Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«15-20 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԸՆԿԱԼԵԼ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ»

«15-20 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԸՆԿԱԼԵԼ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ»
09.11.2010 | 00:00

Տարիներ անց այս օրվա մասին որևէ հավաստի և ստույգ տեղեկություն ստանալու համար պետք է արխիվային «հաստոցները» ուսումնասիրել արդեն պատմություն դարձած օրերի ու իրադարձությունների պահոցներից: Այսօր Հայաստանի ազգային արխիվն ունի 3 մլն թղթե կրիչներով արխիվային գործեր, որոնց ի պահ է տված շուրջ 300 մլն փաստաթուղթ, 35 հազար պահպանման միավոր ֆիլմեր, 260 հազար լուսանկար, 50 հազար ձայնագրություն: Ներկայումս կառուցվում են նոր պահոցներ՝ հագեցած արդի տեխնիկայով, հակահրդեհային ավտոմատ համակարգ: Այս ծրագրի իրականացման համար կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 80 մլն դրամ: Ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ զրույցի սկզբում նախ փորձեցինք ճշտել՝ ովքե՞ր են հիմնականում ուսումնասիրում արխիվային նյութերը:
-Արխիվից օգտվող քաղաքացիներին կարող ենք բաժանել մի քանի խմբի,- ասաց պարոն Վիրաբյանը:- Գիտնականներ, ովքեր գրում են թեկնածուական, դոկտորական ատենախոսություն: Քաղաքացիներ, ովքեր հետաքրքրվում են իրենց նախնիներով, թե ովքեր են եղել իրենց տատերը, պապերը, որ տոհմածառը կազմեն: Վերջին երեք-չորս տարիներին այս հարցով դիմող քաղաքացիների քանակն ավելացել է: Որոշ մարդիկ էլ ցանկանում են տեղեկություններ իմանալ իրենց բնակավայրի մասին, երբ է այն հիմնվել, տնտեսական ինչ զարգացում է ունեցել, երբ են կառուցվել եկեղեցին, դպրոցը: Մեր օգնությամբ արդեն Հայաստանի քառասուն-հիսուն բնակավայրերի պատմություն է տպագրվել (բացառությամբ Սյունիքի, Լոռու, Ղարաբաղի, մեր մյուս գյուղերը հիմնադրվել են 1928-1930 թվականներին` Թուրքիայից ու Իրանից գաղթածների ջանքերով): Մեզ մոտ գալիս են նաև նախկին պաշտոնյաներ, որոնք ցանկանում են հիշողություններ գրել, և տարեթվերը, իրադարձությունները վերհիշելու անհրաժեշտություն է ծագում: Լրագրողները ևս արխիվից օգտվում են հոդվածներ, հաղորդումներ պատրաստելու համար՝ օգտագործելով ֆիլմերը, ձայնագրությունները, լուսանկարները: Կան նաև շենքերի հատակագծերով հետաքրքրվող ուսանողներ:
-Օտարերկրացիները դիմո՞ւմ են ձեզ արխիվային փաստաթղթեր ուսումնասիրելու նպատակով և ի՞նչ նյութերով են հետաքրքրվում:
-Այո՛: Առաջին անգամ Բադեն Ջանդամ անունով մի թուրք պատմաբան է մեզ դիմել, որն ուսումնասիրում է Կարսի մարզը` 1878-ից մինչև 1918-ը: Օրերս էլ նրանից նամակ ստացա. այս անգամ էլ նրան հետաքրքրում է Կարսի երկաթ-գծի կառուցումը: Նա հարցազրույցներ է տվել իրենց տեղի մամուլում, ասելով, թե Հայաստանում իրեն շատ լավ են ընդունել, գոհ է մեզ հետ համագործակցելու համար: Այս տարի մեզ դիմել են Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի և Ամերիկայի քաղաքացիներ: Ամերիկացի Ֆեյման Էլը ցանկացել է հավաքագրել և վերլուծել 1990-ի Գերագույն խորհրդի ընտրությունները, 1995, 1999, 2003-ի խորհրդարանական ընտրություները և 1991, 96, 98 և 2003-ի նախագահական ընտրությունները: Իսկ ճապոնացի Յոշիմուր Տակայուկն ուսումնասիրում է 20-րդ դարի Հայաստանի և սփյուռքի փոխհարաբերությունները: Երևան քաղաքի, հատկապես Աբովյան փողոցի պատմությունը ցանկացել է իմանալ գերմանացի Կոնրադ Հայկո Հանսը: Ֆրանսահայ կոմունիստներով էլ հետաքրքրվում է մեր հայրենակից, Ֆրանսիայի քաղաքացի Աստղիկ Ադամյանը: Սփյուռքի մեր հայրենակիցները ևս օգտվում են Հայաստանի ազգային արխիվից: Նրանք ցանկացել են ուսումնասիրել Երևանի ճարտարապետությանը, ցեղասպանությանն առնչվող նյութեր: Ոչ Հայաստանի քաղաքացիների հետ ունենք որոշակի լեզվական խնդիր, քանի որ մեզ մոտ փաստաթղթերը հայերեն ու ռուսերեն են:
-Պետական օղակներից ովքե՞ր և ի՞նչ կարգի արխիվային նյութեր են պահանջում:
-Հիմնականում դատախազությանը և ոստիկանությանն ենք տեղեկություններ տրամադրում, որովհետև այստեղ են կուտակված 1990-ականների, դարասկզբի սեփականաշնորհման բոլոր գործերը: Օրինակ, սեփականաշնորհման պահին այդ գործարանը կամ կազմակերպությունն ինչ գույք, տարածք են ունեցել և այլն: Դատախազությանը տրամադրում ենք նաև բռնադատվածների մասին նյութեր, քանի որ, մեր օրենսդրության համաձայն, նրանց հարազատները վարկ ստանալու, շենք կառուցելու իրավունք ունեն: Իշխանության մյուս օղակներին ևս տեղեկություններ են տրվում՝ նախարարություններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ և այլն:
-Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող որևէ փաստաթուղթ ցանկացե՞լ են ուսումնասիրել:
-Ղարաբաղի հետ կապված ուսումնասիրությունները 90-ականների համեմատ մի փոքր նվազել են: Կա նաև այսպիսի բան՝ նյութը սպառվել է արդեն, քանի որ 90-ականներին կարծես ամեն ինչի մասին արդեն գրվել է: Այս շրջանում զանգվածաբար ուսումնասիրում էին առաջին հանրապետության պատմությունը, որը մինչ այդ չէր եղել: Այս դեպքում էլ նյութը սպառվեց: Ղարաբաղի հետ կապված մենք ինքներս ենք ծրագրում մի լուրջ աշխատանք՝ ուսումնասիրել Ղարաբաղի էթնիկ գործընթացները 18-րդ դարի վերջին 19-ի սկզբին: Շահ Աբասի արշավանքից հետո այս տարածքը դատարկվեց, ու այնտեղից մարդիկ արտագաղթեցին Լոռի, Նոյեմբերյան, Իջևան: Այսօր Ադրբեջանն ասում է, թե Ղարաբաղում հայեր չեն եղել, տարածքը մերն է եղել, և ռուսներն են մարդկանց այնտեղ բնակեցրել: Ցանկանում ենք հստակ ներկայացնել, թե որոնք են հայկական, որոնք` մուսուլմանական գյուղերը: Մեր ձեռքի տակ է նաև 1832-ի Ղարաբաղի պրովինցիայի փաստաթուղթը: Հենց ռուսներն են ասում, որ նրանք քոչվորներ են եղել, որովհետև Ղարաբաղը մշտական մուսուլման ժողովուրդ չի ունեցել: ՈՒզում ենք ուսումնասիրել այս գործընթացը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, Ռուսաստանից մեկը մեզ դիմել է այս հարցով: Արխիվի խնդիրն այն է, որ որոշակի ժամանակ հետո է փաստաթղթեր հավաքում: Մենք դեռ չունենք ղարաբաղյան պատերազմի շրջանի փաստաթղթերը, դրանք պահպանվում են ռազմական գերատեսչություններում ու պաշտպանության նախարարությունում: Արտաքին գործերի նախարարության փաստաթղթերն էլ դեռևս մեզ մոտ են միայն մինչև 1992-ը: Որոշակի ժամանակ, մոտ 10-15 տարի, փաստաթղթերը պահվում են գերատեսչություններում, հետո մեզ են հանձնվում:
-Ի՞նչ եք կարծում, տարիներ հետո այսօրվա քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքն ուսումնասիրողներին արխիվային նյութերը կբավարարե՞ն:
-Ցավով պիտի նշեմ, որ 15-20 տարի հետո ուսումնասիրողներին շատ դժվար կլինի ընկալել քաղաքական գործընթացները, որովհետև արխիվը հիմնականում ընդունում է պետական փաստաթղթեր, իսկ հասարակական-քաղաքական կազմակերպությունները փաստաթուղթ չեն ստեղծում: Որոշումներ ընդունելու, արձանագրությունների առնչությամբ ոչ մի փաստաթուղթ չկա, մնում է մամուլը, որը հաճախ շատ իրարամերժ տեղեկություններ է հաղորդում: Փորձում ենք այդ բացը լրացնել, փաստաթղթեր ենք հավաքում, բայց միշտ չէ, որ կարողանում ենք: Այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են ՀՅԴ-ն, կոմկուսը, իրենց պատմության փաստաթղթերը ստեղծում են, իսկ շատ քաղաքական ուժեր ոչ մի փաստաթուղթ չունեն: Հաճախ մեր աշխատողները դիմում են նրանց, բայց տեսնում են, որ ոչինչ չունեն: Համագումարներ են արել, բայց դրանց արձանագրությունները չկան, ելույթները սղագրված չեն: Այսինքն, այն, ինչ արտասանվում է, միայն մեկ անգամ հաղորդակցվելու համար է, չի արձանագրվում հետագա սերունդների համար: Մեզնից 15-20 տարի հետո ուսումնասիրողների համար դժվար կլինի, թեպետ մեզ համար էլ է դժվար 15-20 տարի առաջվա նյութերն ուսումնասիրելը, բայց այսօրվա համեմատ այն ժամանակ շատ էր «թուղթ» ստեղծվում: Այսօր տեխնիկայի զարգացումն էլ իր դերը խաղում է: Եթե այսօր ինձ հարցնեք՝ ո՞րն է Ձեր առաջնային խնդիրը, եթե 5-10 տարի առաջ կասեի՝ շենքի վիճակը, կադրերը, այսօր կասեմ՝ էլեկտրոնային փաստաթղթերի հավաքումը, պահպանումը: Փորձում ենք փաստաթղթերն այսօր երկու ձևով էլ պահպանել` և՛ էլեկտրոնային, և՛ թղթե տարբերակով: Գիտենք, որ թուղթը երեք հարյուր տարի պահպանվում է, բայց էլեկտրոնային փաստաթուղթը կրիչների վրա ինչքան է պահպանվում, հնարավոր չէ ասել, որովհետև հաճախ այդ կրիչները չեն էլ կարողանում ինֆորմացիան բացել: Ստիպված պետք է մի քանի ֆիրմայի տարբեր կրիչների վրա պահպանել: Մի նկատառում ևս. մի նախարարություն էլեկտրոնային ճանապարհով մեկ այլ նախարարության նամակ է ուղղել, որի վրա ո՛չ օրը կա, ո՛չ փաստաթղթի համարը։ Սա փաստաթուղթ չէ, եթե չունի համապատասխան տվյալներ: Կառավարությունն այս ծրագրով է աշխատում արդեն երկու տարի, բայց այս մասին չեն մտածել:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ