«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՍՈՒՏԸ ԱՐՄԱՏԻՑ ՊԵՏՔ Է ՀԱՏԵԼ»

«ՍՈՒՏԸ ԱՐՄԱՏԻՑ ՊԵՏՔ Է ՀԱՏԵԼ»
12.07.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմագիտության թեկնածու ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԸ
-Պարոն Սիմոնյան, Ձեր` «Հայաստանը ձիաբուծության կենտրոններից մեկն է աշխարհում» գիտական բացահայտումը լայնորեն լուսաբանվեց ադրբեջանական լրատվամիջոցներում: «Day.az»-ի «հայագետ» մեկնաբան Համիդ Համիդովը, չժխտելով փաստը, որ հազարամյակների հնությամբ ձիու մնացորդներ եք հայտնաբերել, եզրահանգում է, որ ներկայիս Հայաստանի տարածքում այդ ժամանակներում ապրել են ուրիշ բնիկներ: Ովքե՞ր էին դրանք:
-Ըստ համիդովների ու ադրբեջանցի «գիտնականների»` այդ բնիկները ադրբեջանցիներն էին: Իսկ ավելի լուրջ` հենց ադրբեջանցիներն են արձագանքում մեր ասածներին, ուրեմն ասվածը, իրոք, լուրջ հիմքեր ունի և գիտական ներուժ: Քանի որ հնագիտությունը ճշգրիտ գիտություն է, չեն կարող ասել, թե սուտ է, այդպիսի գտածոներ չկան, մնում է, ինչպես միշտ, սեփականել դրանք: Հենց Ձեր հիշատակած արձագանքում նույն Համիդովը, իրենց տեսակին հատուկ լկտիությամբ, գրում է. «Վստահ եմ, շուտով հայտնի կդառնա, որ ղարաբաղյան նշանավոր նժույգները ոչ այլ ինչ են, եթե ոչ հին հայկական պարզապես ինչ-որ ժամանակ ուժով բերված Հին Հայաստանից ու բուծված Ղարաբաղում»: Հասկացաք, չէ՞: Նպատակը պարզից էլ պարզ է: Այն, որ Արցախ-Ղարաբաղն իրենցն է, անվիճելի է, իսկ եթե այնտեղ ձիու մնացորդներ գտնենք, ուրեմն, Ադրբեջանն է ձիաբուծության հնագույն հայրենիքը... Մնացած արձագանքներն էլ հենց այս բնույթի են և գիտության, էլ չեմ ասում առողջ տրամաբանության հետ որևէ աղերս չունեն, չարժե անգամ դրանց անդրադառնալ...
-Տեսեք, մենք հիմնականում անտեսում ենք նրանց ցնդաբանությունները, ժպիտով ընդունում, իսկ, ի տարբերություն մեզ, ադրբեջանցիները միլիոնավոր օրինակներով ու աշխարհի գրեթե բոլոր լեզուներով տպագրում և անվճար տարածում են իրենց շինծու, մտացածին «հայտնագործումները», փորձելով թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը: Նրանց վեբկայքերը ևս հակահայկական, պատմությունը կեղծելու լրատվությամբ են հեղեղված: Ինչո՞ւ ենք լռում:
-Ինչպես բանաստեղծն է ասում «Ձեզ տանջող ցավը ինձ էլ է պատել»: Դեռևս խորհրդային տարիներին, հատկապես Ալիևի իշխանության ժամանակներում, «եղբայրական» Ադրբեջանի գիտական շրջանակները ակտիվորեն շրջանառության մեջ էին դնում ազերիների` քրիստոնյա աղվանների հետնորդները լինելու մտացածին տեսությունը: Հեռուն գնացող այդ ձեռնարկը հետապնդում էր մի նպատակ. պատմությունը կեղծելով յուրացնել ճակատագրի բերումով իրենց ենթակայության տակ գտնվող ուրիշ ժողովուրդների, հատկապես հայերի, մշակութային հուշարձանները: Տխրահռչակ Զիա Բունիաթովն ու մյուսները, ի կատար ածելով իրենց իշխանությունների հրահանգները, «գիտականորեն» ապացուցում էին իրենց տեղաբնիկ լինելը:
Այսօր արդեն ադրբեջանցիները, հղում անելով բունիաթովներին, «ապացուցում են», որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջանն է, հայկական տեղանունները քարտեզներում բերվում են միայն ադրբեջաներեն, հնարվում են վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` Հայաստանում բոլոր ժամանակներում ադրբեջանցիները գերակշիռ մեծամասնություն են եղել և այլն, և այլն: ՈՒ այդ կեղծիքները տասնյակ լեզուներով, ամենատարբեր լրատվամիջոցներով, շքեղ ձևավորված ալբոմներով ու բուկլետներով անվճար առաքում են աշխարհով մեկ, տարբեր երկրների գրադարաններին ու գիտական հաստատություններին: Հասկանալի է` հավատացողներ կգտնվեն, մանավանդ երիտասարդ, բանից անտեղյակ սերունդը կհավատա և մեզ զավթիչ ու ծայրահեղական կանվանի, ասել է թե` մշակութային թալանից ադրբեջանցիները քայլ են անում տարածքային թալանի` փորձելով յուրացնել նաև մեր տարածքները, լուծել քաղաքական հեռագնա խնդիրներ:
-Այն տարիներին մեր լռությունը պատճառ ուներ. «եղբայրական» հանրապետություններ էինք: Այժմ հո անկախ ենք, այդ երկրի հետ էլ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ, ի՞նչն է լռության պատճառը:
-Դժվար է համաձայնել Ձեր ասածին, քանզի ես և մեր մի շարք գործիչներ, խորապես ըմբռնելով հուշարձանների դերը հողի իրական տիրոջը բացահայտելու խնդրում, սկսած 1990 թվականից, կազմակերպեցինք արշավախմբեր և պատերազմի դժվարին տարիներին ուսումնասիրեցինք թեժ գծի բոլոր տարածքները, որտեղ վխտում էին թշնամու ահաբեկչական խմբեր։ Ականապատված էին տարածքները: Նրանք, ցավոք, շատ ավելի լավ էին ըմբռնում մեր կատարած գործի կարևորությունը, քան մեր իշխանությունները: 1990-ի մարտից սկսած, ընդամենը երկու տարում մեզ հաջողվեց հայտնաբերել, ուսումնասիրել և վավերագրել ավելի քան 1500 հայկական հուշարձան: Հերթը իշխանություններինն էր, սակայն այդպես էլ հավաքված արժեքավոր նյութերը հրատարակելու և միջազգային հանրությանը ներկայացնելու համար միջոցներ չգտնվեցին:
-Պարոն Սիմոնյան, վերջերս էլ, երբ, ըստ ադրբեջանցիների, իբր իրատեսական է ազատագրված շրջանները հետ վերադարձնելու ծրագիրը, այդ երկրի լրատվամիջոցներն իրար հետևից հրապարակում են «բացահայտումներ» այն մասին, որ ազատագրված (իրենց կարծիքով` բռնազավթված) տարածքներում հայերն իրագործում են ոչ միայն մուսուլմանական, այլև իբր ադրբեջանցիների նախնիների` աղվանների քրիստոնեական հուշարձանների ոչնչացում: Դուք այդ վայրերն ազատագրումից հետո այցելած առաջին հնագետ-գիտնականն եք: Որքա՞ն են ճշմարիտ այդ «հայտնագործումները»:
-Գիտե՞ք, նույնիսկ սուտը պիտի խելքով, տրամաբանված ասվի: Մեր հարևանների տխրահռչակ այդ «գիտնականները», որ ավելի շատ քաղաքականությանն ու իրենց գրպանին են ծառայում, քան գիտությանը, նույնիսկ սուտն են կեղծիքով ասում: Այլապես ինչպե՞ս բնութագրել այն զավեշտը, որ տարիներ շարունակ նրանք մեծ ոգևորությամբ ոչնչացնում էին «իրենց» հուշարձանները: Պատմագիտության հետ դույզն-ինչ առնչվող յուրաքանչյուր դպրոցական գիտի, որ աղվանները պատմության թատերաբեմից դուրս են մղվել դեռևս 7-րդ դարում, իսկ, այսպես կոչված, ադրբեջանցիների նախնիներն այստեղ առաջին անգամ հիշատակվում են միայն 11-րդ դարից սկսած: Բացի այդ, խորհրդային կարգերի օրոք Բաքվում հրատարակված Ղարաբաղի և նրա շրջակա տարածքների ադրբեջանական քարտեզներում ընդամենը մի քանի եկեղեցի է նշված: Մի՞թե իրենց մշակութային հուշարձաններն իրենք չգիտեին կամ չէին ցանկանում ներկայացնել:
ՈՒրիշների մշակութային արժեքները սեփականացնելը նորություն չէ ինչպես թուրքերի, այնպես էլ նրանց ազգակից ադրբեջանցիների համար: Անշուշտ, խոսքը միայն հնագիտական հուշարձաններին չի վերաբերում: Բացեք ադրբեջանական գրականության պատմության ցանկացած դասագիրք և, որպես ադրբեջանական գրականության դասականներ, կգտնեք պարսիկների ու տաջիկների, հույների ու հայերի, թուրքմենների ու կիրգիզների, լեզգիների ու թաթերի, այլ ժողովուրդների ներկայացուցիչների: Նույնը` երաժշտության, նկարչության, ճարտարապետության բնագավառներում: Այդպես է: Բոլոր քոչվոր ժողովուրդները, հաստատվելով այս կամ այն տարածքում, իրենց գոյատևման, տարածքները յուրացնելու կարևորագույն նախապայմանն են համարում տվյալ բնիկ ժողովրդի մշակութային արժեքներն ու գրական հուշարձանները «սեփականացնելը»: Գիտնական լինել պետք չէ հասկանալու համար, թե ովքեր են կառուցել Դադիվանքն ու Ծիծեռնավանքը, Ամարասն ու Ղազանչեցոց եկեղեցին, Ղարաբաղում ու ազատագրված տարածքներում գտնվող մյուս պատմաճարտարապետական հուշարձանները: Խնդիրը պարզից էլ պարզ է. պատմական հուշարձաններն են այն կարևորագույն, մնայուն վկայությունները, թե ում են պատկանել այս կամ այն տարածքները: Աքսիոմատիկ ճշմարտություն է` իսլամը, որպես դավանանք, ձևավորվել է 7-րդ դարում, հո չէի՞ն կարող 5-րդ դարում կառուցված եկեղեցիները մզկիթ դարձնել ու «սեփականաշնորհել»: Ստիպված մեջտեղ են բերում աղվանական առասպելը, այն, որ Աղվանքը ներկայիս ադրբեջանցիների նախահայրենիքն է, ուրեմն նրանց ստեղծած հուշարձաններն էլ իրենցն են: Եզրակացությունը, ըստ ադրբեջանցիների, պարզ է. ազատագրված բոլոր տարածքները, Արցախն էլ հետը, հնուց անտի ադրբեջանական են…
-Իսկ ինչպե՞ս են վարվում այդ հուշարձանների վրա սփռված հայերեն արձանագրությունների հետ:
-Իրենց տեսակին ու մտադրություններին հատուկ ձեռագրով ոչնչացնում են, ջնջում, թաղում հողի տակ, դնում նոր կառուցվող շենքերի պատերի մեջ: Քարվաճառի Ճրագ և Ծար գյուղերի ադրբեջանական դպրոցների պատերը հեռվից հուշում էին, որ կառուցվել են հայկական կոթողների բեկոտված քարերով: Տարիների ընթացքում պատերի սվաղը թափվել էր` մերկացնելով այդ դպրոցների պատերի քարերը` խաչքարերը, տապանաքարերն ու եկեղեցիների սրբատաշ որմնաքարերը: Ծարին մերձակա Սուրբ Աստվածածին հռչակավոր վանքը, որի մասին հիացմունքով է խոսում միջնադարի նշանավոր գիտնական Գրիգոր Մագիստրոսը, պայթեցվել էր: Բարեբախտաբար, շատ հայկական հուշարձաններ էլ չեն հասցրել քանդել: Այդպիսի «բացթողումներ» կամ էլ «թերացումներ», հօգուտ մեր մշակույթի, բավականաչափ շատ էին:
-Այստեղ երևի իրենց դերն են խաղացել հանձնարարություն կատարողների անփութությունն ու ալարկոտությունը:
-Նաև` սնահավատությունը: Դավանափոխ եղած, իրենց քուրդ համարող բնակիչներից շատերը հոգու խորքում իրենց մեղավոր էին համարում: Այսպես, նոր ազատագրված Ծար գյուղի տներից մեկի խորքում, ներքնակների տակ հայտնաբերեցինք խաչքար: Անկասկած, այս մարդիկ գաղտնի շարունակում էին պաշտել խաչը… Եվ, բացի այդ, այնքան մեծաքանակ էին հայկական հուշարձանները, որ ֆիզիկապես հնարավոր չէր ամեն ինչ ոչնչացնել: Մի բացառիկ դեպք. Քարվաճառից որպես վառելափայտ Երևան բերված ծառի բնի մեջ ամփոփված էր խաչքարի բեկոր: Կարծես բնությունն ինքն էր փորձում պահպանել հողի իրական տիրոջ արարած արժեքները...
Ցավոք, վիթխարի է նաև ոչնչացված հայկական պատմամշակութային արժեքների քանակը: Այսպես, Աղդամի շրջանում պատմական Տիգրանակերտ քաղաքի տարածքն ամբողջովին մելիորացրել էին, դարձրել արոտավայր, եղծել ողջ քրիստոնեական աշխարհի համար բացառիկ արժեք ունեցող Վանքասարի ժայռափոր քրիստոնեական համալիրի պատկերներն ու գրությունները։ Բոլոր քանդված և եղծված հուշարձանների միայն թվարկումը հաստափոր հատորներ կկազմեր: Ինչպե՞ս բնորոշես Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերի ոչնչացումը պետականորեն, ծրագրավորված կերպով` այս գազանաբարո գործընթացում ներգրավելով զինվորական ստորաբաժանումներ ու ռազմական տեխնիկա...
-Ոչի՞նչ, որ հիմա մեր անունից իրենք են բարձրաձայնում իբր ավերած ադրբեջանական հուշարձանների մասին:
-Այո, անամոթությունը պատել է նույնիսկ հարևան երկրի մեջլիսի պատգամավորներին: Հենց վերջերս, երբ «Day.az»-ը գրեց, թե հայերն Աղդամի շրջանում ադրբեջանական գերեզմաններ են ոչնչացնում, ընթերցողին ներկայացնելով միանգամայն նորմալ պահպանված գերեզմանատան նկարներ, Միլլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան հարցի շուրջ այսպես արտահայտվեց. «Միայն մշակութային զարգացման ծայրահեղ ցածր մակարդակի վրա գտնվող պետությունն է իրեն թույլ տալիս նման գարշելի, անմարդկային ձևով ապացուցել իր հարևան պետության գրավված հողերի հանդեպ ունեցած տարածքային պահանջների հիմնավորումը»:
Այս խոսքերին հակադարձելը դժվար է: Փաշաևան շատ ճիշտ է արտահայտվել: Մեզ մնում է հիշեցնել, թե ինչպես ադրբեջանցիները փոշիացրին Նախիջևանի ավելի քան 300 վանքերը, եկեղեցիներն ու մատուռները, խաչքարերն ու մյուս քրիստոնեական հուշարձանները: Այսօր դրանց հետքերն անգամ չկան: Նախահարձակ լինելով, ադրբեջանցիները փորձում են կոծկել իրենց արածը: Ինչ վերաբերում է Աղդամի գերեզմանատանը, անգամ ադրբեջանական կայքում տեղ գտած նկարներից էլ երևում է, որ գերեզմանաքարերը տեղում են և միանգամայն անվնաս: Ինչն էլ վնասվել է, վնասվել է իրենց սանձազերծած պատերազմի հետևանքով: Չմոռանանք, որ Աղդամը պատերազմական գործողությունների թատերաբեմ էր: «Day.az»-ը նաև գրում է, որ գերեզմանատունը 200 տարվա պատմություն ունի, սակայն այն, ըստ ադրբեջանական աղբյուրների, իրականում խորհրդային շրջանում է հիմնադրվել:
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ազատագրումից անմիջապես հետո դիմեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ահազանգելով, թե իբր հայերը ոչնչացնում են քաղաքի ադրբեջանական հուշարձանները: Նման դեպքերում ասում են` բռնեցեք գողին: ՀՀ կառավարության հանձնարարությամբ մասնագետների մեր խումբը եղավ տեղում և, ինչպես սպասվում էր, ականատես եղավ հակառակ պատկերի: Եթե ադրբեջանական որոշ հուշարձաններ ինչ-ինչ չափով տուժել էին պատերազմական գործողությունների հետևանքով, ապա հայկական հուշարձանները, խաչքարերը, գերեզմանատները վայրենի ձևով պայթեցվել կամ բուլդոզերներով հողին էին հավասարեցվել, ավերվել ինքնաձիգների ու գնդացիրների դիմահար կրակոցներով: Քաղաքի զարդը համարվող Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու ամրությունը խախտելու համար հանել էին հարավային սյուների հիմքերի քարերը, քանդել զանգակատան հարավային պատի հիմքը, ավերել գմբեթի հիմնակմախքը` եկեղեցին վերածելով «գրադի» արկերի պահեստի, որպեսզի ռմբակոծության ժամանակ հօդս ցնդի: Բարեբախտաբար, մեր ազատամարտիկների հուժկու հարվածներն ստիպեցին ադրբեջանցիներին թողնել քաղաքը, և Ղազանչեցոց եկեղեցին ու հայոց մշակույթի, գիտության երբեմնի կենտրոն Շուշին վերստին ընդունեցին իրենց իսկական տերերին:
Ի դեպ, այս տարվա մարտի 3-ին Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Համաշխարհային մշակութային ժառանգության կարգավորման ժամանակակից խորքային խնդիրները» միջազգային սեմինարում իմ հնչեցրած ահազանգը, թե Թուրքիայում ու Ադրբեջանում հայկական հուշարձաններն ավերվում են, նրանց ներկայացուցիչները լռությամբ ընդունեցին, քանզի ներկաները բնագավառի ճանաչված մասնագետներ էին, և իրենց ստերը չէին անցնի։
Բերված փաստերը, ինչ խոսք, հակասում են Հաագայի կոնվենցիայի (1954 թ.) պահանջներին, որն արգելում է պատերազմող կողմերին այլ ժողովրդի հուշարձանների այնպիսի օգտագործումը, որը կարող է ավերածությունների հանգեցնել զինված հակամարտության ժամանակ:
Հասկանալի է, որ վերը հիշատակված մշակութային եղեռնի նպատակն է վերացնել կամ յուրացնել հայ ժողովրդի ստեղծած դարավոր մշակութային արժեքները, հայկական քաղաքակրթության նյութական արտահայտությունները, որպեսզի «անհետացած» ժողովրդի մշակույթի նյութական վկայություն այդ տարածքում չլինի:
Իրականությունն այն է, որ, սկսած անցյալ դարասկզբից, Ադրբեջանում, որի տարածքի զգալի մասը կազմում էին Մեծ Հայքի ՈՒտիք, Արցախ և Փայտակարան, մասամբ` Սյունիք, Վասպուրական նահանգների տարածքները, ծրագրված իրագործվել է հայկական մշակույթի եղեռն: Ավելի քան 70 տարի Խորհրդային Ադրբեջանի կառավարությունն իր ներքին քաղաքականության գերակա խնդիրն է համարել Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, երկրի հայաշատ շրջանների հայկական մշակույթի, հայկական հետքի ոչնչացումը: Պարբերաբար փակվում էին հայկական դպրոցները, բուհերի հայկական բաժինները, արգելվում հայ ժողովրդի պատմության, հայ գրականության դասավանդումն իրենց գոյությունը մի կերպ պահպանած դպրոցներում: Նույն կերպ, տարբեր պատճառաբանություններով կամ էլ գաղտնի, ոչնչացվում էին հայկական պատմամշակութային հուշարձանները: Այսօրվա ադրբեջանական պատմագիտությունը, որ առավելագույնս քաղաքականացված է, ճգնում է «ապացուցել» հայերի եկվոր լինելը, հայ կրոնական ու մշակութային շատ գործիչների` Խորենացու, Ագաթանգեղոսի, Կաղանկատվացու և ուրիշների աղվանական ծագումը: Իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին ադրբեջանցիները ԼՂՀ-ում, Նախիջևանում, Գետաբեկի, Դաշքեսանի, Խանլարի, Շամխորի, Շահումյանի և այլ շրջաններում ոչնչացրել են բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ:
Մի առանձին խումբ են կազմում հայ նշանավոր պետական ու ռազմական գործիչների, գիտության ու մշակույթի հայտնի դեմքերի հուշարձանների, հայկական գերեզմանոցների պղծումն ու ոչնչացումը: Այստեղ էլ զավեշտն առկա է. մի կողմից ադրբեջանցիներն իրենց ազգային հպարտությունն են համարում, հանրագիտարաններում ու պատմության գրքերում տարփողում «ադրբեջանցի» մարշալներ Բաղրամյանին, Բաբաջանյանին, Խանփերյանցին, ծովակալ Իսակովին, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին, խորհրդային պետական գործիչ Իվան Թևոսյանին և շատ ուրիշների, մյուս կողմից` ամենավայրի ձևերով ոչնչացնում են նրանց հուշարձանները: Կարծում եմ` մեկնաբանություններն ավելորդ են:
Ինչպես հայր Ալիևն աշխարհով մեկ տեղին-անտեղի տանում էր հայերի բռնազավթած ադրբեջանական տարածքի 20 տոկոսի մասին «ավետիսը», «ապացուցում», որ հայերը զավթիչ են ու երախտամոռ, որ ադրբեջանցիների լավությանը տարածքային պահանջներով են պատասխանում, այնպես էլ նրա գործի շարունակող Իլհամ Ալիևն է պետական քաղաքականության հիմքում ամրագրել հայերին ըստ ամենայնի վարկաբեկելն ու միայն բացասական կողմերով ներկայացնելը: Բավական է բացել միայն Ադրբեջանի նախագահի կայքէջը, հասկանալու համար, թե որտեղից են սնվում նրանց «գիտնականների» «հայտնագործությունները»:
Ամփոփելով ասեմ, որ պատմությունը կեղծելը մեր հարևանների համար նորություն չէ: Բարեբախտաբար, աշխարհի բազմաթիվ ազնիվ գիտնականներ, պետական ու հասարակական գործիչներ այսօր հակահարված են տալիս ադրբեջանցիների ստահոդ «բացահայտումներին», անլուրջ համարում դրանք, տրամաբանությունից ու գիտականությունից զուրկ: Եվ այս գործում մեծ է ինչպես պատմաբան գիտնականներիս, այնպես էլ լրագրողների անելիքը` իրական պատկերն աշխարհին ներկայացնելու գործում: Սուտը արմատից պետք է հատել, այլապես այն բազմիցս կրկնողն ինքն էլ է սկսում հավատալ իր ասածներին ու վտանգավոր հետևություններ անում:
Զրուցեց Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ