Աստծո կանչը
Սեպտեմբերի 9
Քո զորությամբ մենք կհաղթենք:
Այո: Քո այդ հաղթող զորությունը ստանում ես Ինձնից:
Ինձ հետ եղողը չի պարտվում:
Նշանակում է` հաջողության գաղտնիքը Ինձ հետ ապրելու մեջ է կայանում: Եթե կամենում ես կյանքից լավագույնը ստանալ, այդ դեպքում ավելի մոտ արի Ինձ` Ինձ, որ Տերն եմ ու պարգևողը կյանքի:
Վարձատրությունը, անշուշտ, շռայլ կլինի` կատարյալ հաջողություն, բայց Իմ Հաջողությունը:
Այդ հաջողություններն են` շահված հոգիներ, բուժված հիվանդություններ, դուրս նետված դևեր:
Այդ հաջողությունը երբեմն կլինի կատարյալ զոհողություն, նման Գողգոթայում տեղի ունեցածին: Երբեմն կլինի հաջողությունը մեկի, որ բառ չարտասանեց թշնամիների արհամարհանքի, չարչարանքի ու անարգող աղմուկների դեմ: Կամ կլինի հաջողությունը Հարուցյալ Փրկչի, երբ նա Զատկի առավոտյան քայլում էր Հովսեփ Արիմաթացու պարտեզում:
Այս բոլորը Իմ հաջողություններն են:
Աշխարհի մարդկանց կարող է թվալ, որ դու ձախողվել ես, սակայն աշխարհը չի դատում այնպես, ինչպես Ես եմ դատում:
Սիրով ու երկյուղածությամբ ծնկի արի Իմ հայտնության առջև: Հոգևոր ճշմարտությունները տեսնելու պատեհությունը մեծ ուրախություն է: Երբ Երկինքը բաց է, ձայնը խոսում է ոչ թե բոլոր, այլ միայն հավատարիմ սրտերին:
Իմացիր, որ քո աշխատանքի ամենաառաջին ու ամենամեծ դաշտը դու ես: Քո առաջին գործն է քաշել, դեն նետել փուշն ու մոլախոտը, տնկել բարի տնկիներ, տնկածների շուրջը փորել, խնամքով մշակել ու հասցնել պտղաբերումին: Երբ այս ամենը բարեխղճորեն կատարվի, այնժամ Ես քեզ ուրիշ դաշտեր կառաջնորդեմ: