«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԱՅՍ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱԶԳԻ ՄԻԱՅՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՆԱԼԻ ԴԱՌՆԱԼ` ԲԱՑԵԼՈՒ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»

«ԱՅՍ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱԶԳԻ ՄԻԱՅՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՆԱԼԻ ԴԱՌՆԱԼ` ԲԱՑԵԼՈՒ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»
22.03.2011 | 00:00

Ակադեմիկոս ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌԸ (1864-1934) եղել է ճանաչված արևելագետ, բյուզանդագետ, հայագետ: Իր գիտական գործունեությունը նա սկսել է իբրև հայ մատենագրության պատմաբան. ուսումնասիրել է Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը: Չկտրելով ընդհանուր արևելյան մատենագիտական միջավայրից` Մառը ընդգծել է հայ մատենագրության ազգային ուղղվածությունը և նրա ունեցած անգնահատելի դերը` օտար լեզուներից հայերեն թարգմանելու շնորհիվ պատմագիտական, փիլիսոփայական և բնագիտական աշխատությունները կորստից փրկելու գործում:
ՈՒսումնասիրելով և հետազոտելով հայոց պատմությունն ու մշակույթը, լեզուն ու գրականությունը` Մառը զմայլված էր հայոց հանճարի դրսևորումներով և ինքն էլ իր հերթին իր ծանրակշիռ աշխատություններով հիացրեց գիտական աշխարհը` հրամցնելով նրան հայ հանճարի ստեղծած ինքնատիպ մշակույթի անգնահատելի արժեքները: Այսօր Ն. Մառի հայագիտական ուսումնասիրությունները դասական արժեք ունեն, և առանց այդ աշխատությունների ուսումնասիրության թերի են համարվում գիտական նոր հետազոտությունները: Ն. Մառը մոտ 14 տարի պեղումներ է կատարել Անիում, և միջնադարյան հայ մշակույթի գագաթնակետ այս հրաշալի քաղաքը, թեկուզ և ավերված, Մառի պեղումների շնորհիվ վեր է հառնում իր ողջ շքեղությամբ ու հարստությամբ, իր ժամանակների համար ճարտարապետական և ճարտարագիտական աննախադեպ իմաստուն լուծումներով: Նիկողայոս Մառը թեև շոտլանդացի հոր և վրացուհի մոր զավակ էր, սակայն իր գիտական գործունեությամբ այնքան էր կապվել հայ ժողովրդի հետ, որ անգամ ժամանակակիցներից շատերը (և մեր օրերում էլ) վստահ են եղել, որ նա զտարյուն հայ է, այն էլ հայ` մեծատառով: Տվյալ դեպքում ազգությունը ոչ մի նշանակություն չունի: Նիկողայոս Մառը հայ ժողովրդի հոգեզավակն է:

-Որպես արևելագետ և հայագետ` բնութագրեք. ովքե՞ր են հայերը, պատմական ի՞նչ ուղի են անցել, և ո՞րն է նրանց ներդրումը համամարդկային մշակույթի գանձարանում:
-Ինձ` որպես գիտնականի, որն զբաղվել է զուտ գիտական հետազոտություններով, ոգեշնչում և առաջ է մղում մի թանկ զգացում, որը համակում է ինչպես ամեն մի հայի, այնպես էլ ինձ. դա սերն է հայոց լեզվի, հայ ժողովրդի հանդեպ. ծագումով ես հայ լինելու պատիվը չունեմ:
Հայաստանի մշակութային անցյալը, իմ համոզմամբ, չի կարելի և անգամ անթույլատրելի է ուսումնասիրել ոչ այլ կերպ, քան որպես համաշխարհային մշակութային հանրության էական և ստեղծագործական մաս:
Հայերը, գտնվելով համաշխարհային ազգամիջյան հարաբերությունների հանգուցակետում, առաջինն էին, որ դեռևս միջին դարերում հասկացան համաշխարհային խնդիրների նշանակությունը և գիտակցեցին, որ կա համաշխարհային պատմության գաղափար: Հաստատվելով եվրոպական հին ու նոր մշակութային և լուսավորչական կենտրոններում` հայերը չէին ծուլանում ու զլանում հիմնել սեփական մշակութային օջախներ նաև Առաջավոր Ասիայում` դրանով իսկ նպաստելով միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը և քաղաքակրթության տարածմանը այդ շրջաններում: Քաղաքակրթության օջախներ ստեղծելիս ակնհայտ է դառնում հայ ժողովրդի արարիչ ոգին, նրա նախաձեռնող և գործարար էությունը` ի նպաստ ազգերի մշակութային զարգացման:
Հայ ազգը, որին թեև աշխարհի հզորները զլանում են այս երկրագնդի վրա հատկացնել ինքնուրույն և խաղաղ ապրելու մի տեղ և անգամ զրկում են նրան ապրելու իրավունքից, նրանք` այդ ուժեղները, նույնիսկ չեն տեսնում հազարավոր հիասքանչ ճարտարապետական կոթողներով լեցուն հայերի բնիկ երկիրը, որտեղ հայերն ապրել են` կապված անքակտելի և անժխտելի կապերով քաղաքակիրթ մարդկության և առավելապես Եվրոպայի ժողովուրդների հետ: Նույն այդ հայ ժողովուրդը ոչ միայն ազնվացրել է նրանց, այլ նաև այդ բոլոր մշակույթների ծագման և զարգացման ուղիների ուսումնասիրման կարևոր մի օղակ է հանդիսանում:
Քաղաքական և տնտեսական ցնցումները երկրից երկիր են տանում և աշխարհով մեկ ցրում գեղարվեստական և գրական զարմանալի ընդունակություններով օժտված այս լուսավորիչ ժողովրդին, որն ամենուր իր հետ տանում է արվեստ, գեղարվեստական բարձր ճաշակ, գիտության և գիտելիքի լույսը և հեռավոր հյուսիս` խթանելով Լեհաստանում ոսկերչության ծաղկումը, և ծայր հարավ` հաղորդակից դարձնելով եթովպացիներին համաշխարհային գրական շարժումներին: Ապրելով օտարալեզու միջավայրում` հայերը տեղական լեզվով էին թարգմանում հայ գրականության լավագույն ստեղծագործությունները` հասու դարձնելով դրանք անգամ ամենաստորին խավերին:
Հայերեն այդ գրքերը, ըստ էության, առաջինն էին, որ նպաստում էին արաբախոս Միջագետքից մինչև Կովկասի փեշերին ծվարած ազգերի կրթված խավերի մերձեցմանը: Եվ ի պատասխան իրենց բռնադատող զավթիչների չդադարող բռնությունների և ճնշումների` հայերը, զարմանալիորեն, նրանց պատասխանում էին վեհաշուք և ազնվացնող ճարտարապետական կոթողներով, միջնադարյան հանճարեղ բանաստեղծների սիրո և տիեզերական կարոտի երգերով:
Հայերի` միջազգային արժեք ունեցող արարող դերը բնավ էլ չի նսեմանում այն բանից, որ բռնակալ ազգերը յուրացնում և սեփականացնում էին հայ ազգի հանճարի արգասիքը, դաժանությամբ և բռնություններով ստիպում էին նրան ծառայել իրենց պետության շահերին: Բավական է հիշել հիասքանչ և ծաղկուն Ջուղա քաղաքը, որի բնակիչները ոչ միայն փորձառու վաճառականներ էին, այլև գեղարվեստական նուրբ ճաշակով օժտված, արվեստի աստիճանի հասած արհեստավորներ: Շահ-Աբասը նպատակ ուներ ջուղայեցի վաճառականների շնորհիվ առևտրական հարաբերություններ ստեղծել Եվրոպայի հետ և, միևնույն ժամանակ, զարգացնել արհեստները Պարսկաստանում: Եվ դա նրան հաջողվեց: Բայց ի՞նչ գնով…
Հայկական ազդեցությունը զգալի է ոչ միայն Փոքր Ասիայի սելջուկյան արվեստի վրա, այլև, դրանից էլ առաջ, Բյուզանդիայի և Հնագույն Ռուսիայի ճարտարապետության վրա. այստեղ, համենայն դեպս, ակնհայտ են ընդհանրությունները հայկական գեղարվեստական ճաշակի հետ:
Հայ ժողովուրդը թալանվել, ճնշվել և ոտնահարվել է իրեն շրջապատող ազգերի անգետության որջում, և շահագործվել են թշնամիների կողմից հայ մարդու կենսատու ձեռքերը: Եվ այդուհանդերձ, հայերը եղել են և մնում են համամարդկային ողջ մշակութային ժառանգության սկզբնաղբյուրի հնագույն առաջնեկ-ժառանգորդը, այդ բոլոր ավանդույթների հավատարիմ պահապանը, շռայլ սերմնացանն ու համբերատար մշակողը և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում:
Սիրիացիները, չդիմանալով արևելյան թշնամիների ճնշումներին, իրենց մշակութային դերակատարության զոհը դարձան և անհետ կորան` դառնալով արաբ: Մինչդեռ հայերը, շարունակելով իրենց կրթական առաքելությունը, իրենց իսկ արյունով ազնվացրին իրենց ճնշողներին և հայի ստեղծարար ոգով բեղմնավորեցին նրանց հասարակական կյանքը:
Այդ ո՞ր հարևան և անգամ հեռավոր ժողովուրդները չեն օգտվել հայ ազգի մշակութային բարիքներից` ճարտարապետությունից, բանաստեղծական մտքից, երաժշտությունից, լեզվաբանական այն տաղանդից, որի շնորհիվ թարգմանչական արհեստը վերածվեց գիտության և արվեստի փայլուն համաձուլվածքի…
-Միջնադարյան հայ գրականությունը Ձեր հետազոտությունների առարկան է եղել երկար տարիներ: Արևելք-Արևմուտք մշակութային խաչմերուկում ապրող հայ ժողովրդի բանաստեղծական միտքը կարողացե՞լ է արդյոք պահպանել իր ազգային ինքնատիպությունը, թե՞ քաղաքական անկախության կորուստը հանգեցրել է մշակութային ստրկության և պարզունակ կրկնօրինակման. չէ որ ընդունված է մշակութաբանության մեջ ասել, թե պետականություն չունեցող ազգը չի կարող ստեղծել և զարգացնել արվեստի ազգային ոճ:
-Հայ բանաստեղծական խոսքը, երաժշտությանը համարժեք, դարձավ միջնադարյան ճգնաժամային դարաշրջանում ազգային բարձրարժեք մշակույթ: Ինչպիսի պարզություն և մաքրություն, նրբագույն զգացմունքների ինչպիսի հորդում` ներծծված դարավոր տառապանքներով ձեռք բերված խոր և դառը իմաստությամբ, ինչ հոգեզմայլ երաժշտականություն: Եվ ամենուրեք` երաժշտության կողքին ճարտարապետություն: Որտեղի՞ց է ծնունդ առնում այդ բանաստեղծական մտածողության ինքնատիպությունը, ասենք` Գրիգոր Նարեկացու արվեստի յուրահատկությունը. հաստատապես, ո՛չ բնավ հույներից, ո՛չ սիրիացիներից, ո՛չ արաբներից, ո՛չ էլ պարսիկներից… Նարեկացու բանաստեղծությունը, ինչպես նաև ամբողջ զուտ եկեղեցական երաժշտությունը և ճարտարապետությունը, առանձնանում են յուրահատուկ ինքնատիպությամբ: Այդպիսին է նաև Նարեկացու բանաստեղծական լեզուն: Գրական աննախադեպ ձեռքբերում է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, և ինչպիսի՜ թարգմանություն, և ի՜նչ հրաշալի լեզու. այն, իրավամբ, կոչվեց «թարգմանությունների թագուհի»: Եվ այստեղ նույնպես հայերը դրսևորում են ինքնուրույնություն. թարգմանելով` հայերը գիրքն օժտել են հայ ժողովրդի հեթանոսական շրջանի շքեղ բառ ու բանով` առակներով, առած-ասացվածքներով և ոգու ինքնատիպությամբ:
Անիի դարաշրջանը միայն հիասքանչ ճարտարապետությամբ չէ, որ աչքի է ընկել: Հայ գրողները առաջինն էին, որ համաշխարհային առևտրի և համամարդկային մշակույթի զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցած միջնադարյան այդ փայլուն քաղաքի` Անիի ոգու և ոճի հետ զարմանալիորեն ներդաշնակել էին և ճշգրիտ կերպով ըմբռնել ու կյանքի կոչել համաշխարհային պատմության գաղափարը: ՈՒզում եմ հիշել միջնադարի հանճարեղ բանաստեղծներից մեկին` Սայաթ-Նովային: Ի՜նչ ահավոր տառապանքներ է կրել նա` որպես բանաստեղծ, մտածող և երգիչ: Եվ ինչ հիասքանչ են նրա երգերը: Իսկ հայ բանաստեղծներից մեկը արդարացիորեն հիացած իր իսկ բանաստեղծական խոսքի ներդաշնակությամբ, ինքն իրեն համարում է երազանքների մեջ ընկղմված մի խենթ: Բայց մի՞թե բոլոր իմաստասերների ճակատագիրը դա չէ: Երբ Վալերի Բրյուսովը թարգմանեց միջնադարյան և ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունները, դրանով ոչ միայն օգնեց ռուս հասարակայնությանը ծանոթանալու հայ ժողովրդի բանաստեղծական մտքին և գեղարվեստական ճաշակին և գնահատելու այն, այլև հիմք դրեց մարդկության ստեղծագործական ամենաբարձր ոլորտների հետ հայ մշակույթի հոգեհարազատ լինելու գաղափարին։
-Դուք հրաշալի տիրապետում եք հայերենին` և՛ գրաբարին, և՛ ժամանակակից լեզվին: Դուք տիրապետում եք նաև հնդեվրոպական և կովկասյան այլ լեզուների: Լեզուն, իհարկե, միայն հաղորդակցության միջոց չէ, այն նաև մտածողություն է, մշակույթ է... Դուք համառոտ նկարագրեցիք` ով է հայը: Իսկ ինչպիսի՞ն է այդ հայի լեզուն` հայերենը…
-Լեզուն մարդու ներաշխարհի, ներքին կյանքի ճշմարտության բացահայտումն է. այն ոչ միայն նյութական դրսևորում է, այլ նաև մարդկության հոգևոր և մտավոր կյանքի փառահեղ մի հուշարձան է: Ինչ վերաբերում է հայոց լեզվին, այն իր զարգացման փուլերով ապացուցել է վերն ասված միտքը. հայկական մշակութաստեղծման ողջ պատմությունը և ինքը` մշակույթը, դարձան հայոց լեզվի շինարարները, և ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ ոչ միայն հայոց լեզվի, այլև բոլոր այն լեզուների, որոնք նրա հետ ստեղծագործական սերտ կապեր են ունեցել: Հայոց լեզուն, պահպանելով իր մեջ նախնադարյան մարդկության լեզվի առանձնահատկությունները, ապացուցում է, որ լեզուն միայն բառերի գումար չէ, այն նաև գործերի, աշխատանքի դրսևորման միջոց է: Հայոց լեզուն, լինելով հնագույն լեզվական շերտերի պահապանը, դարերով և հազարամյակներով սնվել է մի կողմից` գրականությունից, մյուս կողմից` կենդանի բարբառներից և անգամ այլ լեզուներից` դրանով իսկ դառնալով ստեղծագործական հնարավորությունների անսպառ գանձարան և շտեմարան: Հայոց լեզուն, անառարկելիորեն, ունի չափազանց հարուստ բառապաշար և գաղափարներ արտահայտելու հնարավորություններ: Եվ վերջապես, Աղթամարի ճարտարապետական և քանդակագործական հրաշքը, Անիի, Դվինի և Շահապիվանի տաճարները, Վարդանանց հերոսական սխրանքները և դժնդակ մահը, Ախուրյան գետի վրա կառուցված ինը հրաշալի կամուրջները, որոնք սպասարկում էին համաշխարհային առևտրին, և հազարավոր այլ հրաշալի կոթողներ բուն Հայաստանում և Հայաստանից դուրս, մի՞թե հայոց լեզուն չեն, հայերի լեզուն չեն: Եվ հայոց լեզու հասկացությունը, բառիս բուն իմաստով, հենց այդ է վկայում:
-Դուք մասնագիտությամբ ճարտարապետ չեք, բայց հնագիտական պեղումները, որ կատարել եք Հայաստանի տարբեր շրջաններում և հատկապես Անիում, Ձեր հնագիտական հետազոտությունները և ճարտարապետական չափագրումները ի՞նչ բացահայտեցին անձամբ Ձեզ և գիտության համար:
-Հայկական մշակույթը համապարփակ է` մեկը մյուսով պայմանավորված, մեկը մյուսին լրացնող. բանաստեղծության կողքին ճարտարապետությունը, ճարտարապետության կողքին` երաժշտությունը, երաժշտության կողքին` հավատը, եկեղեցին, և ամենուրեք ձգտումը դեպի անսահմանն ու անընդգրկելին, և մանավանդ դա առանձնահատուկ կերպով է դրսևորվում ճարտարապետության մեջ, իսկ ճարտարապետությունը միշտ էլ Հայաստանում յուրատեսակ սիրո ու գուրգուրանքի է արժանացել: Հայկական ճարտարապետական միտքը միջնադարյան Անիում, մանավանդ եկեղեցական շինարարության մեջ, հասավ գեղարվեստական ճարտարապետական բարձր մակարդակի: Մի քանի ոճեր և հոսանքներ էին առկա միայն եկեղեցական ճարտարապետության մեջ` ավանդական, ժամանակակից շնչով տոգորված, ճոխ-քաղկեդոնյան (ուղղափառ) և միտումնավոր զուսպ և անշուք` քարե խստաճաշակ քանդակներով: Անիում ոչ միայն զուտ քրիստոնեական եկեղեցիներն էին կրում հայկական ազգային ինքնատիպության, հատկապես հայկական և տեղի` Շիրակի շրջանին բնորոշ ոճական դրոշմը, այլև մուսուլմանական աղոթատներն էին կրում հայկական ազգային ճարտարապետության դրոշմը:
Զարմանք ու հիացմունք է առաջացնում եկեղեցիների բազմությունը, և առավել ևս զարմանալի է, որ դրանցից ոչ մեկը նման չէ մյուսին. ամեն մեկն ունի իր յուրահատուկ դիմագիծը, ամենուրեք զարմանահրաշ ինքնատիպությունն է իշխում. անգամ նախագծման իմաստավորման մեջ: Եվ ի՞նչ կարելի է ասել պերճաշուք կամ միտումնավոր զուսպ ու խստաուժ եկեղեցիների մասին. ստեղծագործական ինչպիսի երևակայություն: Գուցե որոշ մարդիկ կհարցնեն` որտեղի՞ց է այն սերում։ Ես կպատասխանեմ. այս բոլորը զուտ հայկական են, անգամ պայտանման կամարը, որը սխալմամբ արաբական են համարում: Երբեք, այդ կամարները Հայաստանում տարածված էին արաբների նվաճումներից դեռ շատ առաջ:
Խոսելով 6-8-րդ դարերի նյութական և հոգևոր-բանաստեղծական մշակույթի մասին` չպետք է մոռանանք հայ ժողովրդի ամենավեհ և ամենավերացարկված ստեղծագործության` հայոց կրոնի մասին, որը, իրավամբ, համարվում է հայ ժողովրդի սեփական, անձնական արարման արդյունք. սա մի գիտություն է` մշակված ամենանուրբ եղանակներով, որ հույժ անհրաժեշտ էր ինչպես այդ վեհաշուք հոգևոր շինության կառուցման, այնպես էլ հազարավոր հնարավոր արտաքին և ներքին ոտնձգություններից պաշտպանվելու համար: Փիլիսոփայական ինչպիսի խորություն` Աստծո բարեգթությանն արժանանալու համար, ինչպիսի ցնցող սխրանք։ Ես ափսոսում եմ, որ հայ ժողովրդի լեզուն, մշակույթը, պատմությունը դեռ բավականաչափ չեն ուսումնասիրվել, և չեն հասկացվել նրա` ակնհայտ քաղաքակրթություն ստեղծողի նկրտումները:
Եվ այնուամենայնիվ, այս զարմանալի ազգի միայն լեզվական գանձերը կարող են բանալի դառնալ` բացելու մարդկության մշակույթի և քաղաքակրթական գաղտնիքները:
Իրավամբ, առատ է հունձքը, բայց հնձվոր չկա:
«Զրուցեց» Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆԸ
Հ. Գ. -Վիրտուալ զրույցի ընթացքում օգտագործվել է Նիկողայոս Մառի «Հայկական մշակույթը» դասախոսությունը, որը նա կարդացել է 1912 թ. Փարիզում:

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ