա ձգտել է վերջնականապես փակել Հայաստանին ռուսական զենք մատակարարելու մասին ադրբեջանցիների սիրելի թեման։ Որքանով է դա հաջողվել, ցույց կտա ապագան, թեպետ քիչ հավանական է, որ Բաքուն հրաժարվի իր համար այնքան ցանկալի այդ հարցադրումը շահարկելուց, շարունակ սպեկուլյացիա անելով «Մոսկվայի և Երևանի հատուկ հարաբերությունների» շուրջ։ Այնուամենայնիվ, Լավրովը ջանքեր է գործադրել Անդրկովկասում Մոսկվայի «կարևոր ռազմավարական գործընկերոջը» հանգստացնելու ուղղությամբ և դեռ այցելության նախօրեին հավաստել, թե Ադրբեջանը նոր ստեղծվող ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի հետ կապված անհանգստություններ չպետք է ունենա, քանզի դրանք կարող են գործել միայն կազմակերպության անդամ երկրների տարածքում՝ ՀԱՊԿ-ի ղեկավարների խորհրդի միասնական որոշմամբ։ Բայց դա դեռ չի նշանակում, թե Բաքվում այդքան հեշտությամբ կհավատան Մոսկվային։ Փորձագետների մեծամասնությունը պնդում է, որ այս կապակցությամբ Ալիևը Լավրովից լրացուցիչ երաշխիքներ է պահանջել։ Ինչպիսին են այդ երաշխիքները, առայժմ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ այն խիստ կասկածելի հեռանկար է ստեղծում Հայաստանի համար։
Անշուշտ, Ռուսաստանի արտգործնախարարի այցը Բաքու, իր իսկ հայտարարության համաձայն, նպատակ էր հետապնդում «ընդհանրացնել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրագործման առաջին արդյունքները և նախանշել այն կոնկրետ քայլերը, որոնք այդ ուղղությամբ պետք է արվեն առաջիկայում»։ Այս նպատակը լավ թե վատ իրագործված է, եթե նկատի ունենանք, որ բանակցություններից հետո ընդգծվեց, թե Ադրբեջանի և Ռուսաստանի մոտեցումները համանման են Կովկասում ընդհանուր իրավիճակի և այն «խաղաղության ու կայունության տարածաշրջանի վերածելու ուղղությամբ»։ Ի՞նչ հետևություններ պետք է անի սրանից Ռուսաստանի «ֆորպոստ» Հայաստանը, այլ խոսակցության նյութ է։ Բայց ակնհայտ է, որ Մոսկվան շարունակելու է իրագործել միայն սեփական շահերը, իսկ Երևանին վերաբերվելու է «իսկ ուր են նրանք փախչելու» սկզբունքից ելնելով։ Բաքվում այս միտումը հերթական անգամ ակնհայտորեն դրսևորվեց։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ