«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԱՅՍՕՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ Է ԵՎ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ԵՎ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻՆ` ՀԱԿ-ԻՆ»

«ԱՅՍՕՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ Է ԵՎ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ԵՎ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻՆ` ՀԱԿ-ԻՆ»
29.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ
(հարցազրույցի 1-ին մասը` նախորդ համարում)

-Ձեր կարծիքով` ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում իշխանության հետ երկխոսության կայացման համար առաջադրված 3 խնդիրները կլուծվե՞ն, և ի՞նչ է լինելու ապրիլի 29-ին:
-Նույնը` ինչ ապրիլի 19-ին, մարտի 14-ին կամ մայիսի 10-ին, որովհետև ո՛չ օրերն են որոշում երկրում կյանքի փոփոխությունը, ո՛չ հանրահավաքները: Դրանք միջոցներ են, ընդամենը` գործիքներ: Ոչինչ չէին փոխելու նաև արտահերթ ընտրությունները, որոնց մասին քանի տարի է` խոսում են: Քաղաքական համակարգը մեկ ամբողջություն է, և չի կարող բովանդակային տարբերություն լինել դրա հատվածների միջև` ինչպես ժամանակ առ ժամանակ փորձում են ներկայացնել իշխանությունները կամ ընդդիմությունը: Այսօր իրավիճակի պահպանումը ձեռնտու է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմության մի հատվածին` ՀԱԿ-ին, որն առավել ակտիվ է հանրային միջոցառումների անցկացման տեսակետից: Հենց դա է պատճառը, որ իշխանության սոսկ մեկ հայտարարությամբ, որ մարտի 1-ի գործը պետք լրջորեն ուսումնասիրել, ՀԱԿ-ն անմիջապես հայտարարեց, որ իր երեք պայմաններից մեկը կատարվել է: Թերևս այդ երկու կողմերն էլ ուժերի այս հարաբերակցությունն են ուզում պահպանել նախընտրական ժամանակահատվածում: Հավանաբար, երկուսն էլ ավելի կարևորում են նախագահական ընտրությունները` խորհրդարանականը համարելով միջանկյալ քայլ, քանի որ կարևորագույն քաղաքական խնդիրների լուծման վերաբերյալ նրանց պատկերացումները նույնն են` հիմնված կարծր, միակենտրոն կառավարման գաղափարի վրա: Առայժմ զսպում են փոխադարձ ատելությունն ու փորձում են մեկը մյուսին խորամանկել: Բայց այն դուրս կգա:
-Կարծում եք` ՀԱԿ-ը մինչև հերթական ընտրություններ կկարողանա՞ ժողովրդի ակտիվ վիճակը պահել:
-Մինչև 2012-ի մայիս շատ ժամանակ չի մնացել: Ակտիվանալու է ներկուսակցական աշխատանքը, ընտրական ցուցակներն են կազմվելու, և այլն: Մինչ այդ մեծածավալ քաղաքական գործողությունների համար շատ քիչ ժամանակ է մնացել` թերևս մինչև հոկտեմբեր-նոյեմբեր:
-Ժողովուրդը չի՞ հոգնել ընտրությունների դեժավյուներից, որտեղ ինքը ոչինչ չի որոշում:
-Ժողովուրդը կարող է որոշել, եթե իսկապես համարժեք վերաբերմունք ունենա ընտրություններին: Ընտրական ցիկլը վերածվել է արևելյան մեծ շուկայի: Գնվում և վաճառվում է ամեն ինչ` հանձնաժողովների տեղեր, հանձնաժողովների անդամներ, գրանցված կուսակցությունների անուններ, քվեարկության ձայներ, հեռուստատեսային ժամանակ և այլն: Դրան մասնակցում են գրեթե բոլորը` իշխող ու ընդդիմադիր կուսակցություններ, պաշտոնյաներ, միջնորդներ, ժողովրդի մի զգալի հատվածը: Եթե մարդիկ համաձայն են իրենց 5 տարվա կյանքը 5000 դրամով վաճառելուն, իրավունք չունեն բողոքելու, որ իրենցից ոչինչ կախված չէ:
-Մարդիկ էլ են ցինիկացել, իսկ ինչո՞ւ ոչ:
-Չարժե նրանց վրա բարդել սլաքավարի դերը: Իհարկե, հասարակությունն էլ ունի իր բաժին պատասխանատվությունը, բայց ակնհայտ է, որ դրա առաջին կրողները նրանք են, ովքեր ձևավորում են ավելի ակտիվ հատվածը` կուսակցությունները: Հասարակությանը հուսադրելու համար պետք է այլընտրանք առաջարկել, արդեն մի քանի անգամ ձախողված «այլընտրանքներով» ժողովուրդը չի կարող ոգևորվել: Կրակած փամփուշտներով չի կարելի գնալ պատերազմ: Մինչդեռ անգամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Տեր-Պետրոսյանն ասպարեզ է բերում 1997-ին արդեն մերժված իր մոտեցումները:
-Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում դաշտային փաստահավաք առաքելության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաշվետվության մեջ նշված է, որ ստատուս քվոն արդեն անընդունելի է դարձել, իսկապե՞ս այդպես է:
-Համանախագահներն անկեղծ չեն, քանի որ հիանալի գիտեն` Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին ու Ադրբեջանին միաժամանակ բավարարող լուծում չկա: Բայց խնդրի կարգավորման ամենամեծ խոչընդոտներից մեկը հենց համանախագահող պետությունների, թերևս, ամենաանհաջող տարբերակն է, որովհետև ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում կրկին արդիական դարձավ ազդեցության գոտիների բաժանման խնդիրը` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հիմնական դերակատարությամբ: Դրա ամենացայտուն դրսևորումն էր վերջին 3 տարիների զարգացումների վրա հսկայական ազդեցություն ունեցած 2008 թ. օգոստոսյան պատերազմը, որից հետո տարածաշրջանում ստեղծվեց աննախադեպ իրավիճակ: Վրաստանն ամբողջությամբ անցավ Արևմուտքի ազդեցության ներքո, և շատ կարևոր էր, թե Հայաստանը կամ Ադրբեջանը ևս կգնա՞ն այդ ճանապարհով: Որովհետև Հարավային Կովկասում լիարժեք ազդեցություն ունի նա, ով նման ազդեցություն ունի երեք երկրներից առնվազն երկուսում: Իրադարձությունների զարգացման հետագա ամբողջ ընթացքը` թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարթությունում, թելադրված էր այս իրողությամբ, որովհետև Հարավային Կովկասում նոր վերադասավորում հնարավոր է միայն որևէ լուրջ հարցի սրման արդյունքում: Կյանքը ցույց տվեց, որ ինչքան էլ ԱՄՆ-ը փորձեց մեկ կամ մյուս ուղղությամբ ակտիվությունը խթանել, այնուամենայնիվ Ռուսաստանին հաջողվում է զսպել այդ զարգացումները, առավել ևս, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն առանձնապես ցանկություն չունեն առաջ գնալու: Ստատուս քվոյի խախտման հավանականությունը պետք է դիտարկել հենց այդ տեսակետից: Այն ճանապարհները, որոնցով պետք է գնան կողմերը` ստատուս քվոն խախտելու համար, անընդունելի են կա՛մ իրենց, կա՛մ միջազգային հանրության համար: Ինչքան էլ Ադրբեջանն ավելացնի իր ռազմական բյուջեն, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ տեսանելի ապագայում Բաքուն պատերազմը վերսկսելու դեպքում հաջողություն կունենա: Հակառակը, շատ մեծ է կրկին պարտվելու հավանականությունը, իսկ երկրորդ անգամ պատերազմ սկսել և պարտվել` Ալիևի համար նշանակում է ոչ միայն փակել ղարաբաղյան խնդիրը, այլև կորցնել իշխանությունը: Կա ստատուս քվոն խախտելու մեկ այլ ճանապարհ. Հայաստանը դա կարող էր անել` օգտագործելով երկու լուրջ հնարավորություն: Առաջինն ունի աշխարհաքաղաքական բնույթ և ձևավորվեց 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո` Հարավային Կովկասում վերոհիշյալ պատճառով Հայաստանի դերակատարության կարևորության աննախադեպ մեծացումով, բայց կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն ընտրել են իրադարձություններին ամենապասիվ արձագանքելու տարբերակը: Ավելին, գործողության ժամկետը լրանալուց 11 տարի առաջ ստորագրելով և վավերացնելով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը կրկնապատկելու մասին համաձայնագիրը, Հայաստանը կտրուկ սահմանափակեց իր գործողությունների ճկունությունը: Երկրորդ հնարավորությունն ուղղակի կապ ունի ղարաբաղյան խնդրի հետ և ստեղծվեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Մինչ այդ, 2007-ի նոյեմբերին Հելսինկյան եզրափակիչ ակտի հայտնի 3 սկզբունքները, որոնց թվում` ազգերի ինքնորոշման իրավունքը, արձանագրվեցին որպես խնդրի կարգավորման հիմք, և դրանից առաջ 1,5-2 տարի շարունակ ԼՂՀ իշխանությունները պնդում էին, որ որևէ փաստաթուղթ, որի մշակմանն իրենք չեն մասնակցի, իրենց համար կլինի անընդունելի: 2008-ի ընտրություններից հետո ՀՀ նորընտիր նախագահը պիտի հայտարարեր. քանի որ ԼՂՀ-ն այլևս չի ուզում, որ որևէ մեկն իրեն ներկայացնի Մինսկի խմբի բանակցություններում, և ազգերի ինքնորոշման իրավունքն էլ բոլոր կողմերն ընդունում են որպես կարգավորման հիմք, հետևաբար, բանակցություններում ինքնորոշվող ժողովուրդն իր ներկայացուցիչը պետք է ունենա: Դրանով կշտկվեր այն բացը, որը Ադրբեջանին հնարավորություն է տալիս նենգափոխելու հակամարտության ձևաչափը:
-Ժամանակը անդառնալի՞ է կորած:
-Այն ժամանակ կլիներ շատ ավելի ազդեցիկ: Առավել ևս, որ անցած 3 տարիներին համանախագահները ՀՀ իշխանություններին են մեղադրում, որ ԼՂ-ն դուրս է մնացել բանակցություններից:
-Գուցե չի արվում, որովհետև մեծ է վտանգը, որ Ադրբեջանը դուրս կգա բանակցություններից:
-Նման «փաստարկ» արդեն մի քանի անգամ բերվել է, բայց այն շատ թույլ է: Ե՛վ համանախագահները, և՛ Ադրբեջանն ու Հայաստանը բազմիցս հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքը պետք է լինի կարգավորման հիմքում: Բայց ինքնորոշվողը ո՛չ Ադրբեջանն է, ո՛չ Հայաստանը, այլ ԼՂՀ-ն: ՈՒրեմն ինչպե՞ս կարելի է ինքնորոշման խնդիր քննարկել առանց ինքնորոշվող ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչների: Հակառակ դեպքում ստացվելու է, որ կարգավորման սկզբունքը ոչ թե ինքնորոշման իրավունքն է, այլ Բաքվի շանտաժը, և Հայաստանն էլ դրան ենթարկվում է: Պատճառն այլ է` Հայաստանի իշխանությունները չունեն անհրաժեշտ կամք, գիտելիքներ` ինքնուրույն դիրքորոշումներ մշակելու և հիմնավորելու համար:
-Իսկ եթե համաձայն չէ Ռուսաստա՞նը:
-Մոսկվան չի կարող հրապարակավ հայտարարել, որ կարգավորման գործընթացում իր շահերն ավելի կարևոր են, քան դրա հիմք հռչակված ինքնորոշման իրավունքը, որը միջազգային իրավունքի բարձրագույն նորմի կարգավիճակ ունի: Իհարկե, ցանկալի է, որ հայկական կողմերի շահերը հնարավորինս համադրվեն ազդեցիկ երկրների շահերի հետ, բայց երբ դրանք չեն համընկնում, Հայաստանի իշխանությունները պարտավոր են պաշտպանել Հայաստանի և ԼՂՀ-ի շահերը:
-Ո՞Ւր է տանում գործընթացի տրամաբանությունը` բանակցությունները հանուն բանակցությունների՞, թե՞ հանգելու ենք որևէ որոշակիության:
-Վերջին երկու-երեք տարիներին բանակցություններն իրականում ոչ թե շարունակվում են, այլ խոր ճգնաժամի մեջ են: Ձևական հանդիպումներն ու «լավատեսական» հայտարարությունները շղարշ են` դա քողարկելու: Եթե համեմատեք համանախագահող երկրների նախագահների հայտարարությունները 2009 թ. հուլիսին և հաջորդ տարիներին, հեշտությամբ կնկատեք, որ մինչ այժմ ամեն ինչ նույն տեղում է մնացել: Որևէ առաջընթաց գոյություն չունի:
-Իսկ գուցե հենց դա՞ է նպատակը:
-Նախ, ճշտենք պատճառը, որ երեք բաղադրիչ ունի: Դրանցից մեկի` բանակցություններին ԼՂՀ-ի չմասնակցելու մասին արդեն ասացի: Երկրորդ պատճառն այն է, որ իրենց մանևրելու հնարավորությունները չսահմանափակելու նպատակով համանախագահները մինչ օրս համառորեն չեն ցանկանում ճշտել, թե ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքն ինչ ձևով պետք է կիրառվեն կարգավորման համար` ըստ միջազգային իրավունքի նորմերի: Երրորդ պատճառը երկրորդի հետևանքն է: Ինչպես պարզ դարձավ «Մադրիդյան սկզբունքների» հրապարակումից, ընտրված է հիմնական հարցերի քննարկման և լուծման արհեստական և արատավոր հերթականություն, որի պատճառով ԼՂՀ կարգավիճակի հարցը թողնվում է վերջում: Մինչդեռ հենց այդ հարցն է առանցքային, մյուսներն ածանցյալ են: Կոսովոյի դեպքը ցույց է տալիս, որ կարգավիճակի հարցի հետաձգումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, իսկ երբ հստակեցվում է կարգավիճակը, գործընթացն ունենում է իրական զարգացում:
Հիմա նպատակի մասին: Իհարկե, օրինակ, Ռուսաստանի շահերից է բխում հենց կարգավորման ձգձգումը, չնայած Մոսկվան հրապարակավ ճիշտ հակառակ հայտարարություններն է անում: Մյուս միջնորդն էլ` Վաշինգտոնը, հետաքրքրված է սոսկ լարվածության մեծացմամբ: Բայց, կարծում եմ, մեզ առաջին հերթին պետք է հետաքրքրի, թե արդյո՞ք մեր նպատակը պետք է լինի բանակցությունների ճգնաժամը: Ոմանք համարում են, որ դա Հայաստանի օգտին է, բայց համոզված եմ, որ Հայաստանի համար այս իրավիճակը մեծ վտանգ է պարունակում: Փորձեմ հիմնավորել: Ինքնորոշման իրավունքն արձանագրվեց որպես կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը 2007-ի նոյեմբերին, թեև 2005 թ. երկու փաստաթուղթ ընդունվեց ԵԽ-ում, որոնցով ինքնորոշման իրավունքն արձանագրվել է որպես հիմք և անջատումն Ադրբեջանից որպես լուծման ճանապարհ: Մինչդեռ տարիներ շարունակ ինքնորոշման իրավունքը ո՛չ համանախագահները, ո՛չ Ադրբեջանը չէին ճանաչում որպես խնդրի կարգավորման հիմք, ավելին` այդ տարիներին օգտագործվում էր բանակցային տեսությունում հայտնի «գործարքի սկզբունք» կոչվող մոտեցումը, երբ պարզապես առևտուր են անում` սա քեզ, սա ինձ: Կարծում եմ` յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է, որ կարգավորման հիմնական` ԼՂՀ կարգավիճակի խնդիրն այդ սկզբունքով հնարավոր չէ լուծել: Միակ հնարավորությունը ինքնորոշման իրավունքի կիրառումն է: Բայց որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ճգնաժամի մեջ հայտնված բանակցությունները չեն կարող տապալվել և դրանք շարունակելու համար ի հայտ չի գա բոլորովին այլ մի նախագիծ` առանց ինքնորոշման իրավունքի, ինչպես դա նախկինում արդեն եղել է մի քանի անգամ: Հետևաբար, Հայաստանի համար բանակցային գործընթացի ճգնաժամային իրավիճակը ձեռնտու չէ, և Հայաստանը պետք է իրական, միջազգային իրավունքի շրջանակներում անխոցելի ակտիվությամբ տեղից շարժի կարգավորման գործընթացը: Բայց, ցավոք, Հայաստանի իշխանությունները դրա համար ո՛չ բավարար գիտելիքներ, ո՛չ հմտություններ, ո՛չ էլ կամք ունեն: Ցավոք, անգամ ցանկություն չունեն: Մեկ փաստ միայն նշեմ, որը ցույց է տալիս մեր իշխանությունների լիակատար անտարբերությունը նման խնդիրների նկատմամբ: Կոսովոյի խնդիրը 2008 թ. սեպտեմբերին Սերբիայի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումով հայտնվեց Հաագայի միջազգային դատարանում և 2 տարի գործի քննությունն էր տեղի ունենում, որին կարող էին մասնակցել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները: Մասնակցեց 36 երկիր, որոնց թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, Եվրամիության անդամ երկրները, Ալբանիան, Թուրքիան, Ադրբեջանը, բայց ոչ Հայաստանը: Մինչդեռ դա հիանալի հնարավորություն էր լիովին ուսումնասիրելու խնդրի իրավական լուծման կիրառական ճանապարհը: Վերջին 2-2,5 տարում Հայաստանի իշխանությունները, ղարաբաղյան խնդրով զբաղվող պաշտոնատարները պարբերաբար կրկնում են երկու միտք: Առաջին` ասում են, որ խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, բայց բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչ քայլեր պետք է արվեն դրան հասնելու համար: Նման հայտարարությունները զուտ քարոզչական նպատակ ունեն և որևէ լուրջ հետևանք չեն կարող ունենալ կարգավորման գործընթացում: Երկրորդ` նույն ձևով հայտարարում են, որ ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցություններին, բայց երբեք այդպիսի հարցադրում չեն ներկայացնում բանակցությունների սեղանի մոտ: Հետևաբար, կամա թե ակամա, նպաստում են ճգնաժամի պահպանմանը և վտանգում են կարգավորման ողջ գործընթացում միակ լուրջ ձեռքբերման` ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման հիմք արձանագրման հետագա պահպանումը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ