«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԱՄՍԱԳԻՐՆ ԻՍՊԱՌ ԶԵՐԾ Է ԼԻՆԵԼՈՒ ԹԱՅՖԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

«ԱՄՍԱԳԻՐՆ ԻՍՊԱՌ ԶԵՐԾ Է ԼԻՆԵԼՈՒ ԹԱՅՖԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
05.04.2011 | 00:00

«Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել «Գրանիշ» գրական պարբերականը: Մեր օրերում տպագիր մամուլն աստիճանաբար իր դիրքերը զիջում է, տարբեր պատճառներով մարդիկ գերադասում են տեղեկություն ստանալու էլեկտրոնային տարբերակը: Գրական մամուլն առավել անտեսվածների շարքում է: Հարկ է նշել, որ Granish.org առցանց լրատվականը, որ հիմնվել է 2009-ին` «Գրանիշ» գրական ակումբի նախաձեռնությամբ, մեկ տարվա ընթացքում ընդգրկել է ընթերցողների լայն շրջանակ: Ընթերցողին (հատկապես երիտասարդներին) գրականությանը մոտեցնելու ջանքերն իզուր չեն անցնում, ինչն էլ հույս է ներշնչում, որ տպագիր պարբերականը նույնպես հաջողություն կունենա: «Գրանիշի» խմբագրակազմի անդամներն են Արքմենիկ Նիկողոսյանը, Կարեն Անտաշյանը, Հասմիկ Հակոբյանը, Արամ Պաչյանը և Աշոտ Գաբրիելյանը: «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:
-Ինչո՞ւ են անտեսվում գրական պարբերականները, և ինչո՞ւ պետք է նորաստեղծ ամսագիրը, ըստ Ձեզ, հետաքրքրություն առաջացնի: Ինչո՞վ է առանձնանում «Գրանիշը»:
-Չէի ասի, թե գրական պարբերականներն անտեսվում են, պարզապես դրանց տարածվածության, այսպես կոչված, շրջանակն է նեղ, իսկ դրա համար մեղավոր են և՛ գրական պարբերականների հրատարակիչները, և՛, իհարկե, ընթերցողները, որոնց կապը գրականության հետ այնքան էլ սերտ չէ: Երբեմն վերջիններիս մեղադրելը մի քիչ դժվար է, քանզի գրական պարբերականներն էլ հաճախ չեն մատուցում այն, ինչն իսկապես հետաքրքրություն, կարծիքների բախում կառաջացներ, կկենդանացներ գրական ընթացքը: Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ մի փոքր լավ ու ճիշտ աշխատանքն այդ ուղղությամբ դրական արդյունքներ տալիս է: Կարող եմ «Գրեթերթի» օրինակը մատնանշել, որը կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն առաջացրեց` նոր ու երիտասարդ անուններով հարստացնելով հայ գրականությունը: Մյուս գրական պարբերականներին, թեպետ դրանք Հայաստանում այնքան էլ շատ չեն, խանգարում են հնացած մտածողությունը, խիզախումի բացակայությունը և, այսպես կոչված, թայֆայականությունը: «Գրանիշի» խմբագրակազմը աչքի առաջ ունեցել է նախկինում հրատարակված գրական պարբերականների թե՛ լավ ավանդույթները, թե՛ ձախողումներն ու հոռի կողմերը: Ինչ վերաբերում է հետաքրքրության առաջացմանը, ապա պետք է ասեմ, որ ամսագրի ստեղծման գաղափարը մոտ երկու տարի ստուգվեց «Գրանիշ» գրական ակումբի նախաձեռնությամբ հիմնված առցանց «Գրանիշի» միջոցով: Տեսնելով, որ, այնուամենայնիվ, կա հետաքրքրություն գրականության նկատմամբ, որոշեցինք հրատարակել ամսագիրը: «Գրանիշի» գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ամսագիրն իսպառ, կրկնում եմ, իսպառ, զերծ է լինելու թայֆայականությունից, հեղինակների հետ համագործակցությունը կառուցվելու է ոչ թե անձնական համակրանք-հակակրանքների, այլ գրական արժեքների վրա: Եթե գրողը ստեղծել է բարձրարժեք գործ, նա «Գրանիշում» տեղ ունի` անկախ այն բանից, թե, ասենք, ես ու նա ինչ հարաբերություններ ունենք միմյանց հետ: Այս տրամաբանությունից ելնելով է նաև, որ «Գրանիշի» համար իբրև ձևաչափ ընտրել ենք թեմատիկ սկզբունքը, որը բացառիկ մոտեցում է մեր իրականության մեջ: Սա կօգնի հայ գրականության մեջ ստեղծվող արժեքները դիտարկելու կոնկրետ, համակարգային մասնավորությունների մեջ:
-Ինքներդ գրական մամուլին հետևո՞ւմ եք, ունե՞ք սիրած ամսագիր կամ թերթ:
-Անհամեստություն չհնչի, բայց այսօր ես այն քչերից մեկն եմ Հայաստանում, որը հետևում է գրական գրեթե ցանկացած երևումի, հատկապես մամուլում: Իսկ բուն գրական մամուլին հետևելը, ցանկության դեպքում, այնքան էլ բարդ խնդիր չէ, քանզի մի քանի անուն է ընդամենը, բացի այդ, դրանց հրատարակման պարբերականությունն էլ այդքան հաճախակի չէ: Շատ եմ սիրում «Գրեթերթը»: Կարծում եմ` կգա ժամանակ, երբ գիտականորեն կարժևորվի այն մեծ ներդրումը, որ կատարել ու կատարում են այդ թերթն ու նրա խմբագիր Գուրգեն Խանջյանն արդի հայ գրականության զարգացման գործում:
-Ամսագրի նյութերը, հավանաբար, էապես տարբերվելո՞ւ են «Գրանիշ» գրական բլոգում տեղակայված նյութերից: Ի՞նչ սկզբունքով են ընտրվում նյութերը:
-Անպայման, քանզի գրական բլոգն իր խնդիրներն ու առաքելությունն ունի, ամսագիրը այլ առաքելություն է ունենալու: Նախ` ամսագրի գրեթե բոլոր նյութերը նախկինում որևէ տեղ հրապարակված չեն եղել: Նյութերն ընտրելու սկզբունքը կայուն է. գրական, գրականագիտական, մշակութաբանական, թարգմանական այն բարձրարժեք գործերը, որոնք, այսպես ասեմ, «տեղավորվում» են տվյալ համարի համար նախանշված թեմատիկ տարածքում:
-Ի՞նչ արժե ամսագիրը և ի՞նչ հաճախականությամբ է տպագրվելու:
-Ամսագիրն արժե 1 500 դրամ և տպագրվելու է երկու ամիսը մեկ անգամ, այսինքն` տարեկան վեց համար:
-ՈՒնե՞ք մրցակից ամսագիր, առհասարակ կա՞ գրական մամուլում մրցակցություն ասվածը:
-Մենք առայժմ այդպիսի խնդիր չենք դիտարկում, թող մյուս գրական պարբերականները մտածեն` «Գրանիշի» հետ կարո՞ղ են մրցակցել, թե ոչ: «Գրանիշն» ունի կոնկրետ խնդիրներ, որոնք ձգտելու է լուծել և իրագործել: Անձամբ ես շատ կուզենայի, որ այդ մրցակցություն ասվածը լիներ մեր գրական դաշտում: Դրանից միայն կշահեինք:
-Թվում է` համացանցը մեզ հեռացնում է գրականությունից, դասական գրքից, բայց, նաև փաստ է, որ համացանցը, սոցցանցերը, գրական առցանց նախագծերը յուրովի աշխուժացրել են գրական կյանքը: Բնականո՞ն է սա, թաքնված վտանգ չկա՞ սրանում:
-Ես այն կարծիքին չեմ, որ համացանցը մեզ հեռացնում է դասական գրքից: Ես համոզված եմ, և Կարեն Անտաշյանի «Գրանիշ» գրական բլոգի փորձն էլ ցույց տվեց, որ համացանցը մեր հակագրական ժամանակներում պարզապես հրաշալի միջոց է` ընթերցողին գրքին վերադարձնելու առումով, ուստի համացանցը ես դիտարկում եմ որպես յուրօրինակ խայծ` դասական գրքի համար ընթերցող որսալու ճանապարհին:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ