ԱԺ նախկին պատգամավոր ԷՄՄԱ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆՆ այսօր ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում չկա, սակայն մեզ հետ զրույցում փաստեց, որ քաղաքականությունից չի հեռացել:
-Ձեզ առաջարկվե՞լ է ընդգրկվել որևէ կուսակցության ցուցակում, տիկին Խուդաբաշյան:
-Չի առաջարկվել, ու եթե լիներ էլ, ես չէի գնա: Եթե որևէ կուսակցության ցուցակում լինես, պիտի այդ քաղաքական ուժում ավանդ, լումա, ամագ ունենաս: Ավելին, պիտի դրա ակունքներում կանգնած լինես, կուսակցական աշխատանքներին մասնակցես: Եթե այդպես չէ, ու հայտնվում ես ցուցակում, ընդամենը կկվի կարգավիճակում կլինես, քեզ լիարժեք չես զգա:
-Փաստորեն, նրանք, ովքեր տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում ու հայտնվել են, ասենք, ՀՀԿ-ի ցուցակում, «կկվի կարգավիճակո՞ւմ» են:
-Ես չեմ ցանկանում որևէ մեկի որոշումը մեկնաբանել կամ ճիշտ ու սխալ համարել:
-Կարելի՞ է ասել, որ այսօր լրիվ հեռացել եք ակտիվ քաղաքականությունից:
-Ոչ, ոչ, ես քաղաքականությունից դուրս չեմ եկել, ակտիվ եմ ու մասնակցում եմ ընտրական գործընթացներին, հանդիպում եմ մարդկանց հետ, բարեխոսում, համոզում:
-Հօգուտ ո՞ր քաղաքական ուժի եք բարեխոսում:
-Ես նախագահ Սերժ Սարգսյանի համակիրն եմ ու հավատում եմ նրան որպես ՀՀԿ-ի ծանր հրետանի, հիմնական շարժիչ ուժ:
-Սակայն ժամանակին ընդդիմադիր կեցվածք ունեիք:
-Իհարկե, եղել եմ ընդդիմադիր, բայց դա չի նշանակում, որ իմ ճակատին գրված է՝ հավերժ ընդդիմադիր:
- Ո՞ր ուժի քարոզարշավն եք դրական գնահատում:
-Հավանում եմ ՀՀԿ-ի քարոզչությունը, նաև` «Ժառանգության»: Նրանք դասական ոճի քարոզչություն են տանում: Ինչ վերաբերում է խոստումներին, ուզում եմ հարց տալ այն կուսակցություններին, որոնք հինգ տարի խորհրդարանում նստած էին` ինչո՞ւ այդ ընթացքում չէիք բարձրաձայնում, որ ժողովրդի թոշակը ցածր է, որ... որ... որ...
-Հաշվի առնելով այսօրվա սոցհարցումները, կարծում եք, որ ապագա խորհրդարանը նույն պատկե՞րը կունենա:
-Հասարակությունը 1999-ին է իր հայացքը հառել դեպի խորհրդարան, դրանից հետո ժողովուրդը նայում է միայն նախագահին, թե նա ինչ է ասելու:
-Փաստորեն, խորհրդարանական ընտրությունները ժողովրդի համար այնքա՞ն էլ կարևորված չեն:
-Այո: Մարդիկ ընտրությունների են գնում ի միջի այլոց, ոմանք` աշխատանքը չկորցնելու, բարեկամ-ծանոթի համար: Այսօր ընտրություններին ինքնաբուխ մասնակցություն չկա:
-Արդար ընտրությունների անցկացումն ամենաշատ չարչրկվող հարցն է այսօր: Հավատո՞ւմ եք արդար ընտրությունների մասին հավաստիացումներին:
-Տեսեք, թե ովքեր են արդարություն պահանջողները: Կա՞ն արդյոք այնպիսի մարդիկ, որոնց ձեռքերը մաքուր են ու մեղքի զգացում չունեն:
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ