«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՄԻ ԲԱՆ ԳԻՏԵՄ ՀԱՍՏԱՏ, ՈՐ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ ՉԷ»

«ՄԻ ԲԱՆ ԳԻՏԵՄ ՀԱՍՏԱՏ, ՈՐ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ ՉԷ»
01.04.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆԸ
«ՄԵՆՔ ՀԻՄԱՐԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ, ՈՐՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԿՐԿՆՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՍԽԱԼՆԵՐԸ»
-Նարինե՛, քաղաքական բուռն գարուն ենք ապրում. հանրահավաքներ, տարաբնույթ երթեր, ստորագրահավաքներ, քաղբանտարկյալների վաղաժամկետ ազատում, անգամ հացադուլ։ Այս ամենը մեզ ո՞ւր կտանի, ըստ քեզ, դեպի համընդհանուր իրավիճակի բարեփոխո՞ւմ, թե՞ հերթական բախում հանուն իշխանական օթյակների:
-Պիտի խոստովանեմ, որ չեմ ուզում մտածել այդ հարցերի մասին, որպեսզի չզբաղեցնեմ միտքս, հոգիս ոչ պայծառ բաներով: Հակառակ դեպքում գեղեցիկ բաների համար տեղ չի մնա: Իսկ ես դա չեմ ցանկանում: Հետևաբար, չեմ մտածում ո՛չ քաղաքական բուռն գարնան, ո՛չ ամռան, ո՛չ աշնան, ո՛չ ձմռան մասին: Միայն մի բան գիտեմ հաստատ, որ այս աշխարհում ոչ մի բան հաստատ չէ: Ամեն ինչ փոփոխվում է:
-Օրեր շարունակ Ազատության հրապարակում հացադուլի էր նստած Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա այդ քայլը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության պատշաճ վերաբերմունքին չարժանացավ (գոնե առաջին օրերին): ՀՀԿ ներկայացուցիչ Էդվարդ Շարմազանովը հայտարարեց, թե դա ընդամենը PR ակցիա է, ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հացադուլի նման «անլուրջ» քայլին հակադրեց իրենց լուրջ քաղաքական նպատակները, Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես աշխարհիկ ոլորտները շրջանցեց` քաղաքականությունից անցում կատարելով դեպի Աստված և Սատանա կատեգորիաները: Վեր կանգնելով որևէ քաղաքական համոզմունքից, զուտ իբրև բանական մահկանացու` ընդունո՞ւմ ես նման վերաբերմունքի դրսևորումը հացադուլ հայտարարած ցանկացած անձնավորության նկատմամբ, եթե անգամ այդ անձնավորությունն այնպիսի ծանրակշիռ քաղաքական գործիչ և հայրենասեր հայ չէ, ինչպիսին Րաֆֆի Հովհաննիսյանն է:
-Ընդհանրապես մարդն ունի իրավունք` դրսևորելու իր կամքը, այս կամ այն կերպ սահմանափակելու կամ չսահմանափակելու իր ազատությունները, այդ թվում և` սննդակարգը: Ես հետևում եմ այդ երևույթին, որքան էլ չցանկանամ մոտ թողնել ինձ քաղաքական անցուդարձերը: Հիմնականում հետևում եմ մամուլի միջոցով, և պիտի ասեմ, որ այն խայթոցները, որ հանդիպում են մամուլում, այնքան էլ մամուլային չեն, քաղաքակիրթ չեն, գրագետ չեն, հումանիստական չեն:
-Ոմանց համար առավել կարևորվեց Րաֆֆի Հովհաննիսյանի` բեղերը սափրելու հանգամանքը:
-Դե, տեսնո՞ւմ ես, թե ինչքան անլուրջ է ընկալվում ամեն բան: Ես ինքս ինձ համար արձանագրեցի այն փաստը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել, և ինքը դրա համար ունի իր պատճառները: Ես հարգում եմ այդ պատճառները և նրա կամքի դրսևորումը: Էստեղ նրա անձը չէ, որ կարևորվում է: Ով էլ լիներ նրա փոխարեն, ես ինձ երբեք թույլ չէի տա քամահրանքով անդրադառնալ այդ փաստին: Դա իր որոշումն է` մարդկային, քաղաքական, քաղաքացիական որոշումը: Եվ ինքն ազատ է այդ որոշումը կայացնելու մեջ, ինչպես ազատ է մեզնից յուրաքանչյուրը:
-Երբ ժամանակի հունը պղտոր ջրեր է հոսեցնում, ցանկացած ազգի համար վճռորոշ է դառնում վառ անհատականությունների դերը: Այդպիսին էր Թումանյանը, որի դասերը համաժամանակյա են: Սոս Սարգսյանն ասում է. «Թումանյանը մեր սահմանադրությունն է»: Ինչպե՞ս եք թումանյանական իմաստնությունները հասու դարձնում այսօրվա սերնդին:
-Մենք փորձում ենք անդրադառնալ այն ամենին, ինչին դիպել է նրա միտքը, ինչ ներառվել է նրա մտքի թռիչքի սահմաններում: Ինչ վերաբերում է Թումանյանի անդրադարձին հասարակական-քաղաքական հարցերին, ապա վերջերս մենք դրանց մի ամփոփ հատորյակ հրատարակեցինք առանձին գրքուկով` «Հայ դատը»: Դրանում առանձնացված են Թումանյանի քաղաքական գործունեության դրվագները` ժամանակագրական առումով: Եթե թերթեք այդ գիրքը, կհամոզվեք, որ չկա մի բան, որ մտածած, ասած կամ արած լինի Թումանյանը, և այսօր դա արդիական չլինի: Խնդիրն այն է, որ մենք երբեք դաս չենք քաղում: Իսկ այդ դասերը շատ են, և այնքա՜ն պարզ են, այնքա՜ն հանրամատչելի, որ ընդամենը պիտի ցանկանանք քաղել այդ դասերը: Այնինչ չենք ցանկանում: Մենք հիմարի վիճակում ենք, որն անընդհատ կրկնում է նույն սխալները:
-Հիմարը դասեր է քաղում սեփական սխալներից, ի տարբերություն խելոքի, որի «դասագիրքն» ուրիշի սխալներն են: Եթե մենք մինչ օրս կրկնում ենք մեր անցյալի սխալները, ստացվում է, որ ոչ թե հիմար ենք, այլ դրանից էլ վատ մի բա՞ն:
-Թումանյանի խոսքերն են. «Ի՜նչ հիմար է էս խալխը»: Այս արտահայտությունն ունի քաղաքական ենթատեքստ: Այս և համանման այլ մտքեր են զետեղված Թումանյանի «Հայ դատը» գրքույկում: Կան նաև ներքաղաքական բնույթի դասեր, արտաքին քաղաքականությանը, ռազմավարությանը, ռազմագիտությանը վերաբերող փառահեղ դասեր, որ Թումանյանն ավանդել է մեզ ավելի քան հարյուր տարվա հեռվից: Երբ 1919-20 թթ. կատարվում էին Շուշիի, Ղարաբաղի բնակչության կոտորածները, Թումանյանը Թիֆլիսում միտինգ է կազմակերպում և հանդես գալիս փառահեղ ճառով, որում նշում է, որ Ադրբեջան կոչված նորագոյացության կազմում երբեք չի եղել Ղարաբաղը և երբեք չի էլ կարող լինել, որ Ղարաբաղում պիտի ժողովրդին տրվի ազատ կամքի դրսևորման հնարավորություն: Նա մատնանշել է երկու ճանապարհ Ղարաբաղի համար. կա՛մ միանում է մայր Հայաստանին, կա՛մ դառնում անհատ սուբյեկտ` երաշխավոր ունենալով եվրոպական պետությունները: Մի բան, որի մասին մենք հիմա ենք խոսում, իսկ Թումանյանն ասել է 19 թվին: Նաև 1915-ի հետ կապված պահանջատիրության մասին է խոսել, նաև շատ այլ հարցերի, որոնք մենք այսօր աչքաթող ենք անում իրականում, հետո հպարտությամբ ասում, թե ինչպիսի իմաստուն հանճար է մեր Թումանյանը:
-Այսօր Թուրքիան շահարկում է Չարենցի հիշատակի խնդիրը և փորձում հայերին անտրամաբանական գնով վաճառել մեր հանճարեղ բանաստեղծի իրական կամ կարծեցյալ բնակարանը: Հայերն էլ, թվում է, պատրաստ են հերթական անգամ կուլ տալու թուրքական խայծը: Այս համատեքստում ինչպե՞ս գնահատել Թումանյանի թիֆլիսյան բնակարանի կորուստը:
-Այո՛, Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանի մի հատվածն արդեն ուրիշի սեփականությունն է: Բայց փորձեմ այլ տեսանկյունից մոտենալ հարցին: Դիցուք, այդ բնակարանը գնվեր և պատկաներ Հայաստանին, հայությանը կամ մեկ անհատ հայի: Ի՞նչ էր լինելու հետո: Ես այդ «հետո»-ն եմ ուզում հասկանալ: Ի՞նչ պիտի լիներ այդ տան ճակատագիրը: Ընդունենք, որ այնտեղ կարելի կլիներ ստեղծել մշակութային կենտրոն: Ո՞վ պիտի վարեր գործերը: Արդյո՞ք վիրահայ համայնքը բավականաչափ համախմբված է և ունի համապատասխան պոտենցիալ այդ գործը հաջողությամբ իրականացնելու համար: Իսկ եթե ոչ, ուրեմն Հայաստանը պիտի փորձեր ինչ-որ բան նախաձեռնել: Բայց ինչպե՞ս դա կաներ ուրիշ պետության մեջ: Մենք հաճախ ինտուիցիայով զգում ենք, որ չենք կարող այս կամ այն բանն անել, ու այդ դեպքում սկսում ենք դառնալ պահանջատեր, սկսում ենք ինչ-որ անիրագործելի ծրագրեր առաջ քաշել` շատ լավ հասկանալով, որ դրան չենք հասնելու ու հետո պիտի լաց լինենք: ՈՒ երբ մտածում ենք որևէ բանի մասին, որը երբեք մերը չի լինելու, էդտեղ մենք ազատ ենք մեր ցանկությունների, նպատակների, էմոցիաների, ծրագրերի, լաց լինելու մեջ: Այդպիսի մի հարց էլ Չարենցի տան փրկությունն է այսօր: Պատրաստ են մեծ փողեր տալու, Չարենցի տունը գնելու: Փոխարենը թող Չարենցի տուն-թանգարանի տանիքը նորոգեն: Գուցե ասածս պարզունակ է հնչում, բայց ավելի ճիշտ չէ՞, որ մեր հայրենիքի մեջ եղածը պահպանենք, փրկենք: Եթե մենք այդ գումարներն ունենք, Թիֆլիսում կամ Կարսում տուն գնելու փոխարեն եկեք Քոբայրը փրկենք: Այդ բացառիկ որմնանկարները պարզապես կործանվում են: Տարեցտարի անձրևաջրերն անդառնալի վնաս են հասցնում դրանց: Այդ մասին մտածեք, անհանգստացեք: Էստեղ մենք պատասխանատվություն ունենք, դրա համար էլ ոչինչ չենք անում: Մերը խոսելն է: Մենք ճառ ասող ենք, զանգ դժվար ենք կախում:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈՒՅՆՆ Է»
-Վերջին շրջանում հայ-ռուսական բարեկամություն հասկացությունը շատերի համար դարձել է միֆ, հորինվածք` կապված Էրդողանի` Ռուսաստան կատարած այցի, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի արծարծումների, պատմական լուսանկարի ընծայաբերման փաստի և այս ամենին վերաբերող այլևայլ նրբերանգների հետ: Անձամբ քեզ համար Ռուսաստանը փոխե՞լ է իր դերն ու նկարագիրը` իբրև Հայաստանի ռազմավարական դաշնակից և դարավոր բարեկամ:
-Հայ-ռուսական բարեկամությունը ոչ թե հիմա, այլ ի սկզբանե է եղել միֆ, հորինվածք: Մեզ կապել է ոչ թե բարեկամությունը, այլ քաղաքական շահը: Գուցե և եղել է փոխադարձ շահ, բայց միշտ գերակշռել է ռուսների շահը, որովհետև ուժը նրանց կողմն է եղել: Մենք միշտ սիրում ենք Թումանյանին ներկայացնել իբրև հայ-ռուսական, հայ-վրացական բարեկամության ջատագովի: Բայց Թումանյանն այդքան պարզամիտ չէր: Նա հստակ ազգային դիրքորոշում ուներ և շատ լավ գիտեր, թե որ պահին ինչ են ուզում ռուսները, թուրքերը, վրացիները: Եվ նա ճիշտ ժամանակին այդ ամենի մասին ահազանգում էր: Մեզ համար Ռուսաստանը չարիքի փոքրագույնն է միայն: Մեր միջև երբեք բարեկամություն չի եղել, դրանք սին խոսքեր են, ստրկամտության դրսևորում: Ռուսները մեզ միշտ էլ դավաճանել են: Նույն 15 թվին այդ դավաճանությունը տեսավ ինքը` Թումանյանը, ինչպես և նրա զավակները, որ այդ տարիներին ծառայում էին բանակում: Ռուսների պատճառով դատարկվեց Վանը: Թումանյանն ու Անդրանիկը շատ նման էին մտածում: Անդրանիկը ռուսների կողմից դավաճանական քայլ համարեց Վանի դատարկումը` իբրև թե ռազմավարական նկատառումներով: Իսկ հետո ռուսները մտան դատարկված Վան: Վանը նրանց պետք էր առանց հայերի: Նույն կերպ մեզ դավաճանեց բոլշևիկյան Ռուսաստանը: Մեր դպրոցական և համալսարանական դասերի ընթացքում անվերջ լսել ենք, թե ինչպես բոլշևիկյան բանակը եկավ-փրկեց հայերին: Այդ ընթացքում Թումանյանը վեր կացավ ու Թիֆլիսից եկավ Հայաստան, որ տեսնի, թե ինչ է կատարվում այստեղ: Եկավ-տեսավ, որ այստեղ կատարվող խժդժությունները ոչ թե հրահրում են փրկության կոմիտեն, դաշնակցական հանրապետության ներկայացուցիչները, այլ բոլշևիկյան ուժերը: Քաղաքացիական պատերազմ հրահրողները հենց բոլշևիկներն էին: Թալանում էին, կոտորում: Չքավորությունը դարձրել էին իրենց համար գերաստվածություն: Թալանեցին գյուղացիությանը, գյուղացիությունն էլ ոտքի կանգնեց: Իսկ Թումանյանը շատ լավ տեսնում էր ամեն ինչ ու գրում այդ մասին համապատասխան տեղեր, համապատասխան անձանց: Քո նշած վերջին դեպքերը գալիս են հաստատելու վաղեմի ճշմարտությունները հայ-ռուսական կասկածելի բարեկամության վերաբերյալ:
-Այսօր արտագաղթի մեծ ալիք է սկսվել դեպի Ռուսաստան: Դրա դեմ բողոքի ակցիայով հանդես եկան հայ երիտասարդները: Դարձյա՞լ գործում է «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը: Այս անգամ ո՞ւմ է պետք Հայաստանն առանց հայերի:
-Ցանկացած մեկին Հայաստանը ձեռնտու է առանց հայերի: Ռուսներն են այդ ցանկության կրողները, թե նրանց թիկունքում քողարկված ինչ-որ ուժեր, ես չգիտեմ: Կարող եմ ընդամենը ենթադրություններ անել: Իսկ ինչո՞ւ ոչ, վատ տարբերակ չէ. Հայաստանը` առանց հայերի: Ջրային հարուստ ռեսուրսներ, հրաշալի բնություն, աշխատասեր, մտավոր ուժով օժտված բնակչություն, որը կարող է շատ հեշտությամբ վերածվել բանվորական ուժի, դառնալ սպասարկող անձնակազմ։ Բոլորովին վատ չէ:
«ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ»
-Մաղթանքդ իրենց նվիրված մեկամսյակն ապրող հայ կանանց:
-Անկախ մեկամսյակից, ես հայ կանանց մաղթում եմ համբերություն: Իբրև կին` թող իրենց միշտ զգան պահանջված, ցանկալի, հմայիչ: Կցանկանամ, որ ոչ մի դժվարություն, հոգս նրանց դեմքին խորշոմ չավելացնի: Գուցե մեր ժամանակների համար ոչ իրատեսական բաներ եմ ուզում, բայց լավ կլինի, որ մեր կանայք մի քիչ ավելի էգոիստ լինեն իրենց ընտանիքներում: Թող նախ իրենք իրենց գնահատեն, արժևորեն, ապա միայն տրվեն ամուսիններին, զավակներին, որովհետև շատ լավն են կանայք: Իսկապես: Մեր հասարակության մեջ երբևէ չի եղել կին-տղամարդ հարաբերությունների դաստիարակությունը, հիմա էլ մեր եթերից երիտասարդները սովորում են այդ հարաբերությունների դեֆորմացված, անճոռնի տարբերակները: Սրանք շատ վտանգավոր բաներ են: Մենք չունենք ճիշտ օրինակներ, որոնք սովորեցնում են, թե ինչպես պետք է փաղաքշել, հարգել կնոջը, ինչպես պետք է նրան վերաբերվել տանը, փողոցում, խանութում: Էն վայրենությունը, որ անընդհատ սերմանվում ու խորացվում է տղամարդկանց մեջ կնոջ նկատմամբ, շատ վտանգավոր է: Կանայք շատ են տուժում: Նրանք ստիպված են դիմանալ անկիրթ տղամարդկանց բարբարոսությանը: Ես առանձնապես ոգևորված չեմ կանանց մեկամսյակով, որովհետև այն համարում եմ շինծու, ձևական, սուտ մի բան: Տղամարդկանց կողմից արտաբերվող բառերի տեղատարափ է ընդամենը: Իրականում նրանք այդպես չեն մտածում իրենց կանանց, քույրերի մասին, ինչպես արտահայտվում են այս մեկամսյակի ընթացքում: Ալեն Դելոնը և Դալիդան մի հրաշալի զուգերգ ունեն` «Paroles, paroles» («Խոսքեր, խոսքեր»): Ընդամենը խոսքեր են, որոնք կապ չունեն զգացողության հետ, արհեստական են: Արտաբերվում են շուրթերով, և վերջ: Իսկ դա դաստիարակության պակասի խնդիր է: Այդ պակասը պիտի լրացվի ընտանիքում, դպրոցում, եթերում: Եթե կին-տղամարդ ճիշտ հարաբերությունների դաստիարակությունը չկա մեզանում, ուրեմն մենք շատ տխուր վիճակում ենք: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Եթե ուզենանք, վիճակը կշտկենք, եթե չուզենանք, չենք շտկի: ՈՒ կանայք կշարունակեն մնալ ոտնահարված, լինել բեռնակիր` բառիս բուն և փոխաբերական իմաստով: Հասկանում եմ, որ կինը բնությունից տրված առաքելություն ունի և էքստրեմալ իրավիճակներում ինքնըստինքյան ուժեղանում է ու պահպանում իր տեսակը: Բայց այսուհանդերձ, մենք լուրջ խնդիր ունենք` ձևավորելու հումանիստական հասարակություն: Ես այդ հումանիզմը, ցավոք, մեզանում դեռ չեմ տեսնում: Դա պիտի քարոզվի դպրոցում, լրատվամիջոցներում, գրքերում: Մենք շատ և լավ գրքեր պիտի կարդանք:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ