«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԳԱՎԱԹԱԿԻՐԸ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է

ԳԱՎԱԹԱԿԻՐԸ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է
12.07.2011 | 00:00

Օլիմպիական հերթափոխի Երևանի պետական քոլեջում ավարտվեց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Ինչպես հայտնի է, այստեղ հաղթողը որոշվում է Սինգլերի աղյուսակով կատարվող հաշվարկով, որի հիմքում ընկած է մարզիկի անձնական քաշի ու բարձրացրած կիլոգրամների միջև եղած հարաբերակցությունը, դրա դիմաց ստացած միավորները: Գավաթի խաղարկության, ինչպես նաև առաջիկայում սպասվելիք կարևորագույն մրցաշարերին մասնակցության շուրջ է մեր զրույցը ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ՓԱՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:
-Խաղարկությունն ամենամյա է,- ասաց պարոն Ալավերդյանը,- նպատակը` ծանրորդների պատրաստվածության մակարդակի վերհանումն առաջիկայում սպասվելիք պատասխանատու մրցաշարերից առաջ, իսկ որպես այդպիսիք թե՛ պատանիների (օգոստոս` Լեհաստան), թե՛ մինչև 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններն են (սեպտեմբեր` Ռումինիա), թե՛ օգոստոսի 12-ից Չինաստանում մեկնարկող ուսանողական համաշխարհային խաղերը:
-Դառնանք գավաթին:
-Հաղթողն այստեղ Քասախի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանն էր, ում մենք հավաքականում տեսնում ենք 69 կիլոգրամ քաշային կարգում: Գերազանց արդյունք ցույց տվեց Սամվելը, մեզ համար ինչ-որ տեղ անգամ անսպասելի, թեպետ նրանից ակնկալում էինք լավ արդյունքներ: Այսօրվա վիճակով երկամարտի նրա 322 կիլոգրամը (145+177) տրամադրություն բարձրացնող է, դեռ մի բան էլ ավելի: Երկրորդը ոչ այնքան անհայտ Վանիկ Ավետիսյանն էր` նույնպես 69 կգ քաշային մարզիկ: Նա ցույց տվեց 309 (137+172) կգ արդյունք, չէի ասի` թույլ, բայց բավականին համեստ արդյունք է, իսկ երրորդը Աղասի Աղասյանն էր: Պոկումում նրա սանձահարած 157 և հրումում բարձրացրած 195 կիլոգրամը հուսադրող է:
-Եղա՞ն մարզիկներ, ովքեր աչքի տակ չէին, սակայն հաճելիորեն զարմացրին:
-Սկզբունքորեն չէին էլ կարող լինել նման մարզիկներ, որովհետև գավաթի խաղարկությանը հրավիրում ենք մեր աչքի տակ եղածներին, ինչ-որ տեղ էլ նրանց, որոնց պատրաստվածության վերաբերյալ ճշգրտելու հարցեր ունենք:
-Ասացիք, որ խաղարկությունը նաև հավաքականների կազմը ճշգրտելու խնդիր է հետապնդում:
-Տարբեր առաջնություններ տարբեր ժամկետներում են անցկացվում, ուստի առավել ռեալն առաջիկա ուսանողական համաշխարհային խաղերի մասին խոսելն է: Չինաստանում մենք կունենանք հինգ պատվիրակ` Աղասի Աղասյան (77 կգ), Արամ Անդրիկյան (85 կգ), Վարդան Դավթյան ու Նորայր Վարդանյան (94 կգ), գերծանրքաշային Հայկ Հակոբյան: Ասեմ, որ և՛ Վարդան Դավթյանը, և՛ Հայկ Հակոբյանը գոհացուցիչ արդյունքներ են ցույց տվել, և խաղարկության ժամանակ մենք նրանց որոշեցինք առանձնակի չծանրաբեռնել:
-Ազգային հավաքականի մեր անվանիներից կայի՞ն մարզիկներ, որոնց հրավիրել էիք խաղարկությանը:
-Պարզապես դրա իմաստը չկար: Անվանիներից մասնակցության ցանկություն էր հայտնել Արա Խաչատրյանը: Ընդառաջեցինք, որովհետև անցած տարվա ծանր վնասվածքից հետո մեծ մրցահարթակ չէր ելել ու այն զգալու անհրաժեշտություն ուներ: Արան իր համար բավականին համեստ քաշ ցույց տվեց պոկում վարժությունում` 150 կգ, ավելիին էլ մենք հնարավորություն չտվեցինք: Ամենակարևորը` գավաթի խաղարկությունը ցույց տվեց, որ իրողությունները զարգանում են մեր սպասածի շրջանակներում: Ո՛չ առանձնապես շտապելու բան ունենք, ո՛չ էլ անհարկի դանդաղելու առիթ: Մի խոսքով, նորմալ է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ