«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԱՌԱՆՑ ՊԱՏՇԱՃ ԿՐԹԱԿԱՆ ՑԵՆԶԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԹԵՐԻ ԿԼԻՆԵԻՆ»

«ԱՌԱՆՑ ՊԱՏՇԱՃ ԿՐԹԱԿԱՆ ՑԵՆԶԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԹԵՐԻ ԿԼԻՆԵԻՆ»
29.07.2011 | 00:00

Մեկուկես տարի առաջ ոստիկանությունում մեկնարկեց բարեփոխումների ծրագիրը։ Նկատենք, որ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը պարբերաբար լրագրողների հետ հանդիպումների ժամանակ հավաստիացնում է, որ շուտով ունենալու ենք նոր մտածողությամբ ոստիկաններ։ Սակայն պետք է ընդգծել, որ նոր մտածողության ձևավորման համար անհրաժեշտ է տեղերում մտածողության փոփոխություն։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ. հարցի շուրջ զրուցում ենք փոխոստիկանապետ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԻ հետ։
-Ընդհանուր առմամբ, բարեփոխումների ծրագրի շրջանակներում 200 միջոցառումներից 186-ի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, որից 127-ը հիմնականում իրականացվել է, իսկ մնացածն ընթացքի մեջ է,- ասում է պարոն Օսիկյանը։- Բարեփոխումների մեջ առաջին հերթին կարևորվում է կրթական ոլորտը, քանի որ ոստիկանությունում կատարվող բոլոր բարեփոխումներն առանց պատշաճ կրթական ցենզի թերի կլինեին։ Եթե խոսում ենք նոր ժողովրդավարական ոստիկանության համակարգի մասին, ապա անպատճառ շեշտը դրվում է արդիական գիտելիքներ ունեցող կադրերի վրա, որոնք ամբողջությամբ կիմանան իրենց լիազորությունների սահմանները, պարտավորություններն ու իրավունքները, միևնույն ժամանակ քաջածանոթ կլինեն քաղաքացիների իրավունքներին, պատշաճ և արհեստավարժ ձևով կիրականացնեն իրենց լիազորությունները։ Այս ամենը մեկտեղելու համար պետք է ներդրվեր նոր կրթական համակարգ, որը պարունակում է ոչ միայն կրթական նոր չափորոշիչներ, այլև դասավանդման նոր մեթոդաբանություն, ինչն Արևմտյան Եվրոպայի և, ընդհանրապես, ժամանակակից երկրներում լայնորեն կիրառվում է տարիներ ի վեր։ Վերջին երեք տարում առաջատար երկրների համապատասխան ուսումնական կենտրոններում իրականացրած մեր ուսումնասիրությունների, ԵԱՀԿ-ի հետ ակտիվ համագործակցության և մասնագետների ներգրավման արդյունքում ունեցանք հայեցակարգ, որի հիման վրա մշակվեցին մի շարք իրավական ակտեր, որոնք հիմք դարձան կրթական նոր գործընթացի համար։ Կարող եմ ասել, որ իրավական դաշտում այս ոլորտի աշխատանքների 90 տոկոսն իրականացվել է։ Այժմ նախապատրաստվում ենք ընդունելության քննություններին։
-Ի՞նչ տարբերություն հին և նոր կրթական համակարգերի միջև։
-Մինչ օրս կրթությունն իրականացվում էր ոստիկանության ակադեմիայի միջոցով, կամ պատրաստում էինք իրավագիտության մասնագիտությամբ կադրեր. ուսումնառության ժամկետը չորս տարի էր, ինչը համապատասխանում էր այլ բուհերի բակալավրիատի աստիճանին։ Կատարված փոփոխության արդյունքում ուսումնառության ժամկետը բակալավրիատի համար դարձավ երեք տարի։
-Դա փոքր ժամկետ չէ՞։
-Իհարկե, ժամկետը մեծ չէ, սակայն, քանի որ կան սրան նախորդող գործընթացներ, ապա միջազգային և Բոլոնիայի կրթական սկզբունքների տեսանկյունից այն ընդունելի համարվեց։ Կառավարության համապատասխան որոշումներով 2011-ի ապրիլին ստեղծվել է բարձրագույն, միջին մասնագիտական և նախնական կրթություն իրականացնող կրթահամալիր` նախկին ակադեմիայի փոխարեն։ Կրթական ծրագրերը համապատասխանաբար տարվելու են երեք աստիճանով` նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն։ Կրթահամալիրի ներսում ստեղծվեց ուսումնական կենտրոն, որը կիրականացնի նախնական կրթություն ոստիկանի մասնագիտության գծով։ Առաջին անգամ սահմանվեցին ոստիկանի և ոստիկանության սպայի մասնագիտությունները։ Այս տարվանից ընդունելություն կկազմակերպվի նշված երեք ուղղություններով։ Նախնական մասնագիտության գծով ընդունելությունն ուսումնական կենտրոնում է իրականացվում, ուսման տևողությունը վեց ամիս է, որից հետո կստանան ոստիկանի մասնագիտացում։ Այդ դիպլոմի հիման վրա ոստիկանության համակարգի կրտսեր խմբում կանցնեն ծառայության։ ՈՒսումնական կենտրոնում նախնական կրթությունն ավարտելուց, մեկ տարի աշխատելուց հետո անձը կարող է ուսումը շարունակել միջին մասնագիտական քոլեջում, որտեղ ուսման տևողությունը երկու տարի է։ Այն ավարտելով` անձը կստանա ոստիկանության սպայի մասնագիտություն, և որպես լեյտենանտ, աշխատանքի կանցնի համակարգում։ Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք-չորս տարի հետո համակարգը համալրված կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր կադրերով։
-Իսկ ովքե՞ր են լինելու դասավանդողները, որտեղի՞ց եք գտնելու այն մասնագետներին, ովքեր կկարողանան միջազգային չափորոշիչներով դասավանդել։
-Հարցը տեղին էր։ Մենք ունենք դասախոսական կազմ, որը վերապատրաստվել է նոր համակարգին համապատասխան։ Միաժամանակ, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի հետ ունենք պայմանավորվածություն, ըստ որի, փորձագետը դասընթացներ կկազմակերպի դասախոսների համար։ Ընթացքում կլինեն գործուղումներ միջազգային ճանաչում ունեցող ուսումնական հաստատություններ։ Այդ նպատակով արդեն իսկ դիմել ենք առաջարկով, որպեսզի ՀՀ-ի ոստիկանական կրթական համակարգն անդամակցի միջազգային համապատասխան համակարգերին։
-Քանի՞ տեղ է սահմանված կրթական համալիրում և, ի՞նչ եք կարծում, արդյոք տեղերը կհամալրվե՞ն, քանի որ այս տարի դպրոցները շրջանավարտներ չունեն։
-65 տեղ սահմանված է բարձրագույն ակադեմիայի, 60-ը` միջին մասնագիտական քոլեջի և 120-ը` ուսումնական կենտրոնի համար։ Կարծում եմ` դիմորդների մեծ խումբ չի լինի։ Հուսով ենք, որ տեղերը, բոլոր դեպքերում, կհամալրվեն։
-Եթե նոր մոտեցումներն ապահովելու են միջազգային կրթական պահանջները, ապա հնարավո՞ր է, որ Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի դիպլոմը ճանաչվի այլ երկրներում։
-Ցանկացած բուհի համար դա բարդ գործընթաց է։ Հուսով եմ, որ այն կարող է իրականություն դառնալ նաև ԿԳՆ լիազոր մարմնի միջոցով։ Սակայն կարծում եմ` դեռևս ժամանակ է անհրաժեշտ։ Մենք պետք է կարողանանք ապացուցել մեր համակարգի կրթական կարողությունը, ինչի երաշխիքը պետք է լինեն ոչ միայն դասավանդման որակը, այլև շրջանավարտների ստացած գիտելիքները և դրանք կյանքի կոչելու հաստատակամությունը։
-Քանի որ խոսեցինք կրթական բարեփոխումներից, կուզենայի հստակեցնել` այս տարվա կիսամյակային ծրագրերի արդյունքից գո՞հ եք։
-Ընդհանուր առմամբ, համակարգի բարեփոխումները մշտապես ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի ուշադրության կենտրոնում են։ Այս կիսամյակում լուրջ աշխատանքներ են իրականացվել բարեփոխումների ուղղությամբ։ Մասնավորապես, կկարևորեի ճանապարհային երթևեկության ծրագիրը, կենսաչափային տվյալներով անձնագրերի մրցույթի ամփոփումը (նոր անձնագրերը կտրամադրվեն 2012-ի առաջին եռամսյակում), ամբողջությամբ ավարտվեցին թրաֆիքինգի, թմրամիջոցների և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի օրենսդրության, համայնքային ոստիկանության մոդելի հայեցակարգի մշակումները և այլն։
-Նշված բարեփոխումների մի մասն արդեն կյանքի է կոչվել, արդյո՞ք դրանց դրական ազդեցությունը նկատելի է։
-Իհարկե, սակայն ոստիկանության ոլորտում որոշակի ժամանակ է պահանջվում փոփոխությունները գնահատելու համար։ Կարծում եմ, դրանք աստիճանաբար կնկատվեն։ Բայց և այնպես, որոշ ուղղություններով հասարակության համար բարեփոխումները նկատելի են։
-Ներկայացնելով խաչմերուկների տեսագրման ծրագիրը, Դուք նշեցիք, որ մրցույթում հաղթող է ճանաչվել շվեդական կազմակերպությունը, և, ըստ կարգի, խախտման դեպքում գանձված գումարների 70 տոկոսը համալրելու է կազմակերպության բյուջեն, 30 տոկոսը` ՀՀ-ի։ Այնուհետև, համասնությունը կփոխվի 50։50-ի։ Նշված կազմակերպությունը Հայաստանում աշխատելու է մինչև 2035 թիվը։ Արդյոք հնարավոր չէ՞ր, որ ներդրումն իրականացներ հայկական որևէ կազմակերպություն, և համամասնությունն ավելի շատ հօգուտ պետբյուջեի լիներ։
-Մրցույթը շահած «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությունը տեղական է, որը հանդես է գալիս կոնսորցիումով շվեդական կազմակերպության հետ։ Հարցը նախապես լայնորեն ուսումնասիրվել է։ Այնպես չէ, որ ներդրվող համակարգը շատ գրավիչ է և կարող է գերշահույթներ ապահովել։ Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ 25 տարվա ընթացքում ներդրված գումարների 100 տոկոսի վերադարձնելիությունը դժվար խնդիր կլինի։ Որ այս գործընթացը խիստ շահավետ չէ, կարելի է համոզվել նաև մրցույթին հայտ ներկայացրած կազմակերպությունների թվով. հետաքրքրությունը մեծ չի եղել։

Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ