«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԴՈՎԻԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ ԷՐ, ՈՒՂՂՎԱԾ ԱՅՆ ԿՈՂՄԻՆ, ՈՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ»

«ԴՈՎԻԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ ԷՐ, ՈՒՂՂՎԱԾ ԱՅՆ ԿՈՂՄԻՆ, ՈՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ»
07.06.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ
-Պարոն Զաքարյան, Մերձավոր Արևելքի գործընթացներին զուգահեռ փոխվում է նաև ամերիկյան դիվանագիտական այցեքարտը հետխորհրդային երկրներում: Հայաստան է գալիս ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, Ռուսաստան` «վերաբեռնման» նախակարապետը, ու թե հաշվի առնենք, որ արդեն իսկ Ադրբեջանում է ոչ անհայտ Բրայզան, ապա դիպկորպուսի բավականին հետաքրքիր խճանկար ենք ունենում:
-Հայտնի է` ամերիկյան նոր դոկտրինը նոր մոտեցումներ է ամրագրում: Նախորդ տարի Լիսաբոնում ընդունված ՆԱՏՕ-ի անվտանգության հայեցակարգի փոփոխությամբ էլ նոր վերադասավորություններ տեղի ունեցան ոչ միայն արաբական աշխարհում, Հյուսիսային Աֆրիկայում, համաշխարհային զարգացումներում, այլև, ինչպես Դուք նշեցիք, հետխորհրդային երկրների նկատմամբ մոտեցումներում:
-Ի՞նչ եք կարծում, ո՞ւր է հասել Արևմուտքը, առավել ստույգ ԱՄՆ-ը, Մերձավոր Արևելքում` այս պահին:
-Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում արդեն իսկ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել: Դովիլում կայացած համաձայնությամբ էլ Արևմուտքը ֆինանսական աջակցություն կցուցաբերի այդ երկրներին: Գումարած` ժողովրդավարության «ներմուծումը», որն անչափ կարևոր բաղկացուցիչ է այդ մեծ խաղում, որովհետև Արևմուտքը լավ է հասկանում, որ միայն ֆինանսական օժանդակությամբ որևէ բանի հասնել հնարավոր չէ, պետք է առաջին հերթին արժեհամակարգի և գաղափարախոսության խնդիրը լուծել, ինչին էլ ձեռնամուխ է եղել:
-Կարո՞ղ ենք ասել, որ Մեծ Մերձավոր Արևելքի կերտման ամերիկյան երազանքի մաստեր-պլանը կիսով չափ հաջողվել է:
-Կիսով չափ` այո:
-Այդ դեպքում վերադառնանք հետխորհրդային տարածք. ի՞նչ է այնտեղ կատարվում:
-Հետխորհրդային շատ երկրներ (բացառյալ Միջին Ասիան), ներգրավված են արևմտյան տարբեր նախագծումների մեջ, մասնավորապես` Արևմուտքի հետ հարևանության քաղաքականության, ասոցացման, անհատական գործընկերության: Այդ ամենի կողքին ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները ևս դինամիկ զարգացում են ապրում և բավականին հետաքրքիր հեռանկարներ ունեն: Ճիշտ այնպես, ինչպես սկսել են ակտիվանալ վերլուծություններն ու հեռանկարային մոդելավորումները` ՆԱՏՕ-Չինաստան, ՆԱՏՕ-Ճապոնիա հարաբերություններում: Այսինքն` համաշխարհային զարգացման նոր տենդենցները բերում են նոր մոդելներ` նույնքան բազմակողմանի և հետաքրքիր:
-Կհաջողի՞ Բժեզինսկին այդ մի նախաձեռնությունում. նկատի ունեմ` ԱՄՆ-Չինաստան «նապարնիկությունը»:
-Չի բացառվում, որ աշխարհը հենց այդ ուղիով էլ ընթանա: Դա է պատճառը, որ անվտանգության նոր համակարգեր ու մոտեցումներ են ձևավորվում: Դա է պատճառը, որ ակտիվացել են նաև այն երկրները, որոնք անվտանգության այս կամ այն համակարգում չկան: Նոր աշխարհակարգում նրանք ևս փորձում են գտնել իրենց տեղը: Տեսնում եք` Ադրբեջանը վազվզում է այս ու այն կողմ ու այդպես էլ չի կարողանում գտնել` ո՞րտեղ է ինքը: Ինչն էլ կախված է հարակից մի շարք խնդիրներից. կկառուցվի՞ «Նաբուկոն», «Հարավային հոսքն» իրականություն կդառնա՞, ինչից էլ կախված կլինի, թե որտեղ է Ադրբեջանը: Հայաստանի գտնվելու տեղը եվրոպական տարածաշրջանն է: Սակայն եվրոպական տարածաշրջանում գտնվելու համար մենք պետք է կարողանանք գոյություն ունեցող տարածաշրջանային շահերը համադրել, մեկտեղել իրար հետ. հնարավորությունների այդ դաշտը, իսկապես, կա:
-Բոլոր դեպքերում, եկեք ծափահարենք Հայաստանից հեռացող տիկին Յովանովիչին` բարի ճանապարհ մաղթենք նրան` ֆիքսումով, որ նա, իսկապես, արեց ավելին, քան հնարավոր էր: Եվ որ Հայաստանում նա արեց ավելին, քան արեց Ղրղզստանում, և տանք հարցը` ԱՄՆ-ի Կոնգրեսը կհաստատի՞ Հաֆերնի թեկնածությունը, և ապա` նա կհաջողի՞ Հայաստանում այնպես, ինչպես հաջողեց Յովանովիչը:
-Միացյալ Նահանգների բոլոր դիվանագետներն էլ Հայաստանում հաջողել են:
-Այդ թվում և` միստր Էվա՞նսը:
-Այդ թվում և Ջոն Էվանսը:
-Հոգլանդի նման Հաֆերնին չե՞ն ասի` «նետ»:
-Ոչ, նա կհաստատվի: Կարծում եմ, որ այո` կհաստատվի:
-Էս մեծ խաղում Ռուսաստանը մեզ խանդում է, ինչ է անում. ո՞րն է, ըստ Ձեզ, Ռուսաստանի դիրքորոշումը:
- ա) Խանդը քաղաքական կատեգորիա չէ: բ) Խանդելու խնդիր ընդհանրապես չի կարող լինել, որովհետև հայ-ռուսական հարաբերություններն ամբողջությամբ ամրագրված ու անփոփոխելի են, և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում որևէ կերպ թերագնահատել հնարավոր չէ: Որևէ մեկի համար: Ե՛վ Արևմուտքը, և՛ Արևելքը շատ լավ են հասկանում, որ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում անքննարկելի է:
-Համարյա Աստծո գործերի «պես»… Բա էդ նոպաները` խանդի, նրա մոտ որտեղի՞ց են առաջանում:
-Իսկ որտե՞ղ եք տեսել նման «նոպաներ»:
-Օ՜, պարոն Զաքարյան, «հատակ են իմ փրփուրներ». օրը, դարը չեն բավարարի դրանք թվելու, տեսությունն ամբողջացնելու համար:
-Չեմ կարծում, որ դրանք կապ ունեն Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համատեքստի հետ:
-Իհարկե, ունեն, սակայն եկեք սահուն անցում կատարենք դեպ Իրան, որովհետև ունենք պատճառ. Իրանի բավականին հետաքրքիր, թույլ տանք մեզ ասել` խարիզմատիկ լիդերի այցը Հայաստան հետաձգվեց, հոկտեմբերին նույնքան խարիզմատիկ լիդեր Սարկոզին կլինի այստեղ` նույն հարցով: Իրանի հարցով: Ինչ եք կարծում` ի՞նչ կա այս երկու «այցերի տակ»:
-Դա նախ արձանագրումն է Հարավային Կովկասի, այդ թվում և` Հայաստանի կարևորության: Ե՛վ հայ-իրանական ջերմ-փոխադարձ շահերի վրա կառուցված հարաբերությունները, և՛ հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները, և՛ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բոլոր երկրների շահագրգռությունը` խաղաղ ճանապարհով հարցը լուծելուն ուղղված, անչափ օրինաչափ և նույնքան էլ բնական են: Այսինքն` որևէ պատահական և էքստրաօրդինար երևույթ չկա այս ամենում. նորմալ ընթացք է:
-Դե, չէ, պարոն Զաքարյան, ասվում է` Իրանը շատ է անհանգստացած Կազանում սպասվելիք փաստաթղթի ստորագրմամբ, տարածաշրջանում խաղաղապահների տեղակայմամբ:
-Բնական է, որ ԼՂ խնդրի կարգավորումը տարածաշրջանի որպիսության բարոմետրն է. ինչպիսին կլինի ապագայում տարածաշրջանը, անշուշտ, կախված կլինի այդ «ինքնազգացողությունից»: Ինքնին հասկանալի է` խաղաղ կարգավորումը մի իրավիճակ է ստեղծում, ոչ խաղաղը` մեկ այլ: Եվ բնական է, որ շահագրգիռ կողմերը պետք է հանդիպեն, խոսեն այդ մասին: Պատահական չէր նաև Դովիլի հայտարարությունը, որը նաև կոնկրետ հասցեատեր ուներ: Ադրբեջան: Պատահական չէր Դովիլին հաջորդող ադրբեջանական կողմի, իսկապես, էքստրաօրդինար հայտարարությունների շարքը, վերջինիս պատրաստակամությունը` անմիջապես մասնակցելու կազանյան բանակցություններին: Այսինքն` Ադրբեջանը մտավախություններ ունի, որոնք այլևս թաքցնել հնարավոր չէ: Եվ այս պարագայում Իրանի, Ֆրանսիայի նախագահների այցելությունները, Եվրամիության դերակատարության ավելացումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ազդակներ են, որոնց հետ հաշվի չնստել Ադրբեջանն այլևս չի կարող: Այս բոլոր բաղկացուցիչները խոսում են այն մասին, որ տարածաշրջանը կայուն զարգացման անհրաժեշտություն ունի, և տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղ իրավիճակը հնարավորություն կտան Արևմուտքին` Հեռավոր և Միջին Արևելքի երկրների հետ բնականոն, կայուն-կանխատեսելի հարաբերություններ ունենալու: Եվ եթե 20-րդ դարում տնտեսությունն էր թելադրում աշխարհին քաղաքականություն, տնտեսական շահերն էին խթան հանդիսանում, ապա 21-րդ դարում տնտեսական շահերն ածանցյալ են դառնում:
-Մի՞թե:
-Որովհետև առավել կենսական նշանակության խնդիրներն են առաջնային:
-Էդ ի՞նչ «կենսականություններ» են, որ ավելին են տնտեսությունից:
-Անվտանգության ներքին և արտաքին խնդիրները:
-Հետաքրքիր է, իսկ ինչի՞ն են վերաբերում ադրբեջանական մտահոգությունները:
-Ադրբեջանը տարբեր եղանակներով փորձել ու փորձում է ժամանակ շահել` հույս ունենալով, որ, ի վերջո, ահռելի ֆինանսական միջոցներով կհասնի խնդրի ռազմական լուծմանը: Այսօր, սակայն, ռազմական լուծման բոլոր ճանապարհները փակ են միջազգային հանրության կողմից: Դովիլի հայտարարությունը կարմիր քարտ էր, որն ուղղված էր այն կողմին, որը նպատակ ունի ռազմական ճանապարհով լուծելու խնդիրը. լինի Ադրբեջանը, լինի Հայաստանը: Մյուս կողմից էլ բոլորի համար հստակ է, որ Ադրբեջանն է ռազմական հռետորիկայի «հայրը», իսկ հռետորիկայից դեպ բուն գործողություն շատ դեպքերում մեկ քայլ է: Եվ իրենց Հանրապետության տոնին նվիրված Ալիևի հայտարարությունը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանն առնչվող, տոնայնությամբ ամբողջովին փոփոխված էր. Ալիևն ասում էր` ոչ թե պետք է անպայմանորեն վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը, լինի ուժով, թե բանակցություններով, այլ ասում էր` խնդիրն ամեն դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ պետք է լուծվի: Դեռևս պարզ չէ` ո՞րն է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ընդհանրապես, ո՞ր տարածքներն են Ադրբեջանինը:
-Իսկ ի՞նչ եք կարծում, Կազանում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի՞:
-Կարծում եմ` հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածություններ կլինեն, դա ինչ տեսք կստանա այդ պահին և հետո, ժամանակը ցույց կտա:
-Թուղթ կլինի՞ Կազանում, թե՞ ոչ, պարոն Զաքարյան:
-Ժամանակը ցույց կտա:
-Որտե՞ղ ցույց կտա «ժամանակը»` Վաշինգտոնո՞ւմ:
-Էական չէ:
-Չէ, էական է: Որովհետև կա Ռուսաստանի «բարձր հովանի», և կա ԱՄՆ-ի «ավելի բարձր հովանի»:
-Ռուսաստանի «բարձր հովանու ներքո» ավելի հավանական է և ավելի նպատակային:
-Ռուսաստանն ուզո՞ւմ է ստատուս քվոն փոխվի:
-Կարգավորում դեռ չի նշանակում ստատուս քվոյի պարտադիր փոփոխություն:
-Հա, ի դեպ, ոչ անհայտ ՃՄԽ-ն ասել էր, եթե նման փաստաթուղթ Կազանում չստորագրվի, ապա ֆրանսիական համանախագահությունը կփոխարինվի ԵՄ-ով: Հնարավո՞ր է նման բան: Ինչո՞վ բացատրել այդ «հաթաթան»:
-Չգիտեմ` «հաթաթա» կոչենք, դիտարկում, անձնական տեսակետ, սակայն միշտ չէ, որ Ճգնաժամային խումբն իր մոտեցումներում արդարացի է կամ ճշգրիտ: Անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչ ասել է` «Եվրամիությունը կդառնա»: Եվրամիությունը 27 երկրների հանրագումար է: Իսկ 27 երկիր նշանակում է քսանյոթ տարբեր պատկերացում, տարբեր շահեր, տարբեր մոտեցում, ասենք` Ռումինիայի շահը մեր տարածաշրջանում բոլորովին այլ մոդել և ձևակերպում ունի, քան Սլովենիայի շահը:
Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ամբողջությամբ ներգրավված է գործընթացում, ունի կոնկրետ հետաքրքրություն, և ես կարծում եմ, որ խիստ պատասխանատու և շատ լավ է ներկայացնում Եվրամիության ընդհանրացված մոտեցումը ԵԱՀԿ ՄԽ-ում:
Երկրորդ կարծիք լինել չի կարող:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ


Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ